ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՄՈՆԹԷ ՄԵԼՔՈՆԵԱՆ – ՄՈՆԹԵՆ՝ «ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ» – Կարինէ Աւետիսեան
12 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021 – ԷՐԿԻՐ – ՊԱՏՄՈՒԹԻՒՆ – ՄՇԱԿՈՅԹ:
Կարինէ Աւետիսեան – ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱՂԸ:
1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում ծնված Մոնթե Մելքոնյանը, բազմաթիվ երկրներում զանազան ծածկանուններով «դեգերումներից» հետո, 1993 թվականի հունիսի 12-ին Հավերժության ճամփան բռնեց Արցախի խրոխտ լեռներում՝ որպես քաջարի «Հրամանատար Ավո»:
Դժվարին պահերին՝ իր ազգակիցների կողքին, Բեյրութում անցկացրած իր տարիների մասին հետագայում գրեց. «Թերևս զարմանալի է, որ ողջ մնացի»…
«Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի Ազատության Զինվորն է»։
«Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին Հաղթանակ է»:
Առաջնորդվելով «Մարդը պետք է անդադար սովորի» սկզբունքով (իր իսկ ձևակերպմամբ), ռազմական գործի հմուտ զորավար Մոնթեն Արևելյան մշակույթի քաջ գիտակ էր նաև:
Տիրապետում էր հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, թուրքերեն, արաբերեն, պարսկերեն, քրդերեն, ճապոներեն լեզուներին:
Մեկ ու կես տարի ուսանել էր ճապոնական Օսակա քաղաքի վարժարանում, ուսումնասիրել ճապոնական մշակույթը, հաճախել ճապոներեն լեզվի դասընթացների, եղել Կորեայում, աշակերտել բուդդայական վանականի մոտ, գիտեր արևելյան մարտարվեստների հնարքները…
Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի չորս տարվա դասընթացներն ավարտելուց հետո ստացել էր կրկնակի տիտղոս՝ «Հնագիտության և ասիական պատմության մասնագետի» վկայականներ։
1978 թվականին պաշտպանած նրա ավարտական թեզը Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանն էր նվիրված, հետազոտել ու չափագրել էր Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող՝ Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները (Բիայնական շրջանից՝ որմնախորշերով մի դամբարան էլ հայտնաբերվել է 1984 թվականին՝ Երևանում՝ Արշակունյաց պողոտայի մոտ, «Ավտոագրեգատ» գործարանի տարածքում կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ, որը հետագայում պեղվեց: Գաղտնարաններից հայտնաբերված հարուստ նյութերի շարքում կային բրոնզե կապարճի բեկորներ, երկաթե սուր, թաս, օձագլուխ ապարանջաններ, դանակ, սափորներ, Արևմտան Հայաստանի տարածքից հայտնաբերված՝ համանման տարբեր գոտիներ)…
«Ուրարտական ժայռափոր դամբարանները. նկարագրություն և վերլուծություն» վերնագրված իր ուսումնասիրությունից՝ որոշ հատվածներ՝ ահավասիկ:
«Ուրարտական դամբարանները սփռված են Ուրարտուի զբաղեցրած տարածքով մեկ:
Բազմաթիվ նմանություններով հանդերձ՝ այդ դամբարանները՝ իրենց ձևերով, չափերով ու հարդարանքով հաճախ տարբերվում են միմյանցից:
Մեծ թվով վիթխարակերտ դամբարաններ են հայտնաբերված Վանում: Այդ դամբարանները փորված են Վանի վիթխարի ժայռի մեջ. մի ժայռ, որի վրա էլ հենց գտնվում է մ.թ.ա. 9-րդ դարում հիմնադրված հզոր միջնաբերդը:
Ըստ երևույթին, Վանի ժայռի անմատչելի դիրքն էր պատճառը, որ հենց այստեղ հիմնվեց երկրի մայրաքաղաքը՝ Տուշպան: Ամրոցն այնքան լավ էր պաշտպանված, որ ասուրական ոչ մի բանակ այն գրավել չկարողացավ:
Վանի ժայռի մեջ պատրաստված են ութ տարբեր ժայռափոր կառույցներ:
Ժայռի հարավ-արևմտյան կողմում են գտնվում հայտնի Խորխորյան քարայրները («Արգիշթի Առաջինի սենյակները»), որոնք բաղկացած են ժայռափոր, միմյանց հետ չհաղորդակցվող երկու ընդարձակ համալիրներից և ավելի փոքր մի քարայրից, որի եզրից երևում է անհանգիստ Վանա լճի ափեզերքը: Այս քարայրի մոտ գտնվում են մի դատարկ որմնախորշ և Խորխորյան տարեգրության սեպագիր սյունակներից ութը:
Հաջորդը Խորխորյան առավել խոշոր քարայրն է, որի մուտքը եզերված է հիշյալ արձանագրությունով»…
«Ուրարտական գրեթե բոլոր դղյակներն ու ամրոցները կառուցված են հեշտ պաշտպանելի վայրերում, սովորաբար՝ բարձունքների վրա, որոնք ինքնին, իրենց ունեցած աշխարհագրական առանձնահատկության շնորհիվ, կարևոր էին ռազմավարական առումով: Սակայն ոչ միայն ամրոցներն ու դղյակներն էին կառուցվում անառիկ վայրերում. հաճախ դժվարամատչելի դիրքեր էին ընտրվում և դամբարանների կառուցման համար:
Չնայած վերևից իջնող աստիճանաշարի առկայությանը՝ դժվարամատչելի էին և Վանի ժայռի վրա եղած դամբարանները, եթե փորձ կատարվեր նրանց մոտենալու ստորոտից: Կայալի դերեի մուտքն էլ անհասանելի բարձրության վրա է գտնվել:
Դամբարանների մուտքերը, ինչպես տեսանք, ամուր փակված էին լինում:
Դամբարաններն իրենք հաճախ խնամքով քողարկվել են, մասնավորապես, Ալթին-թեփեում, թերևս նաև այդ նպատակով, դամբարանների վրա կերտվել են վերնակառույցներ»:
«Մահը չի ճանաչում ո՛չ աշխարհագրական ու ժամանակագրական և ո՛չ էլ էթնիկական ու սոցիալական սահմաններ: Այդ խորհրդավոր երևույթը միշտ էլ եղել է փիլիսոփաների ու կրոնագետների խորհրդածության առարկան:
Կան բազում տվյալներ այն մասին, որ նախապատմական հասարակություններում ևս գոյություն են ունեցել մահվան մասին որոշակի և երբեմն միմյանցից տարբեր պատկերացումներ, որոնք որոշակի ազդեցություն են թողել տվյալ հասարակության մշակութային կյանքի վրա:
Գրեթե բոլոր կրոնական տեսություններում մահը չի դիտվում որպես գոյության լիակատար ավարտ. ենթադրվում է, որ գոյություն ունի հետմահու կյանք, մարդու հոգու կամ էության շարունակական գոյություն: Ըստ էության, կա ձգտում՝ մերժելու մահվան գոյությունն ամբողջապես:
Վանի Միջնաբերդի արքայական դամբարանները
Եվ հենց դա է պատճառներից մեկը, որ մարդ ձգտում է իր մասին հիշողությունը հավերժացնելու և կամ երկարաձգելու որոշակի գործունեությամբ, մասնավորապես՝ կառուցելով հսկայական ու վեհաշուք հուշակոթողներ»:
Մոնթեի խոսքերից՝ այսօր արդիական, ստորև նշված էջում…
karineavetisyan.am/archives/3383