«Արցախում Ապրող Իւրաքանչիւր Անձ Մեծ Հերոս Է, Ով Պահում Է Իր Հողը, Մաքառում Ու Ստեղծում Է Չնայած Վտանգներին»
05 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ:
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՊԱՐԳԵՒ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեանը մեր նորօրեայ պատմութեան ակնառու գործիչներից է՝ հայի հաւատքի, սիրոյ, ուժի, տոկունութեան, յաղթանակի հաւաքական խորհրդանիշ: Նրա ներդրումը Արցախի հոգեւոր, քաղաքական, տնտեսական, ռազմական գործում անգնահատելի է: Արցախի սրբազանն այսօր էլ, չնայած առողջական խնդիրներին, շարունակում է պայքարել ու հոգ տանել իր ազգի ու ժողովրդի բարեկեցութեան համար: Պարգեւ սրբազանը համոզուած է, որ պատուով ենք յաղթահարելու ներկայի ճգնաժամը. «Անցնելու ենք փորձութիւններով ու յաղթելու ենք եւ բանաձեւը հետեւեալն է՝ պահպանենք ազգային արժէքները, հաւատն առ Աստծուած եւ միաբան լինենք»:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պարգեւ սրբազան, արցախեան 44 օրեայ պատերազմի օրերին, ինչպէս նախորդ պատերազմների ժամանակ, դուք Արցախում զինուորի կողքին էիք՝ աղօթքով ու զէնքով: Բարոյահոգեբանական ի՞նչ վիճակում են Արցախի մեր հայրենակիցներն այսօր, որո՞նք են Արցախի գերակայ խնդիրները:
ՊԱՐԳԵՒ ԱՐՔ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Այսօր Արցախը մաքառում է իր անկախութեան համար եւ հերոսաբար է մաքառում: Բազում գաղթականներ ունեցանք, Շուշի, Հադրութ կորցրեցինք, նաեւ որոշ գիւղեր Ասկերանի ու Մարտակերտի շրջաններից: Եթէ նախկինում ունէինք 160 հազար բնակչութիւն, այսօր այդ թիւը 120 հազար է: Պատերազմից յետոյ վերադարձած արցախցիներից շատերը տուն, աշխատանք չունեն, ոմանք վարձով են ապրում: Նրանց աջակցելու համար Արցախի կառավարութիւնն ու Հիմնադրամը համատեղ ֆինանսաւորմամբ սկսել են տնաշինութեան մեծ ծրագիր: Իմ տեղեկութիւններով, Արցախում ներկայում կայ նուազագոյնը տասը հազար բնակարանի կարիք՝ շուրջ 40-50 հազար մարդու համար:
Ես համարում եմ, որ այսօր Արցախում ապրող իւրաքանչիւր արցախցի մեծ հերոս է, ով պահում է իր հողը չնայած վտանգներին եւ ապրում ու ստեղծում է: Կարծում եմ, որ մենք պարտաւոր ենք սատարել ամէն մի արցախցու՝ բոլոր հնարաւոր ճանապարհներով՝ քաղաքական, բարոյական, նիւթական: Հաւատում եմ, որ ինչպէս նախկինում՝ 1988-89 թուականներից սկսած, երբ դժուար օրեր ենք ունեցել, փորձութիւններ, եւ յաղթահարել ենք, այս անգամ էլ կը յաջողենք:
Ազգն այն ժամանակ է հասնում իր նպատակին, երբ կարողանում է միասնաբար յաղթահարել դժուարութիւնները: Այո, այսօրուայ իրավիճակն անտրամաբանական է թւում, շատ ծանր վիճակում ենք, մեծ ուժեր են մեր դէմ պայքարել՝ մի շարք պետութիւններ հսկայածաւալ ուժերով, բայց փառք մեր տղաներին, որ հերոսաբար 44 օր պայքարեցին: Պատերազմի օրերին այցելում էի ռազմական հիւանդանոց աղօթելու, եւ վիրահատարաններում ականատես էի լինում տարբեր անիրական թուացող տեսարանների, եւ մինչ սարսափով հետեւում էի, տարբեր աստիճանի վիրաւորումներով տղաներից լսում էի՝ «Սրբազան ջան, աղօթք արա, շուտ ոտքի կանգնենք գնանք յետ, տղեքը խրամատներում մենակ են»: Մէկ հոգի չէր, երկուսը չէին՝ բոլորն էին ասում: Երբ տեսնում ես այդ ոգին, հպարտութեան արցունքներ են առաջանում ու այդ ոգին է, որ մեզ պահելու է:
Երբ ազգը ոգի եւ նպատակ ունի յաջողութեան կը հասնի եւ գրաւականը մէկն է՝ ազգը պէտք է միաբան լինի: 90ականներին միաբան էինք, ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ միաբան էինք, բայք ցաւօք, 2018 թուականին սխալներ եղան, սեւ-սպիտակ, հին եւ նոր, բաժանարար գծեր անցկացուեցին եւ ազգի միաբանական ոգին ջլատուեց:
Այսօր պէտք է սատարենք արցախցուն եւ սիւնիքցուն, գօտեպնդենք նրանց, եթէ կամենում ենք լաւ ապագայ ունենալ, դա մեր ձեռքերում է: Եթէ մտածենք, ինչո՞ւ օգնենք, միեւնոյնն է Արցախը մերը չի լինելու, Սիւնիքը մերը չի լինելու, նոյն տրամաբանութեամբ կարող ենք մտածել, որ Հայաստանն էլ մերը չի լինելու: Պէտք է պայքարել եւ աջակցել միմեանց: Ազգը պէտք է միաբանուի է մի բռունցք դառնայ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պատերազմից յետոյ, համընդհանուր հիասթափութեան ֆոնին, միաբանութիւնը կարծես դեռ չի ստացւում, մասամբ հաւատի կորստի, նաեւ այն պատճառով, որ ներկայում ստեղծուած իրավիճակում էլ անորոշ է, թէ ինչպէ՛ս, միաբանուել, ո՛ւմ առաջնորդութեամբ:
ՊԱՐԳԵՒ ԱՐՔ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Հայի գիտակցութիւնը պիտի լինի համակարգողը՝ իւրաքանչիւր հայի, անկախ թէ ինչ է կատարւում, եւ ինչու է կատարւում: Մենք պիտի գիտակցենք, որ բացի մեզանից մեզ ոչ ոք չի օգնելու: Մենք մենակ ենք՝ մեր ժողովուրդը, մեր բանակը եւ մեր Աստուած: Մենք իրար պիտի օգնենք, եւ այս գիտակցութիւնը մեզ պիտի առաջնորդի: Մենք գիտենք, որ ազգ ենք, ունենք երկիր, հող, պետականութիւն, հայրենիք, եւ պէտք է ամէն ինչ դրա համար անենք: Դրա համար պէտք է ուս ուսի տանք:
Ես կարծում եմ, որ այսօր ամէն ինչ պիտի անենք, որ բանակը վերազինենք, վերակառուցենք, քանի որ բանակն է մեր երաշխաւորը ինչպէս եղել է եւ կայ ու կը լինի: Պիտի գօտեպնդենք զինուորներին, մէկ տարի հաց ու պանիր ուտենք՝ մեր միջոցները տրամադրենք բանակին:
Հայրենիքը մեր ծնողն է, մայր հողը, որից բոլորս ծնուել ենք եւ ծնողից մարդ չի նեղանայ: Կան պետական, քաղաքական գործիչներ, եւ մենք կարող ենք նրանցից նեղուել, բայց հայրենիքից՝ իրաւունք չունենք:
Չպէտք է թողնենք, որ մեզ բաժան բաժան անեն: Այդ գիտակցութեամբ պիտի առաջնորդուենք: Լոուրենս Արաբացին, որ Բրիտանական լրտես էր, ասել է. «Մենք երբեք չպէտք է թոյլ տանք, որ հայերը միաբանուեն, թէ չէ աշխարհն իրենցը կը լինի: Հայերին պէտք է ամէն կերպ, ամէնուր ջլատել»: Պասկեւիչն էլ, որ Կովկասի նահանգապետն էր, ռուսաց թագաւորին իր նամակում գրում է. «Հայ ազգը անտեսանելի թեւերով հայ եկեղեցին է պահում, եթէ ջարդենք եկեղեցին՝ հայերը կը լինեն մեր ստրուկը»: 1956 թուականի Սառը պատերազմի ժամանակ, Ամերիկան եւ Խորհրդային Միութիւնը փորձեցին կիսել Հայ Առաքելական եկեղեցին, հօտը կիսեցին, եւ ինչ-որ մասով դա նրանց յաջողուեց, բայց մեր եկեղեցականները լաւ էին հասկանում, որ դա վտանգ է, եւ մենք փորձում ենք այդ ասպարէզում միաբանուել, թոյլ չտալ, որ ճեղքերը մեծանան:
Ես գիտեմ, որ թշնամիները մտնում են ամէնուր՝ կազմակերպութիւններ, միութիւններ, կուսակցութիւններ եւ բաժանում են նրանց, խփում են այն կէտերին, որ կարողանում է ազգը համախմբել եւ պահել. մէկը եկեղեցին է, միւսը՝ մեր ազգային արժէքներն են, որ մեր ինքնութիւնն է կերտում, երրորդը՝ նուիրեալ մարդիկ են, ովքեր ներդրում, հեղինակութիւն ունեն, հերոսներ են: Բոլորին պախարակում են, որ ազգն անգլուխ, առանց առաջնորդի մնայ, հեղինակութիւններ չունենայ: Այդ ուժերը թիրխային են աշխատում նպատակին հասնելու համար՝ այդպիսով նրանք ջարդում են ազգի իմունիտետը (դիմադրականութիւնը), որ ազգը հիասթափուած լինի, ոչ մէկի չհաւատայ, ոչ մի բանի շուրջ չկարողանայ համախմբուել, անտէրութեան մատնուի, որ հեշտ լինի տիրելը: Սա է նպատակը:
Բայց մեր ազգը պէտք է արթուն լինի, գիտակցի, որ մեր դէմ մեծագոյն ուժեր են աշխատում, բազմաթիւ երկրներ՝ իրենց դրածոներով: Մենք պէտք է ե՛ւ ազգային արժէքը պահենք, ե՛ւ հաւատքը պահենք, ե՛ւ բանակը, եւ միաբանութիւն ստեղծենք՝ անկախ նրանից, թէ ինչ քաղաքական գործիչներ են աշխատում, ծառայում, գործում: Մենք պէտք է ազգովի միաբանուենք եւ մեր ազգայինը պահենք: Սա է պաշտպանում ազգը: Ազգային արժէք, հաւատք չունենաս՝ ձուլւում ես, պարտւում ես:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.-Արցախը Հայաստանի անվտանգութեան երաշխաւորն է: Արդեօք այս գիտակցումը կա՞յ հայ հանրութեան լայն շրջանակերում յատկապէս այսօր, երբ վտանգուած են Սիւնիքը, Գեղարքունիքը, Հայաստանի պետականութիւնը:
ՊԱՐԳԵՒ ԱՐՔ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Այսօր պէտք է ամէն կերպ աջակցենք, գօտեպնդենք Արցախին եւ Սիւնիքին, որ մեր հայրենակիցները հասկանան, որ մենակ չեն, որ ազգն իրենց մէջքին է: Մենք բարոյապէս պէտք է նրանց հզօրացնենք, եթէ կարող ենք նաեւ նիւթապէս: Յիշում եմ, 1991-93 թուականներին, երբ օգնութիւն էր գալիս Արցախ՝ մարդիկ ոգեւորւում էին, ասում էին մենակ չենք, եւ ուրեմն մեր դէմ խաղ չկայ: Գիտէին, որ ազգը կանգնած է: Մենք պէտք է կարողանանք պահել Արցախը, որ դրանով կարողանանք պահել Սիւնիքը: Արցախում է վճռւում հայոց ճակատագիրը, որովհետեւ այստեղ է կիզակէտը: Ոմանք չեն հասկանում ինչու: Հայկական գենոֆոնդը առաւել լաւ է պահպանուած եղել լեռնաշխարհում, լինի դա Արցախը, Սիւնիքը, Ուտիքը, Շամշադինը, Լոռուայ լեռները, Սասունը, Մուշը:
Արցախը միստիկ երկիր է: Ամենահին կրօնի՝ Զրադաշտութեան սուրբ գրքում հետաքրքիր գրութիւն կայ: Պարթեւները գրում են, որ Աստուած ստեղծեց առաջին տասնվեց երկրները եւ առաջինը՝ Առան էր, այն է՝ Արցախ, Ուտիք, Սիւնիք, եւ այնտեղ ստեղծեց առաջին մարդուն ու անունը դրեց «գայու մարդ»: Այսիքն այդ տարածքը սիրտն է աշխարհի: Հին քարտէզները երբ նայէք, Գանձասարին մօտ գտնուող Յակոբաւանքը, այդ սրբավայրը ներկայացուած է որպէս Առանի կենտրոն: Եւ պարթեւները դա շատ լաւ գիտէին, եւ ոչ միայն իրենք, աշխարհի բազմաթիւ երկրներ գիտեն, որ դա է կենտրոնը: Դրա մասին գիտէր նաեւ Ստալինը, եւ այդ պատճառով Իրանը ժամանակին զօրք մտցրեց, որ պահի այդ տարածքներն իր վերահսկողութեան ներքոյ: Մի հետաքրքիր երեւոյթ կայ՝ ով ինչ-որ կերպ վնասում է Արցախ- Սիւնիքին, դժբախտութիւն է պատահում նրան: Չինգիզխանը գիտէր այդ գաղտնիքը, Առանի միստիկ էութեան մասին, եւ դրա համար չմօտեցաւ: Այնպէս որ, պէտք է ատամներով պահենք, այստեղ է վճռւում մեր ճակատագիրը: Սա չարի ու բարու, Հայկի ու Բելի պատերազմն է, որ մինչ այժմ էլ շարունակւում է: Հայկը յաղթել է եւ յաղթելու է, ուղղակի չարը այժմ իր ողջ զինանոցն է կիրառում Հայկի զաւակների վրայ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս է հնարաւոր յաղթանակը՝ միմեանց նկատմամբ անվստահութեան, հաւատի բացակայութեան, հայրենիքի շահերը չգիտակցելու, ազգային գաղափարի շուրջ համախմբուելու անկարողութեան ներկայի պայմաններում:
ՊԱՐԳԵՒ ԱՐՔ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Աստուածաշնչում լաւ խօսք կայ տասանորդի մասին, դա ամենակարեւորն է: Հայկը 300 հոգով յաղթանակ տարաւ, ինքը 301ն էր: Փոքր քանակը կապ չունի, կարեւորը որակն է, որ հաւատում է Աստծուն եւ իր յաղթանակին: Մենք այդ փոքրաթիւ մնացորդով ենք յաղթելու, որովհետեւ դրանք են յաղթանակը կերտողները լինելու, նրանք, ովքեր անդաւաճան են, անմնացորդ են, մնայուն են, հաւատարիմ են իրենց սկզբունքներին, իսկական զինուոր են: Մեր ազգն այդ կորիզն ունի, մենք օրհնուած ազգ ենք, ճիշդ է մեծ փորձութիւններով ենք անցնում: Հայկի սերնդին սատանան չի ներում, որովհետեւ չարայաղթ է Հայկը, որ սպաննեց սատանայի առաջին որդուն՝ Բէլին, առաջին հակաքրիստոսին, առաջին Նեռին: Նորից ենք անելու նոյնը: Անցնելու ենք անտրամաբանական դժուարութիւններով, փորձութիւններով, բայց լաւ յիշէք, Հադրութում մենք մեծ յաղթանակ ենք նշելու, եւ նրանք ովքեր մեծ ցաւ են պատճառել Արցախին, շատ են տուժուելու: 1903 թուականին, երբ ռուս թագաւորը խլեց կալուածքները, Խրիմեան Հայրիկը նզովեց իրեն՝ ասելով, որ սրբութեան է կպել: Երկու տարի անց Ռուսաստանի առաջին յեղափոխութիւնը տեղի ունեցաւ, յետոյ էլ՝ թագաւորը սպանուեց: Չի կարելի յարձակուել եկեղեցու վրայ, Աստծոյ տան վրայ, եւ այսօր ովքեր դա անում են՝ թէ ներսից, թէ դրսից, իրենց պատիժը ստանալու են: Փախուստ չկայ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայ ազգին բաժին հասած հերթական դաժան փորձութիւնն անիրական էր թւում: Արդեօք այն տրուեց, որովհետեւ հեռացել ենք Աստծուց, մեր արժեհամակարգից, ստեղծողի մեր առաքելութիւնից ու դարձել ենք անտարբեր, սպառող:
ՊԱՐԳԵՒ ԱՐՔ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Մեր ազգի կորիզը չի հեռացել բարեբախտաբար. ունենք բարեպաշտ հաւատացեալներ, ովքեր ժամերով աղօթում են: Այո, մի երեւոյթ տեղի ունեցաւ, երբ Քրիստոնէութիւնն առաջին ընդունած երկրում սկսեցին ընդունել հակազգային, հակաքրիստոնէական բնոյթի օրէնքներ, որ Աստծուն հաճելի չէ: Սա մեզ տկարացրեց: Բայց միեւնոյնն է, մեր կորիզը զօրեղ է, մաքուր է, այդ մերանը ունենք, եւ Աստուած մեզ օգնելու է, եւ ես այդ հարցում որեւէ կասկած չունեմ: Միեւնոյնն է, փորձութիւններով անցնելու ենք եւ յաղթելու ենք եւ բանաձեւը հետեւեալն է՝ պահպանենք ազգային արժէքները, հաւատն առ Աստծուած եւ միաբան լինենք: Որտեղ միաբանութիւն՝ այնտեղ Աստծոյ օրհնութիւն:
1991 թուականին, երբ Արցախի կէսը կորցնում էինք՝ Շահումեան, Հադրութի գիւղերը, ես հարցազրոյց էի տուել, որտեղ ասել էի, որ ի զարմանս աշխարհի մենք յաջողութիւն ենք ունենալու: Շատերը քմծիծաղով էին մօտենում, բայց իրականութիւն դարձաւ: Հիմա էլ եմ նոյնը ասում, որ ես հաւատում եմ Աստծուն, իմ ազգի ներուժին, եւ մեր լաւ ապագային: Ես համոզուած եմ դրանում: Հայաստան Արցախ Սփիւռք եռամիասնութեամբ պէտք է կերտենք մեր հաւաքական երազանքը, որովհետեւ եթէ մենք դա չարեցինք՝ ուրիշներն են կերտելու մեր համար՝ ի շահ իրենց, եւ ի վնաս մեզ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանն այսօր առաջադրում է տարածաշրջանի խաղաղութեան օրակարգ, ինչը, մեղմ ասած անտրամաբանական է այն դէպքում, երբ հարեւան երկրները բացայայտ թշնամաբար են տրամադրուած մեր նկատմամբ:
ՊԱՐԳԵՒ ԱՐՔ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Մենք պիտի իրատես լինենք այն հարցում, որ ե՛ւ Ադրբեջանը ե՛ւ Թուրքիան մեր թշնամիներն են եւ ցանկանում են ոչնչացնել մեզ ու զրկել պետականութիւնից: Դա իրենց մեծ պանթուրանական երազանքն է, եւ պէտք է յստակ գիտակցենք, որ այս երկրները ոչ թէ հակառակորդ են, այլ՝ թշնամի: Այլ հարց է, որ դիւանագիտական դաշտում չպէտք է լինենք նախայարձակ, այլ՝ ճկուն դիւանագէտ, որովհետեւ դիւանագիտութիւնը մի բան է, իրականութիւնը՝ մէկ այլ: Այո, մենք միշտ եղել ենք խաղաղութեան կողմնակից, երբեք պատերազմ չենք հրահրել, զինադադար չենք խախտել, նրանք են մշտապէս նախայարձակ եղել, եւ մենք չպէտք է կորցնենք զգօնութիւնը, որովհետեւ ինչպէս Նժդեհն էր ասում՝ «Երախը բացած սպասում են, որ մեզ յափշտակեն»:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Սրբազան, ձեր Ամանորի մաղթանքը՝ խնդրեմ:
ՊԱՐԳԵՒ ԱՐՔ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Սրտանց ցանկանում եմ շնորհաւորել ողջ հայութեանը՝ ամանորեայ տօների առիթով, եւ մաղթել, որ այս տարին խաղաղութեան տարի լինի մեր հայրենիքի, ամբողջ աշխարհի, բոլորիս համար: Լինի առողջութեան տարի՝ զերծ արհաւիրքներից ու համավարակներից, եւ մաղթում եմ, որ մեր հաւատքը զօրեղ լինի, որովհետեւ Նոր Տարին սկսում ենք Սուրբ Ծննդեան տօներով՝ Քրիտոսի օրհնութեամբ: Աստուած օրհնելով օրհնի մեր ազգը եւ մենք կարողանանք լինել միաբան, հաւատանք մեր տեսլականին, եւ ամէն ինչ անենք դրա համար՝ քայլ առ քայլ ու հասնենք մեր երազանքներին:
Տեղեկանք.- Պարգեւ արք. Մարտիրոսեանը ներկայում ԱՄՆում է առողջական հարցերով, ինչի համար էլ թողել է Արցախի թեմի առաջնորդի իր պաշտօնը: Սրտի մասնակի վիրաբուժական գործողութիւնից յետոյ, սրբազանը վերականգնւում է եւ սպասում է ամբողջական վիրահատութեան համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպմանը:
Գարեգին Բ. ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Յունուարի 21ի հայրապետական տնօրինութեամբ Պարգեւ արք. Մարտիրոսեանը նշանակուել է յատուկ յանձնարարութիւններով Հայրապետական նուիրակ:
Տօնական օրերին Արցախ աշխարհը տօնելու լաւագոյն առիթներից կարող է դառնալ «Միստիկ Երկիր Առան» վաւերագրական ֆիլմի դիտումը: Արցախի պատմութեան ու մշակոյթի նորովի մատուցմամբ այս վաւերագրութեան միջոցով նաեւ փորձ է արուել գտնել մի շարք հարցերի պատասխաններ, թէ ո՞րն է Արցախի տեղն ու դերը համաշխարհային պատմութեան ու քաղաքակրթութեան մէջ, ի՞նչ առաքելութիւն է վերապահուած Արցախին ու նրա բնակիչներին, ո՞րն է արցախցիների բազմադարեայ ազգային-ազատագրական պայքարի հոգեւոր իմաստը:
Ֆիլմի հայերէն եւ անգլերէն տարբերակները կարող էք դիտել այստեղ՝