Ազատ բեմ – Ումի՞ց Է Պետք Պաշտպանել ՀՅԴ-ն – Շուշան Ղազարյան

Ազատ բեմ – Ումի՞ց Է Պետք Պաշտպանել ՀՅԴ-ն – Շուշան Ղազարյան

11 ՆՈՅԵՄԲԵՐ 2021 – ԱԶԱՏ ԲԵՄ:

Ուրեմն լսեք, ՀՅԴ-ն ինձնից պաշտպանող ջահելներ։

Շուշան Ղազարյան

Դժվար է, անչափ դժվար է գաղափարականի համար տեսնել, թե ինչպես է իր պաշտած, սիրած, ընդունած մարդը, խումբը, կազմակերպությունը վերածվում ինչ որ ծռմռած մի երևույթի: Անչափ դժվար է համակերպվել, հասկանալ կամ ընդունել այդ ամենը: Դա նույնիսկ դժվար էլ չէ, սարսափելի է:

Բարդ է մի քանի առումներով, մեկն այն, որ այդ այլասերումը նվաստացնում է հենց տվյալ երևույթի մասին պատկերացումները, այն առումով, որ հոգեբանական շատ մեծ սթրես է, այն առումով, որ դա նշանակում է ևս մեկ աշխարհի ավերում:

Եվ նաև բարդ է, որ այն մարդիկ, ովքեր իրենց սրտում պաշտպանել ու փայփայել են ինչ որ գաղափար, հանկարծ զարմանքով տեսնում են, որ եկել են ինչ որ նոր մարդիկ, ովքեր փրփուրը բերնին որոշում են ինչ որ գաղափարական պաշտպանություն կատարել, ինչ որ բան փրկել: Չես հասկանում ինչ են ուզում փրկել, ումից են ուզում փրկել:

Այդ նորաթուխները, որոնց համար ՀՅԴ-ն մի գեղեցիկ ու ոճային ժամացույցի կարգավիճակ ունի, արտաքին փայլի սիրահարներ են և նրանց պայքար կոչվածն էլ բավարարվում է արտաքին ծանծաղ մակարդակում:

Ու ի վերջո տրամաբանական հարց է առաջանում. «Պաշտպանել ՀՅԴ-ն ումի՞ց»: Միթե ՀՅԴ-ն այնքան թույլ ու խեղճ մի կերպար է, որ պաշտպանության կարիք ունի, այն էլ իրենց նման պաշտպանների: Ո՞վ է այդ մարդկանց այսպես չարացրել ու բաց թողել մյուսների վրա: Պաշտպանել ՀՅԴ-ն: Ծիծաղելի կլիներ, եթե տխուր չլիներ: ՀՅԴ-ն պաշտպանության կարիք չունի:

ՀՅԴ-ն այն կուսակցությունն էր, որ ինքն էր մի ողջ ժողովրդի ու պետության պաշտպանություն վերցրել: Ու այդ ՀՅԴ-ն պաշտպանում էր գաղափարով ու զենքով, պայքարում էր հանուն գաղափարի, ոչ թե հայհոյելով, զազրախոսելով ու սոց-ցանցերում հիստերիա բարձրացնելով:

Գաղափարական, հայրենապաշտպան կառույցը վերածել են միտինգային մակարդակի ինչ որ անդեմ երևույթի ու դեռ փորձում են պաշտպանել:

Բա ինչո՞ւ չպաշտպանեցիք հնացումից, այլասերումից ու անգործությունից: Չպաշտպանեցիք այն մարդկացից, որոնք Արամ Մանուկյանի ավանդը էժանով ծախեցին մի քանի պաշտոնի դիմաց: Ինչո՞ւ չպաշտպանեցիք, երբ ՀՅԴ-ն քիչ քիչ վերածվում էր անհասկանալի մի խառնուրդի:

Պարզ է, թե ինչու: Որովհետև ձեր համար գաղափար սիրուն խոսք է, իսկ ՀՅԴ-ն՝ մոդայիկ բրենդ, որը շատ գեղեցիկ է ձեզ համար:

ՀՅԴ-ն ձեզնից է պետք պաշտպանել, ձեզնից է պետք պաշտպանել ՀՅԴ-ի գաղափարն ու ծրագիրը, որ փոշոտվում է մի անկյուն ընկած:

Հենց այս մտքերի հաստատումն է իր գրառման մեջ տվել ֆեյսբուքյան օգտատեր Շուշան Ղազարյանը՝

«Ուզում եմ հայտարարել, որ իրենց անձի մասին թյուրըմբռնում ունեցող մարդիկ ականջին օղ անեն։ Ու չմտածեն, որ զենքի վրա սուտ երդում տված ամեն հացկատակ, իրավունք ունի պաշտպանել ՀՅԴ-ն հայ ժողովրդից։

Քամի կուլ տվողներ․․․Չարենց ջան, ներիր․․․

Ուրեմն լսեք, ՀՅԴ-ն ինձնից պաշտպանող ջահելներ։

ՀՅԴ-ն եղել ու մնում է միակ կուսակցությունը, որին ես մտովի, առանց պրակտիկ քայլերի, առանց դիմումով անդամագրվելու, առանց զենքի վրա երդվելու, ինքս ինձ համար, իմ հոգու խորքում, ընդունել եւ ընդունում եմ։

Ընդունում եմ նրա հայրենասիրական ոգին, մշակույթը ազգային եւ սոցիալիստական գաղափարախոսությունը։

Ընդունել եմ, քանի որ տեսել ու դաստիարակվել եմ 90-ականների ՀՅԴ առյուծ ու քաջասիրտ զինվորների, հայրենիքի նվիրյալների, զենքին ու ընտանիքին երդում տված անկեղծ զինվորների կողքին։ Դուք, որ կոպիտ վիրավորանքներով կտրում եք խոսքս, երեւի այն ժամանակ չկայիք։

Ու չեք հասկանա, որ այսօրվա իմ չափանիշներն ու պահանջները ՀՅԴ-ից, բխում են այդ տարիների իրականության իմ ըմբռնումից։

Հիմա տղերքը չկան։ Մի մասը զոհվել է մարտի դաշտում, մյուս մասը հեռացված է կուսակցությունից։ Ամեն անգամ, նրանց շիրիմին գնալիս, ներողություն եմ խնդրում, որ չկարողացանք պաշտպանել այդ հզոր արժեքը կուսակցական խաչագողներից։ Հեռացնողներն, ավաղ, այն տարիներին պատերազմից հեռու, կռվող տղերքի թիկունքում, իշխանությունների հետ, փող ու հարստություն բաժանած կուսակցականներն են։ Չե՞ք հավատում, այցելեք նրանց դաչաներն ու տները, ու այցելեք նաեւ պատերազմում հաշմանդամ դարձած մի ՀՅԴ զինվորի։ Հին մարդիկ ենք, իրար անցյալն ու ներկան լավ գիտենք։

ՀՅԴ նախկին Էն վիթխարի ժողովրդականությունից, սիրուց, խենթացնող ինքնավստահությունից, անունով հեղինակություններից, պայծառ հերոսներից, գիտական հզոր զորախմբից, այսօր գրեթե բան չի մնացել։ Ընտրությունները ամենալավ հայելին էր ՀՅԴ ներկա վիճակի։ Ու սրտիս ցավից երբեմն հառաչանքս չեմ զսպում․․․Ու ինձ դրա համար քարկոծում, երբեմն հայհոյում են։

Ես համոզված եմ, որ եթե ներկա ՀՅԴ երիտասարդության գլխի վրայից վերանան հին չարչիներն ու կուսակցության հերն անիծող, անհագ, ղեկին կառչած հեղինակազուրկ քոթուկները, ՀՅԴ-ն կվերագտնի իր նախկին փարթամ դեմքը, կմաքրվի անցյալի հին ախտերից ու վերստին նրա քաջության ու հայրենասիրության համբավը կտարածվի մոլորակով մեկ․․․ Ես հավատում եմ, քանի որ ամեն հայ մարդու հոգու խորքում դաշնակցական կա, քանի որ դաշնակցությունը հայ ժողովրդի սեփականությունն է, այլ ոչ թե մի քանի կապիկի գանգով ու ծակ որովայնով խաբեբա մուրացիկների․․․»

mer-oughin.am/2021/11/11/ումի՞ց-է-պետք-պաշտպանել-հյդ-ն/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail