Ադրբեջանի, ապա՝ Ղազախստանի առաջնորդ հայը Արցախի Աշան գյուղից․ Լևոն Միրզոյան

Ադրբեջանի, ապա՝ Ղազախստանի առաջնորդ հայը Արցախի Աշան գյուղից․ Լևոն Միրզոյան

04 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – < aniarc.am >

Levon_Mirzoyan

Խորհրդային Ադրբեջանը (1920թ․ ապրիլ – 1991թ․) ունեցել է առաջնորդներ՝ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարներ, որոնք չեն եղել ազգությամբ ադրբեջանցի: Դրանց թվում են նաև երկու հայ գործիչներ՝ Լևոն Միրզոյանն ու Ռուբեն Ռուբենովը:

Ռուբեն Ռուբենովը՝ իսկական ազգանունը՝ Մկրտչյան, ծնվել է 1893 թվականին Թիֆլիսում: Ադրբեջանի ղեկավար է եղել մոտ մեկ տարի՝ 1933-ի փետրվարից դեկտեմբեր: Ձերբակալվել է «տրոցկիստական ահաբեկչական կազմակերպությանը» անդամակցելու ամբաստանությամբ և գնդակահարվել 1937-ին:

Լևոն Միրզոյանը ծնվել է 1897 թվականի Լեռնային Ղարաբաղի Աշան գյուղում: Ադրբեջանի առաջնորդ՝ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար է դարձել 29 տարեկանում՝ 1926 թվականի հունվարի 21-ին: Պաշտոնավարել է երեքուկես տարի՝ մինչև 1929-ի օգոստոսի 5-ը: Ստալինի հրամանով ձերբակալվել է և գնդակահարվել 1939-ին:

Միրզոյանը նաև եղել է Ղազախստանի առաջնորդը։

Այս մասին հայկական և ղազախական լրատվամիջոցները հիշեցին Կարագանդայի դեպքերի առիթով։ Մինչ այդ հակիրճ ներկայացնենք վերջին հարյուրամյակում Ղազախստանի քաղաքական պատմությունը։

Նախ՝ Ղազախստանի անունը նախկինում եղել է Ղրղզստան։ 1920 թվականի օգոստոսին Ռուսաստանի կազմում ստեղծվեց Ղրղզական ինքնավար հանրապետությունը՝ Օրենբուրգ մայրաքաղաքով։

1925 թվականին Ղրղզական ինքնավար հանրապետության կազմից Օրենբուրգը և մարզը դուրս բերվեց և մտցվեց անմիջական Ռուսաստանի կազմ որպես նրա մարզերից մեկը։

Նույն թվականին Ղրղզական ինքնավար հանրապետության մայրաքաղաք դարձավ Կըզըլ-Օրդա քաղաքը, իսկ հանրապետությունը վերանվանվեց Ղազախական ինքնավար խորհրդային հանրապետություն։

Չորս տարի անց՝ Ալմա Աթան դարձավ նոր մայրաքաղաք։ 1936 թվականի դեկտեմբերին Ղազախստանը դուրս բերվեց Ռուսաստանի կազմից և դարձավ միութենական հանրապետություն Խորհրդային Միության կազմում։

Այս շրջանում, ավելի հստակ՝ 1933-ից մինչև 1938-ը, Ղազախստանի առաջնորդը եղել է Լևոն Միրզոյանը։

Ուշագրավ է, որ Ղազախստանի՝ որպես առանձին միութենական հանրապետություն ԽՍՀՄ կազմ մտնելը տեղի է ունեցել hենց Միրզոյանի ժամանակ։

2001 թվականին Ղազախստանի անփոփոխ և միակ նախագահ Նուրսուլթան Նազարբաևի արխիվի նախաձեռնությամբ ռուսերենով հրատարակվել է «Լևոն Միրզոյանը Ղազախստանում. փաստաթղթերի և նյութերի ժողովածու (1933—1938թթ․)» հատորը։

Թաթուլ Հակոբյան

aniarc.am/2022/01/04/levon-mirzoyan-azerbaijan-kazakhstan-civilnet/?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail