Վախենամ, որ եթե Նիկոլ Փաշինյանը 40 տարի անց էլ վարչապետ լինի՝ նորից խոսելու է նախկինների մասին․ Հարութ Սասունյան

Վախենամ, որ եթե Նիկոլ Փաշինյանը 40 տարի անց էլ վարչապետ լինի՝ նորից խոսելու է նախկինների մասին․ Հարութ Սասունյան

27 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021 –

Yerevanlur-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում լույս տեսնող «Կալիֆորնիա կյուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

-Պարոն Սասունյան, հավանաբար հետևել եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան առցանց ասուլիսին, որը տարբեր քննարկումների առարկա դարձավ։ Հատկապես արցախյան խնդրի կարգավորման շուրջ նրա գնահատականները Արցախում  որոշակի վրդովմունքի պատճառ են հանդիսացել։ Ի՞նչ դիտարկումներ ունեք իր հայտարարությունների շուրջ։

Անկեղծ ասած վարչապետի հայտարարությունները շարունակում են ինձ հուսահատեցնել։ Վաղուց շատ հստակ է եղել, որ վարչապետը դժբախտաբար երկիր ղեկավարելու կարողություն չունի՝ ոչ միայն խաղաղ, այլ ավելի վատ՝ պատերազմական պայմաններում։ Պատերազմից հետո ամեն օր ավելի նոր դժվարությունների առաջ ենք կանգնում, իրավիճակն ավելի է բարդանում։ Վարչապետի ֆեյսբուքյան մամլո ասուլիսը ևս մեկ հիասթափության առիթ դարձավ, որովհետև նա երկու ժամից ավել խոսեց շատ բաների մասին, բայց ըստ էության, ոչինչ չասող մամլո ասուլիս էր։ Պետք է ասել, որ ինքը հոյակապ խոսող է, բայց մենք խոսելով հարց չենք լուծում։ Մեզ անհրաժեշտ է կարող ղեկավար, որ մեր հարցերը լուծի։ Ես հետևել եմ անխտիր բոլոր պատասխաններին, որոնք իրականության մեջ պատասխան չէին։ Ինքը փախչում է բոլոր հարցերից ու ամեն անգամ մի պատճառաբանություն գտնում։

-Վարչապետը խոսեց  արցախյան  կարգավորման վերաբերյալ իր ստացած վատ ժառանգության մասին։ Ըստ էության՝ մոտեցումն այն է, որ մենք այս պարտությանը միայն իր օրոք չենք հասել, այն ինչ-որ տեղի ունեցավ՝ բանակցվել էր դեռ նախկին իշխանությունների օրոք։

-Դժբախտաբար վարչապետն ու իր կողմնակիցները անընդհատ խոսում են նախկինների մասին։ Մոտ 4 տարի է, որ նախկինները չկան։ Ինքը երբ դարձավ վարչապետ՝ հայտարարեց, որ բանակցությունները սկսելու է զրոյից, ուրեմն ինքն ամբողջությամբ պատասխանատու է վատ հետևանքների համար։ Բայց նա փոխարենը անընդհատ մեղադրում է նախկիններին։ Այս մարդը 4 տարի է վարչապետ է, բայց դեռ խոսում է նախկինների մասին։ Վախենամ, որ նույնիսկ եթե 40 տարի վարչապետ լինի՝ նորից խոսելու է նախկինների մասին։

-Ամեն դեպքում այնպես չէ, որ նախկին իշխանությունները ևս հող հանձնելու շուրջ բանակցություն չեն վարել։ Վարչապետն էլ նշում է, որ 2016-ը աղետալի էր բանակցությունների առումով և որ ապրիլյան պատերազմը հենց այդպիսի բանակցությունների հետևանք էր։

-Ես աղետալի բառը չէի օգտագործի։ Ճիշտ է՝ մենք հողային ու մարդկային կորուստներ ունեցանք, բայց ավելի քիչ, քան Նիկոլ Փաշինյանի օրոք։ Ես այդտեղ աղետալի բան չեմ տեսնում։ Վարչապետը խոսում է այն մասին, որ կա մի փաստաթուղթ, որով որոշվել է, որ հարցը պետք է լուծի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և ոչ Մինսկի խումբը։ Անկեղծորեն ես տեղյակ չեմ այդպիսի փաստաթղթից ու վստահ չեմ, որ այդպիսի փաստաթուղթ կա։ Շուտով մենք նախկին ղեկավարների բացատրությունը կլսենք, թե ինչ է եղել 2016-ին, բայց պետք է նշեմ, որ երեսուն տարի է, որ Մինսկի խումբը բանակցում է  կողմերի հետ ու մի բան հստակ է՝ Մինսկի խումբն անընդհատ ասում է, որ իրենք են պատասխանատու ու երբեք չեն ասել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է բանակցելու։ Ես նաև հիշում եմ, որ ՄԱԿ-ի Ընդհանուր համագումարի ժամանակ ադրբեջանցիները մի բանաձև բերեցին, որին թե Ռուսաստանի և թե՛ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանները կամ քվեին չմասնակցեցին կամ դեմ քվեարկեցին։ Նրանք այդպիսով հաստատեցին, որ հարցը սխալ տեղ է բերվել և որ ՄԱԿ-ը չի զբաղվում այդ հարցով, Մինսկի խմբի հարց է ու դեմ են, որ այն ՄԱԿ-ում արծարծվի։

Վարչապետը մի երկրորդ սխալն է անում՝ասելով, որ 90-ականների սկզբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձև էր վավերացրել՝ ասելով, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Ես այս պահին իմ ձեռքի տակ այդ որոշումները չունեմ, բայց ես չեմ հիշում  այնպիսի ձևակերպում, որով Արցախը պատկանում էր Ադրբեջանին։ Ճիշտ հակառակը՝ այդ բանաձևերի մեջ չկար Հայաստան բառը, կար հայկական ուժեր ասվածը՝ իրականության մեջ նկատի ունենալով Արցախի ուժերը։

Ինչ վերաբերում է նախկիններին ուղղված մեղադրանքներին, ուզում եմ նշել՝ նախկին իշխանությունները բանակցում էին, անում էին  առաջարկներ, բանակցում, խոսում էին իրար հետ։ Ըստ էության՝ բացի 2016-ի քառօրյա պատերազմից, մենք պատերազմ չենք տեսել։ Բայց երբ վարչապետը եկավ իշխանության, անմիջապես հայտարարեց, որ բանակցությունները սկսելու է զրո կետից։ Ես հիշում եմ՝ Ալիևն էլ ասաց, որ Փաշինյանը երեսուն տարվա բանակցությունները ջուրն է գցել ու ահա եղավ պատերազմը։ Կա՛մ պետք էր խոսել կա՛մ կռվել։ Փաստորեն Ալիևը եզրակացրեց, որ խոսելն անօգուտ է և հարցի միակ լուծումը պատերազմն է ու այդպես էլ արեց։

Մարիամ Գրիգորյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail