Դասագրքերը լռում են… 1918 Թ. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Դասագրքերը լռում են…
1918 Թ. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
01 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:
Չկարողանալով անցնել Միջագետք ու միանալ անգլիական զորքերին՝ 1918 թ. հուլիսին Անդրանիկը նահանջում է Նախիջեւան, ապա թուրքերի ճնշման տակ՝ Սյունիք: Օգոստոսի 4-ին շուրջ 30.000 գաղթականներով նա հասնում է Գորիս:
Զանգեզուրի ու Արցախի հայության վիճակը չափազանց ծանր էր: Օսմանյան հրամանատարությունն ու մուսավաթական կառավարությունը լեռնականներից պահանջում են զինաթափվել եւ ճանաչել Ադրբեջանի գերիշխանությունը: Լեռնահայաստանը որոշում է կռվել:
Զանգեզուրի Ազգային խորհուրդը Անդրանիկին մեծ լիազորություններ է տալիս եւ ընտրում շրջանի ինքնապաշտպանության ղեկավար։ 1918թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին երկարատեւ ու կատաղի կռիվներ են տեղի ունենում թուրք-թաթարական կանոնավոր զորամասերի ու լեռնականների միջեւ: Զանգեզուր մտնելու նպատակով Խալիլ բեյը Նախիջեւանից ամուր կապ է հաստատում թաթարական գյուղերի հետ՝ նրանց զինելով ու ներգրավելով ռազմական գործողությունների մեջ: Թշնամին հարվածում էր Զաբուղից ու Օրդուբադից, ինչպես նաեւ՝ ներսից:
Սյունիքում կար մեծաթիվ թուրք-թաթարական բնակչություն, լավ զինված, թուրք սպաների կողմից մարզվող ու առաջնորդվող ջոկատներ: Հայկական բնակավայրերի միջեւ հաղորդակցությունը դժվարացել, կամ իսպառ դադարել էր, քանի որ շրջանի թաթարական (ադրբեջանաբնակ) գյուղերը վերածվել էին ռազմական ամրությունների՝ փակելով ճանապարհներն ու անակնկալ գրոհներով խուճապ առաջացնելով հայ բնակչության շրջանում: Սովորական երեւույթ էր դարձել անասնագողությունը, հայ գյուղացիների առեւանգումն ու սպանությունները: Երկրամասում գյուղատնտեսական աշխատանքները կանգ էին առել: Տեղաբնակ մուսուլմաններն այնքան սանձարձակ էին դարձել, որ բացահայտ հայտարարում էին, թե Զանգեզուրն ու Ղարաբաղը իրենց սրբազան հողն է եւ այստեղ ոչ մի հայ չի մնալու:
1918թ. օգոստոսի 10-ին Անդրանիկը որոշում է չեզոքացնել ներքին վտանգը: Սիսիանի շրջանում շուրջ երեք տասնյակ թաթարական գյուղեր կային, իսկ Կապանի քառասուն գյուղերից միայն չորսն էր հայկական: Հանդուգն պահվածքով հատկապես աչքի էր ընկնում Գորիս-Սիսիան ճանապարհի վրա գտնվող Աղուդի, Վաղուդի եւ Ուրուտ գյուղերի թրքությունը: Նույնիսկ մեծաքանակ զինվորական ուղեկցությամբ հայերը հազվադեպ էին անցնում այս խճուղային ճանապարհով:
Հայերի գրոհներին թշնամին երկար դիմադրել չի կարողանում: Անդրանիկը գործի է դնում մեծ դժվարությամբ բարձունքները հանված թնդանոթները, կոտրում թաթարների դիմադրությունը եւ ոչնչացնում հիշյալ ավազակաորջերը: ՀՅԴ հիմնադիրներից Ռոստոմը Բաքվից Անդրանիկին ուղարկած նամակում գրում է. «Ես պիտի գամ Գորիս՝ քու անարատ և սուրբ ճակատդ համբուրելու» (Տես՝ Գ. Սուրենեան, Ինչու՞ զորավար Անդրանիկ հեռացավ Հ. Յ. Դաշնակցութենէն, Կ. Պոլիս, 1920, էջ 16):
Անգեղակոթի ճանապարհին հայկական ուժերը հանդիպում են Շաքիի թուրքերի գրոհներին: Սրանք նույնպես արժանանում են վերոնշյալ գյուղերի ճակատագրին: Աղուդիի, Վաղուդիի ու Շաքիի թրքության հետ տեղի ունեցածից հետո ահուսարսափ է տարածվում Զանգեզուրի թրքաբնակ բնակավայրերում, որոնք գերադասում են հանդես բերել խոհեմություն եւ հայտարարում են Անդրանիկի իշխանությունը ճանաչելու ու նրան հպատակվելու մասին: Կապանի թաթարական գյուղերը եզ ու ոչխար էին մորթում Զորավարի ոտքերի առջեւ եւ աղերսում իրենց հանդեպ գթասիրտ լինել:
Օգոստոսի 30-ին Անդրանիկը մտնում է Անգեղակոթ եւ այնտեղ հաստատում իր ռազմակայանը: Նա ձեռնամուխ է լինում զորակոչի կազմակերպման, Հարվածային զորամասի համալրման ու մարտունակության բարձրացման, զորքը մթերքով ու սպառազինությամբ ապահովելու գործին: Խստացվում է կարգապահությունը, ռազմական վարժանքներն ու մարզումները դառնում են ամենօրյա եւ հստակ ժամանակացույցով: Զորահավաքը մեծ դժվարությամբ, բայց ընդհանուր առմամբ հաջողությամբ է իրականացվում, ստեղծվում են հատուկ դիտակետեր, նոր վաշտեր ու գումարտակներ, գյուղերում՝ զինված խմբեր, որոնք ենթարկվում են ընդհանուր հրամանատարությանը: Ամբողջ Սյունիքը վերածվում է ռազմական ճամբարի եւ ամենուր իրականացվում է մարտական հերթապահություն:
Հետախուզական տեղեկությունների համաձայն թուրք-թաթարական ուժերը 1918թ. սեպտեմբերի կեսերին Սիսիանի ուղղությամբ անցնելու էին վճռական գործողությունների: Անդրանիկը որոշում է կանխել թշնամուն եւ նախահարձակ լինել: Սեպտեմբերի 10 (23)-ի գիշերը Հարվածային զորամասը սկսում է գրոհը: Վնասազերծվում են Սիսիան-Օրդուբադ ճանապարհին գտնվող թրքաբնակ գյուղերը: Թաթարները հազարներով թողնելով իրենց բնակավայրերը, գույքն ու անասուններին՝ ահաբեկված փախչում են Նախիջեւանի ուղղությամբ:
1918 թ. սեպտեմբերին Զանգեզուրի թուրքաբնակ բնակչության հակահայկական ըմբոստությունը և խժդժությունները թևակոխում են ամենաեռուն շրջանը: Ամսվա երկրորդ կեսին իրադրությունը Զանգեզուրում ավելի բարդացավ: Բաքվի ու Շուշիի գրավումից հետո օսմանյան ու մուսավաթական զորքերը ողջ ուժերը կենտրոնացրին Զանգեզուրը նվաճելու համար եւ ամուր օղակի մեջ առան հայկական երկրամասը:
Օսմանյան զավթիչները մուսավաթական կառավարության տրամադրության տակ դրեցին Արցախն ու Սյունիքը ընկճելու բոլոր միջոցները: Միաժամանակ հայերի թիկունքը նախապես թուլացնելու համար՝ թուրքական զորքերի հրամանատարությունը մեծաքանակ զենք ու ռազմամթերք առաքեց Արցախի ու Զանգեզուրի և հատկապես նրանց միջև սեպի պես խրված Քարվաճառի ու Լաչինի թուրքերին ու քրդերին:
Այս ահեղ վտանգի ժամին ցայտուն դրսևորվեց հայ բնակչության գերազանց հատկություններից մեկը, այն է՝ մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, համախմբվել, զորահավաքի ենթարկել բոլոր ուժերը, օգտագործել բոլոր հնարավորությունները և ամուր բռունցք դառնալ թշնամու դեմ:
Սյունիքն Անդրանիկի ու նրա զինակիցների ահռելի, անմնացորդ ու տքնաջան աշխատանքի արդյունքում կարճ ժամանակում վերածվեց անառիկ ամրոցի, որն այլեւս ոչ մի ուժ չէր կարող գրավել: Սեպտեմբերի 26-ին թուրքերը մեծաքանակ ուժերով անցան հարձակման: Սկսվեցին կատաղի կռիվներ:
Ութ օր տևած ծանր մարտերում թշնամին տվեց մեծաթիվ զոհեր եւ պարտության մատնվելով՝ նահանջեց ելման դիրքերը: Այս պարտությունը հայկական երկրամասի թուրք-թաթարական բնակչության մեջ առաջ բերեց բարոյահոգեբանական ծանրագույն վիճակ:
Մահմեդական գյուղերը մաքրագործելու արշավը դադարեցնելու համար Խալիլ փաշան դիմում է ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ազդել Անդրանիկի վրա, հակառակ դեպքում սպառնալով պատժիչ միջոցների դիմել:
Իր պատասխանում վարչապետ Քաջազնունին Խալիլին հայտնում է, որ ինքը ոչ մի իրավասություն չունի Անդրանիկի վրա եւ Հայաստանը չի կարող պատասխանատվություն կրել Զանգեզուրում տիրող վիճակի համար:
1918թ. հոկտեմբերի 7-ին Անդրանիկը հրաման է արձակում Գորիսի շրջանում նոր զորահավաք անցկացնելու մասին, ինչն իրականացվում է արագ ու հաջողությամբ: Այս անգամ զորակոչվում են զենք բռնելու ունակ 20-50 տարեկանները: Հետագայում զորակոչը դժվարանում է երկրամասում բռնկված համաճարակի պատճառով:
1918թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի տարբեր շրջաններում թուրք-թաթարական զինված կազմավորումները ծանր պարտություններ են կրում։ Խծաբերդի, Տումի, Մսմնայի եւ այլ գյուղերի ինքնապաշտպանական ուժերը հետ են շպրտում թշնամու գրոհները։
Միաժամանակ Դիզակի ու Վարանդայի հրամանատարները նամակ են ուղարկում Գորիսում գտնվող Անդրանիկին՝ խնդրելով անհապաղ օգնության հասնել։
Այսրկովկասից օսմանյան զորամասերի հեռանալուց (տես՝ Մուդրոսի զինադադար) եւ անգլիացիների տարածաշրջան գալուց հետո՝ Անդրանիկը ձեռնամուխ է լինում Արցախին օգնության հասնելու իր ծրագրի իրագործմանը:
1918թ. նոյեմբերի 15 (28)-ին, Զաբուղի ձորում թուրքերին ջարդելուց հետո, նա սկսում է իր ռազմերթը Շուշի, բայց անգլիացիների միջամտությամբ այն կասեցվում է։ Անդրանիկին նամակով տեղեկացնում են, որ եթե մտնի Շուշի, ապա այդ քայլը բացասաբար կանդրադառնա հայկական հարցի լուծման ընթացքի վրա։
ՀՀ կառավարության 1919թ. հունվարի 21-ի որոշումով Սյունիքի ու Արցախի ընդհանուր ղեկավարումը ժամանակավորապես հանձնվում է Զանգեզուրի ազգային խորհրդին, որը վերակազմավորվելու էր Զանգեզուր-Ղարաբաղի ազգային խորհրդի եւ գործելու էր ՀՀ անունից:
Խորհրդի կազմը հաստատելու էր ՀՀ կառավարությունը, որի որոշմամբ մտցվում էր նաեւ պետական կոմիսարի պաշտոն: Կոմիսարը, որպես ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչ, կառավարելու էր Զանգեզուր-Ղարաբաղի մարզը:
1919թ. մարտի 12-ին Գորիս է ժամանում պետական կոմիսար նշանակված Արսեն Շահմազյանը: Մարտի վերջին, որոշ քանակությամբ զենք ու զինամթերք տրամադրելով նրան, Անդրանիկը դուրս է գալիս Գորիսից եւ ապրիլին հասնում Երեւանի գավառ: Էջմիածնում զորամասը լուծարելուց ու զենքերը կաթողիկոսին հանձնելուց հետո` Զորավարը հեռանում է Հայաստանից։
Arshaluis Zurabyan