Մեծ Բրիտանիայի քայլը ցավոտ կընդունեն Թուրքիայում ու Ադրբեջանում․ աշխարհը անուղղակիորեն աջակցում է Հայաստանին

Մեծ Բրիտանիայի քայլը ցավոտ կընդունեն Թուրքիայում ու Ադրբեջանում․ աշխարհը անուղղակիորեն աջակցում է Հայաստանին

04 Դեկտեմբեր, 2021 – Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեկտեմբերի 10-ին երկրորդ ընթերցմամբ կքննարկի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը, հայտնում են Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբից։

«Սա այն փուլն է, երբ պատգամավորները կարող են քննարկել օրինագծի սկզբունքները: Բանավեճը տեղի կունենա, թե ոչ, կախված է այս օրվա խորհրդարանական օրակարգից»,-հայտնում են հանձնախմբից:

Օրինագիծը ներկայացրել է պատգամավոր Ջոն Սփելարը (Լեյբորիստ – Ուորլի) 2021 թվականի հուլիսին:Բրիտանացի 26 պատգամավոր ստորագրել է օրինագիծը, որը կոչ է անում Մեծ Բրիտանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է ՄԹ Հայ դատի հանձնախումբը։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ԱՄՆ-ի, նաև Ավստրալիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո, Մեծ Բրիտանիայի այս քայլն ի՞նչ նշանակություն կունենա․«Նախևառաջ նշեմ, որ ճիշտ է հարցը դիտարկել հենց այդ կոնտեքստում։ Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, իսկ Կանադան՝ մինչև այդ։ Այսինքն՝ անգլո-սաքսոնական աշխարհն ընդունում է Հայոց Ցեղասպանությունը։Պարզ է, որ դա սկսվեց Միացյալ Նահանգների նախագահի կողմից Ցեղասպանության ընդունումով։ Պարզ է, որ այդ երկրների համար շատ կարևոր է Միացյալ Նահանգների դիրքորոշումը։ Մենք բոլորս գիտենք, որ Մեծ Բրիտանիան մշտապես Ցեղասպանություն հարցից խուսափել է, բայց քանի որ անգլո-սաքսոնական աշխարհի լիդերն ընդունեց՝ բոլորը կընդունեն։ Ուրեմն մենք հարցը պետք է դիտարկենք հենց այդ գծով»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ պարզ է նաև, որ այս քայլերին նպաստել է Թուրքիայի լկտի քաղաքականությունը․«Բավականին կոշտ քաղաքականություն է վարում այդ երկիրը ու դա է պատճառը, որ տարբեր երկրներ պատրաստ են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ Աշխարհում կա արդարություն, արդարության ձգտում ու դեմոկրատական աշխարհը համարում է, որ հայոց ցեղասպանությունն ի վերջո պետք է ճանաչեր Ցեղասպանությունը»։

Դիտարկմանը, թե Հայաստանում կա տարածված կարիք, որ Մեծ Բրիտանիան մեզ թշնամի երկիր է, պրոադրբեջանական մոտեցում ունի և հարցին՝ արդյոք այս որոշումից հետո այդ կարծրատիպը կկոտրվի, մեր զրուցակիցը պատասխանեց․«Մեզ մոտ շատ ուժեղ աշխատում է ռուսական գիծը, ռուսական պրոպագանդան։ 100 տարի առաջ Հայաստանի տարածքը 60․000 քառակուսի կմ էր, երբ բրիտանական մանդատն էր Հայաստանի վրա։ Բոլշևիկներն ու երիտթուրքերը ստիպեցին, որ բրիտանացին դուրս գա ու հիմա Հայաստանի տարածքը 30․000 է։ Միտքս այն է, որ նման պրոպագանդան հատուկ տարածվում է Ռուսաստանի, Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից, թե իբր Բիտանիան մեզ թշնամի է։ Ու նման կարծրատիպերը շատ խորը արմատացած են մեզանում։ Ասեմ ավելին՝ վերջին պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիան այն երկրներից էր, որն իրեն ճիշտ պահեց։ Իրենք դատապարտեցին տեղի ունեցածը, բայց չգիտես ինչու տարածվում էին լուրեր իբրև թե ՄԱԿ ԱԽ-ում Բրիտանիան դեմ էր, որ հարցը մտնի օրակարգ։ Հետո պարզվեց, որ այդ երկիրը Բրիտանիան չէ։ Ուրեմն այո՛, Մեծ Բրիտանիան բարդ քաղաքականություն է վարում, մեծ երկիր է, առանձին դեպքերում նավթային շահեր են առաջ գալիս, բայց երբեք Բրիտանիան հայ ժողովրդի համար թշնամի երկիր չի եղել, միշտ էլ բրիտանացիները մեր հանդեպ լավ են եղել։ Այդ կարծրատիպերն էլ այն քաղաքականության արդյունքն են, որ ժամանակին վարել են բոլշիևիկները, հիմա էլ Կրեմլի պրոպագանդան»։

Ստեփան Գրիգորյանի խոսքերով՝ Մեծ Բրիտանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը շատ ցավոտ կընկալվի Թուրքիայի կողմից․«Քանի որ Մեծ Բրիտանիան խոշոր ու բարդ խաղացող է, Թուրքիայում ու ադրբեջանում այդ փաստը բավականին ցավոտ կընկալեն»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը չի գտնում, թե այս որոշումները մեր դիվանագիտության աշխատանքի արդյունք են․«Ես մեր դիվանագիտության աշխատանքը չեմ տեսնում։ Մասսամբ սա սփյուռքահայության աշխատանք է։ Մենք Ավստրալիայում շատ ուժեղ սփյուռք ունենք։ Բայց գլխավոր գործոնն այն է, որ զարգացումները գնում են այն ուղղությամբ, որ պետք է հայերին աջակցել, հայոց պետականությունը պահպանել հենց այսպիսի քայլերով։ Իրենք հասկանում են, թե Հայաստանն այժմ ինչ ծանր վիճակում է ու նմանատիպ քայլերով աջակցում են մեզ թեկուզ և անուղղակի կերպով»։

1in.am/3038706.html?fbclid

Facebooktwitterredditpinterestlinkedinmail