Հայաստանը չի հասկանում Սփյուռքին, Սփյուռքն էլ չի հասկանում Հայաստանին
19 Դեկտեմբեր, 2021 – Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան < Արտերկրի անկախ հայերը խստիւ կը դատապարտէն Հայաստանի Հանրապետութեան վարչապետի եւ ազգային ժողովի վերջին օրերու կեցուածքները >
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը
-Օրերս ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցությունը բողոքի ցույց է կազմակերպել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության առջև` ընդդեմ ՀՀ իշխանության, որի ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների հետ միասին այրել են նաև ՔՊ-ի դրոշը: Ինչպե՞ս եք սա գնահատում, ինչպե՞ս անել, որ Սփյուռքը Հայաստանի առաջնահերթությունները սպասարկող, աջակցող դառնա, ոչ թե այսպիսի քայլեր իրականացվեն:
-Նախքան Հայաստանին աջակցող քայլերի մասին խոսելը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում կա մի խավ, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցներ են, և կան նրա հակառակորդներ: Այս պայքարը շարունակվում է, և չգիտեմ՝ երբ վերջ կունենա:
Սա պետք է ընդունենք որպես իրողություն, անկախ նրանից, թե ով ում կողմից է, երկու կողմն էլ կա, կամ քննադատում են իշխանություններին, կամ գովաբանում են:
Եթե խոսենք իմ մասին, ապա ես ոչ միայն ներկա, այլ նաև նախկին իշխանությունների ժամանակ միշտ էլ իմ դիրքորոշումը եղել է հետևյալը.
մենք որպես հայրենասեր հայեր, միշտ մեր հայրենիքի կողքին ենք, մեր պետականության, մեր ժողովրդի կողքին ենք՝ անկախ նրանից, թե ով է նախագահը, ով է վարչապետը, որ կուսակցությունից է, էդ մարդուն սիրում եմ, թե չեմ սիրում: Ես ամեն ինչ պատրաստ եմ անելու օգտակար լինելու մեր ժողովրդին:
Օրինակ, ես ամեն ամիս միլիոնավոր դոլարների դեղորայք եմ ուղարկում Հայաստան, թեև գաղտնիք չէ, որ միաժամանակ քննադատում եմ ներկա իշխանություններին:
Հայց դա ինձ համար որևէ պրոբլեմ չէ, ես չեմ զրկելու մեր ժողովրդին այդ դեղորայքից պարզապես որովհետև ինչ-որ մի ղեկավար մարդու հետ համաձայն չեմ: Պետք է այս երկուսն իրարից անջատել:
-Ամեն դեպքում, ճի՞շտ եք համարում ՔՊ դրոշն այրելու ակցիան:
-Դա այդքան վատ չի, որքան եթե որևէ մեկը Հայաստանի դրոշն այրեր: Կուսակցական դրոշը չպետք է համեմատել Հայաստանի դրոշի հետ, Հայաստանի դրոշը սրբություն է բոլորիս համար:
Ինչ վերաբերում է Գլենդելում Հայաստանի հյուպատոսարանի առջև բողոքի ակցիաներին, ապա սա առաջին անգամ չէ, որ զանազան խմբեր այդտեղ ցույց են անում՝ լինի Հայ դատ, լինեն առանձին խմբեր, անհատներ:
Այս պարագայում էլ ես հարց ունեմ, որովհետև հյուպատոսությունը չի ներկայացնում Հայաստանի իշխանություններին, ներկայացնում է մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը: Ես այնքան էլ համաձայն չեմ, որ Հայաստանի դեսպանության կամ հյուպատոսության առջև հայերը ցույցեր անեն, որովհետև ստացվում է, որ դու ցույց ես անում մեր հայրենիքի, մեր պետության դեմ: Այդ ցույցը չպետք է անեն հայկական դիվանագիտական հաստատությունների մոտ:
-Ի՞նչ անել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, գործակցության, առաջնահերթությունների վ:
Սա մի հարց է, որի մասին 30 տարի խոսում ենք, բայց շատ քիչ բան ենք անում այդ ուղղությամբ, որովհետև Հայաստանը չի հասկանում Սփյուռքին: Հայաստանի իշխանություններին այսքան տարի, հիմա էլ միայն հետաքրքրում է, թե որքան փող կարող են հավաքել Սփյուռքից և վերջ:
Իրենց չի հետաքրքրում է, որ Սփյուռքը հսկայական մասնագետներ ունի, որ կարող են օգտակար լինել իրենց խորհուրդներով Հայաստանին, կարող են սփյուռքահայերը հարևաններ ունենալ, գործընկերներ ունենալ, որոնք թեկուզ օտար մարդիկ են, բայց նրանց կարող են համոզել գալ Հայաստանում ինչ-որ ներդրում անել:
Այդ խորհուրդները, այդ կապերը շատ արժեքավոր են, սակայն ՀՀ իշխանությունները երբեք նման բաներով չեն հետաքրքրվել:
Դրանից զատ օրինական մի լուրջ խնդիր կա. վարչապետ Փաշինյանը 3,5 տարի է, որ ասում է՝ մենք պետք է մեր օրենքները փոխենք և թույլ տանք, որ սփյուռքահայերը գան ու ստանձնեն բարձր պաշտոններ:
Լրիվ համաձայն եմ այդ մտքի հետ, բայց եթե վարչապետն իսկապես նման բան ուզում է, կարող է համապատասխան օրենքն ուղարկել խորհրդարան և մեկ օրում այդ օրենքն ընդունել:
Ես երբեք չեմ հասկացել, թե ինչ իմաստ ունի անընդհատ խոսել, խոսել, ասել, որ պետք է թույլ տանք, որ սփյուռքահայերը գան ու ոչ մի քայլ չանել այդ ուղղությամբ: Կամ վարչապետն ինքն էլ իր ասածին չի հավատում, կամ էլ խոսում է, որպեսզի դրական տպավորություն թողնի, թե մտահոգ է սփյուռքահայերի համար մի բան անլով:
Բայց ինչ էլ լինի պատճառը, դա շատ վատ է, որովհետև մենք զրկվում ենք Սփյուռքի ներուժից: Մյուս կողմից Սփյուռքն էլ չի հասկանում Հայաստանին, որովհետև Սփյուռքն իր ամբողջ պատմության մեջ ապրել է օտար երկրներում որպես համայնք:
Իրենք պետականության գաղափարից տեղյակ չեն, հայկական պետականության մեջ չեն ապրել և Հայաստանին նայում են այնպես ինչպես ասենք ամերիկահայերը նայում են ֆրանսահայ համայնքին, լիբանանահայ համայնքին:
Հայաստանն էլ մի համայնք է իրենց համար, բայց Հայաստանը պետություն է: Դա կարևոր տարբերություն է, որը պետք է գիտակցել: Պետք է Հայաստանի ժողովրդի մտայնությունը, Հայաստանի ժողովրդի պահանջները լավ հասկանալ, պետք է հետևել Հայաստանի բոլոր անցուդարձերին, փոփոխություններին: Չի կարելի, որ սփյուռքահայերը Հայաստան գալիս եմ կամ որպես տուրիստ, մնում են լյուքս հյուրանոցներում՝ առանց իմանալու, թե ժողովուրդը ինչ զրկանքներով է ապրում:
www.1in.am/3044861.html?fbclid