Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց Ցեղասպանության մասին, 1917 – Արա Սարաֆյանի զրույցը, Մեդիամաքս, 2011թ

Գարտէզ-Հայաստան մեծ Հայք, փոքր Հայք, Կիլիկիա - Map Armenia Greater Armenia, Small Armenia, Cilicia – Carte Arménie Grande Arménie, Petite Arménie, Cilicie

Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց Ցեղասպանության մասին, 1917 – Արա Սարաֆյանի զրույցը, Մեդիամաքս, 2011թ

04 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ: < aniarc.am >

Կոմիտասի ինստիտուտի տնօրեն, պատմաբան Արա Սարաֆյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը

Թալեաթ փաշայ

Ս.թ. ապրիլին Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտը լույս ընծայեց Արա Սարաֆյանի «Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց Ցեղասպանության մասին, 1917» աշխատությունը:

Սա Թալեաթ փաշայի անձնական թղթերում գտնված եւ հայտնի թուրք լրագրող եւ պատմաբան Մուրատ Բարդաքչիի կողմից հրապարակված զեկույցի նոր գնահատականն է: Արա Սարաֆյանի խոսքերով, Թալեաթ փաշայի զեկույցի  Բարդաքչիի վերլուծությունը սահմանափակ բնույթ էր կրում եւ չէր արտացոլում փաստաթղթի իրական բովանադակությունը: Արա Սարաֆյանը պնդում է, որ 1917 թվականի զեկույցը իրականում Հայոց Ցեղասպանության հատուկ գնահատական էր: 

Մեդիամաքս-ը զրուցել է Արա Սարաֆյանի հետ:

– Ի՞նչ կարող եք ասել «Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց Ցեղասպանության մասին» փաստաթղթի վերաբերյալ:

– Զեկույցը հայտնաբերվել է 1982 թվականին Թալեաթ փաշայի անձնական արխիվում` թուրք լրագրող եւ պատմաբան Մուրադ Բարդաքչիի կողմից:  Նա մասնակիորեն հրապարակեց այն 2005 թվականին, իսկ 2008-ին հաջորդեց ամբողջական զեկույցը (բնօրինակի պատճենով): Ես բնօրինակը անվիճելի փաստաթուղթ եմ համարում, չնայած Բարդաքչին իր ներածական մեկնաբանություններում նսեմացրել եւ անգամ խեղաթյուրել է հայերին վերաբերող մասը:

– Ի՞նչ կերպ է զեկույցը փոփոխվել կամ խեղաթյուրվել: 

– Մուրադ Բարդաքչին նախորդում է իր աշխատանքը «Ինչ է պատահել 1915 թվականի ապրիլի 24-ին» նախաբանով եւ կրկնում այն պաշտոնական բացատրությունը, որ օսմանյան հայերը 1915 թվականին «տեղափոխության» են ենթարկվել: Նա հերքում է Հայոց Ցեղասպանության մասին ցանկացած դիտարկում եւ Թալեաթի 1917 թվականի զեկույցին բացարձակապես ոչ սազական անվանում է տալիս: Այնուամենայնիվ, նա նշում է, որ իր կողմից ներկայացվող տեղեկատվությունը բաց է տարբեր մեկնաբանությունների համար:

2005-ին զեկույցի հրապարակումից հետո գլխավոր բանավեճերը «տարվում» էին թուրք պատմաբանների կողմից, որոնք ամեն կերպ մեղմացնում էին զեկույցի կարեւորությունը: Նրանք մատնանշում էին այն փաստը, որ զեկույցը չունի վերնագիր, ամսաթիվ եւ կարող էր գրված լինել ցանկացած մեկի կողմից: Նրանք չէին մեկնաբանում այն հանգամանքը, որ այն Թալեաթի անձնական փաստաթղթերում է հայտնաբերվել, չէին քննարկում այն ավելի լայն համատեքստում եւ չէին առաջարկում իրենց իսկ կողմից բարձրացված հարցերի պատասխանները: Որքան գիտեմ, միայն մեկ անգամ թուրք պատմաբան Ֆուաթ Դունդարը քիչ թե շատ անդրադարձել է զեկույցին:

– Դուք կարծո՞ւմ եք, որ թուրք պաշտոնական պատմաբանները թաքցրե՞լ են Թալեաթի զեկույցը:

– Այո: Նրանք իրենց հարցերն էին բարձրացնում՝ չհիշատակելով այն հանգամանքը, թե որքան խորն էր Թալեաթ փաշան ներգրավված օսմանյան հայերի տեղահանման գործընթացի մեջ եւ թե ինչպիսի արձանագրություններ է հավաքել ընթացքում: Օրինակ, 1917-ի փետրվարին նա մի քանի շրջաբերական է ուղարկել մի շարք նահանգներ՝ հայերի մասին հատուկ տեղեկատվության տրամադրման պահանջով: Թալեաթի զեկույցում առկա տեղեկատվությունը նույն առանձնահատուկ բնույթն ունի, ինչպես տվյալ շրջաբերականի միջոցով իր կողմից հայցվող  տեղեկատվությունը: Հետազոտության մեջ ներառված է տարբեր նահանգներում «բնիկ» եւ «արտաքին» հայերի, ինչպես նաեւ «արտաքին» հայերի ծագման մասին տեղեկատվությունը:

Թուրք պաշտոնական պատմաբաններն, անշուշտ, գիտեն, որ շրջաբերականի  պատասխանները դեռեւս գտնվում են թուրքական արխիվներում, եւ դրանք պարզ ասում են, որ 1917թ. փետրվարին ուղարկված շրջաբերականը առանցքային է եղել Թալեաթի զեկույցի համար: Որոշ տեղեկություններ համապատասխանում էին Թալեաթի զեկույցում տեղ գտած տվյալներին, սակայն դրանց մի մասն էլ թարմացվել է եւ մի փոքր տարբեր էին: Տվյալ արխիվային հետքը «Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց Ցեղասպանության մասին» աշխատության իմ ներածության էությունն է եղել:

– Ինչպե՞ս է 1917 թվականի տեղեկատվությունը վերաբերում Հայոց Ցեղասպանությանը:

– Թալեաթի զեկույցի նախաբանում ամփոփ վերլուծություն է ներկայացված, որտեղ տեղեկությունների լրացուցիչ բաժիններ կան: Կա մի սյունակ, որտեղ ներկայացված է 1914 թ-ին հայ բնակչությունը տարբեր նահանգներում` Օսմանյան վիճակագրության համաձայն: Կա նաեւ մեկ այլ սյունակ՝ կազմված 1917 թվականի հետազոտության արդյունքներով: Այն ցույց է տալիս յուրաքանչյուր նահանգում հայերի ընդհանուր թիվը, որոնք հաշվառված էին այլ նահանգներում: Այս վերջին սյունակը, ամենայն հավանականությամբ, ստեղծվել եւ ներառվել է ամփոփ վերլուծության մեջ հատուկ ցուցումով (հետաքրքրական է, որ չկա մի սյունակ, որտեղ գրված է հայերի ընդհանուր թիվը տարբեր նահանգներում): Ամփոփ վերլուծության մեջ ներառված տեղեկատվության շնորհիվ Թալեաթը կարող էր, օրինակ, տեղեկանալ Իզմիթում 1914-ին բնակվող հայերի քանակի մասին եւ տեսնել, թե Իզմիթի որքան հայեր են մնացել իրենց հայրենի նահանգում կամ որեւէ այլ տեղ Օսմանյան կայսրությունում 1917 թվականին: Այս թվերը թույլ են տվել Թալեաթին հետեւել, թե քանի իզմիթահայեր են բռնագաղթել իրենց հայրենի նահանգից եւ քանիսն են ողջ մնացել (կամ չեն մնացել) 1917 թվականին:

Ճիշտ այդ պատճառներից ելնելով՝ ես որոշեցի առաջին անգամ Մուրադ Բարդաքչիի կողմից հրապարակված՝ Թալեաթի փաստաթղթի իմ վերլուծությունը անվանել «Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց Ցեղասպանության մասին, 1917թ.»: Հարկ եմ համարում նշել, որ ես կտրականապես համաձայն չեմ Մուրադ Բարդաքչիի հետ, ով այդ նույն զեկույցը վերնագրել է «Հայոց բնակչության ընդհանուր քանակը տեղափոխումից հետո (tehcir)»: Եթե զեկույցը «տեղափոխություն» է նկարագրում, ապա կարելի էր ակնկալել, որ տեղափոխվածների մեծ մասը կտեղակայվեր որեւէ այլ վայրում, մասնավորապես՝ տեղափոխման գոտում: Իրականում, օսմանյան հայերի մեծամասնությունը (կոպիտ հաշվարկով՝ ավելի քան 80%-ը) փաստորեն անհետացել է 1914-ի եւ 1917-ի միջեւ ընկած ժամանակահատվածում: Նրանց մեծ մասը, հավանաբար, սպանվել է, իսկ մեծ քանակությամբ կանայք եւ երեխաներ ուղարկվել են մահմեդական ընտանիքներ: Ինչ վերաբերում է մնացած «բնիկ» եւ «արտաքին» հայերին, գուցե նրանց ավելի ճիշտ է անվանել Հայոց Ցեղասպանության «պատանդ  զոհեր»: Նրանք Օսմանյան պետության «խաղալիքները» դարձան, որը խաղում էր նրանց կյանքի հետ եւ ստիպում ձուլվել որպես մահմեդական-թուրքեր: Որոշ դեպքերում, օրինակ՝ Կեսարիա նահանգում, ապացույցները վկայում են, որ նման զոհերի ակտիվորեն ցրել են մուսուլմանական գյուղեր՝ ձուլման համար:

– Եվ այսպես, Թալեաթի զեկույցի համաձայն, քանի՞ հայ է «անհետացել»:

– Զեկույցի համաձայն, 1914 թվականին Օսմանյան կայսրությունում պաշտոնական տվյալներով հաշվարկված էր 1 մլն 112 հազ. 614 հայ: Իհարկե, այս թիվը ճշգրտման կարիք ունի, հատկապես եթե հաշվի առնենք, որ այդ թվականին պաշտոնական մարդահամար չէր անցկացվել: Թալեաթի ամփոփ վերլուծությունն ուշագրավ ծանոթագրություն է ներառում, համաձայն որի, զեկույցում նշված հայերի պաշտոնական թիվը 1914 թվականին չէր ներառում կաթոլիկ հայերին եւ առաքելական ու կաթոլիկ հայերի (չէին ներառվում նաեւ հայ բողոքականները) թիվը ուղղել է ու ներկայացրել 1 մլն 256 հազ. 403: Ծանոթագրության մեջ նաեւ նշված է, որ հայերի ընդհանուր քանակը պետք է հասցվի մոտ 1.5 մլն-ի՝ նրանց թիվը նվազեցնելու տենդենցը հաշվի առնելով: Նմանապես, ծանոթագրություններում նաեւ նշվում է, որ նահանգների «բնիկ» եւ «արտաքին» հայերի քանակը հարկավոր է 284 157-ից հասցնել մինչեւ 350-400 հազար: Այդպիսով, այդ տվյալների համաձայն, 1914 եւ 1917 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում շուրջ 1 մլն 100 հազար հայ է անհետացել:

Իհարկե, այս տեղեկությունները պետք է վերլուծվեն: Առաջին հերթին, պարզ չէ, թե որքան հայ կար Օսմանյան կայսրությունում 1914 թվականին: Բացի այդ, կա շուրջ 40 հազար հայ բողոքականների հարցը, որոնք չեն ներկայացվել Թալեաթի զեկույցում (չնայած նրանք էլ են մեծ մասամբ տեղահանվել եւ սպանվել): Թալեաթի տեղեկատվությունը չի ներառում նաեւ մի քանի շրջանների տվյալներ: Առաջին հերթին դա Ջանիկն է (Սամսոն) եւ Էդիրնեն, որտեղ նույնպես տեղահանումներ էին իրականացվում: Բացի այդ, պարզ չէ, թե քանի հայ է կարողացել փախչել դեպի արեւելք եւ ինչ եղավ նրանց հետ դրանից հետո: Եթե նրանք սովից կամ ցրտից են մահացել, արդյոք չպե՞տք է նրանք եւս համարվեն Ցեղասպանության զոհ:

– Ինչի՞ եք մտադիր հասնել՝ Թալեաթ փաշայի զեկույցը ուսումնասիրելով: 

– Ես փորձում էի գնահատել Թալեաթի զեկույցի կարեւորությունը իբրեւ պատմական փաստաթուղթ: Դա անելուց հետո, ես որոշեցի ներկայացնել զեկույցի տվյալները որպես պաշտոնական դիրքորոշում Հայոց Ցեղասպանության նկատմամբ՝ Օսմանյան փաստաթղթերի համաձայն: Փորձել եմ նաեւ հնարավորության սահմաններում  ներկայացնել, թե ինչպես Օսմանյան կայսրության հայկական տարբեր համայնքներ վերապրեցին այդ ժամանակահատվածը: Ես չեմ փորձում ուսումնասիրել թվերը, դա կարող է արվել ժամանակի ընթացքում:

– Ձեր աշխատության անգլերեն լեզվով հրատարակումից հետո անցել է մոտ երեք ամիս: Ինչպիսի՞ արձագանքներ եղան, հատկապես թուրքական պաշտոնական պատմաբաններից:

– Իմ աշխատանքը շատ ընթերցողների կողմից ջերմորեն է ընդունվել` ինչպես Թուրքիայում, այնպես էլ այլ երկրներում: Այնուամենայնիվ, այն դեռեւս գիտական արձագանք չի ստացել: Երբ Մուրատ Բարդաքչին առաջին անգամ հրապարակեց Թալեաթի զեկույցը, թուրք պաշտոնական պատմաբանների շրջանում համանման անհանգստություն էր տիրում: Անգամ The New York Times-ը իր 2009 թվականի մարտի 8-ի «Ամնեզիայի թիկնոցով ծածկված`Ցեղասպանության մոտ մեկ միլիոն զոհ» (Nearly a Million Genocide Victims, Covered in a Cloak of Amnesia) հոդվածում մեկնաբանել էր այդ «լռությունը»:

– Չե՞ք վախենում թուրք պատմաբանների կողմից ձեր հանդեպ անարդար վերաբերմունքից:

– Ոչ: Յուրաքանչյուր մարդ, ով քննադատում է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը` պետք է պատրաստ լինի նման արձագանքին: Դա գործընթացի մի մասն է: Շուտով Կոմիտասի ինստիտուտը աշխատությունը կհրատարակի թուրքերեն լեզվով, եւ ես դեռեւս հույսեր ունեմ, որ այն առողջ քննարկման առարկա կդառնա:

– Ո՞վ է Թուրքիայի ձեր լսարանը: 

– Մարդիկ են, ում հետաքրքիր է Հայոց Ցեղասպանության խնդիրը եւ ովքեր պատրաստ են քննարկել այն պաշտոնական թուրքական դիրքորոշման սահմաններից դուրս:

– Վստա՞հ եք, որ աշխատության թուրքերեն տարբերակը արդար դիտարկման առարկա կդառնա` հաշվի առնելով այն ծայրահեղական կարծիքները, որոնք արտահայտվել են ձեր հանդեպ որոշակի շրջանակների կողմից:

– Ծայրահեղական հայացքներով մարդիկ կան ողջ աշխարհում: Սակայն իմ լսարանը տարբեր է: Բացի այդ, Թալեաթ փաշայի զեկույցի մասին իմ աշխատանքը բարդ գիտական նյութ չէ: Այն բավական դյուրամարս է եւ հստակ: Դրա հիմնական մասը բաղկացած է Թալեաթի բնօրինակ զեկույցում առկա վիճակագրությունից: Զեկույցի բնօրինակը Բարդաքչիի գրքում հասանելի է ճշգրիտ վերատպության ձեւաչափով  (բնօրինակ օսմանյան տեքստը` թուրքերեն գրադարձությամբ), այնպես որ դրա իսկությունը կասկածի ենթակա չէ: Հայոց Ցեղասպանության վերաբերող այս տեղեկատվությունը ավելի պարզ տերմիններով եմ ներկայացրել` ավելացնելով

երկու էական քարտեզներ: Աշխատության իմ վերլուծությունը տվյալներ է ներառում այն մասին, թե որտեղից է ստացվել տեղեկատվությունը եւ ինչպես է այն օգտագործվել Հայոց Ցեղասպանության մասին Թալեաթի գնահատականներում: Հետազոտությունը հիմնվում է Օսմանյան արխիվային նյութերի վրա եւ կարող է հեշտությամբ հաստատվել Թուրքիայում:

Mediamax

Հուլիս 17, 2011 07:40

Facebooktwitterredditpinterestlinkedinmail