Նախիջևանը հայաթափուեց այդ նոյն «խաղաղութեան» շրջանակներում – Քաղաքագէտ

Azerbaijan Destroys More Armenian Monuments Than the Terrorists Do in the Middle East – US Ex-Senator

Նախիջևանը հայաթափուեց այդ նոյն «խաղաղութեան» շրջանակներում – Քաղաքագէտ

01 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021 – Հարցազրոյց:

Հայաստանում կատարուող վերջին իրադարձութիւնների, Սոչիում կայացած հանդիպման ժամանակ չքննարկուած հարցերի և հնարաւոր «խաղաղութեան դարաշրջանի» բացման մասին Yerkir.am-ը զրուցել է քաղաքագէտ Թևան Պօղոսեանի հետ։

-Պարո՛ն Պօղոսեան, ներկայիս իշխանութիւններն Արցախի մեծ մասի կորստից յետոյ փորձում են ամէն կերպ հասարակութեանը նախապատրաստել, այսպէս կոչուած, խաղաղութեան պայմանագրի կնքմանը։ Հետաքրքիր է՝ արդեօ՞ք Ադրբեջանի հետ «խաղաղութեան դարաշրջան» բացող իշխանութիւնները հարց տուել են՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է այդ խաղաղութիւնը:

-Իհարկէ, չեն տուել, եթէ տային, ապա չէր առաջանայ այնպիսի հարց, թէ՝ ցանկանում ենք Ադրբեջանին հարցնել` իրենց նպատակը ո՞րն է. ուզում են ցեղասպանե՞լ հայերին, թէ՞ ոչ։ Այս մօտեցումը միայն կարելի է ցինիզմով մեկնաբանել։ Ձեր թշնամին երբևէ հետ կը կանգնի՞ իր նպատակներից։ Նպատակների մասին եզրակացութիւնը կազմում ենք ոչ թէ խօսքի, այլ գործողութիւնների վրայ։

Ուղղակի պէտք է գիտակցենք՝ Ադրբեջանում փոփոխութիւններ չեն եղել, Թուրքիայում էլ`վերջին 5 տարիներին, այդ ո՞նց է ստացւում, որ 2018-19 թուականների «կոնստրուկտիւ» ղեկավարը զէնքով սկսեց կրակել։ Դա չի սկսուել սեպտեմբերի 27-ին, չգիտես՝ ինչու, բոլորս մոռանում ենք, որ ընդամէնը դրանից երկու ամիս առաջ տաւուշեան դէպքերն էին։ Բայց այդ ժամանակ մենք ունէինք յաղթանակած բանակ․ փաստօրէն, նախկինների կողմից բանակը չէր թալանուել, իսկ յետոյ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ մինչև 27-ը, թալանուեց ամէն ինչ, և ունեցանք պարտութիւններ։

Գիտէք`մեզ թւում է, որ մենք ենք ինչ-որ ձևով ներազդելու Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականութեան վրայ։ Այդ քաղաքականութիւնը նոր չի ձևաւորուել. 1000 տարի առաջ, երբ թուրքերը ներխուժեցին տարածաշրջան, այդ ժամանակից սկսած, Հայաստանը փոքրանում և փոքրանում է։ Թուրքիան և Ադրբեջանը առաջնորդուելու են իրենց սեփական մօտեցումներով։ Միակ լեզուն, որը թշնամին գիտի, ուժի լեզուն է։ Մենք այդ ուժը կարողացանք միասնական ցուցադրել 1994 թ., երբ Ադրբեջանը գնաց և Արցախի հետ նստեց բանակցութիւնների սեղանի շուրջը`ստորագրելով զինադադար։

-Վերջին շրջանում Էրդողանը մեծ պլաններ ունի այս տարածաշրջանի և, յատկապէս, Հայաստանի հետ կապուած։ Մտավախութիւն չկայ՞, որ սիրիական սցենարը չի կրկնուի այստեղ, և թուրքական զօրքերը չեն ներխուժի Սիւնիք։

-Էրդողանի պլանը մէկն է`Հայաստանի չլինելը։ Հասկանալի է, որ Զանգեզուրի միջանցքը նրանց միշտ է հետաքրքրել, ու հիմա ենք դիտարկում Մոնթէի խօսքերը՝ եթէ չլինի Արցախը, մենք կը շրջենք հայոց պետականութեան վերջին էջը: Հասկանալի է, որ եթէ Արցախը վերցրին, յաջորդը Սիւնիքն է, իսկ դրանից յետոյ Հայաստան լինել չի կարող։ Երեկ էլ տեսանք, որ Էրդողանը դարձեալ կրկնեց՝ «Զանգեզուրի միջանցքը» իրենց նպատակն է, և իրենք դա անպայման, ինչ գնով էլ լինի, պէտք է վերցնեն։

Այնպէս որ՝ նրանք իրենց ծրագրերը իրագործելու համար քայլերի են դիմում։ Եթէ Հայաստանը ուժեղ լինի, ծրագրերը կը խափանի, իսկ եթէ՝ ոչ, ապա ո՛չ պանթուրքիզմի, ո՛չ Թուրքիայի հայատյացութեան, ցեղասպանութեան քաղաքականութեան շարունակութեանը չենք կարող դիմագրաւել։ Թուրքիան կամ Ադրբեջանը ցանկացած դէպքում, երբ հասկանան, որ կարող են մինչև վերջ լուծել այդ խնդիրը, գնալու են այդ խնդրի հետևից։

-Փաստօրէն, եռակողմ հանդիպումից պարզ դարձաւ, որ կողմերը դէ ֆակտօ հաստատում են՝ Արցախի կարգավիճակի հարցը փակուած է, քանի որ ոչ մի խօսք չկար Արցախի մասին, թէ ինչպիսի՞ն է լինելու Արցախի ապագան։

-Տեսէք` ամբողջ խնդիրը մեր մէջ է՝ արդեօ՞ք Հայաստանի իշխանութիւնները կը խօսեն մեր շահերից։ Գործող իշխանութիւնները ձեռքերը լուացել են Արցախի հարցից։

Այլ պարագայում չմոռանանք, որ կայ ՀՀ օրէնք, ըստ որի՝ արգելւում է Հայաստանի որևէ պաշտօնեայի ստորագրութիւն մի փաստաթղթում, որտեղ Արցախի խնդիրը՝ ինքնորոշման իրաւունքը, ամրագրուած չլինի։ Եթէ այդպէս է եղել, այն դառնում է անօրինական, եթէ, իհարկէ, մենք իրաւական պետութիւն լինէինք, բայց, ցաւօք, շատ ենք հեռու դրանից։

-Խօսւում է սահմանազատման եւ սահմանագծման անհրաժեշտութեան մասին, բայց ի՞նչ սկզբունքով եւ տրամաբանութեամբ, ոչ մի խօսք։ Հաշուի առնելով մինչ օրս տեղի ունեցող իրադարձութիւնների ընթացքը՝ դժուար չէ գուշակել, որ իրադարձութիւնները նոյնպէս զարգանալու են ոչ ի շահ Հայաստանի:

-Ցաւօք, պարտուած իշխանութիւնները չեն կարողանալու որևէ բանակցային սեղանի շուրջը Հայաստանի շահն առաջ տանել։ Բանակցողի փոփոխութեան անհրաժեշտութիւն կայ, և դա պէտք է ցանկացածը գիտակցի, և առաջինը հենց իրենք`բանակցողները։ Այս պարագայում մենք միշտ պարտուած ենք լինելու։ Նոյնիսկ մինչ Սոչի գնալն էինք այդ մասին խօսում, որ մենք պէտք է հասկանանք՝ այո, Ադրբեջանն իր շահերի հետևից է քայլ առ քայլ գնում`ցանկանալով հայաթափել Արցախը, ճնշումներ գործադրել (դա կը լինի նաև ուժի ցուցադրութեամբ), կտրել Սիւնիքը Հայաստանից։ Որքան կը ստացուի, կը ստացուի, իսկ յետոյ կը հասնի մի կէտի, որ, այսպէս ասած, «խաղաղութեան դարաշրջանում» աւելի արագ կը կորցնենք շատ հայկական տարածքներ, քան երբ ունէինք առճակատումներ։ Օրինակ` նոյն Նախիջևանը հայաթափուեց «խաղաղութեան» շրջանակներում։

-Ներկայի իշխանութիւնների վարած քաղաքականութիւնն արդեօ՞ք սպառնալիք չէ Հայաստանի ինքնիշխանութեանը, երբ ակնյայտ երևում է, որ Էրդողանը նպատակ ունի, ի հաշիւ Հայաստանի տարածքների, միաւորել թուրքական աշխարհը։

-Բնական է, բայց հարց է, թէ հիմա պանթուրքիստական աշխարհի ո՞ր մասը կը միաւորի, ինչպիսի՞ քայլեր կը կատարի։ Այդ իմաստով Թուրքիան, ինչպէս այդ նպատակները ունեցել է նախկինում, այդպէս էլ շարունակում է։ Մենք պէտք է գիտակցենք մեր ճակատագիրը և պատրաստ լինենք այդ ճակատագրով ապրելուն՝ կա՛մ կը լինենք, կա՛մ կը ձուլուենք։ Յստակ չեմ կարող ասել`ինչ սցենարներ կը լինեն, բայց ինքներս մեզ հարց տուե՞լ ենք՝ որքա՞ն է եղել մեր ինքնիշխանութիւնը մինչև 2018 թ. և որքա՞ն է եղել 2018 թ. մինչ 2020 թ. սեպտեմբերի 27-ը, իսկ որքա՞ն է այդ իշխանութիւնը մնացել դրանից յետոյ։

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կէտը եթէ մինչև վերջ կարդում ենք, էլ այդտեղ ինքնիշխանութեան մասին խօսք անգամ չկայ։ Ինքնիշխանութիւնն այն էր, երբ ցանկացած հայ հանգիստ կարող էր գնալ Արցախ։ Մենք ինքնիշխանութեան խնդիր ենք ունեցել, երբ որոշում էինք անդամակցել տարբեր կազմակերպութիւնների։ Երբ ինքնիշխանութիւն ենք ասում, ապա պէտք է յստակ պատկերացնենք՝ ո՞րն է, որ բխում է մեր շահերից, որտե՞ղ մենք կարող ենք աւելի երկար ճանապարհ ունենալ ՀՀ-ի համար։ Հիմա, երբ ամբողջ Սիւնիքի անվտանգութիւնը ապահովում է մեր ռազմավարական դաշնակիցը, էլ ի՞նչ ինքնիշխանութեան մասին է խօսքը։ Երբ մեզ ստիպում են երթևեկել ոչ թէ այն ճանապարհներով, որ մենք ունենք, այլ այլընտրանքային (ամէն օր արագ-արագ ճանապարհ են կառուցում), ապա դա արդեօ՞ք ինքնիշխանութիւն է։ Միայն նախարար նշանակելուց ես եմ որոշում՝ դա՞ է ինքնիշխանութիւնը։

-Ինչպիսի՞ զարգացումներ էք կանխատեսում Պրիւքսէլում կայանալիք հանդիպումից յետոյ, արդեօ՞ք Փաշինեանը կը բարձրացնի Արցախի հարցի կարգաւորման և Արցախի ժողովրդի իրաւունքի իրացման հարցը։

– Պրիւքսէլում կայանալիք հանդիպումից որևէ ակնկալիք չպէտք է ունենալ։ Այս իշխանութիւններն ամէն օր իրենց վարքագծով են ապացուցում, որ իրենք փակել են Արցախի հարցը։ Մինչև Սոչիի հանդիպումը`օրեր առաջ, Փաշինեանը մամուլի ասուլիսում Արցախի հարցի կարգաւորման մասին ասում է՝ արդեօ՞ք դա մեզ պէտք է, դա մեզ ի՞նչ է տալու։

Լենա Կարապետեան

horizonweekly.ca/en/նախիջևանը-հայաթափուեց-այդ-նոյն-խաղա/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail