Անկախութիւնը՝ Որպէս Անսակարկ Արժէք. – Արամ Շահնազարեան
02 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021 – ՅՕԴՈՒԱԾՆԵՐ:
Անկախութիւնը որեւէ երկրի, այդ թւում՝ Հայաստանի գոյութեան, տարածաշրջանում ու աշխարհում իր պատմական առաքելութեան իրականացման առհաւատչեան է։ Այն մեր ժողովրդի դարաւոր երազանքի իրականացումն է, զարգացման հեռանկարներ ամրագրող բացարձակ ուժը եւ արժէքը։
Հայաստանի Հանրապետութեան անկախութեան երեսուն տարիները լրջագոյն փորձութիւնների, տնտեսական ու քաղաքական վայրիվերումների տարիներ են եղել։ Այդ փորձութիւններից ու վայրիվերումներից ոչ մէկը, սակայն, իրենց էութեամբ, նշանակութեամբ եւ պարունակող վտանգներով համեմատութեան եզր չունեն անգամ այն մարտահրաւէրների հետ, որոնց դէմ-յանդիման ենք կանգնած մենք այսօր:
44-օրեայ պատերազմում կրած ծանր պարտութիւնը եւ դրան հետեւած անձնատւութեան ու նահանջի անկասելի թւացող ընթացքը, որոշակիօրէն թեւաթափ ու յուսախաբ է արել հասարակութեանը: Ընդամէնը մէկ տարւայ ընթացքում, ոմանց մօտ անկախութեան մեր համազգային պատկերացումների հետ կապւած անհրաժեշտ պաթոսը կարծես, թէ մարել է: Նրանց պատկերացումներում լղոզւել եւ իմաստազրկւել են անկախութիւն եւ ինքնիշխանութիւն բառեզրերն ու դրանց հետ կապւած արժէքային համակարգը:
Թւում է, թէ նրանք մոռացել են, որ Հայրենիքի գիտակցումը ծնողապաշտութեան նման մի երեւոյթ է, իսկ Հայրենիքի անկախ լինելը՝ բացարձակ արժէք: Նրանք մոռացել են, որ անկախութիւնը երբեք մեզ հեշտ չի տրւել, այն միշտ ձեռք ենք բերել արեան գնով: Նրանք մոռացել են, որ անկախութեան պահպանումը ենթադրում է ամենօրեայ յամառ պայքար եւ նւիրաբերում: Նրանք մոռացել են, որ անկախութեան պահպանման համար, յաճախ ստիպւած ենք եղել անցնել անասելի դժւար եւ կորստաշատ ճանապարհ՝ գիտակցելով, որ մերթ ընդ մերթ ստիպւած ենք կենաց մահու կռիւ տալ:
Եւ, թերեւս, այդ է պատճառը, որ տւեալ անձնաւորութիւններն իրենց խարխափումներում, առկայ վիճակից «փրկօղակը» փորձում են ձեւակերպել վերադարձ դէպի անցեալ բանաձեւով՝ յիշելով եւ յիշեցնելով սովետի «երանելի» տարիները: Նրանց համար Հայաստանի ապագայի սահմանումը մէկն է եւ միանշանակ. Ռուսաստանի Դաշնութեան հետ միութենական տարբերակով ընդհանուր պետութիւն:
ԽՍՀՄ. Մեր բարեկամների երազանքը: Նրանք, սակայն, չեն կարողանում կամ չեն ցանկանում գիտակցել, որ ԽՍՀՄ-ի պէս կայսրութիւններն աշխարհում ուժերի յարաբերակցութեան կտրուկ փոփոխութեան պատճառով, վաղուց ի վեր /դեռեւս նախորդ դարի 90-ական թւականներից/ կորցրել են իրենց սպառման ժամկէտը:
Նրանք ճիշտ տեղում չեն փնտրում փրկարար ուժը:
Պատմութիւնը, մեզ յուշում է, որ շատ ժողովրդների եւ պետութիւնների չի յաջողւում դիմակայել կորուստների եւ ազգային աղէտների յանգեցնող պայմաններում: Դա տեղի է ունենում այն դէպքում, երբ ազգային գիտակցութեան մէջ սկսում է լիովին բացակայել, կամ ինչպէս մեր պարագայում է, փորձ է արւում լիովին ջնջել այնպիսի հասկացութիւններ, որոնք ի զօրու են ապահովել ժողովրդի եւ պետութեան կենսունակութեան իւրայատկութիւնները: Իսկ այդ հասկացութիւնների լայն դիապազոնում իւրայատուկ տեղ է վերապահւած անկախութեան եւ ինքնիշխանութեան ոլորտի ընկալումներին:
Շտապենք յստակեցնել, որ այստեղ խօսքը Ռուսաստանի հետ բարեկամական, դաշնակցային եւ ռազմավարական յարաբերութիւնների մասին չէ, որոնց համար առնւազն տեսանելի ապագայում չկայ որեւէ այլընտրանք, եւ որոնցից հրաժարւելն անմիտ արկածախնդրութեան, քաղաքական ինքնասպանութեան հաւասարազօր սխալ կը լինի: Այստեղ խօսքը գնում է իրաւունքներից ինքնակամ հրաժարւելու միտումի` ի նպաստ համաձայնեցւած թւացեալ բարօրութեան, որն իր մէջ պարունակում է նաեւ անվտանգային բաղադրիչ:
Մերօրեայ իրականութիւնը, սակայն, իր ողջ «հմայքով», իսկոյնեւեթ ցուցադրում է այսպիսի քաղաքական մտածողութեան սնանկութիւնը:
Անկախութեան երեսուն տարիների ընթացքում, Հայաստանում չի եղել որեւէ իշխանութիւն, քան գործող քաղաքական ընտրախաւը, որը հայկական պետականութեան անվտանգութեան եւ զարգացման ապահովման բոլոր յոյսերը բացառապէս կապի երրորդ ուժի կամ ուժերի հետ՝ գրեթէ բոլոր սեփական իրաւունքներն ինքնակամ զիջելով ուրիշներին: Եւ ո՞րն է արդիւքը, կարծում եմ՝ յստակ է պատասխանը:
Այս համատեքստում, տրամաբանական հարց է առաջանում. փակուղային թւացող մերօրեայ պայմաններում, որն է ելքը, փրկօղակը: Առկայ պայմաններում, մեզ, առաջին հերթին, պէտք է հետաքրքրեն այն հանգամանքները, որոնք կը նպաստեն մեզ, պայմաններին համապատասխան մեր ռազմավարական նպատակների իրականացմանը:
Տւեալ հանգամանքներն ամբողջութեամբ ամփոփւած են մեր ազգային գաղափարախօսութեան մէջ, որի գլխաւոր մարմնաւորողներից մէկը անկախութեան գաղափարն է: Խօսքը, անշուշտ, ոչ թէ ՀՀ գործող իշխանութիւնների թեթեւ ձեռքով արժեզրկւած այսօրւայ անկախութեան մասին է, այլ` իրականի:
Ուրեմն` ամէն ջանք պէտք է գործադրենք, ունենալու իրական անկախութիւն եւ տէր կանգնելու նրան՝ չմոռանալով, որ անկախութեան գաղափարի նկատմամբ քամահարական վերաբերմունքի արդիւնքները միշտ աղէտալի են եղել բոլոր ազգերի եւ պետութիւնների համար:
Վերջում, երեւի անտեղի չի լինի յիշել 1991 թւականի սեպտեմբերի 21-ի անկախութեան հանրաքւէի նախօրէին Համօ Սահեանի նկատառումը. «Էն ո՞ր ոչուփուչը վեր կը կենայ ու «Ո՛չ» կասի իր արեան շրջանառութեանը, իր աչքի լոյսին, իր արդար հացին, իր պետականութեան հիմքերին, իր թոռների ու թոռնթոռների մարդավայել կեանքին»:
Մեծ բանաստեղծը լաւագոյնս է բանաձեւել ու սահմանել մեր անելիքը:
yerakouyn.com/2021/12/02/անկախութիւնը՝-որպէս-անսակարկ-արժէք-ա/