Ո՞վ է Ռուբեն Ռուբինյանը՝ ինքնահավան տղա՞, թե՞ ազդեցության գործակալ
01 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – Նաիրի Հոխիկյան
Հունվարի 17-ին ՀՀ ԱԺ-ում ելույթի ժամանակ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ով նաև հայ-թուրքական հանձնախմբում համակարգում է հայկական կողմի աշխատանքը, սպառնաց, թե այլևս համբերատար չի լինի նրանց նկատմամբ, ովքեր իրեն կանվանեն թուրքական ազդեցության գործակալ։
Նախ՝ գիտի՞ արդյոք Ռուբենը, թե ինչ է նշանակում «ազդեցության գործակալ» տերմինը։ 2018-ի աշնանը, երբ այն ժամանակվա փոխնախարարներից մեկի առաջարկով Երևանի «Շերեփ» ռեստորանում հանդիպեցի այն ժամանակ ԱԳՆ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանի հետ, կարճ զրույցի ընթացքում հասկացա, որ գաղափար չունի, թե ինչ պաշտոն է զբաղեցնում, չգիտեր, թե ինչ է «ժողովրդական դիվանագիտությունը (soft diplomacy), որը քաղաքագիտության ֆակուլտետի յուրաքանչյուր առաջին կուրսեցվի լավ գիտի։
Դա Ռուբենի հետ իմ առաջին ու վերջին հանդիպումն էր։ Իմաստ չուներ էլի հանդիպել, թեպետ ոգևորությամբ իր հեռախոսի համարը տվեց, որ խոսենք։
Այսօր էլ կասկածում եմ, թե նա գիտի՝ ինչ է ազդեցության գործակալի իմաստը, ինչպես որ չգիտի, թե ինքը ինչպես է հայտնվել թուրքական ազդեցության գոտում։
Ազդեցության գործակալ բառն առաջացել է դեռևս 20-րդ դարի կեսերին՝ սառը պատերազմի ժամանակ, երբ ԽՍՀՄ և ԱՄՆ հատուկ ծառայությունները բարեկամանում ու իրենց ազդեցությանն էին ենթարկում միմյանց պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական ու մշակույթի գործիչներին, լրագրողներին։
Սրանք էլ, սկզբնական շրջանում, ոչինչ չհասկանալով, իրենց կամքից անկախ, իրենց երկրում քարոզում են հակառակ կողմի արժեքները։ Ժամանակի ընթացքում նրանք այնքան են տարվում մյուս երկրով, որ իրենց գործողությունները համակարգում են հենց այդ երկրների հատուկ ծառայությունների հետ։ Այսինքն՝ ազդեցության գործակալը վերածվում է իրական, մտածված գործակալի։
Հիմա վերադառնանք Ռուբեն Ռուբինյանին։ 1990 թվականի մարտի 8-ին ծնված այս տղան ԵՊՀ-ն ավարտելուց անմիջապես հետո՝ 2011-ին հատուկ ծրագրով տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, սովորել այնտեղ մեկ տարի, իսկ 2012-ին նույնպիսի հատուկ ծրագրով սովորել Լեհաստանում։
2017-ին Թուրքիայում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամի ֆինանսավորմամբ տեղափոխվել է Թուրքիա և ուշադրություն դարձրեք, «փորձի փոխանակման նախագծի» շրջանակում հետազոտություն իրականացրել Ստամբուլի «Սաբանջը» համալսարանում։
Երկու խոսք թուրքական «Սաբանջը» համալսարանի մասին։ Այս բուհի հիմնադիրը թուրք ազգայնական գործարար Հաջը Օմերն է, ով 1934 թվականին Քեմալ Աթաթուրքի խորհրդով ընտրել է Սաբանջը ազգանունը և նուն Աթաթուրքի օգնությամբ տիրացել Ադանայի հայերի անհատական ու եկեղեցապատկան ունեցվածքին՝ ընդհանուր առմամբ՝ 100 մլրդ դոլար։
Այս թուրքի զավակները քարոզչական կրթության նպատակներով 1994 թվականին հիմնել են «Սաբանջը» համալսարանը՝ այնտեղ աշխատելով հիմնականում օտարերկրացի ուսանողների հետ՝ ուղեղների լվացման, ազդեցության գործակալ դարձնելու համար։
Թուրքական այդ բուհի դասախոսների մեջ շատ են Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները։
Ռուբեն Ռուբինյանը 2017-2018 թվականներին հետազոտություն է արել հենց «Սաբանջը» համալսարանում և Հայաստան է վերադարձել 2018-ի ապրիլյան հանրահավաքների օրերին։
Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի Գյումրի-Երևան քայլերթը և արագաչափեր փակելու արդյունավետությունը առաջին անգամ փորձարկվել է 2017-ի հուլիսին նույն Թուրքիայում՝ Անկարա-Ստամբուլ քայլերթով։
Ռուբեն Ռուբինյանի սիրելի թուրքական «Սաբանջը» համալսարանում գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC) էլ հենց մշակվել է «ՀԿ-ների դերի բարձրացման և նրանց միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու նախագիծը»։
Նույն Ռուբենը հենց «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC) եղել 1 տարի։
Հիմա հռետորական հարց։ Ռուբեն Ռուբինյանը բրիտանական կամ թուրքական ազդեցության գործակա՞լ է։
Այդ տղան սպառնում է, թե չկա մեկը, ով կկարողանա իր դիմաց ասել իր մասին նման բան։ Ես կարող եմ։
Նաիրի Հոխիկյան Լրագրող, մեդիափորձագէտ