ՄԵՐ ՈՒՂԻՆ – «Մեր Ուղին»-ի Հարցազրույցը Արմեն Աղայանի Հետ – Արմեն Աղայան
21 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – ՄԵՐ ՈՒՂԻՆ:
Հայաստանում այդպես էլ չկայացան ազգային հավաքական մտագործունեության արդյունավետ հաստատություններ, ոչ պետական, ոչ էլ որպես հանրային այլընտրանք, որոնք հնարավորություն կտային հայությանը գործել նպատակամղված, ծրագրային և ողջ ներուժով։
Արմեն Աղայան
44- օրյա պատերազմը մի տեսակ քողազերծեց մեր իրականությունն ու մեր պատկերացումները իրականության մասին: Այժմ շատերն են փորձում հասկանալ պարտության հիմնական պատճառը: Ի՞նչ հիմնական պատճառներ կառանձնացնեք պարտության համար:
Անչափ շատ են դրանք։ Գանք հիմքից և խմբավորենք։
Երրորդ հանրապետության հիմքում ՀՀՇ-ական գաղափարախոսությունն էր և անկախության հռչակագրի ոտնահարումը, ինչի արդյունքում Հայաստանն ինքը պաշտոնապես ու որպես բանակցային դիրքորոշում հրաժարվեց Արցախից՝ այն ժամանակ և բոլոր հաջորդ կառավարությունների օրոք։ Իսկ Արցախը չէր կարող չպատկանել կամ Հայաստանին կամ Ադրբեջանին։ Դրա արդյունքում չբնակեցրինք Ազատագրված տարածքները, միշտ խոստացանք հանձնել, պառակտեցինք ազգը հայաստանցիների ու ղարաբաղցիների, անգամ երբ միասնության մասին էինք խոսում, ոտնահարեցինք արցախաբնակ ՀՀ քաղաքացիների ընտրական և մյուս սահմանադրական իրավունքները։ Դրանով ինքներս Ադրբեջանին Արցախը վերագրավելու իրավունք և հնարավորություն տվեցինք, որն էլ այն իրացրեց հարմար առիթին։
Երկրորդ հիմնական պատճառը 1994-ին պատերազմը անավարտ թողնելն ու այն որպես մեծ ու վերջնական հաղթանակ ներկայացնելն էր, որը նույնպես բխում էր առաջին պատճառից։ Մենք երբեք չպատրաստվեցինք դեռևս չազատագրված տարածքները ազատագրելուն ու անգամ եղածը պաշտպանելուն նորմալ չպատրաստվեցինք, քանի որ հույս ունեինք, որ հաղթանակը վերջնական է, բանակցություններով մի բան կտանք, մնացածը մերը կճանաչեն։ Իսկ հետևանքը եղավ բացառապես պաշտպանական, այն էլ զուտ դիրքապահ բանակի կառուցումը, այն էլ հետադիմական սովետառուսական կաղապարով, և փաստացի առանց պահեստազորի, առանց ժամանակակից սպառազինության ու հանդերձանքի, առանց մարտական պլանների և մնացորդային կադրերով՝ զուգակցելով այս ամենը «տարածաշրջանի ամենահզոր բանակ» գոռոզամտությամբ ու ծաղրանքով Ադրբեջանի հզորացող բանակի հասցեին։
Երրորդը ազգային պետականակերտման բացակայությունն էր ոչ միայն փաստացի, այլև իբրև նպատակ չգոյությունը։ Ինչի արդյունքում երկիրը ընկալվում էր իբրև սովորական մի տարածք, որտեղ կարելի է գզվրտվել իշխանության համար, առանց որևէ բարոյական սահմանափակման, իսկ իշխանությունն էլ հարկավոր էր թալանի համար։ Հայաստանում այդպես էլ չկայացան ազգային հավաքական մտագործունեության արդյունավետ հաստատություններ, ոչ պետական, ոչ էլ որպես հանրային այլընտրանք, որոնք հնարավորություն կտային հայությանը գործել նպատակամղված, ծրագրային և ողջ ներուժով։ Արդյունքում մենք միշտ ընկալվեցինք որպես անիմաստ հետխորհրդային տարածք, հայտնվեցինք անբնական դաշինքներում ու պատերազմի նախօրյակին ունեինք անդամալույծ տնտեսություն ու քայքայված պետություն։
Կարևոր պատճառներից վերջինը 2018-ի ճգնաժամի ընձեռած հնարավորության բաց թողումն էր։ Իշխող վարչախմբին հեռացնելու գլխավոր հիմնավորումները պետք է լինեին նույն պատճառները, ինչը որ հիմա թվարկեցի, սակայն ժողովրդական ընդվզման ալիքը թամբեցին մարդիկ, որոնք պատկերացում չունեին, թե Հայ ազգն ինչ է, Հայաստանն ինչ է, որն է մեր անվտանգության իրական օրակարգը և թե ինչ հրատապ բարեփոխումներ են մեզ հարկավոր ահագնացող մարտահրավերներին դիմակայելու համար։ Նոր, ամբոխահաճ կառավարությանը թվում էր, թե այսպես կոչված ղարաբաղյան կլանը միայն Հայաստանում էր թալանում ու ընտրություն կեղծում, իսկ ահա Արցախում, բանակցություններում ու բանակում ամեն ինչ կարգին էր։ Նրանք հայտարարեցին, որ շարունակելու են նույն գիծը և այդպես էլ արեցին։ Ու հիմա, երբ պատերազմը բացահայտեց մեր արցախյան ու պաշտպանական քաղաքականության սնանկությունը, փորձում են արդարանալ, թե իրենք չեն պարտվել, իրենք չեն հանձնել, այլ նախկինները, անգամ փորձել են ավելին անել Արցախի ու բանակի համար։ Կարծես իրենց մեղքը չէ, որ իշխանությունը ստանձնելիս պատկերացում չունեին, թե ինչպես պետք է փոխեն բանակցային ընթացքը և թե ինչպես պետք է սեղմ ժամկետներում վերակառուցեին բանակը։ Իսկ հիմա բացահայտ հայտարարում են, որ վերջնական ամրագրելու են պարտությունը «խաղաղության դարաշրջանով»։
Ինչպե՞ս եք գնահատում պատերազմից հետո ընթացող քաղաքական գործընթացները: Իշխանության և ընդդիմության խիստ հակընդդեմ պահվածքը: Ինչո՞վ է պայմանավորված այդ ամենը:
Երրորդ հանրապետության վերջնական մահ, սակայն մահվան փաստի չընկալում, մերժում դրա չթաղված և գարշահոտող դիակը վերակենդանացնելու անիմաստ ու դատապարտված փորձեր՝ թե իշխող անմեղսունակների, թե նախկին թալանչիների կողմից։ Սրանց գոյությունը պայմանավորված է միմյանցով և երկու կողմն էլ դա շատ լավ հասկանում է։ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կերպ չէր կարող պատկերացնել, թե ինքը երբևէ կարող է վերակենդանանալ ու դառնալ քայլիստներին ատող զանգվածի առաջնորդ, եթե Նիկոլ Փաշինյանը անընդհատ իրեն չմեղադրեր բոլոր ողբերգությունների համար։ Իր հերթին Նիկոլ Փաշինյանն էլ պարտությունից հետո չէր կարող երազել նման հարաբերական ժողովրդականության մասին, եթե քոչարյանական ռևանշը վախ չներշնչեր մարդկանց։ Այդ իսկ պատճառով երկուստեք խիստ անհրաժեշտ է փոխադարձ ատելության բեմականացումը։ Ու հենց բեմականացումը, քանի որ իրականում երկու կողմերն էլ պատրաստ են զոհել Հայաստանի ինքնիշխանությունը հանուն գոյություն չունեցող ռուսական անվտանգային տանիքի և սպասարկել նոյեմբեր 9-ի կապիտուլյացիան։
Հայաստանը և Հայ ժողովուրդը կարող են շարունակել իրենց գոյությունը միայն որպես ազգային պետություն վերակազմակերպվելու դեպքում։ Երրորդ հանրապետությունը վերակենդանացնելու միջոցով այդ խնդիրը չի կարող լուծվել առաջին հերթին հենց այն պատճառով, որ դրա վերնախավը միշտ լուծելու է միայն մեկ խնդիր՝ սեփական իշխանության վերարտադրությունը՝ լինի դա ընտրակաշառքով, թե ժողովրդահաճ ստերով՝ հընթացս ժամանակավոր լուծումներով հետաձգելով և հաջորդ սերունդների վրա ծանրացնելով օրեցօր անլուծելի դարձող իրական հիմնախնդիրները։
Եթե գնահատելու լինենք ՀՀ քաղաքական դաշտը, ի՞նչ գնահատականներ կտաք 2018-ից առաջ և հետո:
Միաբևեռ քաղաքական համակարգին բնորոշ քաղաքական դաշտ է, որը 2018-ից հետո որևէ կերպ չի փոխվել։ Դրա էությունն այն է, որ իբր ժողովրդավարական, բայց խիստ նյութականացված կանոնների, ինչպես նաև կազմակերպական հակամշակույթի պայմաններում քաղաքական գործընթացներին արդյունավետ մասնակցելու հնարավորություն ունեն միայն իշխող ուժը և նախկին իշխողները՝ իբրև ընդդիմադիրներ։ Մնացած բոլոր հավակնոտ անձերը կամ անգամ գաղափարական խմբակները մնում են լուսանցքում կամ հարում են ներկաների կամ նախկինների ճամբարներին։ Ընդ որում որոշ մեկնարկային առավելություններ են ստանում մեծահարուստների հովանավորած, ինչպես նաև գրանտային կամ սփյուռքյան աղբյուրներից սնվող խմբակները։ Բոլոր դեպքերում նման քաղաքական դաշտում ներքուստ ժողովրդավար ու ինքնաֆինասավորվող կառույցներ կամ չեն գոյանում կամ խիստ անմրցունակ են։ Եվ բոլոր դեպքերում, միաբևեռ քաղաքական դաշտերում չեն ձևավորվում այլ մնայուն բևեռներ՝ մշտական քաղաքական միավորներ, որոնք փոխարինում են միմյանց որպես իշխանություն և ընդդիմություն։ Սովորական բռնապետություններից այս համակարգը տարբերվում է նրանով, որ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող ընտրություններում կարող են ձևավորվել միանվագ բևեռներ ու ձախողվելուց հետո անհետանալ։ Քաղաքական կարիերիստները հիմնականում նախընտրում են միանալ իշխանությանը, իսկ այնտեղից դուրս մղվելու դեպքում, հերթական ժամանակավոր ընդդիմադիր բևեռին։ Իսկ ավելի սկզբունքային մարդիկ, որ կարող էին օգտակար լինել երկրին, նախընտրում են ապաքաղաքական մնալ, որպեսզի մի կողմից պատասխանատու չլինեն իշխանության արածների համար, մյուս կողմից պահպանեն նրանց հետ «հանուն պետության» գործակցելու հնարավորությունը։ Արդյունքում ինչպես 2018-ից առաջ, այնպես էլ հիմա Հայաստանի քաղաքական դաշտում ներկայացված ամենազանգվածային շարժումը «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում» կուսակցությունն է։
Եթե 2018թ. հեղափոխությունը չլիներ, պատերազմ լինելո՞ւ էր: Հակասական կարծիքներ կան, որ պատերազմը մի օր միևնույն է լինելու էր, սակայն անընդհատ հետաձգվել է, կարծիքներ կան, որ հեղափոխությունը պատերազմ բերեց: Ի՞նչպես կմեկնաբանեք այդ ամենը:
2018-ի փողոցային իշխանափոխությունը որևէ կերպ չեմ կարող հեղափոխություն կոչել՝ հատկապես եթե այդ բառը դրական իմաստով է գործածվում։ Ինչ վերաբերում է պատերազմին, ապա այն երբեք չէր դադարել։ 2020-ի աշունը 1994-ից կիսատ թողնված այդ պատերազմի՝ Ադրբեջանի համար հաղթական ավարտն էր։ Դրան նախորդել էր 2016-ի մարտական հետախուզությունը, որը առատ նյութ էր տվել Բաքվին մեր մասին, նաև բացահայտել էր իրենց ինչ-ինչ խնդիրներ, որոնք հետագայում արագ լուծվեցին ու թուրքական դաշինքը այլևս պատրաստ էր։ Թերևս կարելի է ենթադրել, որ 2018թ իշխանափոխությունը մեկ տարով հետաձգեց Ադրբեջանի ամբողջ ուժով հարձակումը։ Նրանք վերջնագիր էին ներկայացրել դեռ Սերժ Սարգսյանին ու ակնհայտ էր, որ, 2017թ ընտրություններում բացարձակ մենիշխանություն հաստատելուց անմիջապես հետո, նա ստիպված էր լինելու կամ ընդունել ոչ միայն Բաքվի, այլև Մոսկվայի ու ՀԱՊԿ-ի այդ վերջնագիրը և հայության կամքին հակառակ հանձնել ազատագրված տարածքները կամ Բաքուն պետք է հարձակվեր՝ հավանաբար 2019-ին։ Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի հայտնվելը մի քիչ հետաձգեց ժամանակացույցը, Ալիևին ստիպեց մեկ անգամ էլ փորձել այս «ոչ ղարաբաղցուն» համոզել, հարկադրել, սպառնալ ու հարցը լուծել առանց կռվի։ Սակայն Նիկոլ Փաշինյանին այդ օրերին ավելի շատ հուզում էր ոչ միայն կորոնավիրուսը, այլև, օրինակ, սահմանադրական դատարանի հարցը, իսկ Արցախում էլ իրեն լոյալություն հայտնած Արայիկ Հարությունյանի ընտրությունը։ Մյուս կողմից բացառված չէ, որ Սերժ Սարգսյանը փորձեր ու կարողանար 2-3 տարով էլ հետաձգել հանգուցալուծումը, բայց դա առավելագույնը հենց հետաձգում կլիներ, այլ ոչ թե հայանպաստ լուծում կամ հանգուցալուծում ավելի պակաս կորուստներով։
Դուք եղել եք դաշնակցական և երկու տարի ազատազրկված եք եղել Դրոյի գործով, պայքարել եք, բայց այժմ դուրս եք ՀՅԴ շարքերից: Ինչո՞ւ հեռացաք կուսակցությունից: Ո՞րն է հիմնական պատճառը:
Հեռացա, քանի որ արդեն իսկ անցանկալի անձ էի դարձել կուսակցական վերնախավի համար։ Նախ փորձեցի հարմարվել ու սպասել՝ մինչ այդ ակտիվությունս ուղղելով ուղեկից կառույցներից մեկին՝ ՀՄԸՄ-ին, սակայն այստեղ էլ բախվեցի անձիս դեմ Հրանտ Մարգարյանին հավատարիմ մարդկանց հակականոնագրային պայքարին։ Ես շարքերում մնալու համար պայքարելու տրամադրություն չունեի։ Դա էլ դարձավ դիմում գրելուս առիթը։ Ինչն էլ հեշտությամբ արեցի, քանի որ զգացի, որ ինձ պահող ոչինչ չկա այլևս։ Դաշնակցությունը սկսում էր գործակցել լուսահոգի Արթուր Մկրտչյանի թիվ մեկ հակառակորդ Ռոբերտ Քոչարյանի ու վերջինիս միջոցով ՀՀՇ-ական իշխանության ուժային հենարան, թալանչի ու պոտենցիալ բռնապետ Վազգեն Սարգսյանի հետ։ Ներսից ինչ-որ բան փոխելու եռանդս էլ վաղուց սպառվել էր։ Կային ավելի հիմնարար հարցեր, կարծրացած գաղափարական կամ կանոնագրային կաղապարներ, որոնք ինձ համար անպիտան էին դարձնում Դաշնակցությունը։ Ի վերջո ամեն մի կառույց ընդամենը գործիք է, որով կարող ես օգտակար լինել Երկրին։ Եթե այն մաշվել է կամ անձամբ քեզ հարմար չէ գործածել, ինչո՞ւ կառչած մնալ դրանից։
Համեմատենք ՀՅԴ-ն 2018թ. առաջ և հետո: Ի՞նչ հիմնական առանձնացումներ կանեք:
Ես չեմ պատկանում ՀՅԴ-ից հեռացածների այն տեսակին, որոնք դրանից հետո շարունակում են դաշնակցական մնալ և երբեմն իրենց համարում են ավելի ճշմարիտ դաշնակցական, ուստի հատուկ չեմ հետևում իրենց ներքին կուսակցական կյանքին։
Իսկ կողքից նայելով կասեմ, որ ոչ մի տարբերություն էլ չկա։ Բացառությամբ այն բանից, որ նախկինում իշխանությանն էր կից, այժմ նախկին իշխանությանը։ Նաև դրականի իմաստով ոչ մի տարբերություն՝ նախկին իշխանության օրոք էլ իրենց գումարտակը արդյունավետ մասնակցեց մարտական գործողություններին, ներկայում էլ՝ այն էլ մեծ ու ցավալի կորուստներով։ Միաժամանակ ենթադրում եմ, որ իշխանությունից ընդիմության անցումը կամ խորհրդարան մտնել-չմտնելը պետք է որ որոշ ակտիվություն առաջացնեին ներկուսակցական ընդդիմության շարքերում, խրախուսեին քննարկումները կուսակցության ապագայի վերաբերյալ, ինչը և նկատվում է հաճախակի դարձած հեռացումներով։
Դուք եղել եք ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի պատասխանատու անդամ: Շփվել եք երիտասարդների հետ: Ի՞նչ աշխատանք և ի՞նչ սկզբունքով էր և է կառավարվում ՀՅԴ երիտասարդությունը:
Այո, ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի առաջին վարչության ատենապետն եմ եղել, սակայն ժամանակները շատ տարբեր էին։ Մեր ժամանակ ուսանողականի անդամների կուսակցական տարիքը ոչնչով չէր զիջում անգամ Հայաստանյան ԿԿ-ի անդամների կուսակցական տարիքին։ Ուսանող կուսակցականները, ունենալով այն առավելությունները, ինչ սովորաբար ունեն կրթված երիտասարդները, զերծ էին այն թերություններից, որ հատուկ էին սովետական անցյալ ունեցող ավագ կուսակցականներին։ Դա ազդում էր ինչպես ՆԱՈՒՄ-ի ինքնագնահատականի, այնպես էլ պատասխանատու անձերի կողմից վերաբերմունքի վրա։ Հիմա կարծում եմ այլևս այդպես չէ առարկայական պատճառներով։
Ժամանակները տարբեր էին նաև այն իմաստով, որ մեր ժամանակ Դաշնակցությունը արմատական ընդդիմություն էր և պատերազմող կուսակցություն։ Իսկ 2018-ի նախորդ շրջանում Դաշնակցությունը իշխանամետ էր, նրան անդամակցող կրթված երիտասարդին կարող էր գայթակղել պետական համակարգում տեղ ստանալը, պատերազմ էլ, խոշոր հաշվով, չկար։
Նաև նկատել եմ, որ վերջին տարիներին ավելի հաճախակի էր ՆԱՈՒՄ-ի անունը գործածվում ՀԵՄ-ի ու անգամ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի հետ մեկտեղ։ Կողքից տպավորությունն այն էր, թե Դաշնակցությանը կից երկու-երեք համարժեք երիտասարդական կառույցներ կան, որոնց ղեկավարությունը հավասարապես գործածում է փողոցի աշխատանքներում։ Այն, որ ՆԱՈՒՄ-ը լիարժեք և անգամ արտոնյալ կուսակցական մարմին է, մեր ժամանակ կարծես ավելի հստակ էր։
1992-ին Հայաստանի Ուսանողական Միությունը ներկայացրել եք ՀՅԴ ԸԺ-ին։ Ի՞նչ կասեք 2019-ի շուրջ 50 դաշնակցական երիտասարդների շարքերից վտարումների մասին, ինչ վիճակում է այսօրվա դաշնակցական երիտասարդությունը և ինչ ակնկալիքներ ունեք գարնանը գումարվելիք ՀՅԴ 34-րդ ԸԺ-ից։
Քանի որ ինքս ինձ ավելի շատ անկուսակցական եմ համարում, քան նախկին դաշնակցական, ապա ընդհանուր ժողովից որևէ ակնկալիք չունեմ։ Նույն պատճառով չեմ կարող գնահատել դաշնակցական երիտասարդության ներկա վիճակը։ Դաշնակցության ապագան նրա անդամների գործն է։
Ինչ վերաբերում է հեռացումներին, ես դրան մի քիչ հումորով եմ վերաբերվում։ Ժամանակ կար ես էի հեռացնում, հետո ինձ հեռացրեցին, հետո ինձ հեռացնողներին հեռացրեցին։ Հեռացումների մշակույթը Դաշնակցության ամենակարևոր ավանդույթներից մեկն է։ Իսկ կոնկրետ զանգվածային հեռացումները ՆԱՈՄ-ում թերևս հաստատում են վերևում ենթադրածս։ Մասնավորապես, որ 2018-ից հետո պետք է որ աճած լինի ներկուսակցական լարվածությունը, ինչպես նաև, որ ՆԱՈՒՄ-ի կարգավիճակը փոքր ինչ ավելի ընկած է, քան մեր ժամանակ էր։
Բայց կուզեի հռետորական հարց ուղղել ուսանողական միության վտարված անդամներին, թե ի՞նչն էր մինչ այդ նրանց պահում կուսակցությունում, ինչո՞ւ նախապես ինքնակամ չէին հեռացել։
Եթե գնահատենք 1991թ. մինչև այսօր ՀՀ-ում ընթացած ներքին և արտաքին քաղաքականությունը, ի՞նչը կընդգծեք, որպես հիմնական սխալներ կամ բացթողումներ: Ինչպե՞ս պատահեց, որ 1988թ. համազգային շարժումը շատ արագ մարեց, իսկ Հայաստանում սկսվեց ներքաղաքական անվերջանալի պայքար մինչև այսօր:
Սխալներ կամ բացթողումներ կարող ենք փնտրել այն դեպքում, եթե գոյություն ունի ձևակերպված նպատակ, դրան հասնելու ծրագիր, սակայն այն իրագործելիս ինչ-ինչ թերացումներ են եղել։ Իսկ հետխորհրդային Հայաստանի դեպքում չի եղել ոչինչ, ոչ ծրագիր, ոչ էլ նպատակ, այլ միայն իներցիա։ Իներցիայով մենք ցույցերի ենք մասնակցել, քանի որ այդպես էր ԽՍՀՄ տարածքի արևմտյան մասում, մինչև որ անկախացել ենք, քանի որ հեղաշրջման արդյունքում ԽՍՀՄ-ը փլուզվել է։ Նույն պատճառով Արցախյան շարժումը վերածել ենք այսպես կոչված Համազգայինի, բայց իրականում նրա օրակարգը պակաս ազգային ենք դարձրել՝ առաջին պլան մղելով զուտ հակախորհրդային գաղափարները։ Իներցիայով անդամակցել ենք ԱՊՀ-ին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և նույն իներցիայով, առանց վայրկյան իսկ մտածելու, ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իներցիայով սեփականաշնորհել ենք խոշոր գործարանները ու որպես ջարդոն վաճառել դրանց աշխատող հաստոցները։ Իներցիայով բացել ենք կուսակցություններ ու մասնակցել բոլոր ընտրություններին՝ անգամ չունենալով գաղափարական նախընտրություն։ Կատարել ենք Համաշխարհային բանկի ու Եվրախորհրդի ցուցումները ու անիմաստ պարտքեր ենք կուտակել։ Անգամ պատերազմին մասնակցել ենք իներցիայով, կամավորական սկզբունքով, առանց պատկերացնելու, թե ինչը կարող է լինել մեր հաղթանակը, առանց դրանից բխող ռազմավարության, նորմալ զորահավաքի ու երբ իներցիան իրեն սպառել է, պատերազմը կիսատ թողնելով, կանգնել ենք։ Հետո, նույն իներցիայով, շարունակել ենք թալանել երկիրը ու պայքարել ենք թալանողների դեմ, որպեսզի իշխանության բերենք հաջորդ, իսկ երբեմն էլ նախորդ թալանողներին։ Աստիճանաբար իներցիային փոխարինել է անիմաստ հակադարձումը, տարատեսակ հատվածական բողոքի ցույցերը, հաջող կամ անհաջող, բայց դրանից հետո արագ մոռացվող։ Վերջում էլ, երբ իշխող վարչախումբը շատ էր թուլացել, իներցիայով իշխանության ենք բերել նրանց սնած և աճեցրած ընդդիմությանը։ Սա էլ իր հերթին իներցիայով շարունակել է խոստանալ, որ կհանձնի տարածքները ինչ-որ բանի դիմաց, ու չի բնակեցրել դրանք։ Շարունակել է գոռոզանալ, թե «նոր պատերազմ, նոր տարածքներ», նույն նախադասության մեջ հայտարարել է, որ Արցախը Հայաստան է, ու անմիջապես, որ նրա անկախությունը պետք է ճանաչվի։ Հիմա էլ, երբ պարտվել ենք, իներցիայով նորից գլորվել ենք հայ-թուրքական ախպերության գիրկը։
Իսկ եթե ինչ-որ մեկը կպնդի, թե այս ամենը կամ դրա մի մասը ինչ-որ գիտակցած նպատակով ու մշակված ծրագրով է եղել, ուրեմն մենք էլ լիարժեք իրավունք կունենանք պնդելու, որ նման նպատակի ու ծրագրի հեղինակն ու կատարողները սովորական դավաճաններ են, ազգակործան տականքի չգերազանցված կերպարներ։
Երբ խոսում են հայրենասիրությունից, կարծիքներ կա, որ «սոված հայրենասիրությունը» կեղծ գաղափար է և որ տևական ժամանակ տնտեսական ծանր վիճակում գտնվող մարդը կարող է իրոք կոտրվել և հեռանալ: 1991թ. սկսած Հայաստանից գնացել և չի վերադարձել ավելի քան 1 մլն մարդ: Ինչպե՞ս է այդ ամենն ազդել հասարակական վստահության ու գիտակցության վրա:
Ամեն մարդ ազատ է իր կյանքը տնօրինելու։ Ժամանակակից աշխարհում սոված մարդ շատ քիչ կա ու հաստատ դրանք արտագաղթողները չեն։ Ճիշտ հակառակը՝ գնում են նյութապաշտները, գնում են ունենալով որոշ կարողություն, հաճախ գողացված, հանուն ավելի շատ նյութական վայելքի, նաև դասալիքները։
Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք մենք հայ ենք, և որքանո՞վ ենք հայ։ Հայի բոլոր սահմանումներից նախընտրում եմ այն, որն ասում է, թե հայը նա չէ, ում պապերն են հայ, այլ նա է, ում թոռներն ու ծոռներն են հայ լինելու։ Իսկ Հայաստանից դուրս ոչ մեկի ծոռն էլ հայ չի մնալու։ Հիմա եթե հայ լինելը մեկի համար բնական վիճակ է, արժեք է, իր ինքնության մասն է, որը նա կարևորում է, սիրում է, ինչպե՞ս նա կարող է հրաժարվել դրանից, դրանից զրկել իր զավակներին ու նրանց զավակներին։ Իսկ եթե չի կարևորում կամ անգամ զզվում է իր պատկանելությունից, ապա ի՞նչ գործ ունի մեր մեջ։ Նմաններն են կործանել մեր երկիրը իրենց անտարբերությամբ, նյութապաշտությամբ ու մորթապաշտությամբ։
Հայի համար Հայաստանում մնալը հայրենասիրություն չէ, առավել ևս զոհողություն չէ, այլ բնական պահանջ, վայելք։ Եթե այդ զգացումը չկա, ոչինչ չի փրկի։ Բայց ավելի հաճախ արտագաղթողների մոտ այդ զգացումը կա, բայց չի գիտակցվում։ Ցավոք շատերը արդեն դրսերում են հասկանում իրենց հայ լինելու բախտավորությունն ու շնորհը։ Կարոտից ու օտարներից տհաճություն զգալով «հայրենասեր» են դառնում, օտարության մեջ փորձում են առանձնանալ համայնքային կյանքով ու Հայաստան այցելություններով պահպանել Հայրենիքի հետ կապը, բարեգործությամբ փոխհատուցել չկատարված պարտավորությունները։ Ուստի ազգային պետությունը պետք է ամեն ինչ անի մարդկանց արտագաղթելու սխալից հեռու պահելու համար ու այդ ամեն ինչի մեջ նյութականը շատ քիչ նշանակություն ունի, ավելի կարևոր է դաստիարակությունը, կյանքի նպատակի շուրջ խոսակցությունը։ Անհույս դեպքերում ոչ միայն պետք է չխանգարել, այլև քաջալերել է պետք ապազգային տարրի արտագաղթը՝ որպեսզի ավելի քիչ մարդ վարակվի, անշուշտ փոխհատուցելով այն ներդրումը, որը երկիրը կատարել է այդ երիտասարդների կայացման համար։ Իհարկե, ազգային պետությունը պետք է քաջալերի նաև ներգաղթը։ Եվ այստեղ էլ խնդիրը ոչ այնքան նյութականն է, որքան ներգաղթյալների համար սկզբնական շրջանում անտերության, լքվածության զգացումը բացառելը, փոփոխության դժվարությունների հաղթահարման տեղեկատվական և ինստիտուցիոնալ օժանդակությունը, կրթական և ենթամշակությաին ինտեգրացիան։ Այլապես եթե մի պահ շատ հարուստ երկիր դառնայինք ու ամբողջ աշխարհը ուզենար Հայաստանում հաստատվել, միթե՞ նման ներգաղթը մեր սրտով կլիներ։
Արդյո՞ք 44-օրյա պատերազմից հետո հասարակությունը պատրա՞ստ է Ցեղասպանության ճանաչման ու Արցախի համար պայքարել նույն տրամադրվածությամբ ինչպես հիմա:
Թվում է թե ոչ։ Իրականում ազգային խնդիրների շուրջ պայքարելուն հիմա պատրաստ չէ ներկայիս պարտված սերունդը։ Որոշ ժամանակ անց պատկերը կարող է արմատապես փոխվել։ Բայց շատ կարևոր է նաև, որ մեր օրակարգերը փոխվեն, ճշգրտվեն, արդիականացվեն։
Ի՞նչ Ցեղասպանության ճանաչում։ Այսօր ո՞վ է մերժում պատմական փաստը։ Անգամ Թուրքիան, խոշոր հաշվով, դա չի անում։ Իսկ Ցեղասպանությունը ճանաչածների մեջ կա՞ մեկը, որը պատրաստ է հայտարարել, որ Թուրքիան մեզ առնվազն 100 հազար քառակուսի կիլոմետր է պարտք և մենք որևէ ժամանակ այդ տարածքին վերատիրանալու իրավունք ունենք ու կարող ենք ակնկալել իրենց աջակցությունը։ Ինչո՞վ են տարբերվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի կամ անգամ Ուրուգվայի դիրքորոշումները Թուրքիայի դիրքորոշումից, եթե բոլոր դեպքերում կամ չի խոսվում տարածքային խնդրի մասին կամ էլ մեկնաբանվում է, որ ճանաչումից չի հետևում տարածքային հարց։ Անգամ մենք ենք սկսել խոսել, թե Ցեղասպանության ճանաչումը կարևոր է միայն այն բանի համար, որ էլ երբեք Ցեղասպանություններ չլինեն։ Ուրեմն մերը թուրքերը մարսեն, իսկ աֆրիկաներում էլ ցեղերը մեկը մյուսին չմորթեն՝ դա՞ է մեր նպատակը։ Ազգային պետությունը այլևս բավարարված պետք է համարի Ցեղասպանության ճանաչման պահանջը և հստակ ձևակերպի իր տարածքային իրավունքները։ Այլապես այս մազոխիստական ճանաչման պայքարը շարունակելուն պատրաստ զանգվածը իսկապես կմաշի։
Արցախի հարցը նույնպես պետք է վերաիմաստավորվի։ Եթե շարունակվի Մինսկի խմբով ԼՂՀ անկախությունը ճանաչել տալու թատրոնը, ապա նման պայքարի նախորդ 30 տարիների արդյունքը աչքերիս առջև է ու դրա արդյունավետությանը էլ ոչ ոք չի հավատալու՝ անգամ ի պաշտոնե ու այլընտրանք չունենալու պատճառով այդ թատրոնը շարունակողները։ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ ու ռուսների թողտվությամբ գրավել է Արցախի կարևոր հատվածները և սպասում է, մի քիչ էլ կողքից բզբզում է, որպեսզի մենք հնարավորինս արագ կամավոր լքենք Ստեփանակերտն էլ։ Որքան էլ փող ծախսենք ու փորձենք ձգձգել, միևնույն է, այդ սպառնալիքը չենք կարող չեզոքացնել։ Միայն նոր պատերազմով Արցախը ու արդեն ոչ միայն Արցախը վերադարձնելու համազգային որոշման և կամքի դեպքում իմաստ ունի պահպանել հայ բնակչությունը Ստեփանակերտում։ Ու այլևս պետք է մոռանալ ինքնորոշումը, Հայաստանից առանձին ԼՂՀ-ն և դրա միջազգային ճանաչում կոչված ազգավնաս անհեթեթությունը։ Կամ նախապատրաստվում ենք նոր ու մեծ պատերազմի մեր սցենարով կամ դադարեցնում ենք ձևացնել, թե պայքարում ենք, որ հարցը լուծվի միջազգային իրավունքի հիման։
Երբ խոսում ենք անկախության մասին, կան կարծիքներ, որ անկախություն ասվածն առաջին հերթին տնտեսական ու գաղափարական միասնություն է, այլ ոչ թե դրոշներ ու երգեր: Համաձա՞յն եք դրա հետ:
Ոչ մեկն է, ոչ էլ մյուսը։ Անկախությունը սեփական պետության առկայությունն է, որը ծառայում է Ազգին, որպես նրա հավաքական մտագործունեությունը կազմակերպող կառույց, առանց արտաքին ենթակայությունների և թելադրանքների։ Տնտեսական, գաղափարական, մշակութային ու բոլոր մյուս միասնությունները դրա հետևանքներն են, դրոշներն ու երգերն էլ դրա խորհրդանիշներն են։
Մեր դեպքում անկախությունը ձևական է եղել, քանի որ պետական կառույցը, որ ստեղծեցինք այդպես էլ չդարձավ ազգային հավաքական մտագործունեության մեխանիզմ։ Այլ կերպ ասած մենք չունեցանք ներքին ինքնիշխանություն։ Անկախությունը ձևական էր նաև այն պատճառով, որ պետությունը ինքնակամ ենթակա դարձավ արտաքին կառույցների թելադրանքներին։ Այլ կերպ ասած սահմանափակվեց նաև մեր արտաքին ինքնիշխանությունը։ Արդյունքում Հայ ազգը, որպես կազմակերպված սուբյեկտ գոյություն չունի, բայց ձևականորեն համարվում է, որ նա կա հանձինս Հայաստանի Հանրապետության։
Հայկական ավանդական կուսակցություններն այժմ չունեն նույն թափը, ինչ և տասնամյակներ առաջ: Այդ կուսակցությունները կարողանալո՞ւ են վերականգնվել, նորից թարմացնել իրենց գաղափարական էությունը:
Կարծում եմ չեն կարողանալու և դրա կարիքն էլ առանձնապես չկա։ Կշռի կորուստը շատ բնական է, անդառնալի և ունի միանգամայն առարկայական պատճառներ։
Դրանցից առաջինը Սփյուռքի, տվյալ դեպքում հին սփյուռքի աստիճանական մարումն է։ Նոր՝ «հայաստանցիական» սփյուռքը կուսակցական ավանդույթներ չունի և ոչ ձգտում է համալրել ավանդական կուսակցությունների շարքերը, ոչ էլ սեփական կառույցներն է փորձում ստեղծել։ Սփյուռքի սիրտը միջինարևելյան գաղութներն էին, որտեղ կուսակցությունները շատ իմաստներով փոխարինում էին պետությանը և որտեղ հայկական ինքնությունը և հատկապես լեզուն առաջնային էին։ Նախնական փուլում Միջին Արևելքից դեպի Արևմուտք արտագաղթը օգնում էր կենսունակ դարձնել նաև արևմտյան կուսակցական շրջանները։ Իսկ վերջին դեպքերից հետո Լիբանանի, Սուրիայի ու անգամ Պարսկաստանի շրջանների ներուժը սպառվում է։
Երկրորդ պատճառը Հայաստանում ավանդական կուսակցությունների վերահաստատման հետ կապված խնդիրներն են։ Ռամկավարները փորձեցին գրավիչ դառնալ Հայաստանի ազատական, լիբերտար հակում ունեցողների համար։ Դա սկզբում որոշ չափով հաջողվեց, սակայն հայաստանցի նորաթուխ ռամկավարները շատ արագ պառակտեցին այդ կառույցը 6-7 մասի։ Այսօր այն զրո արժեք ունի։ Իսկ հնչակյանները սկզբից էլ զրո արժեք ունեին։ Նրանց սոցիալիզմը ու հակադաշնակցականությունը ոչ մեկին հետաքրքիր չէր, բացի Լևոն Տեր-Պետորսյանից, որը մի պահ նրանց մտցրեց իր աջ ուժերի դաշինքի մեջ։ Այսօր Հնչակյանը Հայաստանում մեկ սենյակի մեջ տեղավորվող կուսակցություն է։ Համեմատաբար հաջող էր Դաշնակցության մուտքը և այսօր էլ այն ներկայացված է խորհրդարանում, թեկուզ ոչ իր անունով։ Սակայն 90-ականների սկզբի ՀՅԴ 60 տոկոսանոց վարկանիշից այսօր գրեթե բան չի մնացել։ Պատճառը թերևս այն է, որ իրականում Դաշնակցությունը Սփյուռքում այնքան էլ կուսակցություն չէր՝ բանակ էր, պատմա-հայրենասիրական ակումբ էր, գաղութային ինքնավարություն էր իր ուղեկից կառույցներով, դպրոց էր, անգամ դատարան էր, ամեն ինչ էր, բայց ոչ կուսակցություն։ Դաշնակցական սոցիալիզմն էլ Հայաստանում այդպես էլ չհասկացան, թե ինչ է՝ անգամ դաշնակցականները։ Կազմակերպական կանոնները, որ այդքան փառաբանվում էին, պարզվեց, որ մեր օրերի բազմակուսակցական ժողովրդավարության պայմաններում այնքան էլ կենսունակ չեն։ Դաշնակցությունը հենց առաջին ընտրությանը խայտառակ եղավ, այն էլ 60 տոկոս վարկանիշի պայմաններում, քանի որ չկարողացավ իր մեջից մի առաջնորդ առաջադրել որպես նախագահի թեկնածու։ Դաշնակցական առաջնորդները այդպես էլ մնացին ներկուսակցական ժողովների աստղեր ու չկարողացան դառնալ արդյունավետ հրապարակային գործիչներ՝ այդ թվում այլ՝ իրական ու ստվերային ղեկավարի առկայության պատճառով։ Միաժամանակ պետք է հաստատել ու ՀՅԴ պատմական բրենդը, սփյուռքյան աջակցությունը, մասնակցությունը պատերազմին, սկզբում կոշտ հակադրությունը, իսկ հետո համագործակցությունը իշխանությունների հետ նրան դեռ բավական նշանակալի են դարձնում Հայաստանի ավերակ ներքաղաքական դաշտի համայնապատկերի ֆոնին։ Սակայն որպես քաղաքական դաշտի ազգային բևեռը համախմբող կառույց այն դժվար թե երբևէ կայանա առաջին հերթին իր ժամկետանց ծրագրի, կանոնադրության ու ավանդույթների պատճառով։
Շատերն այն կարծիքն են, որ հայ ժողովուրդը թմրել էր այսքան տարի և նրան ուշքի կբերեր միայն ուժեղ հարվածը: Պատերազմը բավակա՞ն չէր, որ ուշքի գայինք:
Ասում են ամեն բան, ինչը մեզ չի սպանում՝ ուժեղացնում է։ Գուցե արդեն մահացել ենք, չգիտեմ։ Բայց որ ուժեղացել ենք, դա էլ առանձնապես դեռ չի երևում։
Ես ժողովրդին քաղաքական սուբյեկտ չեմ համարում՝ այն միշտ ենթակա է գործուն վերնախավի ազդեցություններին։ Ցավոք Հայաստանում գործուն վերնախավը հիմնականում ապազգային է։ Ուստի նրանց համար պատերազմը այնքան էլ հարված չէր։ Անգամ հաջողություն էր, որն իրենց ազատել է մի մեծ հոգսից։
Իսկ այն միավորները, որ ուզում են ազգային կերպարով հանդես գալ չունեն բավական ներուժ, չեն փորձում, իսկ փորձելու դեպքում էլ չեն կարողանում համախմբել ազգային բևեռը որպես ինքնաբավ, գաղափարական, ներառական, ներքուստ ժողովրդավար, ինքնաֆինանսավորվող քաղաքական կառույց։ Սա է մեզ պակասում ու ժողովուրդը չէ, որ այն պետք է ստեղծի, այլ մտածող քաղաքական մարդիկ, նրանց նյութապես և կազմակերպորեն աջակցողները։ Այս իմաստով մենք շատ աղքատ ենք ու տառապում ենք բազմաթիվ հիվանդություններով, ինչպես օրինակ կուսակցական չլինելը, քաղաքականությամբ չզբաղվելը առաքինություն համարելը, կռապաշտությունը կամ փրկիչ փնտրելը և այլն։
Ո՞րն եք համարում Հայաստանի ամենակարևոր խնդիրը, որ հենց այս պահին պիտի արդեն լուծման տրամաբանություն ստանա:
Զրոյից պետություն ստեղծելը ու հատկապես ազգային պետություն ստեղծելը, որը իբրև ինստիտուտ կհամապատասխանի Հայոց ազգային նկարագրին, բնական կառույցին, հավաքաբար մտածելու ու գործելու ազգային առանձնահատկություններին, ինչպես նաև արդի փուլի մարտահրավերներին։ Ու միայն դրանից հետո որակապես նոր պետության ընտրանուն վստահել արմատական բարեփոխումների իրականացումը կրթության, ժողովրդագրության, բանակաշինության և մյուս գրեթե բոլոր ոլորտներում։
Հայաստանի համար նոր, Երրորդ ուժ և այլընտրանք տեսնո՞ւմ եք: Դրա կայացման համար ի՞նչ անհրաժեշտ նախապայմաններ և նախադրյալներ կան: Մանավանդ որ այդ մասին իրենց հարցազրույցներում բազմիցս նշել են քաղաքագետ Կայծ Մինասյանն ու պատմաբան Հրանտ Տէր-Աբրահամյանը: Որքանո՞վ եք ռեալ գնահատում նրանց առաջադրածները:
Չեմ էլ փնտրում, որ տեսնեմ։ Այն ամենը, ինչ Հայաստանի քաղաքական դաշտում ընդունված է ուժ անվանել, ինքս ուժ չեմ համարում ու դրանք ինձ չեն հետաքրքրում։
Եթե երրորդ ուժ ասելով նկատի ունենք մի նոր կուսակցություն կամ կուսակցություններ, որոնք կից չեն լինի իշխող վերնախավին, ոչ էլ նախկին իշխողներից կլինեն, ապա այդպիսի հավակնություններով փոքր խմբեր շատ կան։ Սակայն դրանք կմնան լուսանցքում, քանի որ, հակառակ իրենց պնդումների, իրականում այնքան էլ չեն ուզում ժողովուրդ կազմակերպել, կամ եթե ավելի մեղմ ասենք, պատկերացում չունեն, թե ինչպես է դա պետք անել։ Նման ուժերը, փողի քանակից կախված, կարողանում են փոքր-ինչ ուշադրություն գրավել, մեծարել իրենց հավաքած կուռքին, առարկություն չենթադրող տոնով մի քանի պարզունակ գաղափար շրջանառել ու կոչ անել, որ մարդիկ իրենց միանան, թե ինչի համար, պարզ չէ։
Արդյունքում նոր, հարաբերականորեն ուժեղ և հաջորդ ընտրություններին ԱԺ մուտք գործելու հնարավորություն ունեցող քաղաքական միավորը կամ միավորները դարձյալ կապված կլինեն ինչ-որ մեծահարուստների անվան հետ։ Նոր ազգային տականքներ հանդես կգան կեղծ հայրենասիարական բառամթերքով, ընտրողներին կհամոզեն, որ միայն իրենք կարող են տապալել առկա կառավարությունը, որ չնայած հարուստ են, բայց բարի են, համեստ ու աչքները կուշտ, ուստի իրենք հաստատ չեն թալանի, նաև կոմպետենտ են, քանի որ կարողացել են հարստանալ։ Ու եթե մինչ այդ գործող կառավարությունը բավականաչափ թուլացած լինի, գուցե ինչ-որ մի իվանիշվիլի կարողանա փայլեցնել ընտրողների աչքերը, այդպիսով գնել իշխանությունը ու նշանակել իր դրածոներին։
Սակայն եթե գաղափարական ուղղության մասին է խոսքը, ապա պետք է հասկանալ, թե որոնք են նախորդ երկուսը, որ հիմա երրորդը պետք է հայտնագործենք։ Ըստ իս Հայաստանում անկախացման առաջին օրվանից եղել է երկու գլխավոր ուղղություն։ Մեկը, որը միշտ թվացել է, թե հաղթում է, եղել է առկա քաղաքական հանգամանքների հետ հաշտվելու, արտաքին բոլոր թելանդրանքներին ենթարկվելու, ազգային բոլոր հավակնություններից հրաժարվելու և եվրասիական, անգամ ռուս-թուրքական կամ միայն թուրքական շրջապատին ինտեգրվելու գիծը։ Մյուսը, որ միշտ դիմադրել է սրան, եղել է ի հեճուկս թշնամական շրջապատի զարգանալու, հայրենի կենսատարածքին վերատիրանալու, համահավաք ներուժով և հզոր կամքով առկա սպառնալքիներին դիմակայելու գիծը։ Պատերազմի արդյունքներով այս երկրորդ գիծը գրեթե պարտվել է, բայց առաջինն էլ չի հաղթելու, քանի որ սուբյեկտայնության վերջնական կորուստն ու ինտեգրումը ենթադրում է հայկական տարրի վերացում իր բնօրրանում՝ հայրենի պետության գրավչության վերջնական կորստի, անվտանգություն և զարգացում ապահովելու անհնարինության արդյունքում, կամավոր արտագաղթի կամ հարկադրական տեղահանությունների զուգակցմամբ։
Ուրիշ երրորդ ուղի չեմ տեսնում։ Գուցե միայն «թանգարանային Հայաստանի» ուղին, երբ բոլորս դառնում ենք երբեմն հին ու մեծ ազգի թանգարանային նմուշներ, Մատենադարանին ու հնավայրերին հավասար և խնդրում ենք, որ ՄԱԿ-ն ու Յունեսկոն Հայաստանը հովանավորեն և պաշտպանեն թուրքական շրջապատից ու նաև մեզանից։ Բայց սա էլ գրեթե անհնար, կամ առնվազն խիստ ժամանակավոր մի բան կլինի։
Ուստի ինքս ինձ, որքան էլ ծեծված ու պարտված, դեռ համարում եմ նշածս ուղիներից երկրորդի ներկայացուցիչ։ Միայն հանուն իր բնօրրանում Հայ ազգի անվտանգ հարատևման և, ի հեճուկս թշնամական շրջապատի, Հայոց պետականության ինքնիշխան զարգացման իմաստ ունի նորից մտնել քաղաքական պայքարի մեջ։
Իսկ որպեսզի այս ուղղությունը իսկապես քաղաքական ուժ դառնա ու վերակառուցի Հայոց պետությունը, անհրաժեշտ է հատուկ տեսակի ազգային կազմակերպվածություն։ Այն նախ պետք է լինի ազգային հիմնախնդիրների շուրջ բովանդակային քննարկումների ազատ հարթակ, օժտված վարկանիշային քվեարկության համակարգով, որի օգնությամբ քննարկումներին հետևող պատասխանատու հազարավոր քաղաքացիներ կկարողանան հարյուրավոր ասելիք ունեցող գործիչներից ընտրել Հայոց նոր տիպի ազգային պետության սահմանադիր խորհրդարանը և անցումային կառավարությունը։ Դրանից հետո Երրորդ հանրապետության վերջին ԱԺ-ի հարցերը լուծելը և նոր սահմանադրությունը այլևս տեխնիկական հարց կլինեն։ Ազգային մտածումներ ու պատասխանատվության զգացում ունեցող մարդկանցով կարո՞ղ ենք այնքան կազմակերպվել, որ սեփական ուժերով նման այլընտրանքային ընտրություն կազմակերպել, իսկ հետո արդեն ընտրված առաջնորդող թիմով արտահերթ ընտրություն հարկադրենք և հաղթենք Երրորդ հանրապետության վերջին ընտրություններում՝ այս հարցն է ինձ տանջում։ Որովհետև մնացած տարբերակներով մենք ազգովի վերջնական պարտված ենք։ Այնպես որ, խոսքս հասցեագրում եմ այս հարցազրույցը մինչև վերջ կարդացողներին, հայե՜ր, ինձ մի պատմեք, թե առաջարկածս անհնար է, դուք կամենո՞ւմ եք ազգային պետություն ունենալ, իսկ ուրիշ ինչպե՞ս եք պատրաստվում այն ունենալ։
mer-oughin.am/2022/01/21/մեր-ուղին-ի-հարցազրույցը-արմեն-աղայ/