Շահան Գանտահարյանը մեկնաբանել է եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարությունը
15 դեկտեմբերի, 2021, Քաղաքական
Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը՝ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Գանտահարյանն ընդգծեց, որ Շառլ Միշելի հայտարարությունը հիմնականում հումանիտար հարցերի մասին է։
«Մարդասիրական բաժինը, ըստ հայտարարության, ունի վճռորոշ նշանակություն հարցերի լուծման գործընթացում։ Այստեղ հավասարության նշան է դրվում երկու կողմերի մարդասիրական բնույթի քայլերի միջև՝ ականապատված քարտեզների դիմաց ռազմագերիների ազատ արձակում։
Բոլոր գերիներին ազատ արձակելու կոչը միանշանակ ուղղված է կողմերից մեկին. պարզ է, որ հայկական կողմը ադրբեջանցի ռազմագերի չունի եւ այստեղ վարձկան ահաբեկիչները ռազմագերի չեն։ Սակայն, չնայած այս ամենին, ակնկալիքները երկկողմանի են։ «Կողմերը մարդասիրական ժեստեր պետք է անեն, որոնք կնպաստեն վստահության ամրապնդմանը։ Պարզ է Միշելի ակնարկը. քարտեզ՝ ռազմագերու դիմաց»,- ասաց Գանտահարյանը։
Նրա գնահատմամբ՝ անորոշ է «հակամարտությունից տուժած բնակչության վերականգնում» բանաձեւի իրականացումը։ «Մտաբերում եմ նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը, այն է՝ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են նախկին ԼՂԻՄ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո»։
Բնականաբար, չեն ճշտվել տուժածների վերականգնման ծրագրի մանրամասները՝ եղանակ, ժամկետ, միջոցներ։ Շառլ Միշելի խոսքով վճռորոշ նշանակություն ունի մարդասիրական գործողությունների իրականացումը։ Թերեւս, շեշտադրումը, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի իրականացմանն է վերաբերվում՝ «իրականացվում է ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև զոհվածների դիակների փոխանակում»»,- նշեց նա:
Գանտահարյանը հավելեց, որ այս գործընթացներին զուգահեռ ԱՄՆ վարչակազմը ողջունում է Անկարայի եւ Երեւանի միջեւ երկխոսություն սկսելու համար ներկայացուցիչներ նշանակելու մասին հայտարարությունները:
«Վաշինգտոնի, Մոսկվայի, Բրյուսելի դերերի տեղաբաշխման քայլեր են նկատվում. ԱՄՆ-ը կզբաղվի Անկարա -Երեւան հարաբերությունների կարգավորմամբ, Եվրոպան՝ մարդասիրական աշխատանքներով, իսկ Մոսկվան սահմանազատման եւ սահմանագծման ընթացակարգերով»,- եզրափակեց նա։
artsakhpress.am/arm/news/155630/