«Ալենի որս» օպերացիան․ գերիներ միջանցքի դիմաց – պարտավորեցնել իշխանությանը մասնակցել բանակցություններին միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում
08.12.2021 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
Երեկ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցածը կարող է հետագայում ներառվել դասագրքեր՝ որպես ապագայի համար պատասխանատվությունից խուսափելու պարզունակ քաղաքական տեխնոլոգիաների կիրառման օրինակ։
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի ելույթի տեսանյութի հրապարակմանը և խորհրդարանում ծեծկռտուքին նախորդել են մի շարք կարևոր իրադարձություններ։
Սոչիում եռակողմ հանդիպումից և Պուտինի կողմից «միջանցքների» հիշատակումից հետո փոխվարչապետերը Մոսկվայում համաձայնության եկան, որից հետո Բաքուն հրաժարվեց Ստոկհոլմում հանդիպել Հայաստանի արտգործնախարարի հետ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո։ Դրանից հետո հայտնվեցին խոսակցություններ, որ Նիկոլ Փաշինյանին անկյուն են մղել, ու նա պետք է որոշում կայացնի կապված «միջանցքի» հետ։ Ակնարկներ եղան նաև, որ որոշումը պետք է լինի «լեգիտիմ», այսինքն՝ ընդունվի խորհրդարանի միջոցով։ Բաքուն նույնիսկ 10 ռազմագերիներով ինքնաթիռ ուղարկեց Երևան, բացահայտ առեւտուր անելով մարդկային կյանքերով։
«Կանխավճարը» ընդունվեց, և խորհրդարանը պարզունակ պատրվակներով չընդունեց սահմանազատման խնդրին վերաբերող հայտարարությունը։ Բայց սա, ըստ ամենայնի, բավարար չէր։ Ալիևը պահանջեց ասել միջանցքի բացման ժամկետները՝ կրկին սպառնալով ուժ կիրառել։
Իսկ հետո խորհրդարանում իրականացվեց «Ալենի որս» օպերացիան։ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով ձայնագրությունը, ասաց, որ գերիների ազատ արձակումը չպետք է արժենա Սյունիքի կորուստ։ Սա իշխանությունների թույլ փորձն էր հրաժարվել «գերիներ միջանցքի դիմաց» սակարկություններից։ Ալեն Սիմոնյանը նույնիսկ ակնարկեց, որ գերիներն այնքան էլ կարևոր չեն մեզ համար, մենք նույնիսկ չգիտենք, թե ինչպես են նրանք գերեվարվել։
Խորհրդարանի ընդդիմությունը համաձա՞յն է «գերիներ միջանցքի դիմաց» բանաձևին։ Եվ արդյոք Ռուբինյանի աշխատասենյակում ծեծկռտուքը «համատեղ օպերացիայի» մի մասն էր։ Եթե իշխանությունն ու խորհրդարանի ընդդիմությունը որոշել են համատեղ խուսափել ցավալի որոշումներից և իրենց երեխաների ապագայի համար պատասխանատվությունից, ապա դրա համար կան մի քանի պարզ քայլեր․ հայտարարել եռակողմ հայտարարության վերանայման մասին՝ Բաքվի ու Մոսկվայի կողմից խախտումների հիմքով, պարտավորեցնել իշխանությանը մասնակցել բանակցություններին միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ձևակերպել հայկական պահանջների և իրավունքների փաթեթ։ Իսկ եթե դա իշխանության ուժից վեր է, ապա միշտ էլ կարելի է ցած դնել մանդատները։ Խորհրդարանն առայժմ ամեն կերպ փորձում է խուսափել կարեւոր որոշումների կայացումից։
Ռազմագերիների հարցը մեր ընդհանուր ցավն է, չսպիացած վերք, որը պետք է լուծել այլ մեթոդներով՝ առանց Բաքվի ու Մոսկվայի հետ սակարկելու։
www.lragir.am/2021/12/08/686515/