Սիւնիքի Համայնքապետերուն Պատասխանը՝ Վարչապետին Եւ Արտաքին Գործոց Նախարարին

National Hero of Armenia and the Artsakh Republic Monte Melkonian

Սիւնիքի Համայնքապետերուն Պատասխանը՝ Վարչապետին Եւ Արտաքին Գործոց Նախարարին

21 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- «Լրագիր»ի թղթակից Ռոզա Յովհաննիսեան պատրաստած է նիւթ մը, որուն մէջ համախմբած է կարծիքները Սիւնիքի պատասխանատուներուն, որոնք զարմանալի եւ անտրամաբանական կ՛որակեն վարչապետին ու արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները, որ Պաքուին առաջարկուած է զօրքերը հայելային տարբերակով ետ քաշել եւ անկէ ետք իրականացնել սահմանազատման-սահմանագծման գործընթացը: Սիւնիքի մարզի համայնքներուն ներկայ ու նախկին ղեկավարները կը նշեն, որ հայկական կողմը ետ քաշուելու տեղ չունի, հակառակը` պէտք է հեռանան Հայաստանի տարածք ներխուժած ատրպէյճանցիները։

«Բա մենք յետ գնալու տեղ ունե՞նք, որ յետ գնանք: Մենք յետ գնալու տեղ չունենք, մենք շփման գծով կանգնած ենք, այդ սահմանից յետոյ գնալու տեղ չունենք, ադրբեջանցիները պիտի յետ գնան», ըսաւ Դաւիթ Բեկ գիւղի վարչական ղեկավար Բենիամին Պօղոսեան «Լրագիր»ի հետ ունեցած զրոյցին ընթացքին:

Խոզնավար գիւղի նախկին վարչական ղեկավար Վարօ Գրիգորեան իր կարգին յայտնեց, որ ատրպէյճանցիները տակաւին Հայաստանի մէջ են, չեն հեռացած, իսկ այդ պայմաններուն մէջ ինչո՞ւ պէտք է հայկական զօրքերը հայելային ետ քաշուին: «Փաստացի այսօր իրենք մեր տարածքում են, օրինակ, Սեւ Լճի հատուածում: Բացի դա` մեզնից 800 մետր հեռաւորութեան վրայ կանգնած են, ասում են, որ այստեղ իբրեւ իրենց նախկին սահմանն է եղել: Ես չեմ հասկանում` խի՞ մենք պիտի յետ քաշուենք, մենք պէտք է յետ գնանք, որ սահմանազատում լինի՞: Մենք յետ գնալու տեղ չունենք, մնում է Երեւանը: Էսօր մեր գիւղը իրենցով լրիւ շրջապատուած է, մի քիչ էլ առաջ եկան, վերջ, գիւղն իրենցն է: Լաւ օրի չհասանք», ըսաւ ան:

Ըստ Վարօ Գրիգորեանի՝ Սեւ Լիճ նախապէս երբեք ատրպէյճանցիները չեն եղած, բայց այսօր անոնք լիճի տարածքին մէջ նստած են․ «Դաժան իրավիճակ ա, չենք հասկանում ինչ է լինելու: Եթէ գիւղից դուրս ենք գալու, էլ խի՞ են էսքան պահում մեզ, թող պարզ ասեն»:

«Եթէ մենք յետ քաշուեցինք, մեր տներից պիտի քաշուենք», իր կարգին ըսաւ Սիւնիքի մարզի Եղուարդ գիւղի նախկին ղեկավար Սպարտակ Զաքարեան:

Նշենք, որ ամիսներ առաջ Սիւնիքի Ագարակ գիւղը տանող ճամբան բոլորովին ատրպէյճանական նշանառութեան տակ յայտնուած էր, եւ այդ պատճառաւ գրեթէ շրջափակման մէջ յայտնուեցան Ագարակ, Եղուարդ, Ուժանիս եւ Խդրանց գիւղերը: Ըստ Սպարտակ Զաքարեանի` Եղուարդ գիւղի տարածքը կը հսկեն սահմանապահները: «Մի երկու սահմանապահ ունենք, նրանց էլ յետ քաշեցինք, ուրեմն մենք էլ հետները պիտի յետ քաշուենք: Եթէ մենք յետ քաշուենք, կը նշանակի, որ մեր գիւղերից պիտի դուրս գանք, կը նշանակի մեր բնակավայրերը զիջել: Արդէն հասել են մեր բնակավայրերին, ո՞ւր յետ քաշուենք, յետ քաշուելու տեղ չունենք: Միւս հարցը` եթէ սահմանազատում-սահմանագծում չկայ, մինչեւ հիմա մեր զօրքերը ինչի՞ էին յետ քաշւում, թող սահմանազատում անէին, յետոյ յետ քաշուէին: Հիմա էլ ո՞ւր պիտի յետ քաշուենք, եկել ենք, մեր տներում նստել ենք, արդէն չգիտենք էլ ինչ անենք», «Լրագիր»ի հետ ունեցած զրոյցին ընթացքին յայտնեց Սպարտակ Զաքարեան:

Ան նշեց, որ հայկական կողմը որեւէ խախտում չէ կատարած։ «Ես ինչքան տեսնում եմ, մենք խախտած տեղ չունենք, իրենք են խախտել, իրենք էլ պէտք է յետ քաշուեն: Մեր համայնքում էլ են խախտել տարածքը, ես հաստատ գիտեմ, որ խախտել են: Եթէ սահմանազատումը արդարացի լինի, մենք կարող ենք ապացուցել դա: Իշխանութիւնն էլ ասում է` չեն խախտել, յետ գնացէք, դա իրենց է, տուէք: Դէ տուէք, տեսնենք ինչ է լինելու»։

asbarez.am/411851/սիւնիքի-համայնքապետերուն-պատասխանը՝/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail