Բայդենի հրավեր, հայ-ամերիկյան հարաբերություններ

Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյան

Բայդենի հրավեր, հայ-ամերիկյան հարաբերություններ

01.12.2021 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Մեր զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը

Տիկին Վարդանյան, ԱՄՆ նախագահ Բայդենը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ժողովրդավարության գագաթնաժողովին, փոխարենը չի հրավիրել Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարներին: Տեսակետ է հնչում, որ ԱՄՆ-ն սրանով դեպի քաղաքակիրթ, ժողովրդավարական աշխարհ տանող միջազգային միջանցք է տրամադրում Հայաստանին՝ դուրս գալու ՌԴ-Թուրքիա-Ադրբեջան պատանդառությունից: Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի նկատմամբ այս ուշադրությունը, և ի՞նչ կարող է Հայաստանն այսուհետ ակնկալել ԱՄՆ-ից:

Բայդենի վարչակազմը տեսել է, թե ինչ փոփոխություններ են եղել Հայաստանում այս վերջին մի քանի տարվա ընթացքում, ԱՄՆ-ում տեսնում են, որ Հայաստանը շարունակում է գնալ դեպի ժողովրդավարություն և դրա համար են Հայաստանին հրավիրել: Նաև տեսնում են, որ ոչ Թուրքիայում, ոչ Ադրբեջանում, ոչ էլ Ռուսաստանում դեպի ժողովրդավարություն գնալու միտումը չկա:

Այսինքն առանձնացնում են Հայաստանին ժողովրդավարության իր միտումներով:

Հայաստանը ուրիշ երկիր է, Հայաստանը չի շարժվում ոչ Ռուսաստանի, ոչ Թուրքիայի, ոչ էլ Ադրբեջանի օրենքներով: Հայաստանի ժողովուրդը հայտարարել է, որ ինքն ընտրում է ժողովրդավարությունը և այդպես էլ շարունակում է առաջ գնալ: Այս գագաթաժողովը հնարավորություն է տալիս, որ ժողովրդավարական երկրները միասին հանդիպեն, խոսեն, ուժեղացնեն իրենց ժողովրդավարական երկրները: Սա, իհարկե, շատ լավ առիթ է Հայաստանի համար: Ինչ վերաբերում է ձեր նշած երեք երկրներին՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, որոնք ուզում են համոզել Հայաստանին, որ չմասնակցի այդ գագաթնաժողովին, դա հասկանալի է, որովհետև նախ իրենք հրավիրված չեն, երկրորդ, իրենք լավ հասկանում են, թե իրենց համար ինչ վտանգ կա, եթե աշխարհում և տարածաշրջանում ավելի շատ ժողովրդավարական երկրներ լինեն: Այդ երկրների ժողովուրդները կտեսնեն, թե ինչ կարելի է անել՝ ժողովրդավարական դառնալու համար: Ինչ վերաբերում է հետագային, ես կդժվարանամ որևէ բան ասել, որովհետև չգիտենք, թե ինչ է լինելու այդ գագաթնաժողովի ժամանակ:

Հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման առումով Հայաստանի իշխանությունների քայլերը որքանո՞վ են բավարար: Հնչում են դժգոհություններ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի նշանակման վերաբերյալ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բարելավելու ուղղությամբ քայլեր չեն արվում:

Այս աշխարհում ոչ մի երկիր չկա, որտեղ ինչ արվում է, 100 տոկոսով բավարարում է բոլորին: Իմ կարծիքով, Հայաստանում էլ միշտ տեղ կա բարելավելու, բայց միտումը դեպի լավն է գնում: Պետք է շարունակենք այդպես աշխատել, որպեսզի Հայաստանում ամեն ինչ դեպի լավը գնա տարբեր երկրների, այդ թվում ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները ամրանան և բարելավվեն: Նորից կրկնեմ, որ չի կարող լինել որևէ դեպք, երբ Հայաստանի և ԱՄՆ-ի ամբողջ ժողովուրդը գոհ կլինեն ամեն ինչից: Հայաստանի և ԱՄՆ-ի ժողովուրդներն ուզում են, որ երկկողմ հարաբերությունները բարելավվեն և պետք է այդ ուղղությամբ շարժվել:

Այդուհանդերձ, երբ Լիլիթ Մակունցը նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, նա հայտնվեց քննադատությունների թիրախում, տեսակետներ հնչեցին, որ հայ համայնքի հետ հարաբերություններ գրեթե չկան:

Տիկին դեսպանն աշխատում է, և երբ համայնքն իրեն ճանաչի, կհասկանա, որ ինքը կարող է որոշ բաների հասնել: Իսկ ինքը ավելի շատ բանի կկարողանա հասնել, եթե համայնքը ընդունի, որ նա Հայաստանն է ներկայացնում: Պարզապես դա պետք է հարգել: Թող անձամբ դեսպանին հավանեն կամ չհավանեն, բայց պետք է հարգեն Հայաստանի դեսպանի պաշտոնը:

Նշվում է, որ ԱՄՆ-ն ձեռք է մեկնել Հայաստանին օգնելու համար՝ փորձելով ինչ-որ չափով Ռուսաստանին հակակշռել, բայց Հայաստանը որևէ կերպ այդ մեկնած ձեռքը չի բռնում: Կիսո՞ւմ եք այս մոտեցումը:

Ես չէի ասի, թե ԱՄՆ-ն ձեռք է մեկնում Հայաստանին կամ որևէ այլ երկրի՝ ի հակառակ ուրիշ երկրի: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն ձեռք է մեկնում Հայաստանին օգնելու տարբեր խնդիրների շուրջ, որովհետև հասկանում է, որ դա նախ Հայաստանին կօգնի, երկրորդ, դա բխում է նաև ԱՄՆ-ի և տարածաշրջանի շահերից: Բայց դա չի անում ընդդեմ Ռուսաստանի կամ ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի:

www.lragir.am/2021/12/01/684951/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail