5000-ամյա քաղաք՝ մայրաքաղաքի սրտում․ Երևանում բացառիկ պեղումները խոստանում են փոխել պատմությունը

Armenia-5000-year-old city in the heart of the capital, Yerevan

5000-ամյա քաղաք՝ մայրաքաղաքի սրտում․ Երևանում բացառիկ պեղումները խոստանում են փոխել պատմությունը

06 ՆՈՅԵՄԲԵՐ 2021 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՄՇԱԿՈՅԹ – ՊԱՏՄՈՒԹԻՒՆ:

Մայրաքաղաքի սրտում՝ 5500 տարեկան քաղաք։ Երևանում վերսկսված բացառիկ պեղումները Հարավային Կովկասի ամենանշանավոր ու բացառիկ  հնավայրերից մեկում՝ Շենգավիթում են, որը Հայաստանում վաղ բրոնզեդարյան առավել հայտնի և լավ ուսումնասիրված բազմաշերտ, 4 մ խորությամբ հուշարձան է։
Թյուր է կարծիքը, որ Երևանի պատմությունը սկսվում է Էրեբունուց՝ ասում է արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը եւ հստակեցնում՝ Երևանի գրավոր պատմությունն է սկսվում էրեբունուց։ Այստեղ ունենք քաղաք, որը 2000 տարով Էրեբունուց հին է։

«Աշխարհում շատ քիչ մայրաքաղաքներ  կան, որտեղ մայրաքաղաքի սրտում 5500 տարեկան քաղաք է եղել։ Այդպիսի վկայություն ես չեմ կարծում, որ կարող է լինել»։

Առաջին հայացքից՝   սովորական քարեր՝ քարաշատ Հայաստանին շատ բնորոշ։  Մասնագետների գնահատմամբ՝ սա Հայաստանի և ընդհանրապես Հարավային Կովկասի ամենանշանավոր ու բացառիկ  հնավայրերից է՝ Շենգավիթ քաղաքը, որի պեղումները սկսվել են դեռ 1936 թվականից՝ նախ Եվգենի Բայբուրդյանի, 1958–ից Սանդրո Սարդարյանի ղեկավարությամբ։ 2000-ից մինչ օրս ուսումնասիրությունները շարունակվում են հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ։ Ընթացքում դրանց միացել է նաեւ  հայ–ամերիկյան միացյալ արշավախումբը։

«Քանի որ դա կառավարական նախագիծ է, մենք խնդիր ունենք հատաճարական շինությունն իր շրջակայքով պեղել, բացել, որովհետև եթե դա այնպիսի մակարդակի հասցրեցինք, որ ամբողջ աշխարհն ընդունի, որ այստեղ եղել է հնագույն տաճար, ապա կարող ենք ասել, որ կփոխվի մեր ամբողջ պատկերացումները  մեր հնագույն մշակույթի և պատմության վերաբերյալ»։

Թյուր է կարծիքը, որ Երևանի պատմությունը սկսվում է Էրեբունուց՝ ասում է արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը եւ հստակեցնում՝ Երևանի գրավոր պատմությունն է սկսվում էրեբունուց։ Այստեղ ունենք քաղաք, որը 2000 տարով Էրեբունուց հին է՝ ասում է հնագետը։ Բնակատեղին ժամանակին  6 հեկտար էր։ Խորհրդային տարիներին այստեղ կառուցվել են հիվանդանոցի շենքը, այլ շինություններ, հետագայում համաշխարհային արժեք ներկայացնող  տարածքից մնացել է երկու հեկտար տարածք՝ ասում է Հակոբ Սիմոնյանը։

«Սրանք հիմնականում մանր եղջերավոր անասունի ոսկորներ են, որոնք օգտագործվել են որպես կերակուր»։

Համաշխարհային պատմության մեջ կա ուրույն մշակույթ՝ շենգավիթյան մշակույթը, որը տարածվել է Հյուսիսային Կովկասից մինչև Պաղեստին և Իրանի մի հատված: Այստեղ եղել է Կուր-Արաքսյան մշակույթ, որը զբաղեցրել է 1.5 միլիոն քառակուսի կմ տարածք՝ Տիգրան Մեծի կայսրությունից երկու անգամ մեծ։ Շենգավիթի ռադիոածխային տարալուծումը վկայում է, որ հնագույն շերտերը թվագրվում են Ք․ա․ 3300 թվականին, իսկ ավելի երիտասարդ շերտերը հասնում են մինչև 2200 թվականը։  Այսինքն՝ 5000 տարի առաջ այստեղ մեր նախնիները ծավալել են կենսագործունեություն։

« Հորերը պատրաստվել են բավականին խնամքով։ Եթե տեսնում եք դեպի այն կողմ տանձաձև լայնացում ունի։ Մարդիկ  քարե հորերի մեջ պարաններով կապված իջել են ներքև, ցորենը հանել են և հետո հորերը ծածկել են քարե կափարիչներով»։ 

Գրագետ քարեր՝ բնորոշումը  հնագետ Հակոբ Սիմոնյանինն է։ Մեր նախնիները սրանք կիրառել են շինարարության մեջ։ Այս քարերով նրանք պաշտպանության խնդիր են լուծել՝ կառուցել են պարիսպ։ Հնագետ Սանդրո Սարդարյանն այստեղ հայտնաբերել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի։

«Գաղտնուղի ամեն ուրարտական ամրոց չի ունեցել, ամեն միջնադարյան ամրոց չի ունեցել  գաղտնուղի։  Գաղտնուղին բացառիկ երևույթ է։ 

Շենգավիթում բոլոր պատերը շարված են Հրազդանի հունից բերված անմշակ գետաքարերով։ Առավել ամուր լինելու համար  պատերը շարվել են երկու շարքով։ Հակոբ Սիմոնյանի տեղեկացմամբ՝ տեխնիկան հատուկ է եղել հենց վաղ բրոնզեդարյա, ճարտարապետությունը՝ Ք․ա․ երրորդ հազարամյակի առաջին կեսի։ Սիմոնյանը նկատում է՝ շատ հնագետներ վստահ չէին, որ Շենգավիթը կարող է ունենալ պարիսպ։ Եթե բնակատեղին եղել է պարսպապատ, ուրեմն այն համարվել է քաղաք։

«Սա խոսում է սոցիալական խորը շերտավորման մաիսն։  Սա կոթողային կառույց է, մոնումենտալ կառույց է։  Իսկ այդպիսի շինություններ կարող էր անել միայն կազմակերպված հասարակությունը, որին ղեկավարում էր  կառավարիչը, որն ուներ բացառիկ սոցիալական բարձր դիրք»։

Պեղումների ընթացքը հատուկ զգուշություն է պահանջում։ Վրձնով ու մալայով,  հատուկ խնամքով է վերացվում աղբաշերտը, որի տակ մշակութային հորիզոնն է։ Որևէ տեղեկություն չպետք է կորցնենք՝ ասում է արշավախմբի ղեկավարը։ Պեղումներտը բացահայտել են ևս մի կարևոր ու հետաքրքիր երևույթ՝ տնտեսական հորեր, որտեղ լցրել են աղբը։ Այս տարածքում տնտեսական 21 հոր է պեղվել, ինչը վկայում է, որ  այստեղ մեծ տնտեսություն է եղել։

«Սա ոչխարի գանգ է ու ծնոտ։ Ժամանակին մարդիկ այստեղ թափել են աղբը։ Եվ այստեղ ունենք նման 21 հոր։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ինտենսիվ տնտեսություն է եղել»։

Կարող է անհավատալի հնչել, բայց այս քարակույտ նախնիների գործիքներ են եղել։ Հակոբ Սիմոնյանն առանձնացված քարերից ընտրում է գործիքները՝ հետագայում մշակելու համար։

«Այս գործիքն օգտագործել են որպես ծեծիչ և մուրճ։ Այն շատ հարմար գործիք է եղել»։

Պեղումներով գտնված ու վերականգնված մոտ 1500 ցուցանմուշ ցուցադրվում է հնավայրի տարածքում գործող թանգարանում: Մեկը մյուսից բացառիկ նմուշներ, որոնցից առանձնակի նշանակություն ունի 6000 տարեկան ցորենը՝ ասում է   Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղի ղեկավար Արա Հարությունյանը:

«Թանգարանի ամենաբացառիկ ցուցանմուշը 6000 տարեկան ցորենն է, որը հայտնաբերվել է մեր հնավայրից։ Սա խոսում է այն մասին, որ շենգավիթցիները զբաղվել են երկրագործությամբ»։  

Ամբողջապես պահպանված օջախ, նաև դամբարանից գտնված ու դրա հիման վրա վերականգնված մարդու գանգ ու այլ հետաքրքիր նմուշներ, որոնց ԴՆԹ տվյալները վկայում են՝ հայերն այս տարածքի վրա ապրել են 7000 տարի առաջ։ Արա Հարությունյանը վստահ է՝ Շենգավիթը Երևանի համար կարող է դառնալ այցեքարտ։

hy.armradio.am/2021/11/06/5000-ամյա-քաղաք՝-մայրաքաղաքի-սրտում․-երև/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail