«Միջանցքային» Քաղաքականություն – Երևանն ի դեմս Մոսկվայի հերթական անգամ իր ռազմավարական դաշնակցի «դեմքն է փրկել» – Դավիթ Ստեփանյան

«Միջանցքային» Քաղաքականություն – Երևանն ի դեմս Մոսկվայի հերթական անգամ իր ռազմավարական դաշնակցի «դեմքն է փրկել» – Դավիթ Ստեփանյան

03 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2021 – Հայաստան

Երևանն ի դեմս Մոսկվայի հերթական անգամ իր ռազմավարական դաշնակցի «դեմքն է փրկել»:

Դավիթ Ստեփանյան Միջազգային հարաբերությունների և անվտանգության
հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ


Նոյեմբերի 16-ին Ադրբեջանը կատարել է ռազմական ագրեսիայի հերթական ակտը Հայաստանի դեմ, հարձակվելով արևելյան ուղղությամբ՝ Սյունիքի մարզում գտնվող Ծիծեռնաքար լեռան հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա։ Տեղային մարտերը հրետանու և զրահատեխնիկայի մասնակցությամբ դադարել են նույն օրը ժամը 18.30-ին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջնորդությամբ։ Ճշտվող տվյալներով՝ զոհվել է 6 հայ զինծառայող, ևս 20-ի ճակատագիրն անհայտ է․ գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 13 զինծառայող։ Ագրեսորի կորուստների ճշգրիտ թիվը նման դեպքերում սովորաբար չի նշվում, բայց մի շարք ոչ պաշտոնական տվյալներով ադրբեջանցիները կորցրել են մինչև երկու հարյուր հոգի։

Ադրբեջանական տոհմաբռնապետական վարչակարգի կատարմամբ Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի յուրաքանչյուր ակտ, այդ թվում և վերջին հարձակումն, անտարակույս, ծառայում է Հայաստանի ղեկավարության վրա շարունակական ճնշմամբ Երևանից նորանոր զիջումներ կորզելուն։ Զիջումներ՝ ընթացող բանակցություններում, որոնցում Թուրքիայի և Ադրբեջանի (այո, հենց այսպիսի հերթականությամբ) նպատակը ՀՀ Սյունիքի մարզի միջով՝ Մեղրիով ցամաքային հաղորդակցային ուղի ստանալն է։ Դրա մասին հանգամանորեն կխոսենք հոդվածի վերջում, իսկ այժմ կուզենայի ընթերցողի ուշադրությունը հրավիրել Հայաստանի դեմ ալիևյան վարչակարգի ագրեսիայի հերթական ակտի նկատմամբ միջազգային հանրության դրսևորած աձագանքի վրա։ Այս արձագանքն, ըստ մեզ, մեծապես պայմանավորել է Ալիևի հերթական անպատժելի վարքագիծը։

Եվ այսպես, այդ նույն օրը՝ նոյեմբերի 16-ին, Երևանը 1997 թ․ պայմանագրի և նրանից բխող փոխադարձ պարտավորությունների տրամաբանության շրջանակում անմիջապես Մոսկվային է դիմել՝ Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու և այն վերականգնելու կոչով։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հստակեցրել է, որ տվյալ փուլում դիմումը բանավոր կարգով է ձևակերպված, որին պետք է հետևի գրավոր ընթացակարգը։ Նույն օրն Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Երևանի՝ որպես ՀԱՊԿ նախագահողի քայլերը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության նպատակով կազմակերպության մեխանիզմների լիարժեք գործադրման ուղղությամբ․ «Ճգնաժամը կարելի է հանգուցալուծել Ռուսաստանի և ՀԱՊԿ օգնությամբ, այլապես Հայաստանը ստիպված կլինի դիմել միջազգային այլ գործընկերների»,- նշել է նա։

ՀԱՊԿ պատասխանն ավանդաբար սահմանափակվել է «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին ուշադրությամբ հետևելու» հավաստիացումներով։ Հերթական անգամ հղում կատարելով Երևանից պաշտոնական դիմումների բացակայությանը՝ ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ «սահմանին ծագած հակամարտությունը պետք է կարգավորվի միմիայն խաղաղ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»։ Ռուսաստանի պատասխանը շարադրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը հայտարարել է, թե «Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում իր երկկողմանի պարտավորություններին»։ Իսկ հաջորդ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առանց մանրամասների մեջ խորանալու, իր համաձայնությունն է հայտնել ՌԴ ՊՆ երեք առաջարկություններին՝ սահմանազատման և սահմանանշման գործընթացը նախապատրաստելու վերաբերյալ։ Ավելի ուշ արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ՌԴ առաջարկությունները բնութագրել է որպես Հայաստանի՝ ՌԴ-ից ակնկալած ռազմական օգնության խնդրանքի պատասխան․ «Մենք ակնկալում ենք, որ հենց սահմանազատման և սահմանանշման արդյունքներով կվերականգնվի մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Մոսկվայի պատասխանով մեր գոհ կամ ոչ գոհ լինելու մասին հարցին հնարավոր կլինի պատասխանել միայն սահմանազատման գործընթացի ավարտից հետո»,- ընդգծել է նա։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Երևանն ի դեմս Մոսկվայի հերթական անգամ իր ռազմավարական դաշնակցի «դեմքն է փրկել»։ Ընդ որում, չկամենալով նույն բանն անել իր այլ՝ բավականին անտարբեր, հատկապես՝ արևմտյան դաշնակիցների համար։ Մինչդեռ հենց նույն նոյեմբերի 16-ին Հայաստանի ղեկավարությունը դիվանագիտական խողովակների ամենատարբեր մակարդակներում ադրբեջանական ագրեսիայի մասին տեղեկացրել է ոչ միայն Ռուսաստանին, այլև ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Իրանին, Եվրամիությանը, Եվրոպայի Խորհրդին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կառույցների։ Որից հետո ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցից հետո նոյեմբերի 18-ին Վիեննայում հանդես գալով, միջազգային հանրության կրավորականությունը բնութագրել է որպես Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը նպաստած գործոններից մեկը։

Իրանը պատասխանել և հավաստիացրել է, որ անթույլատրելի է համարում Հարավային Կովկասում որևէ աշխարհաքաղաքական վերաձևում կամ սահմանների փոփոխություն։ Ընդսմին, դրա մասին Թեհրանը տեղեկացրել է ոչ թե Երևանին, այլ Մոսկվային՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Ռայիսին ընդգծել է, որ Թեհրանի համար տարածաշրջանում անընդունելի է աշխարհաքաղաքական և սահմանային դրության որևէ փոփոխություն։

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Նյու Յորքում՝ կազմակերպության գրասենյակում կայացած բաց բանավեճի ընթացքում Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է տեղի ունեցածի մասին՝ միջազգային հանրությանը կոչ ուղղելով պատշաճ կերպով դատապարտել միջազգային իրավունքի, ՄԱԿ կանոնադրության, 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումներն Ադրբեջանի կողմից։ Դրան ի պատասխան՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Հակը Բաքվին և․․․Երևանին զսպվածություն պահպանելու և հակասությունները խաղաղ ճանապարհով լուծելու կոչ է արել։ «Մենք այժմ որոշակի տեղեկատվություն ենք ստանում։ Բայց մենք, անտարակույս, անհանգստությամբ ենք հետևում բռնությունների վերջին սրացման մասին տեղեկություններին։ Մենք պետք է ստուգենք այդ տեղեկությունները։ ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում գործել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան և բոլոր խնդիրները կարգավորել խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է նա։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես, ուշադրությո՛ւն, երկու կողմերին կոչ է արել անհապաղ հստակ քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման ուղղությամբ՝ հետագա սրացումը կանխելու նպատակով։ Սակայն իսկական անակնկալը Հայաստանին մատուցել է Ֆրանսիան։ Թեև Ֆրանսիայի ղեկավարությունը 44-օրյա պատերազմի ժամանակ և հետո՝ նախագահի, վարչապետի, ԱԳՆ-ի և Սենատի մակարդակով Հայաստանին ուղիղ դիվանագիտական աջակցություն էր ցուցաբերում, այս անգամ այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարության մեջ կողմերին կոչ էր անում․․․ պահպանել 2020 թ․ նոյեմբերին Մոսկվայում ստորագրված հրադադարի պայմանները։ Այս համապատկերում հակամարտության երկու կողմերին ուղղված Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի և ԵԱՀԿ՝ կրակը դադարեցնելու և համապարփակ կարգավորմանը հասնելուն միտված բանակցությունները վերսկսելու կոչերն արդեն զարմանք հարուցել չեն կարող։

Հասցեական հայտարարություններով աչքի են ընկել միայն Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի վերաբերյալ մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի վերաբերյալ զեկուցող Ժելյանա Զովկոն։ Եվրախորհրդարականները համատեղ հայտարարության մեջ դատապարտել են ադրբեջանական զինվորականների ներխուժումը Հայաստանի տարածք։ Սակայն այդտեղ էլ զեկուցողները չեն զլացել հակամարտության կողմերին կոչ ուղղել ի կատար ածել «նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը և Ադրբեջանի արևմտյան տարածաշրջանների ու Նախիջևանի միջև հաղորդակցային կապի վերականգնումը»։ Միայն սրանից հետո Եվրախորհրդարանի ավելի քան 30 պատգամավորներ ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Ժոզեֆ Բորելին նամակ են հղել, որում պահանջել են Ադրբեջանի վրա ճնշում գործադրել՝ Հայաստանի տարածքից զորքերի անհապաղ դուրսբերումն ապահովելու նպատակով։ ԱՄՆ սենատի Միջազգային կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսի հայտարարությունը նույնպես կարող է հասցեական համարվել։ Մենենդեսն Ադրբեջանի գործողություններն ագրեսիա է որակել և պահանջել է նվազեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը․ «Զոհված հայ զինծառայողների և հայ գերիների մասին տեղեկությունները խորը մտահոգություն են առաջացնում։ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող պաշտպանական օգնությունն Ադրբեջանին թույլ է տալիս հայերի դեմ այս ստոր գործողությունները կատարել։ Ժամանակն է «Ազգային պաշտպանության մասին» օրենքի մեջ ընդունել այդ օգնությունը կրճատելու վերաբերյալ իմ առաջարկած փոփոխությունը»,- գրել է Մենենդեսը Twitter֊ում։

Այսպիսին է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժման նկատմամբ միջազգային արձագանքի ժամանակագրությունը։ Մենք էլ բոլորովին ոչ պատահականորեն ենք դրան այսքան մանրամասն անդրադարձել, որովհետև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների  վերոնշյալ արձագանքներն, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի շուրջ զարգացող աշխարհաքաղաքական գործընթացների և, մասնավորապես, Հայաստանի Սյունիքի մարզով անցնելիք միջանցքի հայելային արտացոլանք է։ Հենց այս արձագանքի մեջ է հարկավոր որոնել մեր շատ հարցերի պատասխանը։

Տեղեկատվության ոչ հրապարակային աղբյուրներից հայտնի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ստորագրելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի՝ 9-րդ կետով հանդերձ եռակողմ հայտարարությունը, այնուհետև անսպասելիորեն հրաժարվել է կատարել հենց այդ կետը։ Այսինքն՝ նա թուրք-ադրբեջանական տանդեմին հրաժարվել է Մեղրիով հաղորդակցային ուղի տրամադրել։ Ընդ որում, այն հրաժարվել է տրամադրել որևիցե տարբերակով՝ անգամ արտատարածքային միջանցքի ոչ մի հատկանիշ չպարունակող սովորական բաց ճանապարհի տեսքով։ Մինչդեռ Անկարային ու Բաքվին նախ և առաջ հետաքրքրում է հենց Սյունիքի միջով իրենց միջանցք տրամադրող եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարումը։ Այս միջանցքը ստանալու համար նրանք պատրաստ են ցանկացած քայլի և գնալու են մինչև վերջ։ Նոյեմբերի 16-ի Ադրբեջանի վարքագիծը հենց այս անդրդվելի վճռականության հերթական ցուցադրումն էր։ Բաքվի ագրեսիվ գործողություններն այլ բանական բացատրություն չունեն։

Թուրքիան այժմ էլ ՆԱՏՕ-ի անդամ է և նախկինի պես կատարում է դաշինքի շրջանակում իրեն վերապահված գործառույթներն ու պարտավորությունները։ Այս կապակցությամբ անմիջապես մի շարք օրինաչափ հարցեր են ծագում։ Մասնավորապես, արդյո՞ք Թուրքիայի՝ ուստի և ՆԱՏՕ-ի դեպի արևելք հետագա ներթափանցումը համընկնում կամ հակասում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների շահերին։ Արդյո՞ք Ռուսաստանին հարավից շրջապատելը չի համապատասխանում նրանց շահերին։ Արդյո՞ք նրանց շահերից չի բխում ԱՊՀ անդամներ Ղազախստանի, Ղրղզստանի, նաև Թուրքմենստանի հետագա թյուրքացումը։ Արդյո՞ք դեպի Կենտրոնական Ասիա Էրդողանի «թուրանական» ծավալապաշտական ծրագրերը չեն համապատասխանում Չինաստանը զսպելու՝ Արևմուտքի և առաջնահերթորեն՝ ԱՄՆ-ի շահերին։ Միայն այս բոլոր հարցերին պատասխանելուց հետո մենք կկարողանանք ըմբռնել հավաքական Արևմուտքի զսպվածությունը Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորման նկատմամբ։ Միայն այս հարցերին հստակ պատասխանելուց հետո ակնհայտ կլինի, որ հայկական Սյունիքով միջանցք բացելու հարցում առկա է միջազգային կոնսենսուս։ Այս միջանցքը հասկանալի պատճառներով ձեռնտու չէ միայն Իրանին։ Հենց սրանով էլ բացատրվում է Հայաստանի բարեկամ Ֆրանսիայի և Հայաստանի դաշնակից Ռուսաստանի փոխադարձ համաձայնությունը «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը» վերաբերող յուրաքանչյուր հարցում։

Եվ, վերջապես, ըստ հերթականության, բայց ոչ ըստ կարևորության վերջին հանգամանքը՝ Հայաստանի տարածքով Թուրքիային և Ադրբեջանին միջանցք տրամադրելու Մոսկվայի համաձայնությունն է։ Առաջին հայացքից՝ ՆԱՏՕ-ական Թուրքիայի՝ դեպի ռուսական գերակա շահերի տարածություն համարվող Կենտրոնական Ասիա ներթափանցմանը ծառայող միջանցքի բացումը Մոսկվայի շահերից բոլորովին չի բխում։ Սակայն, ինչպես հայտնի է, քաղաքականությունը հնարավորի արվեստն է։ Ըստ ամենայն դատելով՝ Կրեմլում հերթական անգամ որոշել են Թուրքիայի և նրա մյուս ՆԱՏՕ-ական դաշնակիցների օգտին այս հարցում ևս զիջումներ կատարել։ Այս ամենի մեջ Մոսկվան մխիթարվում է նոյեմբերի 9-ի հայտարարության հենց 9-րդ կետի բովանդակությամբ, որի համաձայն․ «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։

Հոդվածի աղբյուր` Theanalyticon.com

mer-oughin.am/2021/12/03/միջանցքային-քաղաքականություն/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail