11 ՆՈՅԵՄԲԵՐ 2015
Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:
-Ի՞նչ քաղաքականություն էր վարում Թուրքիան ցեղասպանությունը վերապրած հայերի նկատմամբ:
-1926-1936 թթ. տասը տարիները Մուստաֆա Քեմալը, նախկին իթթիհադականների անմիջական մասնակցությամբ և նրանց չարաբաստիկ ավանդույթներով, իր միանձնյա իշխանության հաստատման զուգահեռ երկրի բնիկ ժողովուրդների դեմ էթնիկ զտումների իրականացման ու միայն անունով «հանրապետական», իրականում՝ միապետական միավորի վերածման նպաստող քայլերով են առանձնանում։ Այլազգիների նկատմամբ վերաբերմունքի օրինակներն այնքան անհավատալի և դաժան են, որ հատկապես հայերի և հույների հետ տեղի ունեցածը ավելին է, քան աբսուրդը։ Մեր հայրենակիցներն այդ տագնապալից օրերին ոչ միայն մարդու բանականության սահմանագծից անդինի հետ դեմ հանդիման են գտնվել, այլև հանուն իրենց երեխաների ֆիզիկական գոյությունն ապահովելու՝ փորձել են ամեն տեսակի բռնաճնշումներին և ստորացումներին դիմակայել։ 1928 թ. ապրիլի 11-ին բժշկական մասնագիտությունների կիրառման վերաբերյալ օրենք է ընդունվում, որ բժշկի կոչում կարող էր ստանալ բացառապես ազգությամբ թուրքը:
-Որոշումն ուղղված էր թուրքերի բժիշկ դառնալո՞ւն:
-Որոշումն ուղղված էր ոլորտից այլազգիներին վտարելուն և, բնականաբար, առողջապահության ոլորտում քաոս հաստատվեց՝ գրեթե բոլոր բժիշկները ոչ մուսուլման ժողովուրդներից էին: Եթե նույնիսկ հազարից մեկ, մեկ-երկու թուրք բժիշկ կար, հիվանդները նրանց մասնագիտական հմտություններին չէին վստահում: Բայց իշխանությունը կանգ չառավ, Հիպոկրատի երդումը միայն ազգությամբ թուրքերի մենաշնորհը դարձավ։ Քեմալիստական «Ջումհուրիեթի» հայտարարություններում կարելի էր կարդալ, օրինակ, որ Անկարայի ռազմական անասնաբուժության դպրոց ընդունվելու համար պահանջներից մեկը եղել է դիմորդների «թուրք ռասայից» լինելը կամ օդանավային ամենամեծ ընկերություն՝ «Թուրքքուշուի» տնօրինությունը ինքնաթիռի ուսուցիչների հայտարարության մեջ հատուկ ընդգծել էր «անհրաժեշտ է թեկնածուների թուրք ազգից լինելը»:
-Թուրքերի նպատակը՝ առանց աշխատանքի, հետևաբար ապրուստի միջոցների թողնելը՝ բնիկ հողերից հայերին դուրս մղե՞լն էր:
-Միանգամայն: 1929-1930 թթ. 18 ամսում հատկապես Արևմտյան Հայաստանում ապրող հայությանը ստիպեցին իրենց ապրած գյուղերի ամենամոտիկ քաղաքները տեղափոխվել, նրանք ծննդավայրերում ոչ միայն աշխատանքի և գոյատևելու պայմաններ չունեին, այլև, բացի «Թուրքիայից կամովին և անվերադարձ հեռանալը», այլ քաղաքներ տեղափոխվելու իրավունք չունեին։ Այս քաղաքականության պատճառով մեր բնօրրանում ապրող մոտ տասը հազար հայեր ստիպված գաղթեցին Իրաք և Սիրիա:
-Այդ քաղաքականությունը պաշտոնակա՞ն էր, թե՞ վարվում էր առանց բարձրաձայնելու:
-Դատեք ինքներդ։ 1930-ի սեպտեմբերի 18-ին արդարադատության նախարար Մահմուդ Էսադ Բոզքուրթը հայտարարեց. «Թուրքը այս երկրի միակ տերն է, միակ տիրակալը: Զտարյուն թուրք ցեղին չպատկանողներն այս երկրում ունեն միայն մեկ իրավունք` ծառա, ստրուկ լինելու իրավունքը: Անխտիր բոլորը` բարեկամ, թե թշնամի, և անգամ լեռները, թող իմանան այդ ճշմարտության մասին»: Դրանից հազիվ մեկ ամիս անց, 1930-ի հոկտեմբերին` տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքապետի ընտրությունների ժամանակ, նորաստեղծ «Ազատ հանրապետություն» կուսակցության ցուցակներում 6 հույն, 4 հայ և 3 հրեա թեկնածուի պատճառով իշխող ժողովրդահանրապետական կուսակցությունը ոչ մուսուլմանների դեմ ուժգին արշավ սկսեց և կուսակցությունն իր ստեղծումից 99 օր հետո ստիպված ինքնալուծարվեց, սակայն ոչ մուսուլմանների հանդեպ մոլեգնությունը չդադարեց: 1933 թ. հարյուրամյակներ ի վեր Մարդինում գտնվող ասորիների պատրիարքարանը չկարողանալով դիմակայել անմարդկային ճնշումներին, իբր սեփական «համայնքի ցանկությամբ», «նկատվող անհրաժեշտությամբ», «ժամանակավորապես» Սիրիայի Հումուս քաղաք տեղափոխվելու որոշում ընդունեց և այդ օրվանից չի վերադարձել:
-Գործնականում Մուստաֆա Քեմալն անում էր այն, ինչ չհասցրին ցեղասպանության կազմակերպիչ չորս փաշաները:
-Մուստաֆա Քեմալն է ասել. «Առաջ ապրում էինք որպես կրոնական համայնք… Այժմ ապրում ենք որպես թուրք ազգ»։ Սրանով ամեն ինչ ասված է: Բառերով աննկարագրելի այդ ժամանակահատվածում հաստատվում էր «Երջանիկ է նա, ով ասում է` թուրք եմ» կարգախոսով իր արտահայտությունը գտած ռասիստական ասույթը, որը հետո դառնալու է պետության լինելության բանաձևը։
-Եվ ի՞նչ էր այդ «երջանկությունը» նշանակում:
-«Երջանիկ», իրականում՝ դաժան ժամանակներում հայազգի հայտնի դեմքերից մեկը՝ Գրիգոր Պերճ Քերեսթեջյանը (1870-1949), որ թուրքերենի առաջին ծագումնաբանական բառարանի հեղինակ, հայտնի լեզվաբան Պետրոս Քերեսթեջյանի որդին է, երջանիկ պատահականությամբ ու Մուստաֆա Քեմալի առաջարկով ընդունում է «Թյուրքեր» ¥թուրք զինվոր¤ ազգանունը, որից անմիջապես հետո ստանում է պետական պաշտոն ու երեք շրջան անընդմեջ դառնում թուրքական Մեջլիսի Աֆիոնկարահիսարի պատգամավորը (1935-1943): Գրիգոր Պերճ Քերեսթեջյանը եղել է թե՛ հանրահայտ Բանկ Օտոման՝ օսմանյան բանկի, թե՛ «Կարմիր մահիկի» գրասենյակի ղեկավարը: Նա է 1919-ի մայիսին, շոգենավով Սամսուն գնալու ճանապարհին անգլիացիների Մուստաֆա Քեմալի դեմ նախապատրաստած մահափորձի մասին նրան տեղեկացրել և այդ նախազգուշացման համար արժանացել է Քեմալի վստահությանը: Այն աստիճանի վստահելի, որ իբրև պատգամավոր 1938 թ. հայկական Կիլիկիայի գոհարը հանդիսացող Ալեքսանդրետի սանջակի Թուրքիայի Հանրապետության բռնակցման առթիվ իր ԹԱՄԺ-ում ունեցած «պատմական» համարվող ելույթով էլ արժանացել «Հայ, որ փաստում է ինչպես կարելի է նաև թուրք ազգայնական լինել» գովեստին ու մտել այդ պետության պատմության մեջ։
Ալեքսանդրետն իմ ծննդավայրն է, չեմ կարող չպատմել Թուրքիայի Հանրապետությանը բռնակցման առավել քան տխուր պատմությունը։ XI-XIV դարերում Ալեքսանդրետի սանջակի տարածքի զգալի մասը մտել է Կիլիկիայի հայկական պետության կազմի մեջ։ Տարածությունը՝ մոտ 5 հազար քկմ։ Ալեքսանդրետի սանջակը 1915-1918-ին Օսմանյան կայսրության կազմում էր։ 1918-ի նոյեմբերին օկուպացրել էին անգլիացիները, հետո՝ ֆրանսիացիները։ Այստեղ է Մուսա լեռը, ուր 1915-ի հուլիս-սեպտեմբերին հայերի ինքնապաշտպանական հերոսամարտն էր։ 1920-ին Ալեքսանդրետի սանջակը մտցվել էր Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։
1936-ին Թուրքիան Ազգերի լիգայում բարձրացնում է «Հաթայի հարցը», պահանջելով իրեն փոխանցել Ալեքսանդրետի սանջակը, որը Ֆրանսիայի մանդատի ներքո գտնվող Սիրիայի անբաժանելի մասն էր: Թուրքիան այդ տարածքի նկատմամբ իր հավակնություններն էր ներկայացնում դեռևս 1923-ի թուրք-ֆրանսիական համաձայնագրի կնքումից սկսած: Ազգերի լիգայի ճնշման ներքո և Անգլիայի գործուն աջակցությամբ Ֆրանսիան ստիպված եղավ համաձայնվել սանջակի ինքնավարությանը: 1937-ից, ձևականորեն մնալով Սիրիայի կազմում, Ալեքսանդրետի սանջակը անցավ Ֆրանսիայի, հետո Թուրքիայի համատեղ հսկողության տակ։ 1938-ին Ալեքսանդրետի սանջակի օրենսդիր մարմնի ընտրություններով, որ անցան թուրքական կողմի բազմաթիվ կեղծիքներով, հռչակվեց «Հաթայի պետությունը»` թուրք-ֆրանսիական համատեղ վերահսկողության տակ: 1938-ի հուլիսի 5-ին ֆրանսիական իշխանությունների համաձայնությամբ թուրքական զորքերը մտան Ալեքսանդրետի սանջակ։ Իսկ 1939-ի հունիսի 23-ին Ալեքսանդրետի սանջակը («Հաթայի պետությունը») պաշտոնապես լուծարվեց և բռնակցվեց Թուրքիային, ստանալով Հաթայի վիլայեթ անվանումը: Այդ բռնակցման պատճառով հուլիսի 16-23-ը տեղաբնակ 40000 հայեր լքեցին իրենց տունը և հաստատվեցին Սիրիայի այլ շրջաններում ու Լիբանանում: Պաշտոնապես Թուրքիային անցած տարածքում միայն Մուսա լեռան հայկական վեց գյուղերից մեկը մնաց` Վագըֆը, որը մինչ օրս էլ Թուրքիայի Հանրապետության` 780 հազար քառակուսի կմ տարածքի միակ հայկական գյուղն է` 150 բնակչով: 1938-1939-ին տասը ամիս հայկական Քեսաբը ևս գտնվել էր Թուրքիայի իշխանության ներքո, երբ ֆրանսիական իշխանությունը, հաշվի առնելով Եվրոպայում հասունացող պատերազմի անխուսափելիությունը և ցանկանալով հաճոյանալ Թուրքիային, այդ տարածքները հանձնեց նրա գերիշխանությանը:
Քեսաբահայերը չհամաձայնեցին բռնակցմանն ու բողոքի բազմաթիվ նամակներ գրեցին ֆրանսիացիներին: «Հաթայի պետության» ժամանակաշրջանում թուրքական զորքերն ու պաշտոնյաները կազմակերպեցին բռնություններ և զինված բախումներ։ Մեծ թվով քեսաբցիներ գաղթեցին Բեյրութ կամ հանգրվանեցին լեռներում։ Այդ շրջանում Քեսաբ այցելեցին հայ և ֆրանսիացի բազմաթիվ գործիչներ, այդ թվում` պապական նվիրակ, արքեպիսկոպոս Ռեմի Լըփրեթրը: Տեսնելով քեսաբահայերի կացությունն ու գոյամարտը՝ Լըփրեթրը կարեկցում է հայ ժողովրդին և ուղղակի դիմում Հռոմի պապին և ֆրանսիական կառավարությանը խնդրանքով՝ միացնել Քեսաբի շրջանը Սիրիային։ Քեսաբի շրջանի բնակելի մասն անջատվում է Հաթայից (այն էլ Քեսաբի տարածքի միմիայն 2/3-ը) և վերադարձվում Սիրիային։ Այս առնչությամբ պետք է հիշել ու արժանին մատուցել Քեսաբի հարցում ամենամեծ դերակատարությունն ունեցած ախալցխացի հայազգի կարդինալ Գրիգոր Աղաջանյանին, և գիտակցել, որ առանց նրա ջանքերի հազարամյակներ շարունակ հայկական եղած այս տարածքը գոնե թուրքերի ձեռքը չանցավ:
Այնուամենայնիվ, Թուրքիային անցավ Կասիոս լեռը, որի լանջերին էին գտնվում բազմաթիվ քեսաբցիների պատկանող արտեր, պարտեզներ, դափնու անտառներ ու արոտավայրեր։ Սիրիան երբեք չհաշտվեց Ալեքսանդրետի սանջակի կորստի հետ և մինչ օրս էլ իր պետական բոլոր քարտեզներում շարունակում է ներկայացնել որպես Թուրքիայի կողմից անեքսիայի ենթարկված Սիրիայի Արաբական Հանրապետության անբաժանելի մաս: Ալեքսանդրետի սանջակի բռնակցմանը զուգահեռ՝ համարյա նույն ժամանակում, Անկարան զբաղված էր մեկ այլ տարածքում էթնիկական զտման մի նոր ծրագրի իրականացմամբ, որը նորից մեզ էր առնչվում։ Արևմտյան Հայաստանում, բացի հայ բնիկ տարրից, Դերսիմում և շրջակայքում ապրում էր հյուսիսիրանյան մի ժողովուրդ՝ ղզլբաշ ալևի զազաները: Շիականության ծայրահեղ ուղղություններից մեկը հանդիսացող նրանց մարդակենտրոն դավանանքի շնորհիվ դրսևորած վարքագիծը շատ էր տարբերվում Օսմանյան կայսրության սուննի մուսուլմանների մոլեռանդ կրոնի հետևորդ հանդիսացողների ավերիչ մարդատյացությունից: Չորրորդ Հայքի Ծոփաց աշխարհի տարածքում բնակություն հաստատած ղզլբաշ ալևի զազաները երկրի բնիկ դերսիմցի հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ էին։ Դա կարևոր դեր էր խաղացել հայոց ցեղասպանության ժամանակ։ Իրարից քիչ տարբերվող տարբեր աղբյուրների համաձայն, Մեծ եղեռնի տարիներին 30-40 հազար հայ, ամենատարբեր շրջաններից մահից փախել ու ապաստանել էին Դերսիմի ալևի ղզլբաշ զազաների մոտ: Նրանց մի մասը արտաքուստ փոխել էր նաև անունը, կրոնը և ներկայանում էր ալևի ղզլբաշ զազա:
Ցեղապետերից շատերն իրավիճակը պետական իշխանությունների կողմից իբրև քրիստոնյա հայ կասկածվողներին, իբրև յուրային, այսինքն՝ ալևի ղզլբաշ զազա ներկայացնելով կարողացել էին փրկել: Դերսիմի նկատմամբ Օսմանյան կայսրության հատուկ թշնամական վերաբերմունքը ավելի մեծ ծավալներով շարունակվեց հանրապետական Թուրքիայում։ Դերսիմցիների պատմությունից ավանդաբար ժառանգված գրեթե անկախ և որևէ իշխանության չենթարկվող գոյությունը քեմալական իշխանությունների լուրջ մտահոգություններից էր։ Բացի այդ՝ 1915-ից հետո այստեղ էին ծվարել ցեղասպանությունից փրկված տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք շարունակում էին իրար հետ նույն տարածքում ապրել։ ՈՒստի պետք էր դերսիմյան խնդիրը, «մի քարով երկու թռչուն խփելու» եղանակով, իթթիհադականների փորձված գործելաոճով հիմնովին լուծել, հանձին ալևի ղզլբաշ զազաների իսպառ վերացնելով թե ոչ սուննի իրանական այս ժողովրդի և թե այդտեղ ծվարած հայության մնացորդացի մնացորդացը:
-Ինչպե՞ս լուծվեց Դերսիմի խնդիրը:
-Քեմալական իշխանությունները թուրքական զինուժի առաջ դրին Դերսիմի բնակչության ոչնչացման ծրագիր և հենց Մուստաֆա Քեմալի ստորագրած հրամանը: Նրա անմիջական ցուցումներով կազմակերպվեց Դերսիմի ցեղասպանությունը, որի ընթացքում նույնությամբ կիրառվեցին բոլոր դաժան մեթոդները, որոնք հայությունը տեսել էր իր գողգոթայի ճանապարհին: Իրարից խիստ տարբերվող աղբյուրների համաձայն, 1937-1938-ին Դերսիմի ցեղասպանության տարիներին կոտորվել է 80 հազար մարդ, 1/3-ը հայեր, որոնք 1915-ին փրկված և այնտեղ ապաստանածներն ու իրենց զավակներն էին։ Ջարդերից ողջ մնացածներին բռնի աքսորի ենթարկեցին, խմբերով տեղափոխելով Թուրքիայի հատկապես արևմտյան և միջին շրջանները: Այժմ հայտնի է, որ թուրքական իշխանությունների Դերսիմում ցեղասպանություն իրականացնելու կարևոր դրդապատճառներից ամենակարևորը՝ ալևի ղզլբաշ զազաների ժամանակին հայերին ապաստան տված լինելու անհերքելի փաստն էր դրված։
Այս պատմությունը մեզ՝ հայերիս համար ունի առավել քան առեղծվածային կողմ, որ հայրենի հասարակությունը պետք է իմանա անպայման։ Թուրքական իշխանությունների կողմից իբրև վերջապես ճնշված դերսիմյան խռովության առաջնորդ ներկայացվող զազա ալևի ղզլբաշ հոգևորական Փիր Սեյիդ Ռըզայի ձերբակալման ժամանակ իր իրերի միջից հայտնաբերում են խնամքով փաթաթված հայերեն կաշվեպատ ձեռագիր գրքեր և 75 տարեկան ալևորին հարցնում. «Մեզ հայտնի է, որ դու նույնիսկ տառաճանաչ չես, ինչպես հասկանալ այս հայատառ գրքերի նույնիսկ փախուստի մեջ քո մոտ գտնվելը»: Նա ամենայն սառնասրտությամբ պատասխանում է. «Դրանք մեզ մեր պապերից մնացած սրբություններ են, տառերը չենք կարողանում կարդալ, բայց զորությունը զգում ենք»։ Կենդանության օրոք Դերսիմում սուրբ համարվող Սեյիդ Ռըզային հարազատ որդու և 6 ընկերների հետ, 1937 թ. նոյեմբերի 15-ին հայոց երբեմնի ծաղկուն Խարբերդ բերդաքաղաքի հրապարակում կախաղան բարձրացվեց։ Երկաթուղային կայարանի մի սենյակից Մուստաֆա Քեմալը գաղտնորեն հետևում էր մահապատժին։
Դերսիմի ցեղասպանությունը, իբրև Մուստաֆա Քեմալի երկրային կյանքի վերջին երկու տարիներին իրագործված հանցագործություն նրա կենսագրության վերջակետն է։ Հայոց ցեղասպանության ժամանակահատվածում ձեռքերն անմեղ հայության արյան մեջ թաթախած օսմանյան բանակի 34 տարեկան այդ իթթիհադական սպան, 1938 թ. նոյեմբերի 10-ին, հայազգի Պալյանների Բոսֆորի ափին կառուցած ճարտարապետության գլուխգործոց Դոլմաբահչէի պալատում, 57 տարեկանում հեռացավ կյանքից՝ Դերսիմում բնաջնջված անմեղ հայերի արյունը ձեռքերին։
(շարունակելի)
Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ
http://www.irates.am