Ամերիկայի Աւելի Խորը Ներգրաւուածութիւնը Կը Մեծացնի ԼՂ Շուրջ Հրադադարի Համաձայնագրի Արդիւնաւէտութիւնը. Վերլուծաբան
10 ՆՈՅԵՄԲԵՐ 2021 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
ԱՐԱՄ ԱՒԵՏԻՍԵԱՆ
Նոյեմբերի 9ին լրացել է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ անցած տարի կնքուած հրադադարի մէկ տարին: Վերլուծաբանները քննարկում են հրադադարի համաձայնագիրն ու դրա հետ կապուած զարգացումները:
Միացեալ Նահանգները կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին շարունակել եւ աշխուժացնել ներգրաւուածութիւնը, այդ թւում` Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի ներքոյ` ԼՂ հակամարտութեանն առնչուող կամ դրա հետեւանքով առաջացած բոլոր հիմնախնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար, ասուած է պետքարտուղարութեան յայտարարութեան մէջ` կապուած հրադադարի համաձայնագրի հետ: Դիւանագիտական գերատեսչութիւնը շեշտում է` Վաշինգտոնը շարունակում է հաւատարիմ մնալ Հարաւային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, բարգաւաճ եւ խաղաղ ապագայի խթանմանը: Պետքարտուղարութիւնը կոչ է անում վերադարձնել մնացեալ բոլոր կալանաւորուածներին, հաշուառել անհետ կորածներին, թոյլատրել տեղահանուածների կամաւոր վերադարձը, իրականացնել համապարփակ մարդասիրական ականազերծում, պայմաններ ստեղծել միջազգային մարդասիրական կազմակերպութիւնների գործունէութեան համար, ինչպէս նաեւ հետաքննել մարդու իրաւունքների եւ միջազգային մարդասիրական իրաւունքի ենթադրեալ խախտումները:
Վերլուծաբանները գտնում են, որ Ամերիկա պէտք է աւելի աշխուժ դերակատարութիւն ստանձնի Հարաւային Կովկասում, մասնաւորապէս ԼՂ հակամարտութեան հարցում: Ատլանտեան խորհուրդ հաստատութեան վերլուծաբան Ջոն Հերբսթի կարծիքով վերջին մի քանի տարիների ընթացքում Վաշինգտոնը դարձել է երկրորդական դերակատար այս տարածաշրջանում, որի պատճառներից է Ամերիկայի այլ առաջնահերթութիւնները:
«Միացեալ Նահանգները հիմնականում հետեւում էր զարգացումներին, չնայած կոչ էր անում կողմերին դադարեցնել կրակը: Ես զգացում ունեմ, որ այս մօտեցումը կը շարունակուի: Իմ կարծիքով Ամերիկայի համար շահաւէտ կը լինէր աւելի գործօն ներգրաւուածութիւնն այստեղ, սակայն հակուած չեմ կարծելու, որ դա տեղի կ՛ունենայ», ասում է Հերբսթը:
Հերբսթի կարծիքով իրադրութիւնն այսօր ԼՂ շուրջ կայուն է, սակայն լարուած: Իր հերթին քաղաքագէտ Աննա Օհանեանը նշում է, որ հաստատուած հրադադարը դադարեցրեց ռազմական գործողութիւնները Մոսկուայի ջանքերի շնորհիւ, սակայն չկարգաւորեց հիմնական խնդիր հանդիսացող ԼՂի կարգավիճակի հարցը, ինչպէս նաեւ չլուծեց անվտանգութեան վտանգների հետ կապուած հարցերը:
«Կարծում եմ` այստեղ անհրաժեշտ է արեւմտեան տէրութիւնների` Եւրամիութեան, ինչպէս նաեւ Ամերիկայի շատ աւելի խորը ներգրաւուածութիւն` այս համաձայնագիրը, որը ես անուանում եմ «ռուսական խաղաղութիւն», առաւել արդիւնաւէտ դարձնելու համար», նշում է Աննա Օհանեանը:
Քաղաքագէտը վստահ չէ, թէ արդեօք Մոսկուան ունի համապատասխան կարողութիւն ամբողջապէս իրականացնելու բանակցած պայմանները: Նա տարակուսանք է յայտնում, որ չնայած ռուսական խաղաղապահների ներկայութեանը, Բաքում շարունակում է խախտել հրադադարը, որի արդիւնքում կան զոհեր, ներառեալ քաղաքացիական բնակչութեան շրջանում:
«Արդեօ՞ք Մոսկուան չունի բաւականաչափ զինուորականներ այնտեղ, թէ՞ խնդիրը քաղաքական է` կապուած Ռուսաստանի կողմից քաղաքական կամքի բացակայութեան հետ, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկայ այս լարուածութիւնը ձեռնատու է Ռուսաստանին, որը կարող է օգտագործել դա իր օգտին եւ որոշակի անապահովութեան մակարդակ պահպանել Հայաստանի համար: Դա կարող է լինել նաեւ այն, որ Ռուսաստանը պարզապէս բաւականաչափ լծակներ չունի Ադրբեջանի նկատմամբ», նշում է Օհանեանը:
Հերբսթն էլ ընդգծում է, որ ընթացող զարգացումները ցոյց են տալիս, որ կողմերից ոչ մէկը չի ցանկանում ռազմական գործողութիւնների վերսկսում: Հայաստանը խուսափում է ընդհարումից անցած տարուայ ձախողման պատճառով, իսկ Ադրբեջանը` հաւանաբար, ռուսական զօրքերի ներկայութեան, գտնում է Հերբսթը:
«Այն, որ կողմերը անընդհատ քննադատում են միմեանց եւ մեղադրում միւս կողմին առաջընթացի բացակայութեան մէջ, խօսում է այն մասին, որ նրանց ակնկալիքները շատ տարբեր են, եւ, հետեւաբար, վերջնական համաձայնութիւնը գրեթէ անհնար է կամ պարզապէս անհնար», նշում է Հերբսթը:
Նա պնդում է, որ հրադադարի շնորհիւ ԼՂում տեղակայուած ռուսական խաղաղապահները դեռ երկար ժամանակ կը մնան այնտեղ, քանի որ եթէ Ադրբեջանը պահանջի նրանց հեռացումը, ապա Մոսկուան դա կը դիտարկի որպէս թշնամական քայլ: Դրա հետ մէկտեղ, վերլուծաբանը չի բացառում, որ երկարաժամկէտ հեռանկարում Թուրքիան եւ Հայաստանը, ինչպէս նաեւ Հայաստանը եւ Ադրբեջանը, կարող են բարելաւել յարաբերութիւնները, որը հիմք կստեղծի ռուսական զօրքերի դուրս բերման համար: Նա, սակայն, չի դիտարկում նման հնարաւոր զարգացում մօտակայ շրջանում:
«Ամերիկայի Ձայն»
asbarez.am/406989/ամերիկայի-աւելի-խորը-ներգրաւուածութ/