Թուրքագէտ․ «Եթէ զիջումների գնանք «կարմիր գծերի» հարցերում, նշանակում է՝ հրաժարւում ենք մեր ինքնութեան մի մասից»
21 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ, ՀԱՐՑԱԶՐՈՅՑՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Hetq.am – Հարցազրոյց ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի հետ
-Պարոն Սաֆրաստեան, օրերս Մոսկուայում տեղի ունեցած Հայաստանի եւ Թուրքիայի յատուկ ներկայացուցիչների հանդիպումից յետոյ նշուեց առանց նախապայմանների բանակցութիւնների մասին։ Յայտնի է, որ Թուրքիան նախկինում միշտ նախապայմաններ է առաջ քաշել, որոնք կապուած էին թէ՛ հայ-թուրքական, թէ՛ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների հետ։ Ինչո՞ւ յանկարծ Թուրքիան այս անգամ յայտարարեց առանց նախապայմանների բանակցելու մասին։ Արդեօք դա մարտավարութիւն է՝ բանակցութիւններն ի սկզբանէ փակուղի չտանելու համար։
-Այո, կարծում եմ՝ այդ նպատակն էլ հետապնդում է։ Եթէ Թուրքիան հէնց սկզբից էլ նախապայմաններ դնէր, ապա հայկական կողմը կը հրաժարուէր բանակցութիւններից։ Իսկ մենք տեսնում ենք, որ Թուրքիան այս անգամ շահագրգռուած է բանակցութիւններով։ Դա, կարծում եմ, կապուած է այն հանգամանքի հետ, որ Թուրքիան Հարաւային Կովկասում անցկացնում է շատ ակտիւ քաղաքականութիւն, որի նպատակն է ցոյց տալ, որ աւելի մեծ դերակատարում ունի տարածաշրջանում, քան մինչ այդ։ Եւ աշխարհաքաղաքական հաշուարկների շրջանակներում Թուրքիայի համար կարեւոր է ցոյց տալ, որ շահագրգռուած է Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորմամբ։ Կարծում եմ՝ հէնց դա է Թուրքիայի շահագրգռուածութիւնը, որ հէնց սկզբից այնպէս է անում, որ բանակցութիւնները փակուղի չմտնեն։
-Կողմերը դրական են արտայայտուել առաջին հանդիպման վերաբերեալ։ Արդեօք պատճառը հանդիպման ճանաչողական բնոյթն էր, թէ՞ այս դէպքում Թուրքիան պահում է զուտ դիւանագիտական էթիկան։
-Չեմ կարող ասել, թէ Թուրքիան ինչպէս է պահել 1,5 ժամ տեւած այդ բանակցութիւններում, բայց տեղեակ եմ, որ թուրքական կողմից յայտարարութիւն հնչել է, որտեղ արձանագրուել է, որ Թուրքիան չի պնդում նախապայմանները։ Ինչպէս նշեցի, Թուրքիան հէնց սկզբից շահագրգռուած է այդ բանակցութիւններով։ Եւ դա է պատճառը, որ մօտեցումը դրական է։ Երկու կողմերն էլ հաստատել են իրենց ցանկութիւնը բանակցութիւնները շարունակելու։ Սա կարող ենք փաստել, իսկ այլ փաստեր չունենք։
-Ինչպէ՞ս էք վերաբերւում այն հանգամանքին, որ Թուրքիայի կողմից նշանակուած ներկայացուցիչը դիւանագիտական մեծ փորձ ունի, իսկ Հայաստանի կողմից նշանակուել է ոչ դիւանագէտ, որն առնչութիւն չունի արտգործնախարարութեան հետ։ Սա խօսո՞ւմ է Փաշինեանի կառավարութեան կադրային սնանկութեան մասին։
-Ես մի բան էլ աւելացնեմ․ Թուրքիայի յատուկ ներկայացուցիչը՝ Սերդար Քըլըչը, ոչ միայն դիւանագիտակեան մեծ փորձ ունի, այլեւ մի քանի տարի եղել է Թուրքիայի ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար։ Այդ խորհուրդը քննարկում է Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականութեան ամենակարեւոր խնդիրները, եւ քարտուղարի պարտականութիւնն է օրակարգը պատրաստել քննարկումների։ Այսինքն՝ մի մարդ է, որ քաջատեղեակ է Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականութեան ամենակարեւոր խնդիրներից։
Միւս կողմից՝ յատուկ պաշտօն է ստեղծուել նրա՝ Սերդար Քըլըչի համար։ Ես նայեցի Թուրքիայի պաշտօնաթերթը, որտեղ տպագրւում են հրամանագրերը, եւ հէնց Էրդողանի հրամանագրի տեքստում նրա պաշտօնն այսպէս էր ձեւակերպուած՝ պատասխանատու ներկայացուցիչ Հայաստանի հետ յարաբերութիւնների գծով։ Այսինքն՝ ոչ միայն բանակցութիւնների, այլեւ ընդհանրապէս Հայաստանի հետ կապուած բոլոր խնդիրներով։ Եւ երկրորդ՝ մինչեւ հիմա այդ պաշտօնը չի եղել։ Այն ստեղծուել է նրա համար։
Եւ երրորդ հանգամանքը՝ այդ պաշտօնը, փաստօրէն, դուրս է բերւում Թուրքիայի արտգործնախարարութեան շրջանակներից։ Այն ուղղակի նախագահի հրամանագրով է նշանակւում եւ ենթարկուելու է Թուրքիայի փոխնախագահին, այսինքն՝ երկրորդ մարդուն։ Ըստ էութեան, նա դառնում է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ, այլ ոչ թէ արտգործանախարարութեան։ Դա վկայում է այն մասին, որ Թուրքիան նախատեսում է երկարատեւ բանակցութիւններ, հարցերի լայն շրջանակ, ինչպէս նաեւ ենթադրւում է, որ անձամբ զեկուցելու է փոխնախագահին, այլ ոչ թէ արտգործնախարարին։ Այնպէս որ, սա է պատկերը Թուրքիայի կողմից։
Այո, մեր ներկայացուցիչը փորձով, փորձառութեամբ զիջում է Թուրքիայի ներկայացուցչին։ Սա ակնյայտ է, փաստ է, բայց, վերջիվերջոյ, հաշուի առնելով այն, ինչ ասացի, եթէ լինեն կարեւոր հարցեր, որ պէտք է քննարկուեն, որոշումներ ընդունուեն, ապա դա լինելու է երկրների ղեկավարների կողմից։ Իսկ այստեղ բանակցողի անձը երկրորդ պլան է մղւում։
-Ձեր կարծիքով՝ այս գործընթացն ունի՞ ապագայ, երբ մի կողմից պատերազմից յետոյ դժուար պայմաններում յայտնուած Հայաստանն է, միւս կողմից՝ ագրեսորին ամէն ձեւով սատարած Թուրքիան։
-Շատ ճիշտ էք ասում, ես կաւելացնեմ, որ Թուրքիան ոչ թէ ագրեսորին ամէն ձեւով սատարած, այլ այդ ագրեսիայի հիմքում կանգնած երկիր է։ Միւս կողմից՝ պարտուած Հայաստանն է։ Ակնյայտ է, որ ուժերն անհաւասար են։ Բայց բանակցային գործընթացը նրանով է բանակցային, որ բանակցային սեղանի շուրջ հանդիպում են տարբեր մօտեցումներ ունեցողներ, եւ այդ տարբեր մօտեցումներն, այսպէս ասած, բախման մէջ են մտնում։ Եւ այդ ժամանակ կարեւոր է չկորցնել կարեւոր բաները, կարեւոր են «կարմիր գծերը», որոնք մենք ոչ մի կերպ զիջելու հնարաւորութիւն չպէտք է ունենանք։
-Որո՞նք են այդ «կարմիր գծերը»։
-Խօսքը Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման քաղաքականութեան, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի, Արցախի Հանրապետութեանը Հայաստանի Հանրապետութեան կողմից ամէն կերպ օգնելու, պաշտպանելու, ինչպէս նաեւ Կարսի պայմանագրի մասին է։ Թուրքերը պահանջում են, որ Հայաստանը վերահաստատի իր հաւատարմութիւնը Կարսի պայմանագրին։ Դա չպէտք է անել։ Համոզուած եմ, որ դա անարդարացի պայմանագիր էր, որը պարտադրուել էր մեզ։ Եւ նաեւ չորրորդ նախապայմանը, որ քննարկման խնդիր կը լինի, համոզուած եմ, այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքն» է։ Այստեղ էլ պէտք է մեր դիրքորոշումը վերահաստատենք, որ ոչ մի միջանցքային տրամաբանութիւն ընդունելի չէ մեզ համար։
Չեմ կարող մտածել, որ այդ «կարմիր գծերը» կարող են խախտուել, որովհետեւ երեք հարցերը մեր ինքնութեան հետ են կապուած։ Եթէ զիջումների գնանք այդ հարցերում, նշանակում է՝ հրաժարւում ենք մեր ինքնութեան մի մասից։ Դա ուղղակի անընդունելի է մեզ համար։
-Իսկ ի՞նչ սպասել այս գործընթացից, պարոն Սաֆրաստեան։
-Շատ բարդ հարց էք տալիս։ Չեմ կարող ասել, դա կարող են ասել այն մարդիկ, ովքեր նախապատրաստել են այդ գործընթացը, մասնակցելու են կամ ղեկավարելու են, նրանք կարող են ասել։ Իմ ընդհանուր գնահատականն այն է, որ նախորդ երեք փորձերն աւարտուել են անյաջողութեամբ, հիմա սա չորրորդն է՝ մեր պարտութեան եւ մեր տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիւութեան աւելի ուժեղացման պայմաններում։ Դրա համար դրական արդիւնքի սպասում չունեմ։
Իսկ դրական արդիւնքը Հայաստանի համար, հաւանական է, բանակցութիւնները նախապատրաստողներն այսպէս են մտածում՝ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումն է եւ սահմանների բացումը։ Կարծում եմ՝ անյաջողութեամբ կաւարտուեն, բայց տեսնենք։
Horizonweekly.ca
kunq.net/am/?p=81733