ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ – ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ – Անահիտ Աստոյան

Culture - Karnoy, Daronk or Darun fortress fortress, old and famous fortress, Kogvit province of Ararat, that 15 centuries, It has been known as Payazet

«ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ. ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» – Անահիտ Աստոյան

30 ՆՈՅԵՄԲԵՐ 2021 – karineavetisyan.am:

Դարի կողոպուտը» հեղինակ՝ Անահիտ Աստոյան

Դարեր շարունակ Հայորդիք պայքարել են իրենց անկախության, պետականության վերականգնման, օսմանյան ու ռուսական կայսրությունների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, Հայկական Լեռնաշխարհում, Հայոց Բնօրրանում Հայ ազգի համախմբմամբ հզոր Հայրենիքի վերակերտման համար:

Ու դեռևս 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո, «Արևելյան հարցի» բաղկացուցիչ մասն էր «Հայկական հարցը», որից ձերբազատվելու նպատակով տարբեր միջոցներ էին կիրառվում օսմանյան կայսրությունում՝ պարբերաբար թուլացնելով, քայքայելով Հայերին նյութապես ու տնտեսապես, ենթարկելով ջարդերի ու կոտորածների…

Սակայն, չնայած կրկնվող բռնություններին, կողոպուտներին, Հայոց հողերի և ունեցվածքի բռնագրավմանը, Հայերն առաջնակարգ տեղ ունեին օսմանյան կայսրության տնտեսության մեջ:

Մինչև 20-րդ դարի սկիզբը Հայերի տնտեսական հզոր գործունեության մասին տեղեկություններ են պահպանվել ժամանակի բազմաթիվ հայկական, նաև՝ օտար աղբյուրներում:

1917 թվականի հունիսի 12-ին՝ Հայոց ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբար Փաշայի կողմից Ֆրանսիայի արտգործնախարարությանը ներկայացրած «հուշագրում» նշվում էր, որ Հայերի ձեռքում էր կենտրոնացած ներմուծվող ապրանքների առևտրի 60%-ը, արտահանվող ապրանքների առևտրի 40%-ը և ներքին առևտրի ավելի քան 80%-ը:

Հայկական վեց վիլայեթներում (Կարին, Վան, Բաղեշ, Տիգրանակերտ, Խարբերդ, Սեբաստիա) Հայերի ձեռքում էր առևտրի, արդյունաբերության ճյուղերի ու զանազան արհեստների 69-86% -ը:

Հայկական բոլոր դպրոցները համայնքների կատարյալ հոգածության ներքո էին ու երկրի դպրոցների ընդհանուր թվի ավելի քան 80%-ն էին կազմում:

1920 թվականին հոկտեմբերի 16-ին Նյու-Յորքում լույս տեսնող «Կոչնակ Հայաստանի» թերթի մի հոդվածում («Կացութիւնը Պրուսայի մէջ»), նշվում է, որ մինչև 1915 թվականը Բուրսայում ու շրջակայքում գոյություն ունեցող՝ մետաքսի 50 արտադրությունից 40-ը Հայերին էին պատկանում:

Հայ և օտար աղբյուրներից հայտնի է նաև, որ Կարինի՝ ավելի քան 3000 խանութների 2/3-ը Հայերինն էր, կամ՝ որ «Ամենահարուստ վաճառականները Փոքր Ասիայի ներքին քաղաքներում Հայեր են» (համաձայն Մ. Վրոչենկոյի, 1835 թվական)…

Օսմանյան կայսրությունում 1915-ի ցեղասպանության հետևանքով Հայերի կրած նյութական կորուստների մասին հազվագյուտ ուսումնասիրություններից է Անահիտ Աստոյանի՝ «Դարի կողոպուտը. Հայերի ունեզրկումը օսմանյան կայսրությունում, 1914-1923 թթ.» ուշագրավ ու բացառիկ կարևորության աշխատությունը՝ հրատարակված Երևանում՝ 2013 թվականին:

Գրքում մեկտեղված պատմական անժխտելի փաստերով, արխիվային վավերագրերով, հայկական, թուրքական ու օտար աղբյուրների վկայություններով, մամուլի հրապարակումներով հերթական անգամ հաստատվում են Հայկական ունեցվածքի ծրագրված կողոպուտն ու յուրացումը թուրքական իշխանությունների և այլոց կողմից:

Ահավասիկ որոշ հատվածներ՝ հիշյալ գրքից.

«Օսմանյան կայսրությունում ապրող քրիստոնյա հպատակներից իրենց թվաքանակով, դիմացկունությամբ և ունակություններով աչքի էին ընկնում և առաջնակարգ դիրք էին գրավում Հայերը:

Նրանց ձեռքում է կենտրոնացած երկրի տնտեսության կարևոր ասպարեզները՝ արհեստները, առևտուրն ու արդյունաբերությունը: Նրանք են օսմանյան կայսրության գլխավոր հարկատուները:

Դրանով հանդերձ, Հայերն օսմանյան իշխանությունների և մահմեդական բնակչության զոհն են:

Հալածանքներով և սպանդով օսմանյան իշխանություններին հաջողվում է ջլատել Հայ ժողովրդի ուժերը, իսկ մահմեդական բնակչությունը, օգտվելով ստեղծված իրավիճակից, շարունակաբար սրով ու հրով ոչնչացնում է Հայերին և թալանում նրանց ունեցվածքը» (մեջբերումը՝ իտալացի պատմաբան ու գրող Գուգլիելմո Ֆերրերոյի՝ «Միլիտարիզմ» գրքից):

«Անգլիացի դիվանագետ Պիրսը համիդյան կոտորածների դրդապատճառներից ամենակարևորը համարում էր այն հանգամանքը, որ Հայերը կարողացել են իրենց ձեռքում կենտրոնացնել երկրի տնտեսական կարևոր լծակները և տնտեսության զարգացման գործում հանդես են եկել առաջամարտիկների դերում»:

Որոշ լուսանկարներ՝ նշված գրքից

«Թուրքիայում իտալահպատակների պաշտպանության հանձնակատար Տալյանին Իտալիայի արտաքին գործերի նախարար Սոննինոյին Կոստանդնուպոլսից 1915 թվականի հոկտեմբերի 31-ի հեռագրում հայտնում էր.

«Տեղահանված Հայերի ունեցվածքը հանձնվում է դատարկված պետական գանձարանին, բայց, առավել հաճախ, դրանք լրացնում են թուրք պաշտոնյաների մասնավոր ունեցվածքը»:

Յոհաննես Լեփսիուսը հայտնում էր հետևյալ ամփոփիչ տեսակետը.

«Այսպիսի մեծ չափերի հասնող ավազակությունը, որն իր նմանը չունի պատմության մեջ, կարելի է պատկերացնել միայն թուրքական իրավակարգում»:

Մեկ այլ գրքում Յոհաննես Լեփսիուսը արձանագրում է.
«Աքսորյալները պարտավոր էին իրենց ամբողջ ունեցվածքը, տները, հողամասը, ընտանի կենդանիները, տնային և գյուղատնտեսական գործիքները թողնել տեղում: Տեղահանումը միաժամանակ Հայ ժողովրդի ունեցվածքի բռնագրավումն էր»:

Ավելին, ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն գրում է.

«Տարագրումի ճշմարիտ նպատակն էր գողությունը և քանդումը, անիկա իրապէս բնաջնջումի նոր մեթոտ մըն էր: Երբ օսմանեան իշխանութիւնք հրաման տուին այս տարագրութեանց, անոնք պարզապէս վճիռը արձակած եղան ամբողջ ցեղի մը մահուան. այդ իշխանութիւնները շատ աղէկ կը հասկնային այս բանը, եւ մեր խոսակցութիւններուն մէջ չէին ջանար ծածկել զայն»:

«Ֆրիտյոֆ Նանսենը Հայերի կրած նյութական կորուստների մասին իր «Խաբված ժողովուրդ» գրքում գրում էր.

«Թուրքական իշխանությունները ոչ միայն տեղահանեցին և կոտորեցին հուսահատ մարդկանց հոծ բազմություններ, այլև սեփականացրին նրանց ողջ ունեցվածքը, որի արժեքը հասնում է միլիարդների»:

Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին թուրքական կառավարության կողմից իրականացված Հայոց մեծ եղեռնի հետևանքով Հայերի կրած նյութական կորուստը կազմում է այնպիսի աստղաբաշխական թիվ, որը մարդկային ուղեղը, թերևս, ի զորու չէ հաշվարկել:

Հաշվարկը դժվարանում է նաև այն պատճառով, որ ճշգրիտ հայտնի չէ արևմտահայության ունեցվածքի չափը:

Ահա Կարնո Հայության ունեցվածքի կողոպուտի մասին մի վկայություն.

«Գաղթականութեան շրջանին միայն յայտնուեցաւ Կարնոյ Հայութեան նիւթական հարստութեան չափը, զարմանք պատճառելով բոլորին: Հարստութեան մը, որուն մէկ փոքր մասը եթէ գործածուէր ինքնապաշտպանութեան գործին, կըրնար հրաշքներ գործել եւ փոխել Բարձր Հայքի եւ շրջակայ գաւառներու Հայութեան ճակատագիրը: Բռնագաղթը միայն դուրս թափեց պահուած եւ յաճախ ուրացուած այդ հարստութիւնները:

Տասնեակ հազարաւոր հակեր լեցուեցան Ս. Աստուածածին եկեղեցին, Ամերիկեան հաստատութիւնները ու բարեկամ ու հաւատարիմ կարծուած թուրքերու տուները, վաճառատուները, հազարաւոր եզի սայլեր եւ գրաստներ քաղաքէն դուրս բերին Կարնեցի Հայերու տան անհրաժեշտ պիտոյքները միայն եւ թանկագին կտորները, ինչպէս նաեւ հնչուն հարստութեան մէկ մասը:

Անհաւատալի չափերով ոսկի դուրս եյաւ, թէ՛ որպէս «չէք» եւ թէ՛ որպէս դրամ, պահուած ընտանիքներու բոլոր անդամներուն վրայ կամ իրեղէններուն խորքը:

Այս իրեղէնները եւ ոսկիները Կարինէն՝ Բաբերդ, Երզնկա, Քէմախ, Ակն, Արաբկիր, Մալաթիա, Ատիեաման, Ուրֆա, Սուրուճ, եւ իր շրջակայ գիւղերը, մինչեւ Հալէպ կողոպտուեցան, ծախսուեցան, ու տրուեցին թուրքին ու քիւրդին՝ որպէս կաշառ ու փրկագին:

Այս բոլորին որպէս արդիւնք հարիւրաւոր ընտանիքներու կիներն ու աղջիկները, ինչպէս նաև մաս մը այր մարդիկ եւ պատանիներ ազատուեցան ու հասան Ուրֆա, Սուրուճ, Հալէպ եւ Մուսուլ. կրցան ճողոպրիլ մահէն, ու հասան 1918 թուի զինադադարին, որպէս ականատես վկաներ այն անմարդկային ու զազիր ոճիրներուն եւ ցեղասպանութեան, որ կատարեց թուրք կառավարութիւնը պաշտօնապէս ու վայրագութեամբ, ոճրապարտ ոստիկան զինուորներու արիւնարբու թուրք ու քիւրտ չեթեներու եւ խուժանի միջոցով»:

«Հայերի հարստությանը տիրացան ոչ միայն թուրքական կառավարությունը, երկրի թուրք, քուրդ, չերքեզ բնակչությունը, այլև՝ օտարները:

Այդ մասին վկայություններ են պահպանվել Մուդրուսի զինադադարից հետո Հայ մամուլում եղած հրապարակումներում»…

Արդի քաղաքական վճռորոշ իրադարձությունների փուլում Հայերի ցեղասպանության ճանաչումն ու նրա պատճառած վնասի հնարավորինս փոխհատուցումը՝ զոհերի ժառանգներին, ողջ Հայ ազգին, Հայոց Հայրենիքի զգալի մասի վերադարձը՝ օսմանյան կայսրության իրավաժառանգորդ Թուրքիայի Հանրապետության դեմ դատական հայցի պատրաստումն է թելադրում:

karineavetisyan.am/archives/3438?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail