Բաքուն, Մոսկվան և Անկարան փորձում են թաքցնել ձախողումը «հայերի դեմ հաղթանակի» տոնակատարությունների հետևում
08.11.2021 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
Բաքուն, Մոսկվան և Անկարան փորձում են թաքցնել իրենց հիասթափությունը «հայերի դեմ հաղթանակի» տոնակատարությունների հետևում, որ պատերազմի ավարտից մեկ տարի անց 44-օրյա ահաբեկչական պատերազմի արդյունքները չեն օրինականացվել։ Նոյեմբերի 9-ից մի քանի օր առաջ, երբ «հաղթողները» պատրաստվում էին ստորագրել Հայաստանի լուծարման ակտը, տեղի ունեցան իրադարձություններ, որոնք վկայում են այն մասին, որ «հաղթողները» ձախողման եզրին են։
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օլսոնը ժամանել է տարածաշրջան և անցկացրել տարածաշրջանի երկրներում իր դեսպանների համաժողով։ Հայտնի է դարձել նաև, որ «Ժողովրդավարությունների ֆորումին» մասնակցելու համար տարածաշրջանից Վաշինգտոն են հրավիրվել Հայաստանն ու Վրաստանը։ ԱՄՆ Կոնգրեսում ակտիվացել են Բաքվի ռազմական հանցագործությունների մասին քննարկումները։ Բացի այդ, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, ով ավելի վաղ ժամանել էր տարածաշրջան, միանգամայն հստակ խոսել է 3+3 ձեւաչափի մասին։ Հայաստան են ժամանել նաեւ ԵԽԽՎ զեկուցողները՝ ակնարկելով, որ Ադրբեջանի կողմից հակամարտության ուժային լուծումը նրա միջազգային պարտավորությունների խախտում է։ Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը նոյեմբերի 9-ին քննարկում է նախատեսել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Իսկ նոյեմբերի 2-3-ին ԿՀՎ ղեկավարը Մոսկվայում էր։
Ռուսաստանի գործողություններում նյարդայնություն է նկատվում։ Մոսկվան մեկ խոսում է եռակողմ առաջիկա հանդիպման մասին, հետո հայտարարում, որ ժամկետը դեռ համաձայնեցված չէ։
Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ հաղորդակցության մենաշնորհի, «բոլոր ապաշրջափակված և նորաստեղծ տրանսպորտային ուղիները կգործեն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա», «մեր մի շարք նախաձեռնություններ չի հաջողվել համաձայնեցնել և դա նորմալ է», նշված է 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ո՞ր նախաձեռնությունների շուրջ համաձայնության չեն եկել, եւ ո՞վ է խանգարել։ Միջազգային դերակատարներն սկսել են ավելի հաճախ խոսել Ռուսաստանի «մենաշնորհի» անթույլատրելիության և ուժային լուծման ոչ լեգիտիմության մասին։ Արեւմուտքում գործընթացները կարող են թափ հավաքել, ինչի արդյունքում Բաքուն կարող է ագրեսոր ճանաչվել։
Բոլորը պետք է իմանան, որ ապագան չի կարելի կառուցել ատելության և թշնամանքի վրա, Շուշիում Ալիևի հետ հանդիպումից առաջ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Հիշաչարությունը»-ը քաղաքական կատեգորիա չէ։ Թուրքերը հայերից գողացել են ոչ թե ոչխարների հոտ, այլ հայրենիքը, քաղաքակրթության բնօրրանը, և սա ոչ թե ատելություն է, այլ սեփական իրավունքների գիտակցում, որը 100 տարի փորձում է բթացնել Թուրքիայի բարեկամ Ռուսաստանը։
www.lragir.am/2021/11/08/679910/