ԱՄՆ-ն ամրագրում է Վիլսոնի արբիտրաժը եւ սկսում 44-օրյա պատերազմի հետաքննությունը

ԱՄՆ-ն ամրագրում է Վիլսոնի արբիտրաժը եւ սկսում 44-օրյա պատերազմի հետաքննությունը

28.12.2021 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծում է, որ Հայաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ փոփոխություններ են եղել։ Որպես օրինակ՝ նա նշում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժի ամրագրումը, որը չի հաջողվել իրականացնել 1920 թվականին Հայաստանի թուրք-բոլշևիկյան օկուպացիայի պատճառով։

Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2022 ֆինանսական տարվա ԱՄՆ պաշտպանական բյուջեն, որի 1302-րդ կետը վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը։ ԱՄՆ պաշտպանության բյուջեի մասին օրենքում ասվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը փաստաթղթի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 180 օր հետո պետք է Կոնգրեսին զեկույց ներկայացնի 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին։

Զեկույցը պետք է ներառի ԱՄՆ-ի սպառազինության համակարգերի կամ տեխնոլոգիաների կիրառման գնահատական, հակամարտության օտարերկրյա դերակատարների ներգրավվածության մասին տեղեկատվություն, ներառյալ ռազմական գործողությունների, հարվածների, օտարերկրյա ռազմական տեխնիկայի վաճառքի նկարագրությունը, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ​​ներգրավվածությունը հակամարտությունից առաջ, ընթացքում և հետո, և հակամարտող կողմերի փորձերը՝ հավաքագրելու օտարերկրյա վարձկանների կամ մասնավոր անձանց և ներգրավելու ռազմական կազմակերպությունների։

Բյուջեի տեքստում նշվում է, որ հակամարտող կողմերը պետք է կատարեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով և միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները՝ ներառյալ բոլոր ռազմագերիների և կալանավորված քաղաքացիական անձանց ազատ արձակումը։

Հակամարտության կողմերը պետք է ձեռնպահ մնան ուժի կիրառումից և դրա կիրառման սպառնալիքից՝ վիճելի հարցերին դիվանագիտական ​​լուծումներ գտնելու համար։ Նշվում է, որ ԱՄՆ-ը կհամագործակցի հակամարտող կողմերի հետ՝ կրկնապատկելով իր ջանքերը Մինսկի խմբի հովանու ներքո։

Բյուջեն ուժի մեջ է մտել, և վեց ամսից Կոնգրեսը պետք է լսի Պենտագոնի զեկույցը 2020 թվականի պատերազմի և պատերազմի ընթացքում օգտագործվող օտարերկրյա տեխնոլոգիաների, գրոհայինների և «երրորդ երկրների դիվանագիտական ​​մասնակցության» վերաբերյալ։ Դա կարող է տեղի ունենալ նախքան Հայաստանի խորհրդարանը կբարեհաճի հետաքննել 44-օրյա պատերազմը։

Թե ինչ իրավական եւ քաղաքական հետեւանքներ կունենան Հայաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխությունները, կախված է Երեւանից։ Հայաստանի ներկայիս ռուսակատարածու կառավարությունը եւ խորհրդարանի «ընդդիմությունը» խնամքով լռում են այն ամենի մասին, ինչը կապված է Կովկասում ԱՄՆ-ի և ընդհանուր առմամբ Արևմուտքի հավանական դերի հետ։

Չեն հիշատակվում Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի բանաձեւերը Արցախը ճանաչելու եւ 1994 թվականի իրողություններին վերադառնալու անհրաժեշտության մասին։ Ոչ մի խոսք չկա Միացյալ Նահանգների կողմից 20-րդ դարասկզբին Հայաստանի օկուպացիայի ճանաչման մասին, և որ միակ օրինական փաստաթուղթը, որով կարող է իրականացվել սահմանազատում տարածաշրջանում, դա Վիլսոնի արբիտրաժն է։ Գրեթե չի խոսվում ԱՄՆ պաշտպանական բյուջեի մասին, որը Պենտագոնին պարտավորեցնում է հետաքննել 44-օրյա պատերազմը։

Հայաստանի իշխանությունն ու խորհրդարանի ընդդիմությունն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանի իրավունքները, պահանջները և ցանկացած հնարավորություն թաղվեն ռուս-թուրքական գերեզմանում։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail