Տարասովը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին բախումների քաղաքական պատճառի մասին
20.11.2021 Տարածաշրջան: Հայաստան, Արցախ, Ադրբեջան, Ռուսաստան Թեմա: Քաղաքականություն
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին բախումները վկայում են այն մասին, որ կողմերից մեկը փորձել է կասեցնել որոշակի գործընթաց։ Եվ դա հաջողվեց։ Այս մասին NEWS-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։
«Դժվար է ասել, թե ով է սկսել: Բախումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների գտնվելու վայրից հեռու, այնտեղ դիտորդներ չկան, եւ կողմերը մեղադրում են միմյանց»,- ասաց նա։
Ըստ փորձագետի՝ այս գործընթացը համընկավ հետաքրքիր իրադարձությունների հետ:
«Աշխատում էր Մոսկվա-Երեւան-Բաքու ձեւաչափը, որը հայտնվեց ղարաբաղյան 44-օրյա պատերազմից եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրումից հետո։ Դրա կետերից մեկում ասվում է հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին։ Սյունիքի այս մեկօրյա պատերազմը հարված էր այդ համաձայնագրին եւ, ի վերջո, կարող էր իսպառ կործանել այն։
Բացի այդ, վերջին շրջանում ակտիվացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը։ Հայտնի է, որ դրա միջնորդությամբ Նյու Յորքում, ապա Փարիզում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները։
«Մոսկովյան ձեւաչափի» (Մոսկվա-Երեւան-Բաքու) եւ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի օրակարգերը տարբերվում են, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ն պաշտոնապես չհրաժարվեց քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Այսինքն՝ մենք գործ ունենք երկու տարբեր օրակարգերով բանակցային հարթակների հետ։ Նման իրավիճակում կողմերից մեկը կարող էր իր օգտին խաղալ՝ «մոսկովյան ֆորմատի» հիմքը փոխելու կամ խարխլելու համար, ինչն էլ տեղի ունեցավ։ Ավելին, այս իրադարձություններին նախորդել էին Մոսկվայում Ալիեւի եւ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին խոսակցությունները, որտեղ նրանք պետք է համաձայնագիր ստորագրեին սահմանի սահմանազատման եւ սահմանագծման մասին։ Սա անորոշ պատմություն է, քանի որ համաշխարհային պրակտիկան հուշում է, որ նման պայմանագրերը կնքվում են խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։ Սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նման պայմանագիր չկա, եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հիման վրա սահմագծման հարցը դժվար է կարգավորել։ Այսպիսով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկու կողմերն էլ, տարբեր պատճառներով, կարող են շահագրգռված լինել այս հակամարտության հրահրմամբ:
Իրավիճակը բարդ է, վիճակը շարունակում է լարված մնալ: Այստեղ արտաքին ուժի գործոնն ակնհայտ է, բայց դեռ դժվար է այն սահմանել։
Բաքվի ու Երեւանի պահվածքից պարզ է դառնում, որ կողմերը շահագրգռված չեն լայնածավալ հակամարտությամբ, նրանք դեպի խաղաղ համաձայնագիր են գնում, իսկ մոտեցումները դրան տարբել են։ Պարզ չէ, թե ինչ ձեւաչափով է ընթանալու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը` «մոսկովյան ձեւաչափով», թե՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով։ Փաշինյանը, ըստ ամենայնի, երկրորդ ֆորմատի կողմնակիցն է: Ինչ վերաբերում է Բաքվին, ապա այն վերջերս քննադատում էր ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ համարելով, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է աշխատել այլ օրակարգով, իսկ հետո, անհասկանալի պատճառով, ԱԳ նախարարին հայ գործընկերոջ հետ հանդիպման ուղարկեց։ Այսինքն՝ Ադրբեջանն ընդունել է այդ ձեւաչափը, բայց` ի՞նչ պայմաններով։
Ինչ վերաբերում է 3+3 ձեւաչափին, ապա այս փուլում դա ապարդյուն նախաձեռնություն է»,- ընդգծեց Տարասովը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի դեմ, ինչը լոկալ մարտերի հանգեցրեց` հրետանու, զրահատեխնիկայի եւ հրետանային զինատեսակների կիրառմամբ եւ երկու կողմից զոհերով: Մարտական գործողությունները դադարեցվեցին Ռուսաստանի միջնորդությամբ։
news.am/arm/news/673443.html