ՌԴ ԱԳՆ մեղայականը․ չհամաձայնվեցիք, պատերազմով լուծեցինք Ղարաբաղի հարցը
04.12.2021 | Մեկնաբանություն | Lragir.am,
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ եւ Երեւանում ռուս լրագրողների հանդիպման ժամանակ Լավրովի պլանի եւ Ղարաբաղը հանձնելու վերաբերյալ հիշատակումներին։ ՌԴ ԱԳՆ երկարաշունչ պարզաբանումից մեջբերումների կարիք չկա՝ ՌԴ ավանդական փաստարկներն են Լավրովի պլան գոյություն չունենալու, միջնորդների՝ կարգավորման տարբեր առաջարկների մասին, այդ թվում՝ կարգավիճակի կետով, եւ այլն։ ՌԴ ԱԳՆ պարզաբանման ներքին տրամաբանությունն այն է, որ կողմերը, եւ մասնավորապես հայկական կողմը մերժել են այդ առաջարկները, ինչն էլ հանգեցրել է պատերազմի։ Առավել ուշադիր տեքստի ներքին տրամաբանությանը հետեւելով, գրեթե բաց տեքստով ասվում է՝ մենք լուծեցինք պատերազմով։
Նոր չէ իհարկե, որ այս մասին ասվում է․ ՌԴ առաջին դեմքերի հայտարարությունները, ՌԴ պետական քարոզչության եւ դրա հայաստանյան հատվածի բովանդակությունն ուղիղ եւ անուղղակի բազմաթիվ վկայություններ են թողել։ Ներկայում Հայաստանի դեմ սաստկացող արշավը հասել է հանգուցային կետի, եւ ՌԴ ԱԳՆ պարզաբանման մեջ երկու՝ Լավրովի պլանի եւ Հայաստանի/Ղարաբաղի հանձնման հիշատակումների առանձնացումը, մատնում է նյարդայնության պատճառը։ Չէ որ ՌԴ նախագահ Պուտինն է շտապել «ավետել», որ Ղարաբաղի հարցը լուծված է, եւ կարգավիճակի հարց չկա։
ՌԴ ներկայությունը շրջանում պահպանելու եւ զորք մտցնելու միակ տարբերակը Արցախում Հայաստանի դեմ պատերազմն էր։ Ընդ որում, հայերի հաղթանակի դեպքում դա անհնար կլիներ։
Սոչիում նախագահ Պուտինը բաց սպառնալիքներ տեղաց Հայաստանին։ Սոչիին հետեւած իրադարձությունները՝ «սահմանազատման» հանձնաժողովի շուրջ անհամաձայնությունը, ՀՀ իշխանությունների՝ Սոչիի հայտարարության դրույթների վերաբերյալ նենգափոխումները, «ադրբեջանական զորքի հետքաշման» եւ գերիների վերադարձի մասին կեղծ տեղեկությունները, Արցախում հայ խաղաղ բնակչի առեւանգումն ու սպանությունը, ԵԱՀԿ Նախարարների կոմիտեի նիստում Լավրովի ելույթը, Բաքվի ԱԳՆ հրաժարումը Մինսկի խմբի շրջանակում հանդիպումից, Մոսկվա-Բաքու լիակատար համակարգումն ու հայաստանյան մեդիայի ռուսանպաստ հատվածի մատնագրերը լրացնում են պատկերը եւ բացատրում ՌԴ ԱԳՆ «մեղայականը»։
Ռուսաստանի մեդիա-փորձագիտական ներկայանալի շատ շրջանակներում վերջին շրջանում հաճախացել են Կրեմլի կողմից Հայաստանը հանձնելու, Թուրքիայի առջեւ «կռանալու» վերաբերյալ մեկնաբանությունները։ ՌԴ ԱԳՆ-ն իր պարզաբանումներով նաեւ ռուսական հասարակության այս մասին ՌԴ ապագա գործողություններին «նախապատրաստելու» նպատակ ունի։
www.lragir.am/2021/12/04/685740/