Մեր Ուղին-ի Հարցրազրույցը Հարութ Քալաջյանի Հետ – ՄԵՐ ՈՒՂԻՆ
28 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021 – ՄԵՐ ՈՒՂԻՆ :
1. Ե՞րբ և ինչո՞ւ հիմնադրվեց Մեր Ուղինը։
-Ուղիղ մեկուկես տարի առաջ՝ այսօր, Մեր Ուղին Գաղափարական Հարթակով և մի խումբ գաղափարական դաշնակցականներով հանդես եկանք հայտարարությամբ, որով ահազանգեցինք Հայ Յեղափոխական Դաշնակցության գաղափարական ուղիի սայթաքվածության նախադրյալները եւ արժեքային գալիք հավելյալ գահավիժման հավանական վտանգները։
2. Մեր Ուղինի գործունեության հատկապես ո՞ր հատվածը կընդգծեք։
-Դժբախտաբար ցարդ մենք չկարողացանք ՀՅԴ գահավիժումը կասեցնել, կամ առնվազն դանդաղեցնել և սակայն՝ մեր գաղափարական վերլուծումներով,պետականամետ ուղղուածությամբ կարողացանք կայքէջը ժողովրդայնացնել հետզհետե բարձրացնելով այն արժեքային բարձր մակարդակի, կենտրոնանալով հատկապես երկրի ինքնիշխանության, ընկերային արդարության, ազատության, Հայաստան-Սփյուռք գործընկերության, Արցախյան պահանջատիրության անձեռնմխելի հիմնախնդիրների վրա, և այդ բոլորին զուգահեռաբար՝ մեր ժողովրդին ապացուցեցինք՝ որ ԻՆՔԸ ճիշտ էր այն գնահատման մեջ, որ իր տասնամյակներով սպասած Դաշնակցությունն այսօրվանը չէ։
3. Ի՞նչ պատկերացնումներով և նախագծերով ՀՅԴ-ն վերադարձավ Հայաստան։
-Անշուշտ առաջնային էր գաղափարականը: Յոթանասուն տարիներ Սփյոռքի մեջ Հ.Յ. Դաշնակցությունը իր գաղափարախոսական պայքարով սովետական կարգերի դեմ սերունդներ դաստիարակեց այն հեռանկարային ակնկալությամբ, որ մի օր Հայաստանի վերանկախացումով պիտի վերադառնար ԵՐԿԻՐ և Քրիստափորի ու Արամի տեսլականով այստեղ ամրագրեր պետական, ինքնիշխան եւ ընկերային արդարության համակարգեր։
Եվ 1991-ին, երբ պատահեց վերանկախացումը, մեծ հույսեր կային, որ Դաշնակցությունը պաշտոնապես մուտք գործելով հայրենիք՝ փուլ առ փուլ կյանքի պիտի կոչեր իր ազգային-հեղափոխական գաղափարախոսությունը և ի վերջո ՓՈԽԵՐ սովետախտով տառապող ժողովրդային հոգեբանությունն ու տրամաբանությունը։
4. Իսկ ինչ կատարվեց վերադարձից հետո: Արդեն նշեցիք, որ ՀՅԴ-ն այլևս այն չէ, ինչ առաջ: Ի՞նչ պատահեց ՀՅԴ-ին:
-Պատահեց այն, որ նեխած կարգերն արմատախիլ անելու փոխարեն ԻՆՔԸ ՓՈԽՎԵՑ ու դարձավ այդ բոլշևիկամետ տրամաբանության լծակների առաջատարը՝ նորելուկ «դաշնակցականներ» ու և իրարահաջորդ ղեկավարությունների դրամապաշտ հանցագործության հետևանքի սկզբունքով։
Եվ այդպես, ժողովրդի ծոցից ծնված ու նրա համար հարյուր տարի զոհաբերած Հեղափոխական/Ժողովրդավար Կազմակերպությունը Հայաստանում՝ հեղափոխական պոռթկումով փողոց իջնող կամ ընտրական տեղամաս հաճախող ԺՈՂՈՎՐԴԻՆ սկսեց անվանել (և շարունակում է այդպես) «ԺԵԽ» կամ ՈՉԽԱՐ:
5. Խոսելով այդ ամենի մասին, հարց է առաջանում, թե ինչպե՞ս ընթացավ ՀՅԴ գործունեությունն ընդհանրապես: Ի՞նչ տրամաբանություն կար:
-Վերջին երկու նախագահների իշխանության մեջ լինեելով, «նոր» Դաշնակցությունը ոչ մի առիթով չբարձրաձայնեց երկրի ինքնիշխանության և ընկերային արդարության օրակարգը: Ոչ մի առիթով չքննադատեց պետական գանձարանը կողոպտող և հաղթանակած բանակը հեղինակազրկող քաղաքական դաւաճանությունը:
Ոչ մի առիթով չընդդիմացավ Արցախի յոթը շրջանները աճուրդի հանած հակամեկթիզական բանակցություններին և փաթեթներին։
Եվ դեռ շատ ավելի՜ն։
Վերջին երկու տարիներին, երբ մեր երկիրը ներքին ու արտաքին գոյության վտանգների էր ենթարկվում (համաճարակ , 44 Օրյա պատերազմ, դաշնակցային ճնշումներ) Հայաստանի Դաշնակցական Կառույցը, գործելով իբրեւ de facto բյուրո, մնաց հավատարիմ սերժոքոչարյանական երկրավաճառ վարգագծին և վերջին Արտահերթ Ընտրություններում, իբրև Քոչարյանի առաջնային լծակ, սպրդեց Խորհրդարան՝ փողոցային պայքարը փոխադրելով այդտեղ։
Նույն այդ ժամանակահատվածում երկիրը ապակայունացնող շարժումին իր մասնակցությանը զուգահեռ, Հայաստանի Դաշնակցությունը ապատեղեկատվական լայնամասշտաբ քարոզարշավներով կարողացավ Սփյուռքյան շարքերի ստվար թվաքանակ ներքաշել երկիրը ցնցող պառակտիչ գործունեության մեջ։
6. Մենք ընդհանուր շոշափեցինք սխալներն ու վրիպումները, իսկ եթե փորձենք կոնկրետ օրինակներով խոսել, ապա ի՞նչ կառանձնացնեք:
-Այս հարցազրույցով, ես չեմ ցանկանում խորանալ ամբողջ Դաշնակցությունը տակնուվրա անող այս դաշտում։ Կասկած չունեմ, որ այդ հարցով պատմությունը հանգամանորեն կտա իր դաժան բայց արդար վճիռը։ Այստեղ կբավարարվեմ սեղմ կետերով ներկայացնել վերջին 3 տասնամյակներում արձանագրված հետևյալ 9 բացթողումները՝
ա) Դաշնակցության անկազմակերպ մուտքը Հայաստան։
բ) Հայաստանյան Կառույցի իշխանատենչության հիվանդագին մարմաջը։
գ) Հայաստանյան Կառոյցի ստանձնած նախարարությունների մեղմ ասած՝ թափթփվածությունը։
դ) 2018-ի Ժողովրդական Ընդվզումին Դաշնակցության բացակայությունը։
ե) 2019-ի Հայաստանյան Կառույցի Ուսանողական (ՆԱՈՒՄ) ջարդը և ընդհանրապես՝ Կանոնագրային չարաշահումները։
է) Սփյուռքի շարքերը վերից վար հրահանգային կառավարման գործելաձևը և դրանք ապատեղեկատվությամբ սնուցելու վարքագիծը։
ը) ԱՄՆ-ի ՀՅԴ Արևմտյան մասում ապակենտրոնացման սկզբունքի խափանումը և դրա իբրև հետևանք շրջանի պառակտումը և Բյուրոյի Արևմտյան անդամի գրեթե աննախադէպ (131 տարվա ընթացքում միայն երկրորդը) ցավոտ հրաժարականը։
թ) Վերջինը ու գուցե ամենապախարակելի բացթողումը Դաշնակցության փախուստն է Ժողովրդավարության եւ Ինքնիշխանության արժեքներից, ինչպես նաև երկրի ինքնիշխանությունյան, ժողովրդավարությության եւ արդարադատության արժեքներից։
7. Խոսելով այսքան վրիպումների ու սխալների մասին, անշուշտ Դուք ևս հայտնվել եք անցանկալի դերում, ինչպես և այն բոլոր կուսակցականները, ովքեր համարձակվել են որևէ առարկություն ունենալ կամ դժգոհություն հայտնել: Ի՞նչ կասեք այս մասին: Ի՞նչ կանխատեսում ունեիք:
-Երբ անցյալ տարվա Հուլիսի 29- ին ինձ հեռացրին ՀՅԴ շարքերից, տակավին հույս ունեի և դեռևս ամիսներ անց Ֆեյսբուքյան իմ էջում Դեկտեմբեր 31-ին գրեցի, որ ՀՅԴ 33-րդ ժողովը Հունվարին պիտի կարողանա ակոսել Նոր Ուղին և անդրադառնա վերջին ավելի քան 20 տարիներին գործված քաղաքական և ներքին կազմակերպական հանցագործություններին։ Դժբախտաբար Ամանորյա մաղթանքը ոչ միայն չմոտեցավ իրականությանը, այլ ընդհակառակը՝ Դաշնակցությունը հավելյալ կոշտությամբ գործեց իր գաղափարախոսության դեմ ու դարձավ մեր ժողովուրդը կեղեքողների պաշտօնական լծակ։ Եվ «նորընտիր» բյուրոն գործեց հաւատարմորեն ամբողջ 3 տարի այդ ԸԺ-ը նիկոլանպատակ Բացման Խոսքին:
8. Եվ այսպես, Նորընտիր բյուրոն ամնեևին այն չէր, ինչ կարելի էր սպասել: Ի՞նչ է լինելու հետո թե կուսակցությունում և թե Հայաստանում:
-Այդ բոլորը, որպես որոշակի հիմնավորում պատասխանիս և եզրակացնում եմ, թէ ինձ համար անվիճելի ՝ այն, որ այսօր, որ ոչ ՀՅԴ-ն և ոչ էլ բոլոր նախկին կառավարման բոլոր մեծ ու փոքր շեֆերը իրենց կուսակցություններով ուշ կամ հարաբերաբար շատ ավելի կանուխ՝ ի վիճակի չեն լինելու իրենց գոյությունը պահել Հայաստանյան քաղաքական խոհանոցին մեջ և պիտի բավարարվեն տխրահռչակ արձանագրություններ պահել մեր պատմության մռա՜յլ էջերի վրա։
9. Եկող տարի նոր բյուրո է ընտրվելու: Ինչ որ սպասելիքներ կա՞ն այդ առումով:
-Գարնան 34-րդ ԸԺ-ին հրաշքին հավասար սպասում, որ գուցե իր գործն ավարտած բյուրոն իր բացման խոսքում գոնե փորձի հասկանալ իր անցած ուղու ականապատված իրողությունը և պետականամետ նոր էջ բանալու խոստումով՝ մեր ժողովրդին հայտնի իր անկե՜ղծ ներողամտությունը։
10. Անկախ նրանից, թե այսօր խորհրդրանն ինչ ուժերով է ձևակերպված, Դուք հավատո՞ւմ եք, որ դաշտը թարմանալու և կարգավորվելու է:
Այսօր անհամեմատելիորեն ավելի կարևոր է այն, որ Հայաստանի քաղաքական դաշտում բարեբախտաբար կան արտախորհրդարանական կառուցողական ուժեր, որոնք վերջին տարիներին ծանր հարված ստացան երկրի քաղաքական սուր երկբեռացման իրողությունից և իբրև գլխավոր հետեւանք՝ չկարողացան ունենալ ժողովրդային անհրաժեշտ խարիսխը։
Բայց ես հավատում եմ, որ գալիք ամիսներում մենք պիտի զգանք ներկայությունը Քաղաքական Նոր Մտածողության, որ հավատարիմ մեր պատմության Ոգուն՝ հաստատ քայլերով դուրս պիտի բերի մեր երկիրը այս խայտառակ և ապակառուցողական մթնոլորտից։
11. Իսկ Դուք բացի հույս ունենալուց նաև նկատո՞ւմ եք նման կերպարների կամ ուժերի:
-Այդ նոր մթնոլորտի ոտնաձայնները արդեն լսում ենք՝ հատկապես 44-օրյայի առաջնագծերում կենաց-մահու կռիվ տված բազմահարյուր երիտասարդության, որ մարտական եղբայրության հավատո հանգանակո՝ օր-օրի հավելյալ միս ու մարմին է ստանում և առաջ քաշում քաղաքական նոր ուղղության ստեղծման հրամայականը, որի մասին տարբեր առիթներով Մեր Ուղին-ի Հարթակում և այլուր՝ խոսել են Հրանտ Տէր Աբրահամյանը, Կայծ Մինասյանը, Հովսեփ Խուրշուդյանը և շատ այլ պետականակենտդրոն վերլուծաբաններ։
mer-oughin.am/2021/12/28/մեր-ուղին-ի-հարցրազրույցը-հարութ-քալա/