Հին հայկական մայրաքաղաք Անին. ի՞նչ գաղտնիքներ կան ստորգետնեայ քաղաքում
2021/12/20 ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ
«Alikonline.ir» – Հազար ու մի եկեղեցիների քաղաք Անին Բագրատունիների թագաւորութեան մայրաքաղաքն է եղել 885-1045 թւականներին։ Այն մասին, որ քաղաքի տակ բազմաթիւ թունելներ ու անձաւներ կան, դեռ հին ձեռագրերում է գրւած։ Ի՞նչ գաղտնիքներ են պահպանւել ստորգետնեայ քաղաքում։ Այս մասին գրում է Sputnik Արմենիայի յօդւածագիր Արմէն Պետրոսեանը:
Անիի մասին առաջին անգամ յիշատակում են պատմիչներ Եղիշէն եւ Ղազար Փարպեցին՝ 5-րդ դարում։ Նրանք այն նկարագրում էին որպէս Կամսարական տոհմի անառիկ ամրոց՝ բլրի վրայ։ Քաղաքն իր անունը ստացել է Անի-Կամախ հեթանոսական ամրոցից եւ բնակավայրից, որը տեղակայւած է Կարինի Դարանաղի շրջանում։ Մատենագիրներն այն անւանում են Դարանաղեաց Անի Մեծ Հայքի Երզնկա նահանգում։ Դարանաղեաց Անին գտնւում է Եփրատի ակունքում, Էրզրումից ոչ հեռու, ժամանակակից Թուրքիայի տարածքում։
Բագրատունիների մայրաքաղաք Անին գտնւում է Ախուրեան գետի կիրճի բարձունքում՝ Հայաստանի եւ Թուրքիայի ժամանակակից սահմանի մօտ։ Պատմաբանները կարծում են, որ այս վայրում առաջին բնակավայրը յայտնւել է դեռեւս 5 հազար տարի առաջ, իսկ ծաղկման շրջանի հասել է 10-11-րդ դարերում, երբ հայոց թագաւորութեան մայրաքաղաքն էր։ Անիի աւերակները՝ հարիւրաւոր հնամենի եկեղեցիներով, զրադաշտական տաճարնեով եւ այլ շինութիւններով, այսօր առանց վերականգնման եւ հոգածութեան են մնացել եւ շարունակում են քանդւել։
Անի քաղաքի տակ եւ դրա մերձակայ ձորակներում յայտնի է ընդհանուր առմամբ 823 ստորգետնեայ կառոյց եւ անձաւ, այդ թւում՝ բնակատեղիներ, դամբարաններ եւ վանքեր, մատուռներ, ջրաղացներ, ախոռներ եւ ջրամբարներ։ Հնաբնակներն ասում էին, որ նոյնիսկ Արաքս եւ Ախուրեան գետերի տակ ստորգետնեայ թունելներ են եղել, որոնցով կարելի էր հանգիստ Արեւելեան Հայաստանից Արեւմտեան Հայաստան անցնել, բայց խորհրդային տարիներին դրանք պայթեցրել են։ Տեղեկութիւններ կան նաեւ հայկական այլ քաղաքների տակ գտնւող ստորգետնեայ կառոյցների մասին։ Ստացւում է, որ դրանցից շատերը, եթէ ոչ բոլորը, սկզբում հողի տակ են կառուցւել եւ միայն յետոյ են ստացել այն վերգետնեայ տեսքը, որը յայտնի է բոլորիս։
Առաջին անգամ «ստորգետնեայ Անին», ինչպէս այն անւանում են տեղի բնակիչները, յայտնաբերւել է 1880-ական թւականներին, ապագայ փիլիսոփայ եւ ճանապարհորդ Գէորգի Գուրջիեւի կողմից, որն իր մանկութեան եւ պատանեկութեան մեծ մասն անցկացրել էր Կարսում:
Երեք տասնամեակ անց՝ 1915թ․-ին, իտալացի հնագէտները պեղումներ կատարեցին եւ հաստատեցին, որ այստեղ ստորգետնեայ վանք է եղել։
Անիի քարայրների առաջին հետազօտութիւնը 1915 թ․-ին կատարել է Դ. Կիպշիձէն, որ 1892 թ․-ից սկսած Անիում պեղումներ իրականացնող յայտնի հնագէտ Նիկողայոս Մառի արշաւախմբի մասնակիցն էր։
1915 թ․-ին նման հսկայական ստորգետնեայ ցանցի յայտնաբերումը որպէս իւրատեսակ հետաքրքրաշարժ մի բան էր ընկալւում, սակայն հազիւ թէ այն ժամանակ որեւէ մէկը կարող է եզրակացութիւններ անել։ Դա հնարաւոր դարձաւ միայն կէս դար անց, քանի որ 1915 եւ 2015 թւականների միջեւ մի շարք հետաքրքիր բաներ եղան, որոնք ստիպեցին, որ ամբողջ աշխարհն իմանայ եւ խօսի ստորգետնեայ քաղաքների մասին։
Կապադովկիայի ստորգետնեայ քաղաքները
1963 թ․-ին Կապադովկիայի Դերինքուիւ աւանի (թուրքերէն Derinkuyu՝ «խորը ջրհոր») բնակիչներից մէկը որոշում է վերանորոգել իր նկուղը։ Քար առ քար քանդում է պատը, շուտով այն փլւում է եւ, ինչպէս հեքիաթում, բացում է մուտք դէպի իսկական ստորգետնեայ թագաւորութիւն։ Դա ոչ ապաստարան էր, ոչ նկուղ, այլ միջանցք, որը տանում էր դէպի հսկայական ստորգետնեայ քաղաք։ Այսօր Դերինքուիւի ստորգետնեայ քաղաքը ամենախոշորներից մէկն է համարւում աշխարհում։
Քաղաքը ծաւալւում է 8 մակարդակի կամ հարկերի վրայ, որոնցից ամենաներքեւինը մօտ 60 մետր խորութեան վրայ է։ Բոլոր «սենեակները» կապւած են թունելներով եւ անցումներով, իսկ թարմ օդի մատակարարումն իրականացւում է խիստ գրագէտ նախագծւած եւ տասնեակ մետրերով տուֆի մէջ փորւած 52 օդափոխութեան հորատանցքերի միջոցով։ Ամենախորը յարկում հասանելի են ստորգետնեայ աղբիւրներն ու առուները։
Հին ժամանակներում քաղաքը կարող էր ապաստան տալ մինչեւ 20 հազար մարդու՝ պարէնի պաշարների եւ ընտանի կենդանիների հետ միասին։ Ներկայումս ուսումնասիրւած է քաղաքի ամբողջ տարածքի ընդամէնը 10-15 տոկոսը։
Այստեղ առկայ էին Կապադովկիայի նաեւ միւս ստորգետնեայ համալիրներում յայտնաբերւած բոլոր անհրաժեշտ յարմարութիւնները՝ բնակելի տարածքներ, օդափոխութեան հորատանցքեր, անասնագոմեր եւ ախոռներ, խոհանոցներ եւ ճաշարաններ, հացի փռեր, ձիթհաններ եւ խաղող ճզմելու մամլիչներ, ամբարներ եւ գինու մառաններ, եկեղեցիներ եւ մատուռներ, ինչպէս նաեւ արհեստանոցներ, որտեղ պատրաստում էին անհրաժեշտ ամէն ինչ։ Ասում են, որ ստորգետնեայ քաղաքում նոյնիսկ գերեզմանոց է եղել։
Դերինքուիւմ եղել է նաեւ դպրոց, եկեղեցի, սննդի հսկայական պաշարներով պահեստներ եւ զինասրահներ: Գիտնականներին խիստ զարմացրել է այն, որ քաղաքի բնակիչները գետնի տակ խոշոր ընտանի կենդանիների ամբողջ հօտեր են պահել։
Ձեռնարկւած էին բոլոր նախազգուշական միջոցները. վտանգի դէպքում մուտքերը փակւում էին հսկայական գլաքարերով։ Թակարդների եւ պատնէշների բարդ համակարգը, որի նմանը կարելի է տեսնել Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմերում, յուսալի կերպով պահպանում էր քաղաքի մուտքը։
Վարկածներից մէկի համաձայն՝ Դերինքուիւի բնակիչները դուրս էին գալիս միայն դաշտերը մշակելու համար, ըստ միւս վարկածի՝ նրանք ապրում էին վերգետնեայ գիւղակում եւ ներքեւում թաքնւում էին միայն արշաւանքների ժամանակ։
Նման քաղաքի կառուցման պատճառը մինչ օրս առեղծւած է մնում եւ վէճի առարկայ է գիտնականների շրջանում: Սկզբում կարծում էին, որ այս ամէնը կառուցել են առաջին քրիստոնեաները։ Յետոյ պարզւեց, որ յոյն պատմաբան Քսենոփոնը այսպիսի քաղաք նկարագրել է դեռեւս մ.թ.ա. 5-րդ դարում։
Այն ժամանակ ենթադրեցին, որ շինւածքը թւագրւում է մ.թ.ա. 8-7-րդ դարերով, իսկ քաղաքը կառուցել են կրակապաշտները։ Այս տարբերակը հաստատում է ստորգետնեայ քաղաքների յիշատակումը զրադաշտականների սուրբ գրքի «Վենդիդադ» մասում։ Պարսկական տիրապետութեան շրջանում (մ.թ.ա. 6-4 դդ.) քաղաքն առաջին անգամ ապաստան է դարձել փախստականների համար։ Եւ միայն հազար տարի անց՝ մեր թւարկութեան 5-րդ դարում քրիստոնեաները սկսել են ստորգետնեայ քաղաքներն օգտագործել կրօնական հալածանքներից թաքնւելու համար։ Հետագայում պարզւեց, որ Կապադովկիայում նման քաղաքները շատ են։
Նեւշեհիր ամրոցի բլրի տակ 2013 թ․-ին ստորգետնեայ քաղաք յայտնաբերւեց, որտեղ քոչւորների ու նւաճողների յարձակումների ժամանակ նոյնպէս կարող էր թաքնւել մօտ 20 հազար մարդ։ Թուրք շինարարների կողմից արւած պատահական գտածօն յանգեցրեց վերջին տարիների կարեւորագոյն հնագիտական յայտնագործութիւններից մէկին։
Շինարարների յայտնաբերած սողանցքը հետազօտողներին հասցրեց դեռեւս 5000 տարի առաջ գոյութիւն ունեցած ստորգետնեայ քաղաք։ Ուսումնասիրութիւնները շարունակւեցին մօտ մէկ տարի։ Քաղաքում բարձրութիւնների տարբերութիւնը գերազանցում է 100 մետրը, իսկ դրա մակերեսը հասնում է կէս միլիոն քառակուսի մետրի: Դա մէկ երրորդով աւելի է, քան մօտակայքում գտնւող Դերինքուիւն։ Պարզւեց, որ այն բնակեցւել է մի քանի հազարամեակ շարունակ՝ Վաղ բրոնզէ դարից մինչեւ Օսմանեան տիրապետութիւն։ Սա աշխարհի խոշորագոյն ստորգետնեայ քաղաքն է, ընդ որում՝ մեծութեամբ երկրորդ ստորգետնեայ քաղաքը՝ Դերինքուիւն, Նեւշեհիրից 29 կմ է հեռու։ Մօտակայ Կայմաքլի քաղաքի հետ միասին սրանք ստորգետնեայ կառոյցների երեք լաւագոյն նմուշներն են։
Կապադովկիայի ստորգետնեայ քաղաքները դեռեւս 19-րդ դարում առաջինը յայտնաբերել է ֆրանսիացի հոգեւորական հայր Ժերֆանիոնը։ Մօտաւորապէս նոյն ժամանակ էլ յայտնի է դարձել նաեւ ստորգետնեայ Անիի մասին։ Եւ ուրեմն, ինչո՞ւ էին հին ժամանակներում գետնի տակ քաղաքներ կառուցում։
Իրանական Նոյը «Վենդիդադում»
Բազմաթիւ վարկածներ կան, թէ ինչի համար է ստորգետնեայ կեանքի կարիքը եղել, ինչի համար էին հին քաղաքակրթութիւնները ճանապարհներ փորում քարի մէջ եւ քաղաքներ կառուցում։ Սակայն ամենաիրատեսականն ու հիմնաւորւածը հետեւեալն է․ բեւեռների տեղափոխութիւնն ու կլիմայի փոփոխութիւններն աւելի թեթեւ տանելու համար։
Դերինքուիւի, Նեւշեհիրի եւ միւս քաղաքների մասին, որտեղ կարող էին տասնեակ հազարաւոր մարդիկ բնակւել, այս վարկածներն ամենահիմնաւորն են։ Նոյնը վերաբերում է Անիին։ Իսկապէս, եթէ ձմեռը երկարում է եւ կէս տարի տեւում, ապա եթէ ոչ ջեռուցում, ոչ բաւարար չափով վառելիք չունես, աւելի հեշտ է այն վերապրել գետնի տակ, որտեղ տաքութիւնն աւելի լաւ է պահպանւում։ Իսկ ստորգետնեայ առւակների եւ ջրհորների առկայութիւնը ցոյց է տալիս, որ ներքեւում երկար ժամանակ են ապրել։ Այդ մասին խօսւում է նաեւ հնագոյն գրաւոր աղբիւրներում։
«Վենդիդադում», որը հին իրանցիների սուրբ գրքի՝ «Աւեստայի» չորս մասերից մէկն է, խօսւում է է Վարայի (աւեստ․՝ «ամրոց, «կալւածք») շինարարութեան մասին։ Ահուրամազդան յայտնում է Յիմէ (Ջամշիդ) արքային, որ նրան կործանում է սպասւում, քանի որ սկզբում սոսկալի ձմեռ ու սով կը լինի, որից կոչնչանան անասունների մէկ երրորդը, իսկ յետոյ ձնհալը ջրհեղեղների կը յանգեցնի։
Ահուրամազդան խորհուրդ է տալիս վարա կառուցել, որտեղ կը թաքցնեն պաշարներ․ «մանր եւ խոշոր անասուններ, մարդկանց, շներ, թռչուններ ու կարմիր այրող կրակներ», ինչպէս նաեւ բոյսեր (այս ամենից՝ «զոյգ-զոյգ»), ջուր անցկացնել այնտեղ, տներ եւ կենդանիների համար տարածքներ կառուցել։ Ըստ մեր ունեցած տւեալների, կլիմայի այդ գլոբալ եւ կտրուկ փոփոխութիւնները տեղի են ունեցել 12 հազար տարի առաջ։ Այն ժամանակ թէ սառցակալումներ են եղել, թէ ջրհեղեղներ։ Նշանակում է, որ Կապադովկիայի այդ քաղաքները, ինչպէս եւ ստորգետնեայ Անին եւ հայկական միւս քաղաքների տակ գտնւող գետնափոր տարածքները, կառուցւել են ոչ թէ 3000 կամ նոյնիսկ 5000 տարի առաջ, այլ գրեթէ երկու անգամ աւելի հին են։
https://alikonline.ir