«Ինչու Թուրքիան Եւ Ադրբեջանը Միջանցք Չեն Ստանայ Հայաստանի Միջով» – Մայքըլ Ռուբի
17 ՆՈՅԵՄԲԵՐ 2021 – ՅՕԴՈՒԱԾՆԵՐ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Մէկ տարի է անցել այն պահից, երբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնութեան եկան հրադադարի շուրջ, որը վերջ դրեց Ադրբեջանի եւ Արցախի միջեւ 44օրեայ պատերազմին։ Համաձայնագիրը նաեւ թոյլ տուեց Ռուսաստանին երկու կողմերի միջեւ որպէս խաղաղապահ տեղակայել մօտ 2000 զինծառայող, եւ նախատեսել է ռազմագերիների ու այլ պատանդների փոխանակում։ Այս մասին National Interest-ի իր յօդուածում գրում է Մայքըլ Ռուբինը։
Ստորեւ՝ յօդուածը․
«Վերջին կէտում ասւում էր. «Տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային (փոխադրական) կապերը պէտք է ապաշրջափակուեն։ Հայաստանի Հանրապետութիւնը երաշխաւորում է Ադրբեջանի Հանրապետութեան արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ տրանսպորտային հաղորդակցութեան անվտանգութիւնը՝ երկու ուղղութիւններով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անարգել տեղաշարժն ապահովելու նպատակով։ Ռուսաստանի Անվտանգութեան դաշնային ծառայութեան Սահմանապահ ծառայութիւնը պատասխանատու է տրանսպորտային կապերի վերահսկման համար»։
Սակայն վերջին ամիսներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկու կարեւոր հարցում փորձել են փոխել այս դրոյթի սահմանումը։ Նախ՝ սա մեկնաբանում են որպէս միջանցքի տրամադրում, որը կիսելու է Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Երկրորդ, նրանք անտեսում են տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին առաջին նախադասութիւնը։ Բայդենի վարչակազմը պէտք է յստակ հասկացնի, որ նման վերաիմաստաւորումն անհիմն է եւ անօրինական։
Ի սկզբանէ, թուրքերի եւ Կենտրոնական Ասիայի շրջանում լաւատեսութիւն կար, որ Նախիջեւանի ճանապարհային երթեւեկութիւնը, որը Հայաստանի Զանգեզուրի միջանցքով բաժանուած է Ադրբեջանի մնացած հատուածից, կարող է վերածնել արեւելեան Թուրքիայի մեռնող տնտեսութիւնը եւ ընդլայնել առեւտուրն ու զբօսաշրջութիւնը Կենտրոնական Ասիայում։ Ալիեւի ամբարտաւան յարձակողապաշտութիւնը շուտով վերացրեց այդ հնարաւորութիւնը։ «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական եւ ապագայ շահերին։ Մենք կ՛իրականացնենք Զանգեզուրի միջանցքը՝ ուզում է Հայաստանը, թէ ոչ», այս տարուայ սկզբին ասել է նա Ադրբեջանի պետական հեռուստատեսութեան եթերում։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատեց Ադրբեջանի հաւատարմութիւնը դիւանագիտութեանը եւ հրաժարուեց ռազմական ուժից ընդամէնը երկու օր անց Ալիեւի սպառնալիքից՝ ցոյց տալով կամ պետական բաժանմունքի անկարող լինելը, կամ Բլինքենի կողմից Ազատութեան աջակցութեան օրէնքի միտումնաւոր խախտումը։
Սակայն Թուրքիան աջակցեց Ալիեւի պարծենկոտութեանը։ Թուրքիայի պաշտօնական պետական հեռուստաալիքը Ստալինին է մեղադրել Զանգեզուրը Հայաստանին «փոխանցելու» մէջ, որը, ըստ հեռուստաալիքի, նախկինում «ադրբեջանական» է եղել։ Այստեղ զաւեշտն, ի հարկէ, այն է, որ Ստալինը նոյն կերպ Ադրբեջանին է յանձնել Հայաստանի պատմական տարածքը՝ Լեռնային Ղարաբաղը։ Զանգեզուրի նկատմամբ պահանջներ ներկայացնելով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարութիւնները խաթարում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ալիեւի յաւակնութիւնների օրինականութիւնը։ Թուրքական յաջորդ յօդուածում ասւում էր. «Զանգեզուրի միջանցքը ամենակարեւոր կէտն էր յօգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի», չնայած այն հանգամանքին, որ հրադադարի համաձայնագիրը նախատեսում էր ոչ թէ միջանցք, այլ տրանսպորտային հաղորդակցութիւն։
Էրդողանը այս հարցին աւելի հմտօրէն է մօտեցել, քան նրա ադրբեջանցի գործընկերը։ Նա ասել է, որ Հայաստանի թուրքական շրջափակումը դադարեցնելու հարցի քննարկման համար Հայաստանի ղեկավարի հետ ցանկացած հանդիպում առաջին հերթին պահանջում է Ադրբեջանի պահանջների կատարում։ «Աստուած տայ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրը յաղթահարուի միջանցքների բացմամբ», Սեպտեմբերին ասել է Էրդողանը։
Երբ Հոկտեմբերին Հայաստանի Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը խոստովանեց, որ Հայաստանի ճանապարհները կարող են բացուել Ադրբեջանի եւ Թուրքիայի տեղաշարժի համար, թէեւ հայկական վերահսկողութեան ներքոյ եւ առանց ինքնիշխանութիւնը կորցնելու, Ալիեւը կրկին հակազդեց։ Ելոյթ ունենալով Էրդողանի հետ համատեղ ասուլիսում՝ Ալիեւն ասել է. «Ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը անհրաժեշտ քայլեր կը ձեռնարկեն Զանգեզուրի միջանցքի իրականացման համար… ամբողջ թիւրքական աշխարհը միաւորելու համար»։
Ե՛ւ նախագահ Ջօ Բայդենը, ե՛ւ Բլինքենը բազմիցս յայտարարել են, որ «դիւանագիտութիւնը վերադարձել է», բայց երբ խօսքը վերաբերում է Հարաւային Կովկասին, այն չկայ։ Սա ցաւալի է, քանի որ իրական հնարաւորութիւն կայ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման եւ ամերիկեան շահերը առաջ տանելու համար։ Պետքարտուղարութեան ոչ պաշտօնական թուրքական լոբբիի եւ ադրբեջանական խաւիարային դիւանագիտութեան շահառուների շրջանում տարածուած կրկներգն այն է, որ Ադրբեջանը Ամերիկայի աւելի լաւ դաշնակիցն է, քան Հայաստանը՝ Մոսկուայի եւ Թեհրանի հետ Երեւանի կապերի պատճառով։ Բացի սրանից, փաստօրէն, վերջին տարիներին երկրաչափական աճ են գրանցել Ադրբեջանի կապերը Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Եթէ Վաշինգտոնի նպատակն էր թուլացնել Հայաստանի կապերը Ռուսաստանի եւ Իրանի հետ, ապա լաւագոյն միջոցը կը լինէր ճնշում գործադրել Թուրքիայի եւ Ադրբեջանի վրայ՝ Հայաստանի կրկնակի շրջափակումը վերացնելու համար, որպէսզի նուազեցնէր Հայաստանի կախուածութիւնը Ռուսաստանից եւ Իրանից։ Թուրքիան պէտք է բացի իր սահմանները Հայաստանի հետ առեւտրի համար, ինչպէս նաեւ՝ Ադրբեջանը։ Մինչ Թուրքիան յուսով է, որ իր բեռնատարները կարող են Զանգեզուրով անցնել Հայաստան, հայկական մեքենաները նոյնպէս պէտք է կարողանան Երեւանից Ստամբուլ մեկնել։ Եթէ թուրքերը յոյս ունեն Կենտրոնական Ասիայի հետ անխոչընդոտ առեւտուր իրականացնել մինչեւ Չինաստանի հետ սահմանը, ապա Արցախի հայերը պէտք է օգտուեն նոյն անխոչընդոտ առեւտրից Թուրքիայով մինչեւ Ֆրանսիա կամ Միացեալ Թագաւորութիւն։
Ալիեւը ծաղրում էր (Ազատութեան աջակցութեան օրէնքի) 907րդ յօդուածով բացառութիւնը, որը թոյլ է տալիս Ամերիկային օգնել քարիւղով եւ գազով հարուստ մենատիրական պետութեանը։ Ժամանակն է յետ կանչել բացառութիւնը, քանի դեռ ադրբեջանցի բռնատէրը չի ապացուցել իր հաւատարմութիւնը խաղաղութեանն ու դիւանագիտութեանը՝ բացելով Ադրբեջանի սահմանները Հայաստանի հետ առեւտրի համար։
Նմանապէս, եթէ Բլինքենն իսկապէս ցանկանում է նպաստել տարածաշրջանում խաղաղութեանը, նա պէտք է յետ կանչի Թուրքիայում Ամերիկայի նորանշանակ դեսպան Ջեֆրի Ֆլէյքին եւ յանձնարարի նրան վերադառնալ Անկարա միայն այն ժամանակ, երբ կարողանայ այնտեղ մեկնել Հայաստանի մայրաքաղաքից»։
«Նիուզ»
asbarez.am/407855/ինչու-թուրքիան-եւ-ադրբեջանը-միջանցք/