Համբիկ Սասունյան – Հայկական Նեմեսիս – Հայկական Նեմեսիս – Հայկական Նեմեսիս – Հայկական Նեմեսիս – Հայկական Նեմեսիս

Համբիկ Սասունյան – Հայկական Նեմեսիս – Հայկական Նեմեսիս – Հայկական Նեմեսիս – Հայկական Նեմեսիս – Հայկական Նեմեսիս

6 հունվարի, 2016թ – Հայ-թուրքական օրագիր – aniarc.am:

1984թ. մարտի 1-ին ՙՆյու Յորք Թայմսը՚ ՙԲանտարկված հայը մահացել է՚ վերնագրով կարճ լուրով տեղեկացրեց. ՙԱզգությամբ հայ գրող և ճարտարագետ Գուրգեն Մկրտիչ Յանիկյանը, ով 1973թ. Կալի‎ֆոռնիայում սպանեց երկու թուրք հյուպատոսների, երկուշաբթի օրը բնական մահով բանտում կնքեց իր մահկանացուն: Նա 88 տարեկան էր: Սպանություն կատարելու համար նա 1973թ. հուլիսին դատապարտվել էր ցմահ բանտարկության՚:

Մի քանի գրքերի հեղինակ Յանիկյանը 78 տարեկանում Սանտա Բարբարա քաղաքի ՙԲալթիմոր՚ հյուրանոցում հրազենի կրակոցներով սպանել էր Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին և նրա օգնականին` Մեհմեդ Բայդարին ու Բահադըր Դեմիրին` իր իսկ բառերով սկիզբը դնելով ՙհայ անհատի պատերազմը թուրքի դեմ՚: Յանիկյանը, նախապես տեղյակ չպահելով իր հայ լինելու մասին, թուրք պաշտոնյաներին հրավիրել է հյուրանոց` նրանց միջոցով սուլթան Աբդուլ Համիդի պալատին պատկանող մի գեղանկար և երևելի մարդկանց ատորագրությունները կրող թղթադրամ թուրքական պետությանը նվիրելու նպատակով:

Բանտից ուղարկված ձայնագրության մեջ նա բացատրում էր, թե ինչու է դիմել նման քայլի. ՙՀայկական դատը ինձ համար մի հասկացողություն ունի` մեզանից գողացված ու թուրքին նվիրած մեր հայրենական հողերը հետ ստանալ: Մեր դատը գերեզման էր դրված ու պատրաստվում էին ծածկել մոռացության քողով: Որպես մի հայ անհատ ես չէի կարող ընդունել այդ: Պապերիցս ստացած արդարության ոգին իմ ներսում հրաբուխ դարձած դուրս ժայթքեց ու այրեց թաղումը կատարողների դեմքերը: Ու ես, տասնյակ տարիների մոռացության փոշուց մաքրելով Հայկական դատը, դրի մարդկության առաջ՚:

1972թ. աշնանը, թուրք հյուպատոսներին սպանելուց մի քանի ամիս առաջ, Յանիկյանը երկու շաբաթով այցելել էր Հայաստան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին նվիրել կորած համարվող վարպետի ՙԱրևելյան ինտերյեր՚ նկարը:

Հայաստան այդ այցի մասին հետագայում նա իր գրքերից մեկում գրել է. ՙՄի դեպք պատահեց Երևանում, որն ինձ փաստեց, որ իմ ընտրած ուղին ու ծրագրած գործողությունը ճիշտ են: Մի առավոտ վաղ էի արթնացել և նստած պատուհանի առաջª նայում էի դեպի Արարատը: Օրը պարզ ու սքանչելի էր: Նոր բարձրացող արևն իր ճառագայթներով լուսավորել էր մեր սրբության գագաթը, որը ծածկված էր ձյունով: Ամեն րոպե տեսարանը փոխվում էր, և կարծես արևի ճառագայթները շոյում էին նրա ձյունազարդ գագաթը, որը հազարավոր զանազան գույնի արտացոլումներով արևին վերադարձնում էր իրեն տված համբույրները: Հյուրանոցից ոչ հեռու փոքրիկ տնակներ կային: Բնակիչներն արդեն բակում էին և պատրաստվում էին գործի գնալ: Իմ ուշադրությունը գրավեց գլուխը շալով փաթաթած մի կին, որը մառանից դուրս էր քշում մի կով: Երբ կինը տեսավ փայլող Արարատի գագաթն ու արևի ճառագայթների արտացոլումը, մոռացավ իր կովը, հպարտությամբ բարձրացրեց գլուխը, նայելով դեպի լեռըª խաչակնքեց ու մի քանի վայրկյան սառած նայում էր տեսարանին: Մի՞թե այս մի փաստը բավական չէ հրամայելու աշխարհին, որ վերադարձնեն մեզ մեր լեռը: Այս տեսարանից հետո հասկացա, թե ի՞նչ է ամեն մի հայի համար նույնիսկ կոմունիստական Հայաստանում, մեր Արարատը՚:

ՙՆպատակ և ճշմարտություն՚ գրքում Յանիկյանը մանրամասն նկարագրում է երկու թուրքերի սպանությունը. ՙՀանդեպ նրանց, որոնք ինքնակամ գալու էին ինձ տեսնելու, ես ոչ մի զգացում չունեի: Նրանք ինձ համար միջոց էին` հասնելու ցանկությանս: Եթե լինեին ուրիշները, ինձ համար տարբերություն չէր ունենալու: Զգացի, որ լալիս եմ: Արցունքները թափվում էին աչքերիցս առանց հեկեկանքի, բայց այդ խղճալու կամ տատանվելու արցունքներ չէին, այլ` կատաղության, որ դեպքերի ընթացքն այնպես դասավորեց, որ ես դիմելու եմ մի միջոցի, որին միշտ դեմ եմ եղել՚:

Թուրք հյուպատոսներին հյուրանոցի սենյակում սպանելուց հետո, նա հանձնվում է ոստիկանությանը. ՙՔանի՞ անգամ կրակեցի և երկուսից որի՞ն, չեմ հիշում, միայն երբ վերջին իններորդը կրակեցի, երկուսն էլ արդեն գետնին էին ընկած: Ձեռքիս զենքը դնելով սեղանի վրա, վերցնելով ՙԲրաունինգը՚ և մոտենալով դիակներին` մի երկու-երկու փամփուշտ էլ ուղարկեցի գանգերին: Մոտեցա հեռախոսին, կանչեցի հյուրանոցի հեռախոսավարին և ասացի, որ ինձ միացնեն ոստիկանապետ Գարբենթրի հետ, որովհետև իմ սենյակում երկու դիակ կա՚:

Սանտա Բարբարայում արձակված կրակոցները սկիզբը դրեցին հայ վրիժառության պայքարին` հայկական պահանջատիրության նոր փուլին: Յանիկյանը համարվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ կամ ավելի տարածված է անգլերեն կամ ֆրանսերեն անվան հապավումով` ԱՍԱԼԱ` Armenian Secret Army for the Liberation of Armenia, Armռe Sռcrռt Armռnien pour le Liberation de l’Armռnie) հոգևոր հիմնադիրներից:

1975թ. հունվարի 20-ին ռումբ պայթեց Բեյրութում` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գրասենյակի մոտ: Ռմբահարողները Եկեղեցիների համաշխարհային խորհրդին ամբաստանում էին իբրև Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտեի գործակցի: Գործողության պատասխանատվությունն ստանձնեց ՙԳուրգեն Յանիկյան զինվորական խումբը՚: Այս օրը ընդունված է համարել ԱՍԱԼԱ-ի հիմնադրումը: Հաջորդ ամիսներին և տարիներին` մինչև 1990թ. դեկտեմբեր, ԱՍԱԼԱ-ն իրականացրեց շուրջ 300 զինյալ գործողություն աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Արևմտյան Հայաստանում, Անկարայում և Ստամբուլում:

ԱՍԱԼԱ-ի ծրագրի առանցքը ՙԱրևմտյան Հայաստանի և բռնագրավված մյուս տարածքների՚ ազատագրում էր. ՙԿենսական անհրաժեշտություն է, որ նորագույն հայ ազատագրական պայքարը համահայկական խորք, նկարագիր և բովանդակություն ունենա: Հայկական բռնագրավյալ հողերի ազատագրումը ինքնանպատակ երևույթ չէ և պետք չէ, որ այդպիսին լինի: Ազատագրումից անմիջապես հետո պետք է հետևի ազատագրված հողերի և Խորհրդային Հայաստանի միացումը՚:

ԱՍԱԼԱ-ն 1983-ի կեսերին պառակտվեց. անջատվածները ստեղծեցին ՀԱՀԳԲ-Հեղափոխական շարժում կազմակերպությունը:

1975-ը հայկական մեկ այլ զինյալ վրիժառուական խմբավորման` ՙՀայկական ցեղասպանության արդարության մարտիկներ՚ (ՀՑԱՄ) կազմակերպության ստեղծման թվականն է: ԱՍԱԼԱ-ին մոտ կանգնած աղբյուրները, սակայն, պնդում են, որ ՀՑԱՄ-ը զինյալ պայքարի ասպարեզ է մտել 1977 թվականին` Վատիկանում Թուրքիայի դեսպանի սպանությամբ:

Ըստ Հայկական հարց հանրագիտարանի` ՙԱնառարկելիորեն ՀՑԱՄ-ին վերագրվող առաջին գործողությունները 1979-ի հուլիսի 8-ին Փարիզում ՙԹուրքական ավիաուղիներ՚ ընկերության, թուրքական դեսպանատան և արտագաղթող բանվորների տեղավորման գրասենյակի համաժամանակյա ռմբահարումներն են՚:

Դաշնակցական պատմագրությունը ՀՑԱՄ-ի մասին ասում է. ՙԱռաջին աշխարհամարտի վաղորդայնին ՀՅԴ ղեկավարած ՙՆեմեսիս՚ հայկական ահաբեկչությունը ուղղակիորեն հարվածում էր ջարդերի պատասխանատու անհատներին: 1975-ի վերազարթնումը նոր տիպի ահաբեկչության սկիզբն էր. գործողությունները առաջնահերթաբար ուղղված են իր անցյալ պատասխանատվությունները ուրանալ շարունակող թուրքական պետության դիվանագետների և ներկայացուցիչների դեմ: Երկու սերունդ հետո այն, հասկանալի է, հարվածում է խորհրդանիշ-պաշտոնների, քան անհատների: ՀՑԱՄ-ն մոտ է երևում ՀՅԴ-ին՚:

ՀՅԴ մամուլի որոշ հրապարակումների վկայությամբ` ահաբեկչությունը որպես միջոց` Հայ դատի քարոզչությանը ծառայեցնելու պայքարի ձև, կամ այլ խոսքերով` ՙզինյալ քարոզչությունը՚ առաջին անգամ հղացվել է 1933-ին, ՀՅԴ 12-րդ Ընդհանուր ժողովում: 1963-ին ՀՅԴ 18-րդ Ընդհանուր ժողովը մի հայտարարությամբ հայտնեց այն միտքը, որ իրավազուրկ ազգերը անկապտելի իրավունք ունեն պայքարել իրենց հայրենիքի ազատագրության համար, հարկ եղած դեպքում` հեղափոխությամբ և զենքով:

Ըստ որոշ տեղեկությունների` ՀՑԱՄ-ը և ՀՀԲ-ն` Հայ հեղափոխական բանակը (1983թ. կեսերից ՀՑԱՄ-ը վերանվանվեց ՀՀԲ, որը գործեց մինչև 1986թ. կեսերը) ստեղծվել են Դաշնակցության կողմից` կուսակցության 1972թ. 20-րդ Ընդհանուր ժողովի որոշումների հիման վրա: Սակայն այդ իրողությունն ապացուցող փաստաթղթեր, ինչպես նկատում է պատմաբան Լենդրուշ Խուրշուդյանը, հետազոտողների տրամադրության տակ չկան:

Եթե անգամ ՀՅԴ-ն չի հովանավորել ՀՑԱՄ-ին և վերջինիս իրավահաջորդ ՀՀԲ-ին, ակնհայտ իրողություն է, որ կուսակցության լրատվամիջոցները համակրանքով են անդրադարձել այդ կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների վրիժառուական գործողություններին: Ձերբակալությունների դեպքում կուսակցության տեղական կառույցները կազմակերպել են նրանց դատական պաշտպանության գործը:

ՀՑԱՄ-ի առաջին հաղորդագրությունը տարածվել է 1975թ. օգոստոսին, ‎‎ֆրանսերենով, երկրորդը` նոյեմբերի 8-ին, անգլերենով:

Խուրշուդյանը նշել է Հայկական հարցի համար մղվող պայքարի երկու ուղղություն` ՙավանդական և ահաբեկչական՚: Առաջին ուղղությունը սկիզբ էր առել Հայոց ցեղասպանությանը հաջորդող տասնամյակներում, երբ հայկական և օտար մամուլում հրապարակվում էին հոդվածներ, Հայկական հարցի ու ցեղասպանության մասին գրվում գրքեր, դիմումներ հղվում միջազգային կազմակերպություններին, բազմաթիվ երկրների նախագահներին, խորհրդարաններին և կառավարություններին` Հայկական հարցը և հայոց ցեղասպանությունը ճանաչելու և հայերի իրավունքները պաշտպանելու առաջարկով: ՙՀայկական հարցի լուծման համար մղվող պայքարի երկրորդ ուղղությունը ահաբեկչությունն էր: Սփյուռքահայ երիտասարդության մեջ ծնունդ է առնում այն տեսակետը, որ Հայկական հարցը լուծելու համար դիվանագիտական, քաղաքական միջոցներն անբավարար են: Որպես Հայկական հարցի լուծման համար մղվող պայքարի գործնական ձև` առաջ է քաշվում աշխարհի տարբեր երկրներում Թուրքիայի դիվանագիտական աշխատողների ահաբեկումը՚:

Համաձայն ՀՅԴ պատմագրության, ՙ1975-ից մինչև 1982-ը սպանվում են 21 թուրք դիվանագետներ կամ նրանց ընտանիքի և անձնակազմի անդամներ Փարիզում, Լիոնում, Լոս Անջելեսում, Բոստոնում, Հռոմում, Հաագայում, Օտտավայում, Բեյրութում, Լոնդոնում, Մադրիդում, Վիեննայում և Սիդնեյում կատարված 14 ահաբեկումների ընթացքում՚: Ըստ ամենայնի, 14 ահաբեկումներով 21 թուրքերի սպանությունը կատարել են Արդարության մարտիկները:

Ըստ Հայկական հարց հանրագիտարանի` ՙ1973-1984 թթ. աշխարհի տարբեր վայրերում ահաբեկչական գործողություններից սպանվել են 41 թուրք դիվանագետ ու այլ պաշտոնյա. գործողությունների մեծ մասի պատասխանատվությունը ստանձնել է ԱՍԱԼԱ-ն՚:

Թուրքական աղբյուրները թուրք դիվանագետների սպանությունների մեջ հիմնականում նշում են ԱՍԱԼԱ-ի անունը: Մի շարք գործողությունների համար պատասխանատվություն են վերցրել և ԱՍԱԼԱ-ն և ՀՑԱՄ-ը:

1975թ. հոկտեմբերի 22-ին և 24-ին հայկական խմբավորումները իրագործեցին աղմկահարույց առաջին երկու գործողությունները. գնդակահարվեցին Վիեննայում և Փարիզում թուրք դեսպանները: Թուրքական աղբյուրները նշում են, որ Ավստրիայում Թուրքիայի դեսպան Դանըշ Թունալիգիլին սպանել են ՙերեք հայ ահաբեկիչներ՚, ովքեր ՙավտոմատներով զինված ներխուժել են դեսպանատուն` չեզոքացնելով պահակներին՚: Մտնելով դեսպանի առանձնասենյակ, նրանք թուրքերենով հարցրել են, թե ի՞նքն է դեսպանը: Վերջինս դրական պատասխան է տվել, որին հետևել են կրակոցները: Թունալիգիլը տեղում մահանում է, իսկ հարձակվողները ավտոմեքենայով արագորեն հեռանում են: Երկու օր անց` հոկտեմբերի 24-ին, կրակահերթով սպանվում են Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Էրեզը և նրա վարորդ Թալըփ Յեները:

Բեյրութում Թուրքիայի դեսպանատունը երկու անգամ հրթիռահարվեց 1975թ. դեկտեմբերին, մեկ հոգի սպանվեց, պատասխանատվությունը ստանձնեց ԱՍԱԼԱ-ն: 1976թ. փետրվարին Բեյրութի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում սպանվեց Թուրքիայի դեսպանատան դիվանագետներից Օքտար Ջիրիթը:

1976թ. մայիսի 28-ին` Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձի օրը, ՀՑԱՄ-ը պայթեցրեց թուրքական երկու թիրախներ Ցյուրիխում, երրորդ ռումբը վնասազերծվեց:

1977թ. հունիսի 9-ին Վատիկանում Թուրքիայի դեսպան Թահա Ջարըմի ուղղությամբ կրակահերթեր արձակեցին երկու հայեր: Դեսպանը սպանվեց: ՀՑԱՄ-ը ստանձնեց պատասխանատվություն: Այս դեպքը մեծ արձագանք գտավ Թուրքիայում, վարչապետ Սուլեյման Դեմիրելը խորհրդակցություն անցկացրեց արտգործնախարար Իհսան Սաբրի Չաղլայանգիլի, ներքգործնախարար Սաբահեդդին Եոզբեքի և այլ նախարարների հետ, ինչպես նաև իտալական իշխանություններից պահանջեց որքան հնարավոր է շտապ հայտնաբերել դեսպանին սպանողներին:

Մի քանի գործողություններ իրականացվեցին 1978-ին. հունվարին ռմբահարվեց Աթենքում Թուրքիայի դեսպանատան դիվանագետներից մեկի ավտոմեքենան, մարտին ռումբ պայթեց մեկ այլ դիվանագետի ավտոմեքենայի տակ: Դեկտեմբերին Ժնևում ՙԹուրքական ավիաուղիներ՚ ընկերության գրասենյակի վրա նետվեց պայթուցիկ սարք:

1978թ. հունիսի 2-ին հարձակման ենթարկվեց Մադրիդում Թուրքիայի դեսպան Զեկի Քուներալփի ավտոմեքենան: Կրակահերթից տեղում սպանվեցին դեսպանի կինը` Նեջլա Քուներալփը, պաշտոնաթող թուրք դիվանագետ Բեշիր Բալջըօղլուն: Իսպանացի վարորդ Անտոնիո Տոռեսը մահացավ հիվանդանոցում: Գործողության պատասխանատվությունը ստանձնեցին ԱՍԱԼԱ-ն և ՀՑԱՄ-ը:

Ֆրանկ‎ֆ‎ուրտում ՙԹուրքական ավիաուղիներ՚ ընկերության գրասենյակում ռումբ պայթեց 1979թ. օգոստոսին: Զոհեր չեղան: Նույն թվականի հուլիսի 8-ին միանգամից երեք ռումբեր պայթեցին Փարիզի թուրքական պետական ու մասնավոր գրասենյակների մեջ: Նոյեմբերի 17-ին ռումբեր պայթեցին Փարիզում գտնվող ՙԹուրքական ավիաուղիներ՚, հոլանդական ԿԼՄ և գերմանական ՙԼու‎ֆթհանզա՚ ավիաընկերությունների գրասենյակներում, ոչ ոք չսպանվեց: Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում` Ելիսեյան դաշտերով զբոսնելիս, սպանվեց Թուրքիայի դեսպանատան զբոսաշրջության կցորդ Յըլմազ Չոլփանը: Միանգամից մի քանի խմբավորումներ, այդ թվում` ԱՍԱԼԱ-ն ու ՀՑԱՄ-ը, ստանձնեցին պատասխանատվություն:

1979թ. հոկտեմբերի 12-ին Հաագայում Թուրքիայի դեսպան Օզդեմիր Բենլերի 27-ամյա որդին` Ահմեդ Բենլերը, սպանվեց ավտոմեքենայով համալսարան ուղևորվելու ճանապարհին: Բեյրութի ՙԱզդակ՚ թերթը, վկայակոչելով ՙՖրանսպրեսին՚, գրել է. ՙԵրբ մեքենան դանդաղեցրել է ընթացքը` կարմիր լույսի տակ կանգ առնելու, մի անծանոթ չորսից վեց փամփուշտ արձակեց Բենլերի վրա: Բենլերը մահացավ վայրկենապես, իսկ ահաբեկչին հաջողվեց հետքը կորցնել՚:

Թուրք դիվանագետների և թուրքական թիրախների համար ամենասարսափելին 1980-1984 թվականներն էին: 1980թ. փետրվարին Բեռնում, Մեծ Բրիտանիայի դեսպանատնից դուրս գալու պահին, հարձակման ենթարկվեց Թուրքիայի դեսպան Դողան Թյուրքմենը, ով, սակայն, կարողացավ փրկվել` ստանալով աննշան վերքեր: Գործողությունը կազմակերպելու ամբաստանությամբ երկու օր անց Մարսելում ձերբակալվեց Հրայր Մաքս Քիլինջյանը, ում տեղափոխեցին Շվեյցարիա: Քիլինջյանին պաշտպանելու նպատակով հայտարարություններ տարածեցին ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեն և ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միությունը:

Մարտին Հռոմում ՙԹուրքական ավիաուղիներ՚ ընկերության գրասենյակում պայթած ռումբի հետևանքով սպանվեց երկու վիրավորվեց շուրջ մեկ տասնյակ հոգի: Ապրիլին Հռոմում հարձակման ենթարկվեցին և վիրավորվեցին Վատիկանում Թուրքիայի դեսպան Վեջդի Թյուրելը և նրա վարորդը: ՀՑԱՄ-ը ստանձնեց պատասխանատվություն: Հուլիսին Լիոնի թուրքական հյուպատոսարանի մոտ կրակահերթի հետևանքով սպանվեց երկու և վիրավորվեց ևս երկու մարդ:

1980թ. հուլիսի 31-ին Աթենքում Թուրքիայի հյուպատոսարանում սպանվեցին Գալիփ Եոզմենը և նրա 14-ամյա դուստրը` Նեսլիհանը: Եոզմենի կինը և որդին` Սեվիլը և Քաանը, ստացան վնասվածքներ: Փարիզում Թուրքիայի դեսպանության մամուլի քարտուղարը սեպտեմբերի 26-ին տուն մտնելու պահին վիրավորվեց: Հոկտեմբերի 3-ին Ժնևի հյուրանոցներից մեկում, իր պատրաստած ռումբի հանկարծակի պայթյունից ծանր վիրավորվեց ԱՍԱԼԱ-ի անդամներից Ալեք Ենիգոմշյանը: Նա զրկվեց տեսողությունից և ձախ դաստակից:

Հոկտեմբերի 12-ին Նյու Յորքում գտնվող Թուրքական տան դիմաց որոտաց ռումբի պայթյուն, չորս անցորդներ վիրավորվեցին: Նույն օրը ավերվեց Լոս Անջելեսի զբոսաշրջային մի գրասենյակ, որի տերը ամերիկացի թուրք էր: Երկու դեպքում էլ պատասխանատվություն ստանձնեց ՀՑԱՄ-ը: Դեկտեմբերի 17-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում սպանվեցին Թուրքիայի գլխավոր հյուպատոս Սարըք Արիյաքը և նրա թիկնապահ Էնգին Սեվերը: Սպանությունների պատասխանատվությունը կրկին ստանձնեց ՀՑԱՄ-ը:

Նոյեմբերի 10-ին միաժամանակ պայթյուններ իրականացվեցին Ստրասբուրգում Թուրքիայի հյուպատոսության շենքում, ինչպես նաև Հռոմում ՙՇվեյացարական ավիաուղիներ՚ և ՙՇվեյցարիայի զբոսաշրջության բյուրո՚ ընկերությունների գրասենյակներում, մի քանի հոգի վիրավորվեց: Նոյեմբերի 19-ին ռումբի պայթյունից քարուքանդ եղավ Հռոմում ՙԹուրքական ավիաուղիների՚ գրասենյակը:

Դեկտեմբերի 29-ին Մադրիդում ամերիկյան TWA և Շվեյցարական օդանավային ընկերությունների գրասենյակների մոտ իրականացված երկու պայթյուններից երկրորդի հետևանքով պատահաբար վիրավորվեց լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանը, ով հետագայում, հարցազրույցներ վերցնելով ԱՍԱԼԱ-ի անդամների հետ, հրապարակեց ՙՌումբը՚ գիրքը` նվիրված Հայկական հարցին և հայկական զինյալ պայքարին:

1981թ. հունվարին ռումբ պայթեց Փարիզում Թուրքիայի դեսպանության ‎‎ֆինանսական խորհրդական Ահմեդ Էրդեյլիի ավտոմեքենայի մեջ, սակայն թուրք դիվանագետը չտուժեց: Մարտի 4-ին Փարիզում Թուրքիայի դեսպանության դիվանագետներից Ռեշատ Մորալըն սպանվեց, իսկ Թեջելի Արըն վիրավորվեց: Մարտին փորձ արվեց գրավել Թեհրանում Թուրքիայի դեսպանության շենքը, որի ընթացքում սպանվեցին հսկողություն իրականացնող երկու պահակներ: Գործողություն իրականացնողները` Եղիա Քեշիշյանը և Զավեն Աբեթյանը ձերբակալվեցին և նույն տարվա սեպտեմբերի կեսերին Թեհրանի ՙԷվին՚ բանտում գնդակահարվեցին:

1981թ. ապրիլին Կոպենհագենում կրակ բացվեց Թուրքիայի դեսպանատան կցորդ Ջավիդ Դեմիրի վրա, ով ծանր վիրավորվեց: Հունիսի 9-ին հարձակման ենթարկվեց և սպանվեց Ժնևում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի քարտուղար Մեհմեթ Սավաշ Յերգյուզը: Սպանության մեղադրանքով ձերբակալված ԱՍԱԼԱ-ի մարտիկներից լիբանանահայ Մարտիրոս Ժամկոչյանը դատապարտվեց 15 տարվա բանտարկության:

Սեպտեմբերի 24-ին ԱՍԱԼԱ-ի չորս մարտիկներ` Վազգեն Սիսլյանը, Հակոբ Ջուլ‎‎ֆայանը, Գևորգ Գյուզելյանը և Արամ Բասմաջյանը, անձնասպան գործողությամբ գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը, պատանդ վերցրեցին հյուպատոսարանի աշխատողներին ու այդ պահին այնտեղ գտնվող շուրջ 60 հոգի: ՙՎան՚ անվանումը կրող գործողության նպատակը լրատվամիջոցներով Եվրոպայում Հայ դատի վերարծարծումն էր, հայ երիտասարդության բողոքի ձայնը միջազգային հանրությանը հասցնելը, Վանը որպես գրավված տարածք ներկայացնելը: Հյուպատոսարանը 16 ժամ իրենց վերահսկողության տակ պահելուց և քաղաքական պահանջներ ներկայացնելուց հետո հայ մարտիկները հանձնվեցին տեղական իշխանություններին: 1984-ի հունվարին կայացած դատավարության ավարտին, չորս հայերը դատապարտվեցին յոթական տարվա ազատազրկման:

Նոյեմբերի 20-ին հարձակման ենթարկվեց Լոս Անջելեսի թուրքական հյուպատոսարանը:

1982թ. հունվարի 28-ին 19-ամյա Համբիկ Սասունյանը սպանեց Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արիքանին: Սասունյանը դատապարտվեց ցմահ բանտարկության և մինչև այսօր բանտում է: Մարտի 22-ին Քեմբրիջում պայթեցվեց Բոստոնում Թուրքիայի պատվո հյուպատոս Օրհան Գյունդյուզին պատկանող նվերների խանութը: Հունիսի 7-ին Լիսաբոնում Թուրքիայի դեպանատան կցորդ Էրքուտ Աքբայը սպանվեցին իրենց տան առաջ: Օգոստոսի 27-ին Օտտավայում Թուրքիայի դեպանատան ռազմական կցորդ, գնդապետ Աթիլլա Ալթիքաթը սպանվեց իր մեքենայի մեջ: Սեպտեմբերի 9-ին Բուլղարիայի Բուրգաս քաղաքում գտնվող Թուրքիայի գլխավոր հյուպատոսության կցորդ Բորա Սյուելքանը սպանվեց իր տան առաջ: Հոկտեմբերի 26-ին Ֆիլադել‎‎ֆիայում Թուրքիայի պատվո հյուպատոսության գրասենյակը պայթեցնելու կասկածանքով Լոս Անջելեսում ձերբակալվեցին հինգ հայեր: Վերոնշյալ բոլոր գործողությունների պատասխանատվությունը ստանձնեց ՀՑԱՄ-ը:

1982թ. օգոստոսի 7-ին ԱՍԱԼԱ-ի անդամներից Զոհրապ Սարգիսյանն ու Լևոն Էքմեքչյանը գրոհեցին Անկարայի ՙԷսենբողա՚ միջազգային օդանավակայանը` կրակ բացելով և սպանելով ինը մարդու, շուրջ ութ տասնյակը վիրավորվեց: ՙԿարին՚ անունը կրած անձնասպան գործողության ընթացքում, երբ զինամթերքը սպառվեց, Սարգիսյանը ինքնասպան եղավ, իսկ Էքմեքչյանը ծանր վիրավորվելով` գերվեց: Թուրքական դատարանը մահապատժի վճիռ կայացրեց: Նա Անկարայի ՙՄամաք՚ բանտում կախաղան հանվեց 1983թ. հունվարի 29-ին: Հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, ի հիշատակ Էքմեքչյանի` նրան ձոնեց ՙԳիշերային Ռեքվիեմ՚ բանաստեղծությունը:

1983թ. հուլիսի 15-ին ԱՍԱԼԱ-ի զինյալները գրոհեցին Փարիզի ՙՕռլի՚ օդանավակայանում գտնվող ՙԹուրքական ավիաուղիների՚ հաշվառման գրասենյակը, որի հետևանքով սպանվեց ութ, վիրավորվեց մի քանի տասնյակ հոգի, հիմնականում Ֆրանսիայի քաղաքացիներ: ԱՍԱԼԱ-ի այս գործողությունը քննադատվեց նաև կազմակերպության ներսում և նրա պառակտման գլխավոր պատճառներից մեկը դարձավ: ՙՕռլիի՚ գործողությունը կազմակերպելու մեղադրանքով դատապարտվեցին ԱՍԱԼԱ-ի անդամներից Վարուժան Կարապետյանը` ցմահ, Սիմոն Նաիրյանը` 15, և Հովհաննես Սեմերջյանը` 7 տարվա բանտարկության: Ըստ ԱՍԱԼԱ-ի հայտարարության, Օռլիի ՙգործողությունը կատարվել էր ի պատասխան Անկարայի օդանավակայանի հարձակման հերոս, նահատակ Լևոն Էքմեքջյանին Թուրքիայում կախաղան բարձրացնելուն՚:

ՙԿարին՚ գործողությունից հետո Թուրքիայի նախագահ, զորավար Քենան Էվրենը որոշեց շարքից հանել ԱՍԱԼԱ-ն: Առաջադրանքը հանձնարարվեց երկրի հատուկ ծառայություններին` ՄԻԹ-ին (Milli Istihbarat Teşkilati – MIT): Հայ մարտիկներին ծնկի բերելու գործը վստահվեց Էվրենի դստերը և ՄԻԹ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաների` Մեթին Գյունյոլին և Նուրի Գյունդեշին: Դժվար է ասել, թե ինչ արդյունքներ տվեցին այդ միջոցառումները: Թուրքական աղբյուրները պնդում են, թե հենց ՄԻԹ-ի գործողությունների արդյունքում է Աթենքում 1988թ. ապրիլի 28-ին սպանվել ԱՍԱԼԱ-ի հիմնադիրներից կազմակերպության փաստացի ղեկավար Հակոբ Հակոբյանը (բուն անունով` Հարություն Թագուշյան): Գուցե դա ճիշտ է, սակայն իրականություն է նաև, որ նախագահ Էվրենի կարգադրությունը չէր կարող ԱՍԱԼԱ-ին ու հայկական մյուս կազմակերպություններին հետ պահել թուրքական թիրախներին հարվածելու գործողություններից:

1983թ. մարտի 9-ին վիրավորվեց և երկու օր անց մահացավ Հարավսլավիայում Թուրքիայի դեսպան Գալըփ Բալկարը: Բելգրադում հարձակման ընթացքում սպանվեց նաև մի սերբ ուսանող, իսկ մեկ այլ ուսանողուհի` վիրավորվեց: Գրիգոր Լևոնյանը (այլ անունով` Հարություն Լևոնյան, բուն անունով` Անդրանիկ Պողոսյան) և Րա‎ֆ‎ֆի Էլբեկյանը (Էլպեքյան) դատապարտվեցին 20-ական տարվա բանտարկության: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնեց ՀՑԱՄ-ը:

Թուրք դիվանագետների դեմ զինյալ գործողությունների շղթայում շրջադարձային էր Լիսաբոնում թուրքական դեսպանատան վրա անձնասպան հարձակումը, որը 1983թ. հուլիսի 27-ին իրականացրեց Հայ հեղափոխական բանակ (ՀՀԲ) նորահայտ խմբավորումը: Այս խմբավորման անունը առաջին անգամ ուշադրություն էր գրավել 1983թ. հուլիսի 14-ին, երբ Բրյուսելում սպանվեց Բելգիայում Թուրքիայի դեսպանատան կցորդ Դուրսուն Աքսոյը: ՀՑԱՄ-ի և ԱՍԱԼԱ-ի հետ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնում է ՀՀԲ-ն: Ենթադրվում է, որ ՀՀԲ-ն պարզապես Արդարության մարտիկների` ՀՑԱՄ-ի նոր անունն է:

Լիսաբոնի թուրքական դեսպանատան վրա հարձակման գործողությունը տևեց մեկուկես ժամ: Պորտուգալական ուժերի պահանջին` վերջ տալ գործողությանը, հինգ հայ վրիժառուները` Սիմոն Յահնիեյան` 21, Արա Քրչըլյան` 20, Սեդրակ Աճեմյան` 21, Վաչե Տաղլյան` 19, Սարգիս Աբրահամյան` 21 տարեկան, բոլորն էլ ծնված Բեյրությում, պայթեցրին դեսպանի բնակարանը: Թուրք դեսպանը, պարզվեց, բնակարանում չէր: Հայերից մեկը սպանվել էր գործողության հենց սկզբում` դեսպանատան մուտքի մոտ կատարված փոխհրաձգության հետևանքով, իսկ մյուս չորսը սպանվեցին իրենց իսկ իրականացրած պայթյունից: Հարձակման հետևանքով սպանվեցին դեսպանատան դիվանագետներից մեկի կինը` Ջահիդե Միհջիօղլուն, պորտուգալացի պահակ ոստիկաններից մեկը:

ՀՀԲ-ի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում էր. ՙԲրտության դիմելու մեր որոշումը արդյունք է թուրքական պետության և նրան զորավիգ կանգնող ուժերի կողմից հայ ժողովրդի արդար և խաղաղ պահանջները քննելու մերժումին: Մեր արդար դատի հետապնդման համար մնացած միակ միջոցը զինյալ պայքարն է: Այժմ, Հայկական հարցը անտարբերությամբ դիտելու և այն խաղաղ միջոցներով լուծելու մերժման պատճառով որոշել ենք ստիպել Թուրքիային, որ ընդունի հայ ժողովրդի հետ բանակցել` Հայկական հարցը լուծելու համար: Թող միջազգային հանրային կարծիքը մեզ անվանի արկածախնդիրներ, ոճրագործներ կամ ահաբեկիչներ: Մենք գիտենք, թե ինչ ենք անում: Մեր ժողովրդի ինքնորոշումը ապահովող միակ միջոցը զինյալ պայքարն է՚:

Լիսաբոնի վրիժառությունը արձագանք գտավ նաև Խորհրդային Հայաստանում: Բանաստեղծ Հովհաննես Շիրազը գրեց ՙԼիսաբոնի ողջակեզներին՚ ստեղծագործությունը` նվիրված հինգ անձնազոհ հայ երիտասարդներին:

1984-ին ՀՀԲ-ն իրականացրեց ևս մի քանի գործողություններ, որոնցից երկուսը Վիեննայում: Հունիսի 20-ին Ավստրիայում Թուրքիայի դեսպանատան դիվանագետներից Էրդողան Էոզենի ավտոմեքենան պայթեցվեց, որի հետևանքով նա սպանվեց: Նոյեմբերի 19-ին Ավստրիայի մայրաքաղաքում սպանվեց ՄԱԿ-ի մարմիններից մեկում աշխատող ազգությամբ թուրք Էնվեր Էրգյունը: Ապրիլին Թեհրանում սպանվլ էր Թուրքիայի դեսպանության դիվանագետներից Ըշըք Յոնդերը:

Սեպտեմբերի 3-ին ՀՀԲ-ն փորձ արեց ահաբեկչական գործողություն իրականացնել Թուրքիայի տարածքում: Սակայն ռումբը պայթեց ժամանակից շուտ, որի հետևանքով գործողությունն իրականացնող երկու հայերը սպանվեցին: ՀՀԲ-ն տարածած հայտարարության մեջ ընդունեց ՙայս ձախողությունը և նրա հետևանքները՚: ՙՄենք ցավում ենք մեր երկու ընկերների: Այս է կամովին ընդունված գինը, որ պատրաստ են վճարելու մեր մարտիկները` համաձայն իրենց պայքարի հանձնառության: Հայ հեղափոխական բանակը հայտարարում է, որ իր գործունեությունը ինքը պիտի մղի` հարվածելու թուրքական կառավարությանը աշխարհի չորս ծագերում, մինչև որ հայ ժողովուրդը կարողանա արժեցնել իր արդար իրավունքները` իր պատմական հողերի վրա, որոնք բռնությամբ գրավվեցին Թուրքիայի կողմից: Կեցցեն Հայ Դատի մարտիկները: Կեցցե Միացյալ և Անկախ Հայաստանը՚:

ՀՀԲ-ի կամ հայկական ուրիշ կազմավորման վերջին գործողությունը` ընդդեմ թուրքական թիրախների, կատարվեց 1985թ. մարտի 12-ին Օտտավայում: Այս գործողության ընթացքում սպանվեց կանադացի անվտանգության աշխատակիցը, երբ երեք հայեր գրոհեցին թուրքական դեսպանատունը: Դեսպան Ջոշքուն Քըրջան ստացավ վնասվածքներ, սակայն կարողացավ փրկվել: Դեսպանի կինն ու դուստրը պատանդվեցին, ավելի ուշ ազատ արձակվեցին, իսկ գրոհողները հանձնվեցին:

Համաձայն այլ տեղեկությունների, ԱՍԱԼԱ-ն ևս երկու վրիժառուական գործողություն է իրականացրել թուրքական թիրախների նկատմամբ: 1990թ. դեկտեմբերի 19-ին Հունգարիայում Թուրքիայի դեսպան Բեդրեթթին Թունաբաշի սպանության փորձը ձախողվեց: 1997թ. հունիսի 21-ին ԱՍԱԼԱ-ի զինյալները ռումբ էին տեղադրել Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան առջև:

Ցյուրիխ, 1977. հայ-թուրքական երկխոսություն

Հայ մարտիկների գործողությունները Թուրքիայի իշխանություններին ստիպեցին բանակցությունների մեջ մտնել սփյուռքյան կուսակցությունների առաջնորդների հետ: Արտգործնախարար Իհսան Սաբրի Չաղլայանգիլը Միացյալ Նահանգներ այցի ընթացքում սփյուռքահայ ղեկավարության հետ հանդիպելու իր ցանկության մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ամերիկայի թեմի հոգևորականներից Օշական վարդապետ Չոլոյանին: Անակնկալի եկած հայ հոգևորականը տալիս է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱՄՆ-ում բնակվող Հրաչ Աբրահամյանի հասցեն:

Թուրք արտգործնախարարի առաջարկը հայկական կուսակցությունների համար անակնկալ էր: Բեյրութի Թեքեյան կենտրոնում տեղի է ունենում ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի և ՍԴՀԿ-ի միջկուսակցական խորհրդակցական ժողով` քննարկելու թուրք նախարարի առաջարկը: Երկօրյա խորհրդակցություններից հետո, որին մասնակցում էին երկուական անդամներ երեք կուսակցություններից, որոշվում է ընդունել թուրքերի առաջարկը:

1977թ. նոյեմբերի 27-ին Ցյուրիխում կայանում է հայ-թուրքական հանդիպում, որին մասնակցում էին մի կողմից` Թուրքիայի արտգործնախարարն ու ծագումով քուրդ նրա խորհրդական Օրթայ Աքսոյը, մյուս կողմից` Շավարշ Թորիկյանը` ՀՅԴ-ից, Բարունակ Թովմասյանը` ՌԱԿ-ից, Ավետիս Դեմիրճյանը` ՍԴՀԿ-ից, ինչպես նաև Հրաչ Աբրահամյանը: Այդ հանդիպման մասին, որ տարիներ շարունակ պահվել է գաղտնի, շատ բան հայտնի չէ: Մասնակիցների մեծ մասը հեռացել է կյանքից: Միայն վերջին տարիներին սփյուռքյան մամուլում և որոշ գրքերում հպանցիկ անդրադարձ եղավ ցյուրիխյան բանակցություններին:

ՙԲոլորիս տրամադրությունը բարձր էր: Թուրքական պետությունը առաջին անգամ խոսակցություն էր սկսում իր գործած ցեղասպանությունից ճողոպրած հայության ներկայացուցիչների հետ՚,- մոտ երկու տասնամյակ անց գրել է այդ հանդիպման մասնակիցներից Ավետիս Դեմիրճյանը:

Ռամկավար գործիչ Հայկ Նագգաշյանը, ով մասնակցել էր Բեյրութի միջկուսակցական ժողովին որպես ատենագիր, իսկ հետագայում իր գրքում անդրադարձել նաև Ցյուրիխի հանդիպմանը, պնդում է, որ հայ-թուրքական երկխոսությունը ՙուղղակի արդյունքն էր 1973թ. հունվարի 27-ին Գուրգեն Յանիկյանի կողմից երկու թուրք դիվանագետների սպանությամբ սկսած վրիժառական շարժմանը, որին պիտի զոհ գնային հինգ տասնյակ թուրք դիվանագետներ և ավելի մեծ թվով վիրավորներ` աշխարհի չորս ծագերում՚: ՙՅանիկյանի վրիժառական արարքը ազդանշան եղավ, որ հանձնառու հայ երիտասարդները շարունակեն ծերունազարդ հայորդու սկսած գործը նախ անհատական կերպով, հետո արդեն, 1975թ. սկսած` կազմակերպված կերպով` ԱՍԱԼԱ անվան տակ՚,- գրում է Նագգաշյանը, ով նաև ներկայացնում է Ցյուրիխի ժողովի օրակարգի նյութերն ու ընթացքը այնպես, ինչպես ՙԲարունակ Թովմասյանը ինձ պատմեց բոլոր մանրամասնություններով, մինչ ես արձանագրում էի դրանք` իբրև տեղեկագիր ներկայացնելու մի քանի օր հետո տեղի ունենալիք ՌԱԿ Կենտրոնական Վարչության ժողովին՚:

Ցյուրիխի ՙԴոլդեր Գրանդ Հոթել՚-ի ՙԳրին Ռում՚ ժողովասրահում դեմ դիմաց նստել էին Թուրքիայի երկու ներկայացուցիչներ և չորս հայեր: Առաջինը խոսակցությունն սկսում է Հրաչ Աբրահամյանը` ներկայացնելով երեք կուսակցությունների ներկայացուցիչներին: Ապա, ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, որպես պատվիրակության ավագ անդամ, խոսք է տրվում Բարունակ Թովմասյանին, ով շնորհակալություն է հայտնում և գնահատում թուրք արտգործնախարարի նախաձեռնությունը: Թովմասյանը հույս է հայտնում, որ վերջին հիսուն տարիներին իր տեսակի մեջ առաջին այս հավաքը եթե անգամ դրական արդյունք չտա, ապա կարող է նոր շփումների առիթ ստեղծել երկու ժողովուրդների միջև, որոնք ՙդարեր շարունակ միմյանց հետ ապրել են սիրով՚:

Թուրքիայի արտգործնախարարը հայ ժողովրդին ՙօգտակար՚ լինելու մտադրությունը ցույց տալու համար կատակով հիշում է իր գերդաստանին վերագրվող հայկական ծագման մասին, իբրև ապացույց բերելով իր նախնիների ազգանունը` Չաղլայանենք, որն այսօր թուրքացված ձևով է գործածվում: Թուրք դիվանագետը զգացական ևս մեկ երանգ տալով իր ՙհայասիրական՚ կեցվածքին, հավելելով, թե ՙառաջացած տարիքի բերումով ինքը կարող է չլինել թուրքական հաջորդ կառավարությունների կազմում՚: Նա հայ կուսակցական գործիչներին խորհուրդ է տալիս ճիշտ օգտագործել այդ պատեհությունը:

Չաղլայանգիլն ասում է, որ ՙմեր ետևում ունենք սոսկալի անցյալ, երկուստեք պատահեցին դեպքեր, որոնք պատիվ չբերեցին մեր երկու ժողովուրդներին՚: ՙՄենք գործիք դարձանք մեծ պետությունների ձեռքում, որոնք մեզ օգտագործեցին` ի նպաստ իրենց շահերի: Ներկայումս տակավին, կարծում եմ, նույն է ձեր և քրդերի դեպքում: Պետք է իմանաք, որ մենք Օսմանյան կայսրության պետական ժառանգորդներն ենք, բայց ոչ նրա անցյալի վարած քաղաքականության՚,- ասում է Թուրքիայի արտգործնախարարը:

Թուրքիայի թիվ մեկ դիվանագետի խոսքերից պարզ է դառնում, որ գլխավոր շարժառիթը, որ ստիպել է նրան հանդիպելու սփյուռքյան երեք ավանդական կուսակցությունների ղեկավարների հետ, հայ վրիժառուների հակաթուրքական գործողություններն են: ՙԻնձ բավական նեղ կացության մեջ են դնում` հարց տալով, թե մինչև ե՞րբ են թուրք դեսպանները թռչունի պես խփվելու: Այսպես խոսողներին իմ պատասխանը հետևյալն է. մենք պետություն ենք և չենք կարող նրանց պես վարվել: Ճիշտ է, մեր միջոցները ավելի լայն են, մենք որպես պետություն ի վիճակի ենք վարձել հարյուրավոր մարդասպաններ ու նույն ձևով պատասխանել: Սակայն պետք է որոնել հնարավորություն` ներկա վիճակից հետ դառնալու, գտնելու մոդուս վիվենդի՚,- ասում է Չաղլայանգիլը և հայ քաղաքական կուսակցություններին մեղադրում ՙհայ երիտասարդներին` թուրքի դեմ պայքարի հրահրելու համար՚:

Թուրք դիվանագետներ սպանելու արշավը վերջ տալու Չաղլայանգիլի պահանջի առնչությամբ հայ կուսակցական գործիչները նկատում են, որ ՙհասկանալով հանդերձ այդ արշավին լծված հայ տղաների ցասումը, իրենք չեն բաժանում հարցերը արյունով լուծելու գործելակերպը, բայց նաև չեն կարող դատապարտել և մանավանդ արգելք լինել նրանց՚, քանի որ նրանք որևէ կապ չունեն հայ կուսակցությունների հետ: ՙՀակառակը, նրանք կուսակցությունների խաղաղ և օրինավոր գործելակերպից դժգոհ, անջատված տարրեր են, որոնք աշխարհի չորս անկյուններից գտնելով համախոհներ, ստեղծել են իրենց անկախ կազմակերպությունները, կազմել գործելու իրենց ոճն ու ծրագրերը՚:

Շավարշ Թորիկյանը պատասխանում է, որ ՙմեր երկու ժողովուրդները ճակատագրով պարտավորված են ապրելու կողք կողքի՚, բայց թուրքերը տեղահանեցին, ջարդեցին ու բնաջնջեցին հայ ժողովրդին, քանդեցին հայկական մշակութային կոթողները, բռնագրավեցին հայերի հարստությունը: ՙՊարոն նախարար, պետք է ընդունեք, որ հայ ժողովրդի նկատմամբ գործվել է ահռելի անարդարություն, մեր ձգտումն է, որ հատուցվի գործված անարդարությունը՚,- ասում է Թորիկյանը: Ավետիս Դեմիրճյանը շարունակում է, որ իրենք ներկայացնում են քաղաքական կազմակերպություններ, տանում են քաղաքական աշխատանք, թուրք ժողովրդի հանդեպ չունեն թշնամություն, սկզբունքորեն դեմ են ահաբեկչությանը: ՙՄենք թուրք ժողովրդի հետ ապրել ենք կողք-կողքի: Օսմանյան կայսրության կառուցող տարրն էր հայ ժողովուրդը, սակայն այսօր ցրված ենք աշխարհով մեկ, մեր պապենական հողերը խլված են՚,- ասում է հնչակյան ներկայացուցիչը:

Չաղլայանգիլը պատասխանում է, որ հայերի ու թուրքերի միջև ՙբարի հարաբերությունների՚ վերահաստատման համար պետք է գտնել դեղամիջոցը: ՙՁեր երիտասարդությանը հանդարտեցնելու համար հարկավոր է մի բան անել: Ի՞նչ եք առաջարկում՚,- հարցնում է թուրք արտգործնախարարը:

Թորիկյանն ասում է. ՙՄենք սպասում ենք դրական քայլեր թուրքական իշխանությունների կողմից: Նախ պետք է սխալն ընդունել, դատապարտել այն, ընդունել հայ ժողովրդի իրավունքները և գոհացում տալ դրանց՚: Թովմասյանն ավելացնում է. ՙՑեղասպանությունից փրկված մեր ժողովրդին հաջողվել է վերականգնել ու պահանջատեր դառնալ: Պարոն նախարար, հարց եք տալիս, թե ինչ պետք է անել: Ինչո՞ւ չեք հետևում Գերմանիայի օրինակին: Նրանք խելացի գտնվեցին, դատապարտեցին կատարվածը և հրեա ժողովրդին հատուցում տվեցին՚:

Չաղլայանգիլն ասում է, որ առաջարկների մեջ կան դրական և բացասական տեսակետներ: ՙԴրական է, օրինակ այն, որ սխալները պետք է սրբագրվեն: Բայց ինչպե՞ս: Ձեր հարցը Օսմանյան կառավարության հետ էր, ոչ թուրք ժողովրդի: Ընդունում եմ, որ ներկա Թուրքիան պետք է մի բան անի` ցավերն ամոքելու համար: Հողային հարցի շուրջ ես չեմ կարող ձեզ հետ բանակցել: Դուք պետականություն չէիք Օսմանյան կայսրության մեջ: Դուք այլ համայնքների շարքում հանայնքներից մեկն էիք, ձեր հողային պահանջները օրինական որևէ հիմք չունեն: Ես չեմ արդարացնում Օսմանյան կառավարության վարած մեթոդները խաղաղ ժողովրդի դեմ: Սակայն ճիշտ էլ չէ ասել, թե թուրքերն էին ամեն ինչ անողը: Պետությունը կարող էր ձեր հեղափոխականներին բռնել և կախել, ոչ թե անմեղներին ջարդել: Անցյալի վրա ծանրանալը մեր իրավիճակին լուծում չի բերի: Պետք է մտածենք այդ մասին, բայց պետք է նաև ընդունենք, որ հողային պահանջները և դիվանագետների սպանություններն այստեղ ու այնտեղ ընդունելի ձևեր չեն: Մենք էլ ունենք երիտասարդություն, որ կարող է նույն մեթոդներին դիմել: Մենք պետություն ենք, փոխադարձելու միջոցներ ունենք՚:

Թորիկյանն առարկում է, ասելով, որ Թուրքիան պետք է իր կեցվածքը փոխի. ՙՀնարավոր չէ հարցը փակել` անցյալի մասին չխոսելով կամ ասելով, որ երկու կողմերն էլ հանցավոր են: Հիմնականը հայկական հարցի լուծումն է, հայ ժողովրդի ստեղծագործելու և գոյատևելու իրավունքն է իր պապենական հողերի վրա՚: Դեմիրճյանը հավելում է, որ հայկական հարցի դրական արդյունքից է կախված հայերի և թուրքերի միջև հարաբերությունների բարելավումը: Թուրքիայի արտգործնախարարը հավաստիացնում է, որ պատրաստ է թուրքական կառավարության և հայկական երեք կուսակցությունների միջև բանակցությունների համար հող նախապատրաստել, եթե այն դրվի ընդունելի պահանջների շրջագծի մեջ: ՙՆյութական հատուցումը, վերաբնակեցումը և հայերին որոշ դյուրություններ ընձեռնելը ընդունելի հարցեր են, սակայն բնավ ընդունելի չէ հողային ձեր պահանջը: Որևէ թուրք, անգամ դավաճան թուրք, չի ընդունի այդ պահանջը՚:

Մեկօրյա հանդիպումն ավարտվում է հեռախոսահամարներ փոխանակելով և կրկին հանդիպելու մաղթանքով:

Այդ հանդիպումից երկու ամիս անց տեղի ունեցավ թուրքական կառավարության փոփոխություն, նոր կառավարության կազմում Չաղլայանգիլի անունը չկար:

Թուրքիային երկխոսության մղող հայկական զինյալ պայքարը հաջորդ տարիներին տկարացավ և ի վերջո դադարեց Թուրքիային աջակցող միջազգային հատուկ ծառայությունների և գաղտնի գործակալությունների դավերի ու ճնշումների արդյունքում, որոնց զոհ գնացին ՙզինյալ պայքարի մի շարք կազմակերպիչներ ու ազատամարտիկներ՚:

Ցյուրիխյան հանդիպման մասին կարճ անդրադարձ կա Ռամկավար Ազատական կուսակցության փաստաթղթերից մեկում: Այն նոր բան չի ավելացնում նրան, ինչի մասին գրվել է վերևում: Միակ նորությունը, ըստ փաստաթղթի, այն է, որ ՙհանդիպման մասին տեղյակ են պահվել հայրենի պետության պատասխանատուները՚, այսինքն` Խորհրդային Հայաստանի իշխանությունները:

Հ. Գ. Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail