Փաշինյանն ուզում է օրինականացնել 1921-ի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը

ԿԱՐՕ ՔԱՀՔԷՃԵԱՆ – ՍՊԻՏԱԿ ԱՐՋԸ – ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է – ԻՄ ԵՐԿԻՐԸ

Փաշինյանն ուզում է օրինականացնել 1921-ի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը

25.01.2022 | Հարցազրույց | ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող

Lragir.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Պարոն Պապյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի խորհրդարանի կողմից 1992 թվականին վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ Ինչի՞ մասին է խոսքը։

Ճիշտն ասած՝ ես չգիտեմ ինքն ինչ նկատի ունի, բայց եթե Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է ընդունել, ճիշտ է արել, ես էլ եմ ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հիմա հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է Ադրբեջանի տարածքը, և ո՞րն է սահմանը։ Այո, ես ճանաչում եմ և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, և Ադրբեջանի։ Մենք իրենց տարածքների նկատմամբ որևէ հավակնություն չունենք, մենք խոսում ենք օրինապես Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքների դեօկուպացիայի մասին։ Թող ինքը հիմա ցույց տա մի փաստաթուղթ, որով երկու կողմերը կնքել, ստորագել ու դելիմիտացիայի և դեմարկացիայի են ենթարկել որևէ սահման։

Եթե Նիկոլ Փաշինյանը հղում է կատարում 1992 կամ 1994 թվականի ինչ-որ որոշման, ապա պետք է հաշվի առնել, որ դրանից առաջ՝ 1991 թվականի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանը հրաժարվել է սովետական իրավաքաղաքական ժառանգությունից, սովետական շրջանն անվանել է օկուպացիայի շրջան։ Հետևաբար, մենք չենք կարող ճանաչել մի բան, որից Ադրբեջանն ինքը հրաժարվել է արդեն։ Հետևաբար, եթե մենք անգամ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուրեմն ճանաչում ենք Առաջին հանրապետությունների տարածքային ամբողջականությունը։ Հիմա այստեղ բնակականաբար կա վեճ, մենք ասում ենք՝ մեր սահմանները գնում հասնում են մինչև Գանձակի մոտերը, իրենք ասում են՝ «Երևանը մերն է, Սևանը մերն է»։ Կրկնում եմ բազմիցս իմ արած առաջարկը՝ միջպետական վեճերը լուծվում են միջպետական դատարանում, որը կոչվում է ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Կողմերը հնարավորություն ունեն դիմել միջպետական դատարան, ներկայացնել իրենց հիմնավորումներն ու փաստաթղթերը, և թող դատարանն էլ որոշի՝ ում հիմնավորումներն են ավելի օրինական, ավելի հաստատուն։ Դատարանը կորոշի սահմանները, հետևաբար՝ այդ տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքը վերաբերում է սրան։ Մնացածն արդեն կամայական մեկնաբանություններ են Նիկոլ Փաշինյանի և Ալիևի կողմից։

Արցախի կարգավիճակի, դեօկուպացիայի վերաբերյալ հարցերին Նիկոլ Փաշինյանի պատասխաններն ի՞նչ են փաստում։

Այս քաղաքականությունը մի խնդիր է լուծում՝ բավարարել Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր ցանկությունները, նկրտումները, այդ թվում՝ Ռուսաստանի, որովհետև Ռուսաստանն էլ է հանդես գալիս սովետական վարչական բաժանարար գծերը պետականացնելու օգտին։ Եվ այս ամբողջը մեկ նպատակ ունի՝ երեք ուժային կենտրոններին սիրաշահելով՝ պահել իշխանությունը։ Այսօր Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ընդամենը լուծում են մեկ հարց՝ սեփական իշխանությունը պահելու հարցը։ Եվ դրա համար իրենք պատրաստ են վճարել ինչով կարող են։ Քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քաղաքական և տարածքային պահանջներ ունեն, Փաշինյանը դա է զիջում, Ռուսաստանն ավելի տնտեսական խնդիրներ ունի, դա է զիջում։ Ամեն մեկին տալիս է այն, ինչ նրանք ուզում են, բայց որը, ցավոք սրտի, չի հանգեցնելու, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նաև ասաց, որ Հայաստանի ոչ մի իշխանություն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել։ Նա այս հայտարարությունն արեց՝ անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանը ճանաչի Կարսի պայմանագրով հաստատված սահմաններն ու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

Այո, Հայաստանի որևէ իշխանություն չի ասել, որ Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջ ունի։ Անգամ այն հարցերին, թե տարածքային պահանջ ունե՞նք, պատասխանը եղել է՝ ոչ, մեր օրակարգում նման հարց չկա։ Բայց Նիկոլ Փաշինյանը դա չի ուզում անել, Նիկոլ Փաշինյանն ուզում է օրինականացնել Կարսի և Մոսկվայի պայմանագրով դե ֆակտո գործող սահմանները։ Ոչ ոք Նիկոլ Փաշինյանին չի մեղադրում, որ ինքը տարածքային պահանջներ չի ներկայացնում, ինչպես նախկինները, բայց խնդիրն այն է, որ ինքը դրանից այն կողմ է գնում։ Նա ուզում է Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը օրինականացնել, այ սա է վտանգավորը։ Եվ դարձյալ ինքը մանիպուլյացիա է անում, հավասարության նշան է դնում եղած սահմանները հաստատելու կամ ընդունելու իր քայլի և պահանջներ չներկայացնելու միջև։ Իսկ քանի որ ժողովրդի մեծ մասը նման տարբերակումները չի հասկանում, նա այսպես խաբելով առաջ է գնում։

Թուրքիայի հետ բանակցություններում ի՞նչ հարցեր պետք է Հայաստանը առաջ քաշի՝ նույն Կարսի պայմանագրի կամ Նախիջևանի հարցերը չպե՞տք է քննարկման առարկա լինեն։

Մի երկու բանակցություններով այդ հարցերը չեն կարող լուծվել։ Այստեղ պետք է լինի այն, ինչի մասին բարձրաձայնվում է, բայց իրականում այդպես չէ, առանց նախապայմանների հարաբերություններ։ Հասկանո՞ւմ եք՝ հայկական կողմից նախապայմաններ չդնելն արդեն իսկ մեծ զիջում է։ Հիմա պետք է մեկ պարբերությամբ շատ պարզ փաստաթուղթ կնքվի, որում կնշվի, որ կողմերը համաձայնեցին հաստատել դիվանագիտական հարաբերություններ և պայմանավորվեցին հետագայում քննարկել առկա խնդիրները, վերջ։ Հետագայում, եթե պետք է սահմանի բացման մասին փաստաթուղթ ստորագրվի, դա լուրջ փաստաթուղթ պետք է լինի։ Այսինքն՝ այս փուլում իսկապես առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում, հետո արդեն ընթացիկ խնդիրները քայլ առ քայլ լուծելով՝ պետք է առաջ գնալ։

www.lragir.am/2022/01/25/695069/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail