Փորձագետները խոսում են Սևծովյան և Հարավային Կովկասի տարածաշրջաններում ԱՄՆ-ի ակտիվության աճի մասին․ ինչով է պատասխանում Հայաստանը
05.11.2021 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան – <Պայտըն Պաշտօնապէս Ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը>
Փորձագետները խոսում են Սևծովյան և Հարավային Կովկասի տարածաշրջաններում ԱՄՆ-ի ակտիվության աճի մասին։ Այդ ակտիվության կարևոր ցուցիչ են Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի այցը Վրաստան և Ուկրաինա, որտեղ նա կոշտ արտահայտվեց 3+3 ձեւաչափի մասին, ինչպես նաեւ ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի այցը Հայաստան։
Ռուսաստանն ու Թուրքիան ռազմական արշավից հետո փորձում են համոզել Հայաստանին կնքել «խաղաղության պայմանագիր» և ճանաչել պատերազմի արդյունքները, սահմանազատում կատարել խորհրդային քարտեզներով, բացել «միջանցք» և միանալ ռուս-թուրքական 3+3 հարթակին։
Փորձագետների կարծիքով, այդ փաստաթղթերը դեռ չեն ստորագրվել ԱՄՆ-ի «զսպող» դերի շնորհիվ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ անուղղակիորեն կասկածի տակ դնելով Թուրքիայի սահմանները։ ԱՄՆ Կոնգրեսում տեղի են ունեցել քննարկումներ և ընդունվել են կարևոր փոփոխություններ, որոնք ի վերջո կարող են հանգեցնել նրան, որ Ադրբեջանը ճանաչվի որպես ռազմական հանցագործություն կատարած ագրեսոր։
Թուրքիան և Ադրբեջանը հրավիրված չեն ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության գագաթնաժողովին, Հայաստանը հրավիրված երկրների ցանկում է, գրում է Politico-ն։ 2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհյուրընկալի Ժողովրդավարության երկու գագաթնաժողովներից առաջինը։ Թե ինչ մակարդակով կներկայացվի Հայաստանը ֆորումին, դեռ պարզ չէ։
Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլլան երեք առաջարկ են ներկայացրել ԱՄՆ Սենատում ԱՄՆ պաշտպանության ազգային նպաստների ակտի քննարկման ժամանակ։
«Առաջինը․ վերադարձն Ազատության օրինագծի 907-րդ փոփոխության իրականացմանը, որն արգելում է ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Մյուս երկու առաջարկները վերաբերում են «Բայրաքտար» անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքին և 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին զեկույցին, այդ թվում՝ հարձակումներում ամերիկյան տեխնոլոգիայի կիրառում, սպիտակ ֆոսֆորի օգտագործում, կասետային զենքեր և այլ արգելված զենքեր, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների մասնակցություն»:
Հայաստանն ակտիվություն չի ցուցաբերում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ ընտրելով «եռակողմ հայտարարության անվերապահ կատարումը», «բանակը Ռուսաստանի աջակցությամբ արդիականացնելը» և «խորհրդային քարտեզներով սահմանազատումը»։ Հայաստանը չի դիմում ԱՄՆ-ին ռազմական և դիվանագիտական օգնության համար՝ նախընտրելով աջակցել «ժողովրդավարության զարգացմանն ու հակակոռուպցիոն պայքարին»։
Հայաստանին ԱՄՆ ռազմական օգնության հարցը դրված է ամենախիստ տաբուի տակ, թեև և՛ Ուկրաինան, և՛ Վրաստանը, նույնիսկ Ադրբեջանը, ստանում են ամերիկյան ռազմական օգնություն։
www.lragir.am/2021/11/05/679394/