Այսօր Շահումյանի Արծիվ Շահեն Զինավորի Մեղրյանի ծննդյան օրն է – Հավերժ փառք ու պատիվ քեզ՝ ՄԵԾ ՀԱՅՈՐԴԻ

«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»

Սամվել Կարապետյան-ի էջէն

«Այսօր Շահումյանի Արծիվ Շահեն Զինավորի Մեղրյանի ծննդյան օրն է: Հավերժ փառք ու պատիվ քեզ՝ ՄԵԾ ՀԱՅՈՐԴԻ:

01 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:

Սամվել Կարապետյանի առաջին ծանոթությունը Շահեն Մեղրյանի հետ.

«1984 թ. Շահումյան մեկնեցի անսովոր բեռով: Բացի անբաժան ուսապարկիցս՝ Երևան-Շահումյան ավտոբուսի մեջ մի կերպ խցկեցի իրար լավ կապկպած 1,2 x 1,0 մ չափի 12 հատ հաստ ստվարաթուղթ, որոնցից յուրաքանչյուրը նվիրել էի Շահումյանի շրջանի մեկ բնակավայրի և նրանց վրա բացատրագրերով փակցրել տվյալ գյուղի պատմական հուշարձանների լուսանկարները: Մտադրվել էի այդ ցուցանակները նվիրել Շահումյան շրջկենտրոնում գործող պատմաերկրագիտական թանգարանին, որի տնօրենի՝ Մամիկոն Պետրոսյանի հետ ծանոթ էի նախորդ տարվանից և ոգևորված էի ստանձնած գործի նկատմամբ նրա բարեխիղճ ու հոգատար կեցվածքից: …

Ենթադրում էի, որ հարգարժան տնօրենին հաճելի պիտի լիներ պատրաստածս ցուցանակները, քանի որ թանգարանի ունեցածի համեմատ դրանք և ավելի որակով ու մեծադիր էին, և ընդգրկմամբ ու քանակապես ավելի հարուստ: Մեծ եղավ զարմանքս, երբ լուսանկարները դիտելուց հետո կարծես ավելի մտահոգվեց, քան ուրախացավ: Բոլորն աչքի անցկացնելուց հետո ասաց.

-Շատ լավն են, բայց սրանք թանգարանում չենք կարող ցուցադրել:

Ապա քիչ մտորելուց հետո ավելացրեց.

-Այ եթե Միրզոևը թույլ տա, դժվարություն չենք ունենա:

Եվ էլի մի փոքր դիտելուց հետո վճռաբար ասաց.

-Հավաքիր, հենց հիմա միասին գնանք ընկեր Միրզոևի մոտ ու ցույց տանք, գուցեև թույլ տա:

Գործի նման անակնկալ ընթացքից մի քիչ շվարած հավաքեցի բոլորը: Միասին ուղղվեցինք դեպի շրջկոմի շենքը: Ընդամենը մի քանի րոպե սպասելուց հետո քարտուղարուհին մեզ ներս հրավիրեց:

…Ընդարձակ սենյակում երկու հոգի էին՝ նստած խորքում տեղադրված գրասեղանի մոտ: Մեր ներս մտնելու պահին Միրզոևը, որ մյուս ընկերոջ համեմատ թե ավելի տարեց էր և թե ավելի հաղթանդամ, աշխույժով մեզ ընդառաջ եկավ, ձեռքով բարևեց, և հենց ոտքի վրա սկսվեց բերածս ցուցանակներին վերաբերող խոսակցությունը:

Այդ ընթացքում պատի երկայնքով շարեցի 12 գյուղերի անուններով պատրաստված նկարաշատ ցուցանակները: Նույն պահին վեր կացավ նաև Միրզոևի գրասեղանի առջև նստած անձը, որն առաջին հերթին մոտեցավ Գյուլիստան գյուղի հուշարձանները ներկայացնող ցուցանակին և հետաքրքրությամբ սկսեց դիտել նաև մյուսները:

Ապա ոգևորված ու դրվատանքի խոսքերով այնպես միացավ թանգարանում դրանք ցուցադրել-չցուցադրելու հարցի քննությանը, այնպիսի շնչով խրախուսեց ու արժևորեց աշխատանքը, որ ստեղծված մթնոլորտում Միրզոևին մնաց միայն իր բաժին ողջույնի խոսքն ասել:

Թույլտվությունը ստացված էր: Չկարևորվեց նույնիսկ հիմնական «թերությունը» նկարատակերի բացատրականներում՝ ադրբեջաներենի բացակայությունը:

Այնուհետև անծանոթն իր համար մի-երկու հարցումներով պարզեց, որ Խրխափորի ձորում դեռևս չէի տեսել Զինավոր խաչը, ու ինչպես կարգադրություն, ասաց.

-Վաղն առավոտյան ժամը տասին սպասիր հյուրանոցում, միասին գնալու ենք Զինավորի խաչ, հետո էլ մի լավ քեփ կանենք…

Ցուցանակները ձեռքիս՝ հաճելի տրամադրությամբ ես և Մամիկոն Պետրոսյանը դուրս եկանք շրջկոմի շենքից և կարծես հաղթանակած՝ կրկին ուղղվեցինք թանգարան:

-Ընկեր Պետրոսյան, ո՞վ էր այդ համարձակ ու հայրենասեր մարդը, որի միջամտությունն այդպես որոշիչ եղավ,- հարցրի ես:

-Շահեն Մեղրյանը…»:

Սամվել Կարապետյան, Մռավականք, Երևան, 2019, էջ 420-421:

Կարպիս Եսայեան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail