«Մեր Ուղին»-ի Հարցազրույցը Հակոբ Բադալյանի Հետ
12 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Հայաստանում ըստ էության կայացած էր մեկ «ինստիտուտ»՝ կոռուպցիա, եւ հասարակական-քաղաքական կյանքի գերակշռող մասը այսպես, թե այնպես, կամա, թե ակամա կառուցված էր այդ «ողնաշարի» շուրջ: Ողնաշարը՝ որպես համակարգային, ցանցային երեւույթ, այսօր գոյություն չունի, եւ գործնականում բոլոր դերակատարների մոտ առաջանում է շփոթվածություն:
Ի՞նչ ախտորոշում ունեք այսօրվա քաղաքական դաշտի վերաբերյալ:
Հայաստանում քաղաքական դաշտ ասվածն առավելապես ունի ցուցանակային, պայմանական բնույթ: Դրա պատճառները անշուշտ խորքային են: Հայաստանում քաղաքական համակարգի ձեւավորումը ուղեկցվում էր պատերազմով՝ իր վրա կրելով ռազմական բաղադրիչի, տարրի ազդեցությունը: Այդ ազդեցությունը բնականաբար ահռելի էր նաեւ կապիտալի նախնական կուտակման գործընթացի վրա: Այդ համախառն ներգործությունն էլ բերեց նրան, որ Հայաստանում անկախության առաջին տասնամյակում գործնականում հաստատվեց կառավարման ռազմա-ֆեոդալական բնույթի համակարգ: Հաջորդիվ, արդեն երկրորդ տասնամյակը, աչքի ընկավ քրեա-օլիգարխիկ բնույթի հարաբարությունների ձեւավորմամբ, խորացնելով քաղաքականության եւ բիզնեսի սերտաճումը: Քաղաքական դաշտի իմաստով երրորդ տասնամյակը գործնականում իր վրա կրում էր առաջին երկուսի հետեւանքը, ընդ որում արդեն նաեւ իշխող համակարգի համար: Եթե առաջին երկու տասնամյակում քաղաքականության քայքայումը ամրացնում էր իշխող համակարգի դիրքը: Ապա երրորդ տասնամյակում արդեն, թե ներտնտեսական, թե աշխարհաքաղաքական բարդությունների բերումով իշխող համակարգն արդեն իր վրա սկսեց զգալ քաղաքականության քայքայման հետեւանքը, հայտնվեց ներքին ճգնաժամի փուլում, որն ի վերջո հանգեցրեց նաեւ թավշյա հեղափոխության հնարավորությանը: Հետհեղափոխական շրջանում քաղաքական դաշտի վերափոխման հարցում չի եղել էական տեղաշարժ: Այստեղ կան թե օբյեկտիվ, թե նաեւ սուբյեկտիվ պատճառներ: Միաժամանակ, քաղաքական արդիականացման համար իր պատասխանատվությունն ամբողջությամբ չի իրացնում ոչ միայն հետհեղափոխական քաղաքական մեծամասնությունը, այլ նաեւ հասարակական-քաղաքական դերի հավակնորդ ուժերի գերակշռող մեծամասնությունը: Հարկ է նկատել նաեւ, որ քաղաքական արդիականացման հարցում շոշափելի պատասխանատվություն ունի նաեւ բիզնեսը, քանի որ այն եւս պետք է լինի քաղաքական պահանջարկի եւ մշակույթի արդիականացման շահառու: Հետեւաբար, քաղաքական ռեֆորմի արդյունավետությունը թերեւս զգալիորեն պայմանավորված է նաեւ դրան զուգահեռ ու համահունչ տնտեսական ռեֆորմի առկայությամբ:
Վերջին մեկ տարում Հայաստանում քաղաքական առումով աղմկոտ է, բայց ոչ այդքան արդյունավետ: Ի՞նչ է լինելու հետո, երբ խնդիրներն առայժմ կուտակվում են, բայց դեռևս ոչ մի կուսակցություն չի առաջարկում դրանց լուծման կարճաժամկետ և երկարաժամկետ հստակ ծրագրեր:
Հայաստանն ապրում է հետպատերազմյան շոկ բոլոր առումներով, ինչը զգալիորեն նաեւ օբյեկտիվ է: Իրավիճակն ավելի ծանրացնում է այն, որ բավականին շոկային է արտաքին միջավայրը, ընդ որում իրադարձությունների զարգացման այնպիսի վեկտորով, որն ավելի շատ բերում է մարտահրավերների խտացման: Ներկայիս համաշխարհային միջավայրում երկարաժամկետ ծրագրեր կազմելը կարծում եմ դառնում է բավականին սուբյեկտիվ երեւույթ, որովհետեւ չափազանց մեծ է արտաքին ազդեցությունը, իսկ արտաքին զարգացումների վրա Հայաստանի ազդեցությունը՝ գրեթե զրոյական: Այդ իրավիճակում Հայաստանից պահանջվում են օպերատիվ գործողություններ: Այդ թվում թե իշխանությունից՝ որը ներքին ու արտաքին կառավարման համար անխուսափելի պատասխանատու է իր կարգավիճակի բերումով, թե հասարակական-քաղաքական որեւէ դերակատարից: Այդ դերակատարները պետք է լինեն ներքին կյանքում օպերատիվ գործունեության, կոնկրետ մեծ կամ փոքր գործերի ունակ՝ ուղղված թե քաղաքական մշակույթի վերափոխմանը, թե քաղաքական մտքի զարգացմանը: Գործեր, որոնք կլինեն թեկուզ փոքր քայլեր որակապես նոր ինստիտուցիոնալ միջավայրեր ստեղծելու եւ գործնական, անգամ մասնակցային առումով հետաքրքիր կլինեն ոչ միայն Հայաստանի հանրությանն ու սսփյուռքյան շրջանակների, այլ Հայաստանի արտաքին քաղաքական գործընկերների:
2018թ. հեղափոխությունից հետո Հայաստանում կտրուկ սրվեց ներքաղաքական վիճակը և դեռ այն ժամանակ կարծիքներ հնչեցին, որ Հայաստանում դեռևս դեմոկրատիա պարզապես հնարավոր չէ: Հայաստանում դեմոկրատիա կարո՞ղ է լինել:
Հայաստանում դեմոկրատիա կարող է լինել, եւ ոչ միայն կարող է, այլ նաեւ կա: Ընդ որում, Հայաստանի ներքին կյանքը դեմոկրատական համակարգի ամենեւին ոչ ձեւական, այլ գործնականում դրսեւորվող բաղադրիչներ ուներ անգամ հեղափոխությունից առաջ: Հեղափոխությունից հետո իրավիճակը անկասկած գնացել է որոշակիորեն առաջ: Սակայն, ամբողջական դեմոկրատական համակարգի հասնելու ճանապարհը կարծում եմ դեռ երկար է: Կարեւորն այդ ուղղությամբ շարունակելն է: Միեւնույն ժամանակ այստեղ կա թերեւս կարեւոր մի հանգամանք: Դեմոկրատական համակարգ ասվածը որոշակիորեն իհարկե ունիվերսալ է, մյուս կողմից սակայն, այդ համակարգը հաջողությամբ գործում է, երբ էլիտաները կարողանում են ունիվերսալ սկզբունքները ադապտացնել տվյալ հանրության ազգային, պատմական արմատներով եւ հետագծով ձեւավորված մտածողական եւ հոգեբանական առանձնահատկություններին: Այդ խնդիրը, կարծում եմ, մեզանում հասարակական-քաղաքական էլիտաների մակարդակում մեղմ ասած «թերսպասարկված» խնդիր է:
Այն տպավորությունն է, որ մեզ մոտ իշխանությունն ու հասարակությունը մեկուսացած են մեկը մյուսից և անտեղյակ: Կա՞ նման բան: Այդ ամենը ի՞նչ հետևանք է թողնում հասարակական-քաղաքական դաշտի փոփոխությունների վրա:
Կարծում եմ խնդիրը ոչ թե մեկուսացվածությունն է, այլ հենց քաղաքական համակարգի, տնտեսական արդիական համակարգերի, ինստիտուտների չկայացածությունը: Հայաստանում ըստ էության կայացած էր մեկ «ինստիտուտ»՝ կոռուպցիա, եւ հասարակական-քաղաքական կյանքի գերակշռող մասը այսպես, թե այնպես, կամա, թե ակամա կառուցված էր այդ «ողնաշարի» շուրջ: Ողնաշարը՝ որպես համակարգային, ցանցային երեւույթ, այսօր գոյություն չունի, եւ գործնականում բոլոր դերակատարների մոտ առաջանում է շփոթվածություն: Շփոթվածությունը թերեւս հետհեղափոխական Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի առաջնային բնութագրիչներից է: Հետեւանքը իհարկե հասարակական-քաղաքական, պետական կառավարման կայուն արդյունավետության խնդիրն է, որ դրսեւորվում է տարբեր իրավիճակներում տարբեր կերպ:
Հայաստանում կարո՞ղ է լինել համահայկական կուսակցություն: Ավանդական երեք կուսակցությունները շատ երկար ժամանակ է, ինչ ի վիճակի չեն այդ դերը տանելու, ՀՀՇ-ն և ՔՊ-ն փորձեցին դառնալ ազգային ու հասարակական շարժում, բայց շատ արագ վերածվեցին հերթական կուսակցության: Ո՞րն է դրա խորքային պատճառը:
Հայաստանում չի կարող եւ չպետք է լինի համահայկական կուսակցություն: Կարող են լինել համահայկական վերկուսակցական կառույցներ, ֆորումներ, քննարկումների կամ նախաձեռնությունների տարբեր հարթակներ: Քաղաքական կյանքը պահանջում է շատ կոնկրետ սուբյեկտային պատասխանատվության եւ իրավունքների համակարգ, իսկ դա պետությունն է: Այլ համակարգ, գոնե առայժմ չեմ պատկերացնում: Հետեւաբար, քաղաքական գործունեությունը տեղավորվում է կամ այդ, կամ ուրիշ պետական համակարգում: Սա է իմ պատկերացումը, եթե փորձեմ լինել համառոտ: Եթե այստեղ մենք ունենք «հեծանիվ հորինելու» խնդիր, ապա այդ հեծանիվը պետք է լինի ոչ թե համահայկական կուսակցությունը, այլ վերկուսակցական համահայկական գործունակ կառույցների եւ մեխանիզմների ձեւավորումը, որտեղ տարբեր հայացքների եւ պատկերացումների հայաստանյան եւ սփյուռքյան միավորները կկարողանան քննարկել սկզբի համար գոնե մեկ ընդհանուր նպատակ եւ աշխատանք այդ նպատակի շուրջ, առանց այն կուսակցական կամ անձնական շահերի ենթարկելու:
Պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի, բայց Հայաստանի գիտական, մշակութային ու մտավորական խավը որևէ հստակ արձագանք չի տվել եղածին: Նրանց մի մասը քաղաքականությամբ է զբաղված, բայց որպես այդպիսին մենք չտեսանք մտավորական այն հուժկու և սթափեցնող, ճիշտ ուղու վրա դնող գործունեությունը, որ ակնկալվում էր: Ինչո՞ւ: Ո՞րն է այդ լռության կամ պասիվության պատճառը:
Պատճառը երեւի թե մոտավորապես ընկած է այնտեղ, որտեղ ընկած է Հայաստանում քաղաքական դաշտի, ինստիտուցիոնալության բացակայությունը: Հայաստանում բոլոր «խավերը» տարիներ շարունակ ենթարկեցվել են մեկ նպատակի՝ կոռուպցիոն համակարգի, համակարգային կոռուպցիայի կենսագործունեության ապահովում եւ այդ միջոցով կառավարող համակարգի վերարտադրության առավելագույն անաղմուկ մեխանիզմի ձեւավորում: Այդ ընթացքում սակայն աշխարհը մեր շուրջ փոխվում էր կայծակնային արագությամբ, եւ այդ թվում փոխվում էին նաեւ մեզ անմիջապես սպառնացող մարտահրավերները թե ծավալով, թե ուժգնությամբ, թե որակով: Բայց, պետության մեջ չկային ինստիտուտներ, որոնք կարձագանքեին այդ փոփոխությանը, կահազանգեին, կձեւավորեին հանրային կարծիք եւ ըստ այդմ քաղաքական պատասխանատվության միջավայր: Կային անհատներ, մի քանի փոքր միավորներ, ինչը սակայն բավարար չէ շոշափելի արդյունքի համար: Ի վերջո, Հայաստանում կա նաեւ այդ «ճիշտ ուղու» մասին պատկերացման ճգնաժամ: Հաճախ ճիշտ ուղի է դիտվում առավել խրոխտ եւ ակադեմիական ոճով ու հռետորաբանությամբ փաթեթավորված, սակայն իմաստով ընդամենը բաժակաճառը: «Ճիշտ ուղու» համար պետք է հասկանալ այն ուղին, որով ընթանում է այսօր աշխարհը տեխնոլոգիական, ռազմա-քաղաքական, աշխարհ-տնտեսական առումներով: Մինչդեռ, եթե հետեւենք հայաստանյան «դիսկուրսին», այստեղ քննարկվող անելիքների առումով ավելի շատ նկատվում է այդ ամենից կտրվածություն, ստեղծելով տպավորություն, թե Հայաստանը կարող է զարգանալ այդ ամենից կտրված, այդ ամենին անհաղորդ, առանց այդ ամենում արժեքավոր եւ խորը գործընկերության: Առավելագույնը, որ տեսնում ենք, ընդամենը վատ բարեկամին լավ բարեկամով, կամ վատ դաշնակցին լավ դաշնակցով փոխելու մասին դատողություններ են: Այսինքն, չկա լռություն, չկա պասիվություն, իմ գնահատմամբ: Կա պարզապես միջազգային, համաշխարհային կյանքից կտրվածություն: Սա եղել է անկախ Հայաստանի գլխավոոր խնդիրներից մեկը, եւ շարունակում է լինել:
Պատերազմից սկսած մինչ օրս, հասարակությունը բավական կարևոր բաների մասին լուրեր ստանում է առաջին հերթին անհատ մարդկանցից, ինչ որ կազմակերպություններից, իսկ պետական կառույցները կամ չեն մեկնաբանում, կամ լռում են: Ինչո՞ւ է այդպես: Ու երբեմն պատահում է, որ այդ անհատ անձանց հաղորդած տեղեկությունները հետո հաստատվում են: Դա կարո՞ղ է Հայաստանում տեղեկատվական ճգնաժամի հասցնել:
Տեղեկատվական անվտանգության տիրույթը այսօր չափազանց նուրբ եւ զգայուն տիրույթ է: Եվ դա ոչ պատերազմից հետո, այլ ընդհանրապես թերեւս վերջին տասնամյակում, երբ աշխարհհում չափազանց լայն ընդգրկում ստացան սոցցանցային հարթակները, որտեղ հորդում է անվերահսկելի տեղեկատվություն: Տեղեկատվական անվտանգության կառավարման խնդիրը երբեմն կարող է ենթադրել որեւէ տեղեկատվության հանրայնացման ժամանակային «ճկունություն»: Խոսքը հանրությունից տեղեկատվություն թաքցնելու մասին չէ, այլ տեղեկատվության մատուցման կառավարման, հաշվի առնելով, որ բաց տեղեկատվական միջավայրը մշտապես խոցելի է մանիպուլյատիվ ներգործության տեսանկյունից: Թեման բավականին բարդ է ընդհանուր ձեւակերպումներով անդրադառնալու համար եւ թերեւս յուրաքանչյուր օրինակ պահանջում է առանձին մեկնաբանություն: Կրկնեմ, տեղեկատվություն թաքցնելը անկասկած անթույլատրելի է, սակայն անթույլատրելի է նաեւ պատերազմող երկրի պարագայում տեղեկատվական ալիքների անկառավարելիությունը: Մեծ հաշվով, 21-րդ դարում հարաբերական իմաստով անշուշտ, բայց գրեթե ոչինչ թաքուն չի մնում անգամ համացանցերն անջատող պետությունների պարագայում:
Կարծիքներ կան, որ պատերազմի ժամանակ հարկավոր էր տեղեկատվությունը փակի տակ պահել և հսկել ողջ ինֆորմացիան, որ գալիս և գնում է: Դուք համաձա՞յն եք դրան որպես արտակարգ իրավիճակներում կիրառվող գործիք:
Նախորդ հարցի պատասխանում կարծես թե որոշակիորեն անդրադարձա այդ թեմային: Այո, պատերազմի պարագայում տեղեկատվական անվտանգության խնդիրը դառնում է բացարձակ անհրաժեշտություն եւ այն ենթադրում է արտակարգ մոտեցումներ: Չպետք է մոռանալ, որ պատերազմը առացվել թեժ արտահայտվելով մարտի դաշտում, այդուհանդերձ բավականին կոշտ եւ խաղի դաժան կանոններով ծավալվում է նաեւ այլ, այդ թվում քարոզչական, տեղեկատվական տիրույթում:
Հայաստանում հիմա ակտիվորեն շրջանառվում է հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Մի կողմ թողնելով արտաքին շերտի կարծիքները, ի՞նչ վերաբերմունք ունեք Դուք: Որո՞նք են այդ հարաբերությունների իրական խնդիրներն ու դժվարությունները:
Հայ-թուրքական հարաբերության խորքային խնդիրը անշուշտ ցեղասպանության փաստն է: Դրան ավելացել է Արցախի դեմ 44-օրյա պատերազմում Թուրքիայի մասնակցության փաստը: Միայն այդ երկու հանգամանքը բավարար են պատկերացնելու համար, թե ինչ բարդ «մեխանիկա» է հայ-թուրքական հարաբերություն ասվածը: Դրան գումարվում են նույնքան բարդ ռեգիոնալ, ընդհուպ աշխարհաքաղաքական նշանակության գործոններ, որոնք շատ չթվարկելու համար ի մի բերեմ մի հարաբերական շրջանակի մեջ՝ ԱՄՆ-Ռուսաստան բարդ հարաբերություն եւ պայքար աշխարհակարգային նոր ստատուս-քվոյի համար: Այդ ամենով հանդերձ, կարծում եմ հայ-թուրքական հարաբերության կարգավորման, նվազագույնը հայ-թուրքական ուղիղ խոսակցության ուղղությամբ աշխատանքը Հայաստանի համար ներկայումս ունի կարեւորություն անվտանգային եւ արտաքին քաղաքական ճկունության տեսանկյունից: Անկախ այն ծանր գործոններից, որ հայ-թուրքական հարաբերության հարցում առանցքային խնդիրներն են, անկախ Թուրքիայի հանդեպ վերաբերմունքից, Հայաստանին անհրաժեշտ է իրավիճակի սառը, սառնասիրտ գնահատում: Այդ դեպքում պարզ է, որ կա ռեգիոնալ ահռելի գործոն՝ Թուրքիա: Հայաստանն ի վիճակի չէ եւ տեսանելի ապագայում ի վիճակի չի լինելու միայնակ հակազդել այդ գործոնից բխող սպառնալիքները: Հետեւաբար, Հայաստանը մնում է որեւէ ազդեցիկ երրորդ ուժի «խնամքի»: Ես հիմա չեմ էլ ուզում խոսել կոնկրետ անվանումներով, մասնավորապես Ռուսաստանի մասին, անիմաստ պատրանքի մասին՝ թե Ռուսաստանը ամբողջապես երաշխավորելու է Հայաստանի անվտանգությունը, այն դեպքում, երբ առնվազն միջնաժամկետ հեռանկարում իր առանցքային գործընկեր է դիտարկում թե Թուրքիային, թե Ադրբեջանին: Այդ ամենի մասին ինքս խոսում եմ դեռեւս 2012-13 թվականներից, երբ Հայաստանում դրա մասին միայն «20-30 մարգինալներ» էին խոսում, ինչպես ասում էր Հայաստանի նախկին նախագահներից մեկը: Ես այժմ շատ չծավալվելու համար խոսում եմ զուտ «մեխանիկայի» մասին: Չկա որեւէ երրորդ ուժ, որը կերաշխավորի Հայաստանի ամբողջական անվտանգությունը այն ռիսկերի առումով, որ մեզանում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ տարաբնույթ առիթներով ու պատճառներով ձեւավորված է թուրքական գործոնի հանդեպ: Հետեւաբար, անվտանգային հարցում շարունակելով աշխատանքը երրորդ ուժերի հետ՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Իրան, Ֆրանսիա, մենք այդուհանդերձ ունենք անմիջական սպառնալիքի աղբյուրի հետ ուղիղ հարաբերվելու անհրաժեշտություն: Դա եւս բացարձակ երաշխիք չէ, բայց, եթե անգամ փոքր, այդուհանդերձ հավելյալ միջոց է, այդ թվում նաեւ Թուրքիայի եւ որեւէ երրորդ երկրի առեւտրի «մանրադրամ» դառնալու ռիսկերը նվազեցնելու համար: Միաժամանակ, աշխարհաքաղաքական եւ աշխարհնտնտեսական զարգացումները կարող են Հայաստանի հետ հարաբերության հարցի արժեքը բարձրացնել նաեւ Թուրքիայի համար, թեկուզ որեւէ երրորդ երկրի հետ նրա հարաբերության բարդություններով կամ խնդիրներով թելադրված: Մենք այդ իմաստով պետք է մեզ համար բաց պահենք բոլոր իրավիճակներին արձագանքելու հնարավորություն ու կարողություն: Այդուհանդերձ, այդ հանգամանքներին սառը նայելով հանդերձ, մենք պետք է նույնքան սառը լինենք նաեւ հակառակի հարցոււմ եւ չունենանք պատրանքներ հայ-թուրքական հարաբերության թե կարգավորման գործընթացի, թե արդյունքի տեսանկյունից: Պետք է պատրաստ լինել բավականին ծանր ու բարդ աշխատանքի:
Հայ հասարակությունը հիմա բավական մեծ շփոթմունքի մեջ է գտնվում, մինչդեռ հիմա շատ մեծ սառնասրտություն է պետք, մանավանդ, որ մեր առաջ ոչ թե մանր խնդիրներ են այլ դարաշրջան ամբողջացնող, նոր հորիզոններ բացող: Մենք ինչպե՞ս ենք կարողանալու որպես հասարակություն հասկանալու մեր առջև դրված իրական խնդիրները, դրանց էությունը:
Որեւէ հասարակություն ինքն իրենով չի հասկանում ոչինչ: Այդ առաքելությունն ու պատասխանատվությունն այն շրջանակների վրա է, որոնք իրենց համարում են հասարակական-քաղաքական վերնախավ կամ հավակնում են լինել այդպիսին, որոնք հանրային կարծիք են ձեւավորում: Միաժամանակ, ինչպես ավելի վեր պատասխաններում անդրադարձա, վերնախավի՝ էլիտայի խնդիրը միայն խոսելը չէ, եթե անգամ խոսվում է շատ հրապուրիչ մի բանի մասին կամ ահազանգում են էական վտանգի մասին: Խոսքից ոչ պակաս, վերնախավի հատկանիշը պետք է լինի կոնկրետ եւ համոզիչ գործը: Ընդ որում՝ սեփական ուժով: Այսինքն, վերնախավը՝ որեւէ վերնախավ կամ այդպիսին հավակնող, «չպետք է ասի, թե՝ ահա, ես ասացի, իսկ ոչ ոք չլսեց ու չմիացավ, այ եթե ինձ միանային տասնյակ հազարներ կամ հազարներ, ես դա կանեի»: Այսօր այդպես կարող են բոլորը: Այդ պատճառով եմ նշում, եթե մեծ-մեծ խոսելով հազարներ կամ տասնյակ հազարներ չեն միանում, դա նույնիսկ առողջ արձագանք է: Որովհետեւ 21-րդ տեղեկատվական դարում մեծ մեծ եւ անգամ խելոք-խելոք խոսելը բարդ չէ: Հետեւաբար, վերնախավերի խնդիրը այսօր թեկուզ մեծ խոսքին զուգահեռ փոքր գործերով հանրության հետ հարաբերվելն է: 21-րդ դարի մարդուն փոքր գործը կհամոզի, մեխ խոսքը՝ այլեւս հազիվ թե:
Ի՞նչ ենք մտածում մենք Արցախի հարցով: Թեզերը տարբեր են՝ Արցախը՝ ՀՀ մաս կազմելուց սկսած մինչև Ադրբեջանի կազմ մտնելը: Թե դիվանագիտորեն, թե՛ հոգեբանորեն մենք ի՞նչ վիճակում ենք հիմա:Հատկապես երբ ԱԺ վերջին հայտարությունը որոշակի պատճառահետևանքային իրադրություն է ստեղծում:
Արցախի հարցում փլվել է հայկական քաղաքականության ամբողջ ճարտարապետությունը: Բայց, դրանով հանդերձ ակնառու է դարձել նաեւ, որ այդ կառույցը մեղմ ասած «սեյսմակայուն» չէր: Հայաստանը վարում էր երկակի քաղաքականություն՝ դրսում խոսում փոխզիջումներից, ներսում որեւէ փոխզիջումըդիտարկում էր որպես «հող հանձնել»: Եվ այդպես ավելի քան քառորդ դար: Ներսում անզիջում հաղթանակը դրվում էր գրեթե պետական ինքնության հիմքում, դրսում այդ հիմքը դրվում էր բանակցային սեղանին սակարկության: Այդ ամենը խորացնում էր ճգնաժամ թե՛ ներսում, թե՛ դրսում: Առաջինը, որ այսօր պետք է անել, կարծում եմ ներսի ու դրսի այդ «ծուռ հայելային» հարաբերակցությունը փոխելն է: Հայաստանը տարիներ շարունակ պարտությունը «խմորել» է ներսում, իսկ դուրսը եղել է «վառարանը» կամ «փուռը», ուր դրվել է այդ «խմորը»: Ըստ այդմ, մենք մերը պետք է վերգտնենք ներսից: Հայաստանի եւ հայության խնդիրն է Արցախի դեմոգրաֆիան եւ կյանքի հայկականությունը, Հայաստանի հետ հասարակական խիստ հյուսվածքների ձեւավորումը, որը կունենա քաղաքական գործոնի նշանակություն: Բանակցային հեռանկարի համար պետք են բովանդակային խորքային մշակումներ, մի քանի սցենարներով: Անկասկած է, որ կարգավիճակի հարցի մոտալուտ լուծումը անիրատեսական է: Բայց, հայկական քաղաքականության համար առաջնահերթ պետք է լինի այն պահել քաղաքական օրակարգում, պահել Շուշիի եւ Հադրութի տեղահանվածների խնդիրն ու վերադարձի հարցը: Առանցքային է Արցախի սուբյեկտային ներգրավվածության խնդիրը, Հայաստան-Արցախ քաղաքական հարաբերության հարցը, կարգավիճակի եւ այլ հարցերում «աշխատանքի բաժանման» խնդիրը: Կրկնեմ, այս առնչությամբ մենք կարող ենք խոսել՝իրատեսությունից մինչեւ երեւակայություն, եւ որեւէ բարդություն չի ներկայացնում այստեղ Ձեր հարցին տրվող պատասխանում խոսել առավելագույնի մասին: Չկա որեւէ հայ, որը չի ուզի առավելագույնը: Սակայն պետք է արձանագրել, ինչպես էր մենք տանուլ ենք տվել առաջին պատերազմի հաղթական արդյունքը ներսում, այդպես էլ ծանր պարտությունից հետո որեւէ հաջողություն կառուցելու համար նախ պետք է հասկանանք, թե ինչ ենք կառուցում ներսում՝ սկսած հասարակական հարաբերություններից, քաղաքական փոխհարաբերությունների մշակույթից, մինչեւ տնտեսություն՝ Արցախում եւ Հայաստանում: Մենք պետք է հասկանանք, ի վիճակի՞ ենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն ասվածը բաժակաճառային մակարդակից հասցնել շատ ավելի նվազ պաթոսով, սակայն շատ ավելի մեծ էֆեկտիվությամբ գործակցության: Արյդո՞ք պետք է սփյուռքյան ավանդական կամ նոր ձեւավորվող կառույցների ներգրավմամբ պետք է մշակել Արցախի հարցը միջազգային շրջանակներում մատուցելու, սպասարկելու նոր բովանդակություն, նաեւ նոր ձեւաչափեր, որոնք ավելի հեռու կլինեն հրապարակային ակցիաներից եւ ավելի մոտ՝ «քաղաքական խոհանոցներին»: Կարծում եմ այստեղ են մեր անելիքները:
Իշխանության ներկա ու նախկին ներկայացուցիչները իրենց հարցազրույցներում ասում են այնպիսի բաներ, որոնք ուղղակի վհատեցնում են մարդկանց: Արդեն սկսում է լայնորեն շրջանառվել այն կարծիքը, որ այս պատերազմը մի օր լինելու էր ու հետևանքը նույնն էր լինելու, պարզապես ամեն մեկը հետաձգել է ինչքան հնարավոր է: Ռացիոնա՞լ է այդ ամենը: Եվ եթե կա նման բան, ապա ի՞նչ հույսով էին բանակցում ՀՀ իշխանություններն ընդհանրապես:
Սա եւս բարդ ու տարողունակ թեմա է: Հայաստանի շուրջ օղակը վճռականորեն սկսել են սեղմել 2012-15 թվականներին: վերադառնալով նախագահի պաշտոնին, ՌԴ նախագահ Պուտինը ձեռնմուխ եղավ Ռուսաստանի «խորհրդային» ազդեցության վերականգնման գաղափարին, որ որոշ շրջանակներում նաեւ «ռուսական աշխարհ» էր բնորոշվում: Արեւմուտքի հետ դիմակայությունը Ռուսաստանի համար բարձրացրեց Թուրքիայի գինը: Միաժաանակ, Արեւմուտքն էլ Թուրքիան սկսեց դիտարկել Ռուսաստանին զսպող գործոն՝ չխանգարելով Էրդողանի Թուրքիայի ձեւավորմանը: Հայաստանին հատուկ անպարկեշտությամբ պարտադրվեց Եվրասիական միության անդամակցում, օգտագործելով նաեւ այն ժամանակ Սերժ Սարգսյանին ընդդիմանալու համար ձեւավորված այսպես կոչված ոչիշխանական բեվեռը: Դեռեւս այդ ժամանակ էր, որ ինքս խոսել եմ Արցախի գլխին կուտակվող պատերազմական սպառնալիքի մասին: Այդ մասին խոսում էին նաեւ մի քանի այլ անհատներ եւ հազվադեպ լրատվամիջոցներ, արժանանալով քննադատության եւ մեղադրանքների ալիքի, իբրեւ թե «հակառուսականության» համար: Այնինչ, ընդամենըահազանգ էր, որ ռուսական քաղաքականությունը հանգեցնելու է Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմի, որտեղ Ռուսաստանը առեւտուր է իրականացնելու Հայաստանի եւ Արցախի շահերի հաշվին: Պետք է իրականությանը նայել սառը: Պատերազմը լինելու էր եւ հետեւանքը լինելու էր անխուսափելի, որովհետեւ Հայաստանը Ադրբեջանի դեմ չէ, որ պատերազմելու էր: Ադրբեջանը լինելու էր գործիքը, իսկ Հայաստանի դեմ պատերազմելու էին եվրասիա-թյուրքական օղակի երկրները, որոնք այդ օղակը Հայաստանի պարանոցին սկսեցին սեղմել 2013 թվականից: Եթե մենք չտանք իրադարձությունների զարգացման հստակ ախտորոշում, ապա կզբաղվենք ինքնախաբեությամբ, չենք կարող գալ արդյունավետ լուծումների ու ելքերի: Հայաստանը տասնամյակ առաջ, դրանից որոշակի ժամանակ առաջ դեռ ուներ այդ ամենից խուսափելու հնարավորություն: Ժամանակի ընթացքում այդ հնարավորությունը գրեթե զրոյանում էր: Ընդ որում, խուսափելու հնարավորությունը բոլորովին այն չէ, ինչ հաճախ է խոսվում պատերազմից հետո, թե պետք էր գնալ փոխզիջումային կարգավորման մինչ այդ: Այդ կարգավորումը Հայաստանից չէր կախված: Հայաստանը երբեք չի եղել դրան խոչընդոտ: Դրան խոչընդոտ եղել է աշխարհաքաղաքական պայքարը, Ռուսաստանի խնդիրները, Թուրքիայի հավակնությունները, իրանյան միջուկային խնդիրը, շարքը կարելի է շարունակել: Հայաստանը պարզապես կարող էր եւ պետք է վարեր առավել արդյունավետ ներքին քաղաքականություն՝ առավել ուժեղ ու ինքնաբավ դիմադրության համակարգ ձեւավորելու համար, եւ պետք է վարեր առավել հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որի համար իհարկե դարձյալ պետք էր ներքին արդյունավետություն: Իսկ այդ ամենի համար պետք էր, որ հայկական էլիտաները Արցախի հարցում ունենային գոնե ընդհանուր մի նշաձող, ձեւավորեին ճկունության ընդհանուր մի սանդղակ՝ արտակարգ իրավիճակների համար: Դրա փոխարեն հայկական էլիտաներն ունեցան հարյուրավոր միլիոններ եւ գուցե միլիարդ: Այդպիսով, պետք չէ վհատվել պատերազմի հարցում «դատապարտվածության» գնահատականից: Պետք է ցավագին իրականությանը նայելու ուժ ունենալ, հասկանալ խնդիրների պատճառահետեւանքային կապը, որպեսզի շրջանաձեւ պտույտի մեջ հայտնվելու փոխարեն գտնենք առաջ շարժվելու սցենարներ եւ այլեւս չհայտնվենք դատապարտվածության շրջանաձեւ ակոսում:
ՀՀ քաղաքական դաշտի վերաբերյալ ի՞նչ կանխատեսումներ ունեք: Արդյո՞ք նոր արտահերթի կհասնի գործը, թե ամեն դեպքում ընտրությունները տեղի կունենան մի քանի տարի հետո:
Կարծում եմ այստեղ կանխատեսումներն անշնորհակալ գործ են, քանի որ Հայաստանի քաղաքական կյանքը ավելի շատ ենթակա է լինելու արտաքին աշխարհում ծավալվող զարգացոււմներին: Առավել եւս, որ Հայաստանում այդ քաղաքական կյանքը գերակշռող մասով կազմում են ուժեր, որոնք միայն անունով են քաղաքական:
Չորս տարի հետո լրանում է ռուս խաղաղապահների՝ Արցախում գտնվելու հարցը: Ռուսներն ամենայն հավանականությամբ կձգտեն երկարացնել մնալու ժամկետը: Ադրբեջանը կամ նրա հովանավոր Թուրքիան ի՞նչ գին է ուզելու դրա դիմաց: Իսկ գուցե Ռուսաստանը հենց հիմա վճարում է նաև դրա դիմաց, իսկ մենք չենք նկատում: Իսկ հնարավո՞ր է հեռանան ժամկետից առաջ:
Գրեթե անհավանական եմ համարում, որ ռուսները հեռանան ժամկետից առաջ, եւ գրեթե ահանավանական եմ դիտում նաեւ ժամկետից հետո հեռանալը: Հայաստանն իհարկե պետք է պատրաստվի բոլոր տարբերակներին, սակայն կարծում եմ Արցախում ռուսական ռազմական ներկայությունը տեւական է: Ինչ գին կուզեն Ադրբեջանն ու Թուրքիան: Բարդ է ասել: Բնականաբար, կուզեն առավելագույնը: Հայաստանի խնդիրն է, որպեսզի դա չլինի Հայաստանի կամ Արցախի հաշվին: Միեւնույն ժամանակ, կարծում եմ բոլորովին անհիմն չի լինի նաեւ դիտարկումը հակառակ ծայրից՝ ինչ գին կվճարի Բաքուն, եթե հանկարծ որոշի լրջորեն խնդիր ստեղծել ռուսների համար: Ոչինչ միարժեք չէ: Կրկնեմ, մենք իրավունք չունենք չդիտարկել որեւէ տարբերակ եւ չունենալ մեր անելիքի որոշակի ծրագրավորում: Մեծ հաշվով, ռուս խաղաղապահների հետ կապված առանցքային հարցերը վճռվելու են Մինսկի խմբի եռանախագահների շրջանում: Առայժմ նկատելի է, որ ԱՄՆ ու Ֆրանսիան լոյալ են ռուսական ներկայության հանդեպ: Այստեղ ուզում եմ վերադառնալ այն մտքին, որ մենք պետք է փորձենք քայլ առ քայլ վերականգնել Արցախի հարցում անվտանգային «հայկական հյուսվածքները»: Իսկ այդ առումով առանցքային, բազային հարցը ժողովրդագրությունն է եւ արցախյան կյանքի հայկական «արյունատար» համակարգի ձեւավորումը: Ինչ խաղաղապահ մանդատ էլ գործի Արցախում, այն ենթակա է լինելու տվյալ մանդատը կրող կամ տվյալ մանդատի քաղաքական հովանի կենտրոնների աշխարհաքաղաքական ռազմավարությանն ու շահին: Մեզ համար գերխնդիրը Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի կենսունակությունն է, նվազագույնը քանի դեռ ձեւավորված չէ առավել շահեկան թվացող ձեւաչափի հեռանկար:
Բելառուս-Ռուսաստան հարաբերությունները կարո՞ղ են կրկնվել Հայաստանում, քանի որ խոսակցություններ կան միութենական հանրապետության մասին:
Ներկայումս կարծում եմ այդ հարցը շատ տեսական դաշտում է: Սա անշուշտ չի նշանակում, որ այն արժանի չէ ուշադրության, սակայն կարծում եմ Հայաստանի պարագայում այդ կապակցությամբ մարտահրավերները պետք է դիտարկել Բելառուս-Ռուսաստան համեմատությունից դուրս: Չեմ կարծում, որ մոտեցումները կլինեն նույնական:
Ռուսաստանը վերջերս խիստ քննադատեց ՆԱՏՕ-ի գործունեությունը Ուկրաինայում և կոպիտ պահանջ դրեց, որ իրենք չեն հանդուրժի, որ ԱՄՆ-ը մոտենա իրենց սահմաններին և պնդեցին, որ Ուկրաինան չպետք է միանա ՆԱՏՕ-ին: Այդ ամենի ֆոնին Հայաստանում խոսակցություններ են գնում, որ պետք է հրաժարվել ՀԱՊԿ-ԵԱՏՄ երկվորյակից ու գնալ դեպի ԵՄ-ՆԱՏՕ: Դա հնարավո՞ր բան է, քանի որ Ռուսաստանը ինչքան որ Ուկրաինային չի թողնի, մի քանի անգամ ավելի խիստ կլինի Հայաստանի նկատմամբ:
Ոչ, այս պահին հնարավոր չէ: Հայկական քաղաքական ուժերը թերեւս ճիշտ կանեն այդ հարցերը դեկլարատիվ հայտարարությունների մակարդակում բարձրաձայնելու եւ յություբյան դիտումների կամ ֆեյսբուքյան լայքերի վիճակագրությունից բավականություն ստանալու փոխարեն, «եփեն» իրենց կուսակցական խոհանոոցում՝ անվտանգային միջազգային համակարգի տրանսֆորրմացիայի եւ այդ համատեքստում հայկական անվտանգային նոր միջավայրի եւ համակարգի ճարտարապետության կոնցեպտուալ մոտեցումների մակարդակում: Իսկ հարցերը իհարկե պետք է դիտարկվեն: Ընդ որում խնդիրը միայն դուրս գալ-չգալը կամ ՆԱՏՕ գնալ-չգնալը չէ: Ըստ իսկ, այդ դիտարկումները նույնիսկ անհամարժեք ու մակերեսային են: Խնդիրը այն է, որ աշխարհում տեղի է ունենում անվտանգային համակարգերի մեծ վերադասավորում, ավանդականների կողքին լոկալ, ռեգիոնալ նոր համակարգերի ձեւավորում, խմորումներ: Հայաստանում այդ ամենի վերաբերյալ պետք է լինեն մշակվող քաղաքական հայեցակարգեր, բանավեճ, եթե հնարավոր է անգամ այդ առնչությամբ Հայաստանից ծնվող գաղափարներ, որոնք կարող են դիտարկվել անգամ արտաքին դաշտերում: Սրա փոխարեն, մենք զբաղված ենք «այստեղիից դուրս գանք այնտեղ մտնենք» տրամաբանությամբ դատողություններով:
Ի՞նչ հնարավորություն եք տեսնում ՀՀ քաղաքական կյանքում մի նոր՝ Երրորդ ուժի հայտնվելու հարցում: Այդ մասին արդեն մի քանի ամիս է բավական մեծ ինտենսիվությամբ խոսակցություններ են գնում և առաջարկվում հնարավոր տարբերակներ: Այդ մասին մանրամասն խոսել են նաև Կայծ Մինասյանն ու Հրանտ Տէր-Աբրահամյանը:
Քաղաքական նոր ուժի հայտնվելու հնարավորություն միշտ էլ կա: Հարցն այն է, թե կա՞ այդ հնարավորությունն օգտագործելու պատրաստ նախաձեռնող խումբ: մենք պարբերաբար տեսնում ենք նոր քաղաքական ուժի նախաձեռնություններ, որոշները հաջող, որոշները հարաբերական հաջողությամբ, որոշները՝ անհաջող: Կարծում եմ սա բնական պրոցես է, բայց միաժամանակ մտածում եմ, որ կա էներգիայի մեկտեղման խնդիր: Հայաստանում կարծիքների տարբերությունից ծնվում են կուսակցություններ, այն դեպքում, երբ կուսակցությունն ինքն էլ թերեւս պետք է լինի բազմակարծության հարթակ: սա խոսում է այն մասին, որ, կամ անձնական հավակնություններն են գերիշխող, կամ խիստ սուղ են իրապես կենսունակ, արդիական քաղաքական ուժ ձեւավորելու վերաբերյալ խորքային պատկերացումները: Ինչպես Ռուսաստանի նախկին վարչապետներից մեկն էր ասել՝ ինչ կուսակցություն ստեղծում ենք, ստացվում է Կոմկուս: Եվ վերստին վերադառնամ այն մտքին, որ գուցե պետք է սկսել փոքր գործերով մարդկանց ուշադրությանն արժանանալուց, ձեւավորել այդպես կուսակցություն դե ֆակտո, հետո նոր բարձրաձայնել այդ մասին դե յուրե: Միեւնույն ժամանակ, նոր քաղաքական ուժ ստեղծելու ներուժ ունեցող խմբերը թերեւս պետք եղած դեպքում կստեղծեն նաեւ հնարավորությունը, եթե անգամ այն մեծ չէ կամ չկա: Այն, որ Հայաստանի համար կենսական անհրաժեշտ է նոր քաղաքական որակ, բովանդակություն, մշակույթ, սա կասկածից վեր է: Բայց նաեւ պետք չէ, որպեսզի այդ ամենը հայտնվի ինքնանպատակության դաշտում: Առանցքայինը գաղափարն է, ընդ որում ոչ թե պաթետիկ-հայրենասիրական, այլ առարկայական, որը կներառի Հայաստանի թե ներսը, թե դուրսը, եւ կրկնեմ՝ ուշադրության եւ հետաքրքրության առարկա կլինի նաեւ Հայաստանի արտաքին մոտ կամ հեռու գործընկեր երկրների համար: Կարող ենք ձեւակերպել շատ գեղեցիկ, ազդեցիկ տեքստեր ու ծրագրեր, եւ խնդիրը ստեղ բոլորովին այն չէ, որ պետք կլինի ընդամենը ազնվություն եւ անկաշառություն՝ դրանք իրագործելու համար: Ի վերջո հայկական քաղաքականության լրջագույն բացերից մեկն այն է, որ զուրկ է սոցիալական եւ արդիական աշխարհին համահունչ մասնագիտական բազայից:
mr-oughin.am/2022/01/12/մեր-ուղին-ի-հարցազրույցը-հակոբ-բադա/