ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ն․ ՓԱՇԻՆՅԱՆԻ 24․12․2021Թ․ ԱՌՑԱՆՑ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ ՀՆՉԱԾ ԱՐՑԱԽԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄՏՔԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
< Դուն մեր տեղը որոշում չես կրնար առնել, անտարի ու անտառի վարչապետ: >http://lousavor-avedis.org/?p=36441
24․12․2021 տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը, որտեղ նա ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ Արցախյան հիմնախնդրին, հիմնախնդրի հանգուցալուծման հնարավորություններին և առկա իրավիճակին։
Չմանրանալով Նիկոլ Փաշինյանի այլ և այլ ձևակերպումների մեջ, նշենք, որ ՀՀ վարչապետը ուղղակիորեն ակնարկեց, որ այլևս Արցախի հիմնախնդիրը համարում է Ադրբեջանի Հանրապետության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշելիք հարց, որտեղ միանշանակ համոզված է, որ հարցը լուծվելու է Ադրբեջանի օգտին՝ ի վնաս Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի։ Այսպիսով՝ Ն․ Փաշինյանը հրաժարվեց այլևս Արցախյան հիմնախնդրի կարգավորման Հայաստանի Հանրապետության պարտավորությունից, Արցախի և արցախահայության անվտանգության երաշխավորի կարգավիճակից։
Փաստացի ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ՀՀ իշխանությունները բացահայտորեն հրաժարվում են Արցախի Հանրապետության և արցախահայության իրավունքների պաշտպանությունից, գործնականում ընդունելով Ադրբեջանի կողմից շրջանառվող անհիմն «իրավունքները»։
Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախումբը նշվածի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնում և կոչ է անում ՀՀ իշխանություններին հնարավորինս սեղմ ժամկետներում խմբագրել այսպիսի հակապետական հայտարարությունները, հրաժարվել այս տրամաբանության մեջ՝ ցանկացած հայտարարությունից։
Միևնույն ժամանակ, Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախումբը համարում է, որ այն իշխանությունը, որն այլևս ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի և Արցախի հիմնարար շահերը, րոպե առաջ պետք է հեռանան, հնարավորություն տալով այլ ուժերի սրբագրել թույլ տրված սխալները, կառչել Հայաստանի և Արցախի հիմնարար և կենսական շահերի պաշտպանության դիրքերից, հանդես գալ հաշվարկված նախաձեռնողականությամբ արտաքին քաղաքականության մեջ՝ դաշնակիցների հետ նոր որակի հարաբերություններ ստեղծելու, նոր դաշնակիցներ ձեռք բերելու և ՀՀ անվտանգային միջավայրի վրա դրական ներգործություն ապահովելու ուղղությամբ։
Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախումբը մնում է Արցախի և արցախահայության համոզված և հավատարիմ աջակիցը, քաջալերողն ու Արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծման աներկբա պաշտպանը։
Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախումբ
Երևան
25․12․2021 թ․