Սեպտեմբեր 27-ը՝ «Անպատվության օր». Նու՞յնն է Դեկտեմբեր 7-ը ԱՄՆ համար – ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ
03/12/2021 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԵՐՔԻՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Սեպտեմբերի 27-ը Զոհերի հիշատակի օր հայտարարելու շուրջ «Հայաստան» դաշինքի պատգամավորների եւ Փաշինյանի կառավարության միջեւ ծավալված ինտելեկտուալ վարժանքները [e-gov, կետ 5, 1] եւ դրանց հանրային արձագանքը վկայում են երկու կրիտիկական հանգամանքի մասին
Ա. Իշխանությունն ու պառլամենտական փոքրամասնությունը ձեռք-ձերքի տված իրականացնում են թշնամական մեկ ծրագիր, որի նպատակն է հայկական պետության վերացումը եւ երկրի հայաթափումը:
Բ. Երեւանյան թշնամական քարոզչամիջոցների կողմից «մշակված» բնակչությունը գտնվում է ազգային ինքնության կորստյան շեմին:
Ի՞նչն է ստիպում նման եզրահանգման գալ: Տեղեկությունների համաձայն, 2021-ի ամռանը ՌԴ կառավարող շրջանակներում իրենց իսկ կազմակերպած ՀՀ ԱԺ ընտրությունների առիթով գրավ էին դրել Քոչարյանի օգտին 1:10 հարաբերությամբ: Փաշինյանի հաղթանակին հատուկենտ դրածները հարստացան: ՌԴ վերնախավը լավ եւ, ծավոք, թյուր կարծիքի էր մեր ազգի մասին, ենթադրելով, թե բացահայտ պոպուլիստը գոնե նոյեմբեր 9-ի ֆիասկոյից հետո կմերժվի՝ հակառակ բոլոր մնացած հանգամանքների:
Տեղեկությունները Բաքվից եւս վկայում են, որ այնտեղի պարագլխի շրջապատը կարեկցանքի աստիճան ապշած էր հայ ժողովրդի միամտությունից՝ Քոչարյանի վարկաբեկված լինելու մասին քաջատեղյակ լինելով հանդերձ: Փաշինյանի ընտրվելը Բաքվում «ալլահի շնորհ» համարեցին՝ ու՞մ էին մի կտոր հաց տվել:
Սրանք ախտանշաններ են, որ որեւէ առնչություն չունեն այսպես կոչված «պարտության» սինդրոմի հետ, այլ վկայում են շատ ավելի խորը արմատավորված հիվանդության մասին: Բաքվից մեկ այլ տեղեկությամբ, այնտեղ հետաձգում էին պատերազմական գործողությունների սկիզբը՝ ենթադրելով, որ լայնածավալ գրոհը կառաջացնի հայերի համախմբում 2016-ի օրինակով եւ հակառակ մեծաքանակ զոհերի, Հայաստանը 1-2 շաբաթից ընդունակ կլինի հակահարձակողական գործողությունների: Դրանց հետեւանքով տարածքային եւ մարդկային կորուստները կարող էին հանգեցնել պարագլխի հանդեպ ճակատագրական դժգոհություն:
Մոսկովյան պլանավորողները, սակայն, հաջողել էին թուրք հրամանատարությանը փոխանցել այն պատկերացումը, թե 2018-ին իշխանության բերված Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ընդունակ չէ ադեկվատ որորշումների: Ընդունված է, որ Բաքվի համար էական էր մայիս 9-ի տոնակատարությունը Շուշիում: Իրականությունը այլ է. 2020 թվականի սեպտեմբեր 27-ի պատերազմի օգտին վերջին փաստարկը եղավ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբեր 21-ի Հայաստան-2050 շնորհանդեսը [Փաշինյան, 2]: Բացի այդ, թուրքերը վստահեցվել էին սաբոտաժի միջոցով հայկական բանակի մարտունակությունը վճռական պահերին փլուզելու՝ գործակալական ցանցի կարողությամբ: Ըստ նախարար Շոյգույի խոստովանության [Շոյգու, 3], Արցախում Հայաստանի դեմ ռուս–թուրքական «համատեղ բարդ օպերացիա էր իրականացվել»: Ինչպես եւ ծանկացած ռազմական գործոլություն, այս մեկն էլ պարունակում էր քայքայիչ ներդրումների եւ սաբոտաժի պլան:
Նա ով կասկածում է թշնամական ցանցի հնարավորություններին, կարող է գնահատել երեւանյան ռուսանպաստ մեդիայի՝ բնակչության շրջանում ծայրահեղ հուսալքություն սերմանելու անսահմանափակ կարողությունը: Դրանցում բոլոր աշխատակիցները հայ են, ինչպես եւ Հայաստան դաշինքում [Գեւորգյան, 4] ու ՔՊ-ում: Նույնը վերաբերում է հայ փորձագիտության մեծամասնությանը: Կառավարությանը սպասարկող վերլուծական խմբերը միաբերան պնդում էին՝ պատերազմ չի լինի: Հիմա նրանք, նույնպես միաբերան, պնդում են՝ հայերը դիմադրելու ռեսուրս չունեն: Թե մեկը, թե մյուսը բացարձակ սուտ է, որի նպատակը ակնհայտ է:
Հիշատակի, թե Անպատվության օր. Day of Infamy
Բնականաբար, քաղաքական դասի եւ բնակչության նման վիճակը, ելնելով թշնամու նպատակներից, պետք է «ֆիքսվեր», այսինքն տեւական գործոնի կերպ ընդուներ: Որն է կործանումը ամրագրելու լավագույն եղանակը: Այո, հուշը, հիշողությունը, ողբալու եւ տրտնջալու ազգային սովորությունը՝ վերջապես: Ընդ որում այդ հուշին պետք է տրվի անդառնալի կորուստի, անուղղելի դիպվածի հստակ երանգ:
Մարդկային կորուստները ինչպես եւ ամեն պատերազմում, այո, անդառնալի են: Բայց ճիշտ է արդյոք նունը հայրենիքի, հողի, ազգային ոգու, սերունդների ապագայի վերաբերյալ: Անշուշտ ճիշտ չէ: Բայց պիտի «ճշտվի» եւ դրա անփոխարինելի միջոցն է ազգային խայտառակությունը, որ իրենից ներկայացնում է Սեպտեմբեր 27-ը, վերածել Զոհերի հիշատակի օրվա: Օրվա մետաֆորիկ կամ քաղաքական ձեւակերպումը էական չէ՝ կարեւոր է, որ դա անպատվության օր չէ այլ «հիշատակի»՝ անձեռնմխելի օր է: Կանցնեն տարիներ եւ մի օր Մեծ Եղեռնի պես այդ օրվա 100-ամյակը եւս կնշվի պաթետիկ շուքով, Հադրութ-Շուշիի կարոտախտով եւ անխուսափելի «դատի» երթումներով: Ահա թշնամու ծրագիրը, որին լծվել է իշխանոթունն ու «ընդդիմությունը»:
Սեպտեմբերի 27-ը եզակի երեւույթ չէ եւ պատահել է ժամանակակից հայերից շատ ավելի հզոր ազգերի հետ՝ ամերիկացիների եւ ֆրանսիացիների, օրինակ: 1941-ի դեկտեմբեր 7-ին Ճապոնիան մեկ ժամում ոչնչացրեց Հավայի կղզիների Պըրլ Հարբըր հանգրվանում կայանող ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմը: Ավելի վաղ, հունիսի 14-ին, հիտլերյան բանակը հանդիսավոր մտավ Փարիզ: Այդ որերը «Զոհերի հիշատակի օրեր» չեն:
Ավելին՝ դեկտեմբեր 7-ը նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը փոքր ինչ տատանվելուց հետո երկիմաստ կերպով հայտարարեց «Անպատվության օր», բառացի նկատի ունենալով ճապոնացիների ուխտադրուժ վարմունկը: Շատերը, սակայն, ընկալում են այն հենց ազգային անպատվության իմաստով՝ 8 գծանավերի, 3 հածանավի եւ 4000 ծովայինների կորստյան առիթով [Rosenberg, 5]: Այն դեպկում, երբ ճիշտ հետախուզման եւ քաղաքական կանխորոշման դեպքում, ԱՄՆ կարող էր լիովին կասեցնել գրոհը: Ռուզվելտը բաց թողեց infamy բառի վերծանման հարցը եւ համախմբեց ազգին՝ ճապոնական բանակը մեկընդմիշտ շարքից հանելու եւ այդ երկիրը օկուպացնելու նպատակով: Եթե անգամ ազգային անպատվություն էր, այն սրբվեց եւ թաղվեց ատոմային փոշու հաստ շերտի տակ:
Արցախում մշտական կայանման վայրում խոցված C-300 ՀՕՊ համակարգի պատկերը | համացանց
Հայկական պարագային «սեպտեմբեր 27» օրվա խորհրդի վերծանման կարիք չկա, քանի որ ի տարբերություն ճապոնական հարձակման, Բաքվի հարձակումը ոչ անսպասելի էր, ոչ էլ ուխտադրուժ: Այդ օրը ազգային անպատվության օր է. կես ժամվա ընթացքում մարդկային հսկայական կորուստներ, ՀՕՊ ճակատային էշելոնների ոչնչացում մշտական կայանման կետերում, հրետանու 60 տոկոսի ոչնչացում շաբաթներով անփոփոխ դիրքերում, պաշտպանական ամրացված շրջանների թեւանցումներ՝ իրենց ճակատագրական հետեւանքներով:
Սա հայ վերնախավի Անպատվության օրն է, որ չպիտի վերածվի «հիշատակի օրվա»՝ գալիք 100-ամյակին ընդառաջ: Քաղաքական եւ ռազմական բարձր ղեկավարության խայտառակ ձախողման եւ սպայական ու շարքայի կազմի անօրինակ անձնազոհության, բնակչության տոկունության օրինակ է այդ օրը: Հենց վերջինների սխրանքը պիտի ստիպի շտկել դրությունը եւ բացառել հարեւանների նկրտումները ապագայում:
Կամ դա արվելու է, կամ Հայաստան չի լինելու քաղաքական եւ նույնիսկ պատմական քարտեզների վրա: Հայը 2 սերնդից վերածվելու է անհայրենիք, թափառական ցեղախմբի, այնուհետեւ՝ վերանալու իբրեւ ինքնություն: Նույնիսկ հայկական ռեստորան բանալը աշխարհի որեւե անկյունում անիմաստ է լինելու, քանի որ «հայ» հասկացությունը անմեկնելի է դառնալու: Գուցե այս հանգամանքը ոմանց համար փաստարկ հանդիսանա:
Եթե /Բ/ եզրահանգումը կարելի է բացատրել ժողովրդի բնածին միամտությամբ եւ թշնամական իրազեկային ազդեցության ուժգնությամբ, ապա /Ա/ պնդումը արդարանալու հնարավորություն չի ենթադրում. վերնախավը միամիտ լինել չի կարող ըստ սահմանման:
Կարդալ նաեւ՝ Երեքի թատրոնը. Ինչ է «սահմանազատումը» իրականում
Ինչպէս նաեւ՝ Չճանաչել Նախիջեւանի եւ Արցախի օտարումը. Չլինել «իդեալական զոհ»
ezerk.am/?p=21396