Տոկաևն ամեն ինչ «ճիշտ է հասկացել»․ Ղազախստանը դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից
11.01.2022 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունն ավարտված է, ասել է այս երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ նշելով, որ խաղաղապահ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից և կտևի ոչ ավելի, քան տասը օր։
Տոկաևն ի սկզբանե ասել էր, որ ՀԱՊԿ առաքելությունը լինելու է կարճաժամկետ, մինչդեռ ռուսական կողմը հնչեցրել է առաջարկներ, ինչպես Արցախի դեպքում, զորքերի «անժամկետ» տեղակայման և միութենական պետության մասին։ Սակայն Ժնևում կայացած Ռուսաստան-ԱՄՆ հանդիպումից հետո, որտեղ Ռուսաստանը չկարողացավ պայմանավորվել ԱՄՆ-ի հետ «ՆԱՏՕ-ի չընդլայնման» շուրջ, Տոկաևը հայտարարեց ՀԱՊԿ զորքերը դուրս բերելու մասին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն Տոկաևին անուղղակի մեղադրել էր զորք մտցնելու և առանց նախազգուշացման կրակելու հրաման տալու մեջ։
Տոկաևն ամեն ինչ ճիշտ է հասկացել. Պուտինի մտադրությանը համաձայնությունը՝ «վերականգնելու ազդեցության գոտին նախկինում Խորհրդային Միության կազմում գտնվող երկրների վրա», ինչի մասին խոսում էր ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը, կարող է հանգեցնել Ղազախստանի համար անկանխատեսելի հետևանքների։ «Մենք չենք կարող վերադառնալ ազդեցության ոլորտների աշխարհ։ Դա անկայունության բաղադրատոմս էր, հակամարտությունների բաղադրատոմս՝ բաղադրատոմս, որը հանգեցրեց համաշխարհային պատերազմների», ասել է Բլինքենը:
Տոկաևը դա ընկալեց որպես նախազգուշացում և հայտարարեց ՀԱՊԿ զորքերի դուրսբերման մասին, ինչը հավասարազոր է Ռուսաստանին մերժելուն։ Ավելի վաղ դեմարշ էր արել փոքր, բայց համարձակ Ղրղըզստանը․ հունվարի 10-ին՝ ՀԱՊԿ տեսակոնֆերանսի օրը, Ղրղըզստանի նախագահը մեկ օրով արձակուրդ գնաց ու չմասնակցեց դրան։ Ղրղըզստանի խորհրդարանը դժվարությամբ թույլ տվեց իր զորքերը Ղազախստան ուղարկել:
«ԽՍՀՄ ազդեցության գոտու» մյուս երկրներում տարօրինակ լռություն է։ Հայաստանը չի հայտարարում, որ իր անկախությունը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից 30 տարի առաջ, և ոչ ոք իրավունք չունի իր ինքնիշխանության հարցերը քննարկել «ազդեցության գոտիների» համատեքստում։ Մնացած հետխորհրդային երկրներում նույնպես ֆուտբոլային հանդիպման պես հետեւում են Ռուսաստանի «երկխոսությանը», որտեղ քննարկվում է նեոգաղութային երկրների ճակատագիրը։ Ոչ ոք չբողոքեց Լավրովի խոսքերի դեմ, ով հետխորհրդային հանրապետություններն «անտեր» էր անվանել։
Մինչդեռ Ռուսաստանում և Բելառուսում բաց տեքստով խոսում են միութենական պետության, ղազախական պետականության բացակայության մասին, որը ԽՍՀՄ-ն է նվիրել ղազախներին։ «Եդինայա Ռոսիայի» պատգամավոր Օլեգ Մատվեյչևն ավելի ուշ ներողություն է խնդրել Ղազախստանի մասին իր խոսքերի համար, որտեղ արդեն սկսել են խոսել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։
2020 թվականի դեկտեմբերին արդեն նման սկանդալ եղել էր, երբ Պետդումայի պատգամավոր, տխրահռչակ մոլոտովի նույնքան տխրահռչակ Վյաչեսլավ Նիկոնովն ասել էր, թե Ղազախստանի տարածքը մեծ նվեր է Ռուսաստանից։ Իսկ մեկ այլ պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը կոչ արեց. «Դուք՝ աղքատներ, մեզնից բնակարան եք վարձել, հետո որոշել վիճել մեզ հետ։ Հեռացեք մեր բնակարանից։ Հանձնեք տարածքները և Ղազախստանն Ամերիկայում կառուցեք»: Այն ժամանակ Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա հղեց Ռուսաստանին, և Նազարբաևը հիշեցրեց ղազախական պետականության ակունքների մասին։
Երկու օրից ՀԱՊԿ-ն պետք է դատարկաձեռն վերադառնա։ Քաղաքական վերլուծաբաններն արդեն հիմա ՀԱՊԿ-ն անվանում են միակ ռազմական դաշինքը, որը հարձակվում է միայն ինքն իր վրա։
lragir.am/2022/01/11/692378/