Ցեղասպանված և աքսորված հայերի ունեցվածքով հարստացած թուրքական գերդաստանի «Pegasus»-ը կսպասարկի Ստամբուլ-Երևան չվերթերը
27 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021 – ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը մոտ օրերս թռիչքներ կսկսի Ստամբուլ-Երևան երթուղով։ Այս մասին, ըստ TRT-ի, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն։
Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ Անկարան շահագրգռված է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Թուրքական կողմը հույս ունի, որ շուտով կկարողանա խաղաղության պայմանագիր կնքել Երևանի և Բաքվի միջև, իսկ թռիչքների բացումը պետք է դյուրացնի բոլոր կողմերի միջև տնտեսական շփումները։
Հիշեցնենք, որ «Pegasus»-ը պատկանում է Թուրքիայի ամենահարուստ ընտանիքներից մեկին՝ Սաբանջըներին, որոնք իրենց կարողությունը դիզել են Կիլիկիայի ցեղասպանված ու տեղահանված հայերի ունեցվածի յուրացմամբ։
Վերոնշյալ գերդաստանի անունը կրող Սաբանջը համալսարանում է ուսանել նաև հայ-թուրքական հարաբերություններում հայկական կողմից բանագնաց, ԱԺ փոխխոսնակ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը։
Նյութը՝ Yerkir.am-ի