«ՑԱՆԿԱՄ ՏԵՍՆԵԼ ԶԻՄ ԿԻԼԻԿԻԱ»… Դարերով Հայի փառքի, պայքարի ու հերոսամարտերի, – Կարինէ Աւետիսեան
19 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021 – ԷՐԿԻՐ – ՊԱՏՄՈՒԹԻՒՆ – ՄՇԱԿՈՅԹ:
Կարինէ Աւետիսեան – ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Դարերով Հայի փառքի, պայքարի ու հերոսամարտերի, նաև՝ անլուր հառաչանքի վկան է «Բազում բերդերի» աշխարհը՝ Կիլիկիո Երկիրը՝ Հայոց Կիլիկիան, որի մասին հիշատակություններ կան հնագույն շրջանի սեպագրերում, հունական առասպելներում, հունա-հռոմեական պատմագիտական երկերում, միջնադարյան Հայ, բյուզանդական, ասորական, արաբական ու այլ աղբյուրներում:
Այս Լեռների Երկրում դեռևս 100 տարի առաջ անհավասար պայմաններում հերոսաբար ինքնապաշտպանական մարտեր էին մղում խիզախ Հայորդիք Զեյթունում, Հաճընում, Այնթապում, Մուսալեռում…
Մինչդեռ Առաջին Համաշխարհային պատերազմից հետո Փարիզում կայացած Խաղաղության վեհաժողովին, տարբեր երկրների ներկայացուցիչների կողմից հնչեցված պահանջների շարքում, քննարկվում էր նաև Կիլիկիայի հարցը:
Հայկական պատվիրակությունների ընդարձակ հուշագրից՝ Կիլիկիային վերաբերող լրացուցիչ դիտարկումը՝ ֆրանսերենից իմ թարգմանությամբ, ներկայացնում ենք այստեղ:
Նշենք, որ հիշյալ վեհաժողովին ներկայացրած պահանջների «Հուշագրում» Հայկական պատվիրակությունները հիմնավորում էին Հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը և ճշտում նրա տարածքը՝ Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության և Կիլիկիայի միացմամբ՝ Հայերի բնօրրանը ներկայացնելով որպես աշխարհագրական մեկ ընդհանուր միավոր:
«Հայկական հարցը Փարիզի Խաղաղության վեհաժողովում՝ 1919 թվականի փետրվարի 12-26-ին»
«Սիրիական կոմիտեներն արդեն որոշ ժամանակ շրջանառության մեջ են դրել բրոշյուրներ և քարտեզներ, որոնց միջոցով նրանք փորձում են Կիլիկիան վերամիացնել Սիրիային։
Սակայն, այնուամենայնիվ, իր պատմությամբ, իր աշխարհագրությամբ, իր բնակչությամբ ու տնտեսական հարաբերություններով, Կիլիկիան Հայկական Բարձրավանդակից կախված մաս է՝ շատ հստակ անջատված Անատոլիայից, ինչպես նաև Սիրիայից։
Բոլոր Հայկական տարածքները կազմում են մի ընդարձակ, շատ բարձր սարահարթ՝ հենված-շրջապատված Փոքր Կովկասի շղթայով, Պոնտոսի Հայոց միջին շղթայով, Տավրոսի, Անտիտավրոսի ու նրանց նախալեռներով: Որոշ գագաթներ այնտեղ հասնում են շատ մեծ բարձրությունների:
Հառնող լեռներով, կտրված խոր հովիտներով երկիրը նման է խճճված հանգույցի, որն, իր տարբեր մասերի տեղագրական համանմանություններով, կազմում է միատարր ամբողջություն, կուռ բնութագրով աշխարհագրական մի ընդհանուր միավոր:
Այն հսկայական ամրոց է, վիթխարի ուղի, որը ձգվում է Սև ծովի արևելյան շարունակությունից մինչև Միջերկրական ծով, և որը կարևոր դեր է խաղացել պատմության մեջ։
Նա Անատոլիայի բարձր սարահարթը բաժանում է Կուրի հարթավայրերից, Պարսկաստանի անապատներից, Միջագետքից ու Սիրիայից։ Եվ Քրդստանի ու Ամանոսի լեռներից, որոնք Հայկական բարձրավանդակի վերջին ընդարձակումն են, և որոնք ավարտվում են Միջերկրական ծովում՝ Ռաս-էլ-Խանզիր հրվանդանով, ըստ բոլոր հին ու ժամանակակից աշխարհագրագետների, այն պատնեշն է, որը բաժանում է ոչ միայն Կիլիկիան, այլ ողջ Անատոլիան՝ Սիրիական հարթավայրից:
Նմանապես Անտի-Տավրոսը և Բուլղար լեռները սահմանափակում են Հայկական բարձրավանդակի արևմուտքը և ավարտվում Միջերկրականի վրա՝ Մերսինում.
նրանք բաժանում են Կիլիկիայի չորս սանջակները՝ Փոքր Ասիայից:
Իր ջրագրական համակարգով ևս Կիլիկիան ամբողջովին առանձնանում է իր երկու հարևաններից և կցված է Հայկական Բարձրավանդակին, քանզի իր երեք գլխավոր գետերի՝ Տարսուսի, Սիհունի և Ջիհունի ակունքները Հայկական լեռներում են ու նրանք թափվում են Ալեքսանդրետի ծոցը: Այդ Ծոցն ինքնին՝ գրկված Հայկական Բարձրավանդակի լեռների երկու բազուկներով, դեպի ծով բնական ելքն է:
Կիլիկիայի պատմությունը նույնն է, ինչ որ ամբողջ Հայկական բարձրավանդակինը։ Լեռնաշխարհի ստորոտին, նա այն պարտադիր անցման կետն է, որի համար ասիական իշխանությունները մարտնչել են: Խեթերի օրոք էր, որ Կիլիկիան առաջին անգամ անկախացավ։
Դարեր շարունակ այն եղել է հզոր թագավորություն, որի դեմ Եգիպտոսի Ռամզեսներն ու Թութմոսներն ապարդյուն պայքարեցին, մինչ այն օրը, երբ նա գրավվեց Նինվեի թագավորների կողմից։
11-րդ դարի կեսերին միայն մեկ անգամ է այս երկիրը նվաճել իր անկախությունը՝ շնորհիվ Հայ ժողովրդի ու Հայ իշխանների, ովքեր, սելջուկների ճնշման ներքո, դեպի արևմուտք քաշվեցին:
Այս Հայոց թագավորությունը գոյատևեց մինչև 14-րդ դարի վերջը, իր սահմաններն առաջ տանելով կամ նահանջելով՝ Բյուզանդական կայսրությանը կամ մահմեդական սուլթանություններին ստիպված աջակցության իր անվերջ մարտերում:
Այս կռիվների ժամանակ նա գրեթե միշտ ապավինում էր Խաչակիրներին ու Լատինական թագավորություններին, որոնք հիմնվել էին Անտիոքում, Ուրֆայում, Կիպրոսում և այլուր. իր կրոնով, առևտրական հարաբերություններով ու պալատական սովորություններով և, հատկապես, արքունական տան ընտանեկան կապերով միշտ կապված Արևմուտքի ժողովուրդներին:
Այն իր անկախությունն ի վերջո, կորցրեց, թուրք-մահմեդական արշավանքների ալիքից։
Մենք չենք պնդի, որ «Սիրիա» եզրույթը երբեք չի եղել քաղաքական արտահայտություն, և որ Սիրիայի թագավորություն չի եղել։
Սելևկյանների թագավորությունը, որը հիմնել է Ալեքսանդրի զորավարներից մեկը՝ Սելևկոսը, հույն էր և բնավ չուներ սիրիական ազգային բնավորություն:
Այսօր Կիլիկիայի պատմության նոր փուլն է սկսվում, այն առավելությամբ, որ ժողովուրդը, որն իր նոր հայրենիքը պիտի հիմնի հինավուրց ավերակների վրա, նորեկ չէ, այլ նու՛յն այն ժողովուրդն է, որն այնտեղ դարեդար բնակվել է, պայքարել ու տառապել, և որը պահանջում է իր Նախնիների Հողին տիրանալու իր իրավու՛նքը:
Նրա այդ պահանջն այսօրվանից չէ, այլ դեռևս ա՛յն օրվանից, երբ նա պարտվել ու հպատակեցվել է: Չմոռանանք, որ Կիլիկիան, ինչպես և առհասարակ ողջ Հայկական բարձրավանդակը, երբե՛ք չի եղել լիովին ենթարկված թուրքական տիրապետությանը։ Մինչև 19-րդ դարի կեսը Հայկական փոքր խմբերը մնացին իրենց լեռների իրական տերերը՝ օսմանյան տիրապետության դեմ հավերժ պայքարով ընդդիմանալով:
Այսպես, վերջին հիսուն տարիների ընթացքում Զեյթունի շրջանի պատմությունը եղել է ճնշող լծի դեմ ապստամբությունների երկար շարք:
Զեյթունցիները 1860 թվականին կռվել են Խուրշիդ-փաշայի 12.000 զինվորների դեմ, 1862 թվականին՝ Ազիզ-փաշայի 35 հազարանոց կանոնավոր ու անկանոն բանակի դեմ: 1896-ին՝ Էդհեմ-փաշայի 40.000 հոգանոց բանակի դեմ։ Եվ, չնայած այս ամենին, մինչև Մեծ պատերազմի սկիզբը Զեյթունը երբե՛ք ամբողջությամբ չի ենթարկվել:
Նա միշտ մարմնավորել է Հայաստանի կենդանի բողոքն ընդդեմ թուրքական լծի, ինչպես նույնն արեցին Սասունցիները՝ Տավրոսի լեռների մի այլ մասում: Չմոռանանք, որ Կիլիկիայում, ինչպես և ամբողջ Հայաստանում, թուրքական կառավարության կողմից պարբերաբար կազմակերպված ջարդերի միակ նպատակն էր արյան մեջ խեղդել Հայության այս բողոքը և բնաջնջել ողջ Հայ ազգը, որը, գիտակցելով իր իրավունքն ու իր վաստակը, համառորեն ձգտում էր անկախության։
Կիլիկիայում մեր աշխարհիկ իրավունքների ևս մեկ պահապան կա՝ Կիլիկիո կաթողիկոսությունը, որը դարերի արյունոտ խժդժությունների ընթացքում, ուներ և դեռևս ունի իր նստավայրը Սիսի ավերակների թագավորական պալատում և սպասում է Հայաստանի կառավարության ժամանմանը՝ դրանք նրանց հանձնելու համար՝ կես միլիոնի հասնող նահատակված բնակչության վերապրածների հետ:
Բնակչության տարբեր տարրերի հարաբերակցությունը Կիլիկյան չորս սանջակներում, պատերազմից առաջ նույնն էին, ինչ ողջ Հայկական բարձրավանդակում: Երկրի հիմնական բնակչությունը կազմված է երեք տարրերից՝ Հայերը, որոնց թիվը ավելի քան 200.000 է, թուրքերը՝ 78.000, թուրքմեններն ու քոչվոր քրդերը՝ շուրջ 60.000:
Մյուս բնակչությունները երկրորդական են՝ 15.000 արաբ և շուրջ 20.000 սիրիացի քրիստոնյա՝ ընդհանուր կես միլիոնից։
Հայաստանի այս բնակչությունը (Հայեր, թուրքեր, քրդեր) բոլորովին տարբերվում է Փոքր Ասիայի բնակչությունից, որի հիմնական տարրերն են թուրքերն ու հույները, և Հյուսիսային Սիրիայից, որտեղ գերակշռող տարրերը արաբներն են, թուրքն ու քուրդը:
Արաբներն ու քրիստոնյա սիրիացիները միասին՝ Քրդական լեռների ու Ամանուսի հյուսիսում, հազիվ բնակչության 7%-ն են կազմում. նույնը՝ չորս սանջակներում, և անմիջական հարակից կազաներում: Մինչդեռ այդ լեռներից 1 կամ 2 կիլոմետր հարավ՝ արդեն արաբական տարրը կեսից ավելին է կազմում:
Ասվածից հետևելով կարող ենք ասել, որ Ամանուսը և Քրդական լեռները կազմում են ա՛յն բնական պատնեշը, ուր շատ հստակ ավարտվել է Սիրիան և սկսել Հայաստանը:
Անկախ այս պատմական, աշխարհագրական և վիճակագրական կապերից, դրանցից բխող այլ պայմաններ են ամուր կապում Կիլիկյան չորս սանջակները Հայաստանի այլ մասերին:
Առաջին հերթին դրանք զգացմունքային նկատառումներն են. մեր վերջին թագավորների նստավայրը՝ մեր վանքերի ու բերդերի ավերակներով ծածկված Հողը՝ մեր անկախությամբ ու մեր դիմադրությամբ նվազած բերդերով, Կիլիկիան մինչ օրս մնում է Հայերի փառաբանման ու քնքշանքի առարկան: Ոչի՛նչ չի կարող խզել նման կապերը. ազգերը ենթարկվում են երբեմն նման խզումների, բայց երբե՛ք չեն հանձնվում: Բացի դա, զգացմունքին գումարվում է նաև Միջերկրածովյան ափամերձ այս գոտին իր Հայկական ներքնաշխարհին ամեն գնով կցելու տնտեսական անհրաժեշտությունը: Իր առևտրի ու արդյունաբերական զարգացման համար մայրցամաքային ընդարձակ վանդակը դեպի ծով ա՛յլ ելքի անհրաժեշտություն ունի:
Հայաստանն անջատելով այս ծոցից, կտրվում են նրա տնտեսական զարկերակները ու խեղդվում է նրա արտադրող ուժը:
Կա նաև ոչ պակաս կարևոր՝ բարոյական գործոնը. Հայերն աշխատասեր են, ակտիվ, արդյունավետ, բայց խրված են իրենց շրջապատող ճակատագրական ճնշման մեջ: Նրանք արիական ազգ են, քրիստոնյա, սակայն՝ խեղդված թուրք-մահմեդական ծովում։
Իր մտքով նա արևմտյան է, բայց ապրում է թուրքի հետ շարունակական կապի մեջ, Թարթառների հետ, այսինքն՝ ամենահետամնաց Արևելքի հետ։
Սա, թերևս, Հայ ժողովրդի վիճակի ամենաողբերգական կողմն է, և հասկանում ենք, որ Հայաստանը ձգտում է իր հոգու ողջ ուժով սերտորեն կապված լինել արևմտյան աշխարհի հետ և անհապաղ ու արագ կապ ունենալ Արևմուտքի հետ:
Այստեղից էլ՝ նրա անհաղթելի ձգտումը դեպի Միջերկրական ծովի լազուրը, որի շնորհի՛վ միայն նա կարող է ազատվել իր ասիական բանտարկությունից: Այս ելքը նրա առջև փակելը կնշանակի նրան հետ մղել դեպի թուրք-մահմեդական աշխարհ, որի բարքերին այլևս չի ուզում ենթարկվել, և որի դեմ նա ստիպված կլինի պայքարել այնքա՛ն ժամանակ, մինչև Միջերկրական ծով տանող այս դուռն իր համար բաց լինի:
Հավելենք, որ Հայերը չեն հավակնում Կիլիկիայում Ադանայի ողջ վիլայեթին։ Մերսինից արևմուտք՝ Իտչիլի շրջանը, ուր Հայկական տարրը հազվադեպ է, կարող է անջատվել»:
karineavetisyan.am/archives/3499?