Թուրքերը 1990-ական թթ կեսերին հայերին առաջարկում էին երկու գյուղից հեռանալ
01 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – ԳԻՐՔԵՐՈՒ ՀԵՏ:
Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից
2011թ. մի խորհրդաժողովի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ասել է. ՙՀայերը կարծում են, որ հարաբերությունների բնականոնեցումը պարզապես սահմանի բացմամբ և դիվանագիտական հարաբերություններով է պայմանավորվում: Միայն սահմանը բացելով ոչինչ չի փոխվում: Մի ողջ շարք կա հարցերի, որոնք պետք է համալիր լուծման ընթացքի մեջ դրվեն: Իսկ եթե Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա, ուր գրեթե ամեն օր կրակոցներ կան, որևէ բան պատահի՞, փակելու ենք սահմանը նորի՞ց: Այդ պարագայում հարաբերությունների հաստատման և հակամարտության լուծման բոլոր հեռանկարները կտապալվեն տևական ժամանակով: Մենք չենք կարող մեզ թույլ տալ հանուն Հայաստանի հետ հարաբերությունների կորցնել Ադրբեջանը: Մենք խնդրեցինք նախագահ Սարգսյանին, ես քանիցս առաջարկեցի իմ գործընկեր Նալբանդյանին, որպես Ադրբեջանի համար դեմքը փրկելու ժեստ. գրավյալ շրջաններից մեկը կամ երկուսը, օրինակ` Ֆիզուլին և կամ Աղդամը վերադարձնել, որի պարագայում Անկարան պատրաստ կլիներ նույնպես բացելու իր սահմանը: Հայաստանը մերժեց՚:
Հայաստանի 1991թ. անկախացումից ի վեր Թուրքիան ունեցել է 15 արտգործնախարար, 7 վարչապետ և 4 նախագահ, որոնք գրեթե առանց բացառության, հրապարակային ելույթներում և բանակցությունների ժամանակ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու դիմաց պահանջել են, որ Երևանը բավարարի իրենց նախապայմանները և առաջին հերթին` հողային զիջումներ կատարի Ադրբեջանին:
Վահան Փափազյանն արտգործնախարարի պաշտոնում չորս տարիների ընթացքում, հանդիպել է Թուրքիայի հինգ արտգործնախարարի հետ: Նա ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում Անկարան լրջորեն էր տրամադրված. ՙԲայց ավելի կարևոր էր, որ Թուրքիան շատ լուրջ էր ընդունում Հայաստանը` որպես անկախ պետություն: Չեթինի, Սոյսալի, Ինյոնյուի, Բայքալի, Չիլլերի հետ հանդիպումները եղել են բավականաչափ անկեղծ: Հայաստանը և Թուրքիան իրարից թաքցնելու բան չունեն, խնդիրները հայտնի են, դիվանագիտություն խաղալու կարիք չկար: Թուրքիան սահմանները բացելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար շատ ավելի քիչ պահանջներ էր դնում, քան այսօր: Սա փաստ է: Ինչքանո՞վ էր դա անկեղծ: Չեմ կարող ասել՚:
Փափազյանը Չիլլերի հետ հանդիպել է երկու անգամ` 1995-ին Ստամբուլում և 1996-ին Նյու Յորքում: Չիլլերը հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ Թուրքիան կողմ է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, սակայն ունի կարևոր նախապայման` ղարաբաղյան հարցում Հայաստանը պետք է կատարի որոշ դրական քայլեր:
ՙՀոկտեմբերին ՄԱԿ-ում հանդիպեցի Չիլլերի հետ` Թուրքիայի ներկայացուցչությունում: Չիլլերը բառացիորեն ասաց` գրավյալ երկու գյուղից դուրս եկեք, խոստանում եմ, որ սահմանը կբացենք: Ասացի, որ կվերադառնամ, կքննարկենք: Մենք քննարկեցինք Տեր-Պետրոսյանի հետ, որոշեցինք, որ դա անելու բան չէ, որովհետև, նախ` որևէ երաշխիք չկա, որ իրենք դա կանեին, երկրորդ` ինձ մոտ կասկած կար, որ թուրքերն ընդամենն ուզում են փորձել, տեսնել: Չպատասխանեցինք: Որոշ ժամանակ անց արդեն արտգործնախարար չէի՚:
Այս պատմությանը ծանոթ է Հայաստանի հաջորդ արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով Չիլլերի հետ բանակցել է 1997թ. փետրվարի 7-ին` Ստամբուլում` ՍԾՏՀ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում:
ՙՉիլլերն ասում էր` խորհրդաշնական երկու գյուղից դուրս գաք, որ մենք մեր ազերի եղբայրներին ունենանք ասելիք, և մենք պատրաստ ենք սահմանը բացել: Ֆրանսիայի արտգործնախարար Էրվե դե Շարեթը Ստամբուլից Երևան եկավ հատուկ այդ հարցով: Շատ ոգևորված էր, ասում էր նոր գաղափար կա: Օդանավակայանում դիմավորեցի, նա անմիջապես ասաց, որ թուրքերի հետ պայմանավորվել է, երկու գյուղից դուրս եք գալիս, թուրքերը սահմանը բացում են: Նրան թվում էր, որ մենք պետք է ասենք` ի~նչ լավ առաջարկ է: Բացատրեցինք, որ ղարաբաղյան հակամարտությունն ունի տրամաբանություն, միջնորդական առաքելությունը պիտի կարողանա բոլոր հարցերը քննարկել: Դեռ 1993թ. վերջերին այդ մասին նախագահ Դեմիրելն էր Լիպարիտյանին առաջարկել: Այդ տարբերակը մերժվել է, որովհետև դա նախևառաջ բացարձակ ճնշում է: Թուրքիան քո երկրի նկատմամբ իրականացնում է պատերազմական գործողություն` լինելով Մինսկի խմբի անդամ, ակնհայտորեն պաշտպանում է Ադրբեջանին: Երկրորդ, այնպես չէ, որ ամեն միջնորդ իր առաջարկն անի: Պետք է ընդհանուր քննարկել խնդիրը, ընդհանուր լուծում գտնել: ԼՂ-ն պայքարում է իր ինքնորոշման իրավունքի համար, տվեք այդ իրավունքը, մեխանիզմը, մարդիկ կորոշեն մեթոդաբանությունը, ձևը՚,- պատմում է Արզումանյանը:
Երկու գյուղի դիմաց թուրքերը պատրա՞ստ էին սահմանը բացել, թե՞ պարզապես ուզում էին հայերին փորձել: Արզումանյանը բացատրում է. ՙԵթե առաջին քայլը մենք անեինք, ենթադրվում էր, որ ճանապարհը բաց կլիներ մյուս տարածքները պահանջելու համար: Հետո կասեին քսան գյուղ տվեք: Լավ, սահմանը բացեցին, բայց դրանից հետո հազար ու մի հարց է առաջ գալիս: Դա կբերեր նրան, որ այն, ինչ որ Հայաստանը ձեռք էր բերել արյան գնով, մսխում է և դրա դիմաց ոչինչ չի ստանում, բացի նրանից, ինչ որ օրենքն է պահանջում` բաց սահմաններ և դիվանագիտական հարաբերություններ: Դրա համար պետք չէ տարածք զիջել՚:
Քանի որ սահմանը փակ է թուրքական կողմից, Անկարան է հրաժարվում Երևանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, ապա հայկական կողմը անելու շատ բան չուներ, որը կբերեր հայ-թուրքական ճեղքման: Երբ թուրքերը խոսք էին բացում երկու գյուղից հեռանալու մասին, հայերը, վկայակոչելով Նախիջևանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, առաջարկում էին այնտեղ մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանի տարածքով` Երևանից դեպի Նախիջևան տանող երկաթգիծով: Դա նաև արդարացված առիթ կլիներ թուրքական կողմի համար` գործարկելու Կարս-Գյումրի երկաթգիծը, որպեսզի օգնություն հասցվեր Նախիջևանի ադրբեջանցիներին:
Արզումանյանի խոսքերով` ՙԹուրքիայում եղավ իշխանության փոփոխություն: Ընդհանրապես, Թուրքիայում շատ հաճախակի էին իշխանություններ, արտգործնախարարներ փոխվում: Չէիր հասցնում մեկի հետ ինչ-որ հարցում համաձայնության գալ: Նույն ճակատագրին արժանացավ Նախիջևանի երկաթգիծը գործարկելու գաղափարը: Դա սահման բացելու առաջին քայլ կլիներ՚:
Արզումանյանն ասում է, որ Չիլլերից բացի իր արտգործնախարար եղած ժամանակ հանդիպել է նաև Ջեմի և այսօրվա նախագահ Գյուլի հետ: ՙՋեմի հետ զրուցել եմ համաժողովների շրջանակներում: Կիրթ անձնավորություն էր, անձնական զրույցներում շատ ավելի հետաքրքրիր զրուցակից էր: Գյուլի հետ հանդիպել եմ այն ժամանակ, երբ նա ընդդիմություն էր: Խորհրդապահական կերպով խնդրվել էր նման հանդիպում. ես արտգործնախարար էի, Անկարայի հյուրանոցներից մեկում երկու ժամ զրուցել ենք: Իսլամամետ լինելով, նա ավելի պրագմատիկ բաներ էր ասում, քան աշխարհիկները, ովքեր իշխանություն էին՚:
—-
Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ:
aniarc.am/2022/01/01/armenians-and-turks-chapter-turks-ask-to-leave-2-villages/