Ի՞նչ են մեզ պատմում Քղիի եւ Փյուլյումյուրի միջև գտնվող հուշարձանները

Kiğı-Pülümür arasındaki anıt eserlerin bize anlattığı FOTO: Yunus Gürbey

Ի՞նչ են մեզ պատմում Քղիի եւ Փյուլյումյուրի միջև գտնվող հուշարձանները

11 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021 – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՅՕԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Հյուսնյու Գյուրբեյ

Այնուամենայնիվ, Անատոլիայի (Արևմտյան Հայաստան-Ակունքի խմբ) հին ժողովուրդները, կարծես թե կանխազգալով ապագան, այնպիսի վայրերում են հուշարձաններ թողել, որ այդ ոտնահետքերը սաղարթախիտ, դժվարամատչելի տեղերում լինելով՝ դարձել են այս հողերի վրա դրված, անջնջելի կնիքներ։ Այդ ժողովուրդները նման հետքերով կարծես թե ասում են «Այս վայրերում մի ժամանակ ես էի ապրում, մենք էինք ապրում»․․․

Ինչպես հայտնի է, Անատոլիան հնամենի ժողովուրդների և հինավուրց քաղաքակրթությունների երկիր է․ հույները, հայերը, քրդերը, ասորիները և այլ ժողովուրդներ այս տարածքների հիմնական տարրերն են։ Այդ բոլոր ժողովուրդները, չնայած ամեն տեսակի ավիրումներին, անջնջելի հետքեր են թողել այս հողերում։

20-րդ դարի սկզբներին բազմատարր կառուցվածք ունեցած Անատոլիայում մի նոր, միատարր ազգ կառուցելու նախաձեռնությունը շատ ցավալի և արյունոտ է իրականացվել։ Այդ նոր ազգ-պետությունը, որ ցանկացել են ստեղծել, փորձել են կառուցել հետևյալ 3 հիմքերով․

1․ Անատոլիայի քրիստոնյա ժողովուրդները (հույներ, հայեր, ասորիներ) տեղ չպետք է գտնեն այդ նոր կազմավորման մեջ։ Նրանք այս կամ այն կերպ պետք է դուրս հանվեն երկրի սահմաններից։ Այդ ժողովուրդների միայն մի որոշակի տոկոսի է թույլ տրվելու ապրել երկրի ներսում, որին հնարավոր կլինի վերահսկել։ Այդ տոկոսն էլ, անհրաժեշտության դեպքում, գերու կարգավիճակում օգտագործման համար է (1)։

2․ Անկախ իրենց էթնիկ արմատների և լեզվի՝ Անատոլիայի բոլոր մուսուլման տարրերը վերածվելու են սուննի մահմեդականի և թուրքացվելու։

3․ Որպես մուսուլման ընդունվող, սակայն ուծացմանն ընդդիմացողները (լեզվական առումով քրդերը, իսկ կրոնական՝ ալևիները) ուժեղ ճնշումների են ենթարկվելու։ Նրանց լեզուները, հավատքը, մշակույթն ու պատմությունը վերացվելու են, հեղինակազրկվելու, և այդկերպ նրանց դիմադրողականությունը կոտրվելով՝ դյուրացվելու է ժամանակի ընթացքում նրանց ասիմիլացիան։

Բասքըն Օրանը այդ 3 ընտրանքը կոչել է «Խառը մեթոդ» անվամբ։ Օրանը գրում է․ «Եթե ասիմիլացիան չհաջողվի, ասպարեզ կգա էթնո-կրոնական զտումը։ Թուրքական ազգ-պետությունը, երբ կորցրել է Դերսիմն ասիմիլացնելու հույսը, կիրառել է 1937-38 թթ․ կոտորածները և հետագա տեղահանությունը» (2)։

Մշակութային և կրոնական գոյության վերացումներն ամեանաշատը ազդել են ղըզըլբաշ քրդերի վրա։ Վերջիններիս՝ լեռները, քարերը, ծառերը ու ջրերը երկրպագելու պատճառով այդ ժողովուրդներին պատկանող բոլոր սրբատեղիներն ավիրվել են կամ շարունակում են ավիրվել։ Ստորև հրապարակված նկարը դրա կոնկրետ օրինակն է։

Նկարում երևացող ժայռը «Քալե Սըփին» է, որը սուրբ է համարվում, և երեկոյան աղոթքներում նրա անունն անընդմեջ հիշատակվում է։ Այստեղ են այցելում այն կանայք, ովքեր երեխա չեն ունենում կամ հղիության ընթացքում կորցրած են լինում իրենց երեխային։ Նրանք տարեց կամ այրի մի կնոջ (քուրեբիի) ուղեկցությամբ 7 անգամ պտտվում են այս հուշարձանի շուրջ, աղոթքներ են ասում, արտասվում, իրենց հետ բերած աքլորի կատարը կտրում և աղոթք անում։ Ինչպես երևում է նաև նկարում, այս սուրբ ժայռը (բնական սրբավայրը) կտոր-կտոր է արվել։ Դրանով անգամ չբավարարվելով՝ վրան գրառումներ են թողել և աղտոտել այն։

Նմանատիպ, հազարամյակներ շարունակ կանգուն մնալ հաջողած սուրբ ծառեր նախ կտոր-կտոր են արվել դինամիտի միջոցով, ապա, որպեսզի այդ վայրում այլևս չաճեն, արմատից 3 մետր խորությամբ փորելով՝ վերացրել են դրանք։ Իսկ գերեզմանոցների վիճակն ուղղակի ողբալի է։

Նույն բանը կատարվում է նաև հայկական եկեղեցիների, մատուռների, վանքերի և գերեզմանների հետ։ Մեր օրերում Անատոլիայում շատ քիչ հայկական հուշարձան է մնացել։ Այդ մնացածներն էլ պահպանվել են, քանի որ օգտագործվել են զանազան նպատակներով, որպես գոմ, հարդանոց և այլն։

Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ ջնջված հետքերը հիմնականում կրոնական հավատքների հետ առնչվող հուշարձաններն են։ Օսմանյան պետության մնացուկ Թուրքիայի Հանրապետության փորձառությունից ելնելով՝ քաջատեղյակ ենք, որ որևէ հասարակության կրոնական առումով վերացմանը հետևում է լեզվական իմաստով վերացումը։ Այդ պատճառով պաշտոնական կրոնական հավատքից բացի՝ մնացած կրոնների բոլոր սրբությունները պետք է ավիրվեն և ոչնչացվեն։ Դա վերաբերում է ինչպես քրիստոնեության սրբություններին, այնպես էլ՝ ալևիական, եզդիական և այլ հավատքների։ Այն դեպքում, երբ ցանկություն կա ժողովուրդներին պետության պաշտոնական «ընդունված» կրոնի մեջ հալեցնել, նրանց սրբացրած հավատքի կենտրոններն էլ պետք է ավիրվեն ու վերացվեն․ այդ մտայնությունը միաժամանակ պետության չգրված պաշտոնական քաղաքականությունն է։

Ժողովուրդների պատմությունը, մշակութային գոյությունը, սրբավայրերը գտնվում են ՄԱԿ-ի և վերջինիս կից կառույց հանդիսացող UNESCO-ի հովանու ներքո, և դրանց տակ առկա է նաև Թուրքիայի Հանրապետության ստորագրությունը։ Եթե չնայած դրան՝ ավիրումը շարունակվում է, իսկ դա այդպես է, ապա դա նշանակում է, որ գործ ունենք միջազգային հանցագործության հետ։ Մի՞թե հնարավոր է, որ ժողովուրդների սրբությունների նկատմամբ հարգանք չտածողներն իրենց քաղաքակիրթ աշխարհի պատվավոր անդամը համարեն։ Երկրները կա՛մ պետք է հանդուրժող, ժողովրդավար, պլյուրալիստ ընկալմամբ պատկանեն քաղաքակիրթ աշխարհին, կա՛մ էլ՝ նախընտրեն միջնադարյան խավարը, որը տեսնում ենք թալիբների օրինակով։

Այնուամենայնիվ, Անատոլիայի (Արևմտյան Հայաստան-Ակունքի խմբ․) հին ժողովուրդները, կարծես թե կանխազգալով ապագան, այնպիսի վայրերում են հուշարձաններ թողել, որ այդ ոտնահետքերը սաղարթախիտ, դժվարամատչելի տեղերում լինելով՝ դարձել են այս հողերի վրա դրված, անջնջելի կնիքներ։ Այդ ժողովուրդները նման հետքերով կարծես թե ասում են․ «Այս վայրերում մի ժամանակ ես էի ապրում, մենք էինք ապրում»․․․

Ստորև ներկայացված նկարներում երևացող հուշարձանը կառուցված է  Քըղիի և Փյուլյումյուրի միջև գտնվող մի անտառի մեջ, դժվարամատչելի մի վայրում, քանի որ վախեցել են, որ այն կավիրվի։ Հուշարձանը բաղկացած է մի քանի ժայռերի մեջ փորված, իրար զուգահեռ ու նույն ուղղությամբ (դեպի արևելք) նայող հոյակերտ ֆիգուրներից։

Հատկապես դրանցից մեկը կազմված է մի երկար ու սրաձիգ հուշարձանից, որը խնամքով կառուցվել է մի հսկայական ժայռի ծերպին։ Հուշարձանի մեջտեղում մի մեծ խաչ կա, որի 2 թևերին ևս 4 փոքր խաչեր են առկա։ Թեև ժայռի հետևի կողմում գծի տեսքով արված աստիճաններով կարելի է վերև բարձրանալ, սակայն նրա շուրջը ոչ մի գրություն չի հանդիպում։ Բացի այդ, քանի որ սույն հուշարձանը գտնվում է վտանգավոր դիրքում, նրա շուրջը շատ մանրամասն չեն ուսումնասիրել։ Միայն մեծ հուշարձանին արևմտյան կողմից խաչաձևվող և նույն կողմ նայող մի փոքր հուշարձան ևս կա։

«Ակօս»-ի նշումը- Երբ այս տարածքը լավ իմացողների հետ կապ հաստատեցինք, տեղեկացանք, որ այստեղի բնակիչները տվյալ հուշարձանները «խաչքար» են անվանում։ Խաչքարերը շատ հայտնի են տվյալ տարածքներում։

Ծանոթագրություններ

(1) Ալփեր Քալիբերը նշելով, որ 1964 թ ի հայտ եկած Կիպրոսի խնդրի ժամանակ ստամբուլաբնակ հույները որպես ռազմագերի են օգտագործվել, գրում է «․․․Ըստ այդմ, Ստամբուլի հույն փոքրամասնությունը թուրքական կառավարության կողմից օգտագործվել է որպես խաղաթուղթ կամ գերի՝ Հունաստանի դեմ, որպեսզի վերջինս կանգնեցնի կիպրոսցի հույների հակահարձակումը թուրքերի վրա։ Բոլոր ստամբուլաբնակ հույները, Հունաստանի քաղաքացիների գլխավորությամբ, 1964-65 թթ ենթարկվել են պետության և մամուլի թշնամական վերաբերմունքին»։ Այդ մասին տես՝ Alper Kaliber, “İstanbullu Rumlar ve 1964 Sürgünleri”, Derleyen: İlay Romain Örs, İstanbul, İletişim Yayınları; 2019, էջ 33-34։
(2) Baskın Oran; նշվ
 աշխ, էջ 25-26։

http://www.agos.com.tr/tr/yazi/26493/kigi-pulumur-arasindaki-anit-eserlerin-bize-anlattigi

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

Facebooktwitterredditpinterestlinkedinmail