ԳԻՐՔԵՐՈՒ ՀԵՏ – ՄՈՒՍԹԱՖԱ ՔԵՄԱԼ. – ՊԱՅՔԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ (1919-1921 ԹԹ.) – ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ

Ռուբեն Սաֆրաստյան - թուրքագետ, ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն

ԳԻՐՔԵՐՈՒ ՀԵՏ – ՄՈՒՍԹԱՖԱ ՔԵՄԱԼ. – ՊԱՅՔԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ (1919-1921 ԹԹ.) – ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ

30 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – ԳԻՐՔԵՐՈՒ ՀԵՏ:

ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ

Տպագրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության դրամաշնորհով

Հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական խորհուրդը

Պատասխանատու խմբագիր՝ պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան

Սաֆրաստյան Ռ. Ա. Ս 305 Մուսթաֆա Քեմալ. Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ (1919-1921 թթ.)/ Ռ. Ա. Սաֆրաստյան; ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ.- Եր.: «Տիր» հրատ., 2019.- 140 էջ + 4 էջ ներդիր:

Մենագրությունը նվիրված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի գործունեությանը 1919-1921 թվականներին, որի նպատակն էր մահացու հարված հասցնել Հայաստանի Հանրապետությանը:

Հեղինակն անդրադառնում է նաև Աթաթյուրքի գաղափարական հայացքների և քաղաքական գործունեության այն կողմերին, որոնք հնարավորություն են տալիս առավել հիմնավոր պատկերացում կազմել նրա քաղաքականության իրական շարժառիթների մասին:

Գիրքը գրված է թուրքական սկզբնաղբյուրների մանրակրկիտ քննության հիման վրա:

Նախատեսված է թուրքագետների, արևելագետների, պատմաբանների և ընթերցող լայն շրջանակների համար:

ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

Սույն գրքի մտահղացման ակունքները գտնվում են իմ ուսանողական տարիներում, անցյալ դարի 70-ական թթ. կեսերին, երբ ես սովորում էի ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Թուրքագիտության բաժնում:

Թուրքիայի պատմության մեր սիրելի դասախոսը՝ երջանկահիշատակ պրոֆեսոր Երվանդ Սարգսյանը, որը միաժամանակ գլխավորում էր նաև Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժինը, լինելով Թուրքիայի նոր և նորագույն շրջանի պատմության խորը գիտակ, քննադատաբար ներկայացնում էր Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի գլխավորած ազգայնամոլական շարժման պայքարը Թուրքիայի տարածքային ամբողջականության համար, որի հիմնական թիրախն էր Հայաստանի Հանրապետությունը, մեծ ուշադրություն էր հատկացնում Հայաստանի դեմ քեմալականների ագրեսիային:

Սակայն, երբ մենք անդրադառնում էինք այն ժամանակ գոյություն ունեցող դասագրքային բնույթի նյութերին, ապա տեսնում էինք, որ այստեղ Մուսթաֆա Քեմալը հանդես է գալիս որպես առաջադեմ պետական գործիչ, որը հիմնադրեց ու ղեկավարեց թուրք ժողովրդի ազգային-ազատագրական պայքարն արևմտյան իմպերիալիստների և նրանց կամակատար
Հայաստանի դեմ:

Պատերազմը վերջինիս դեմ ներկայացվում էր նաև որպես արդարացի, որը նպատակ ուներ ազատագրելու հայ աշխատավորներին ծանր սոցիալական լծից:

Ակնհայտորեն առաջանում էր երկփեղկվածություն այն գիտելիքների, որոնք մենք ստանում էինք՝ ունկնդրելով դասախոսությունները, և այն դասագրքերի միջև, որոնք հրատարակված էին Մոսկվայում և ըստ էության պարտադրված էին մեզ՝ հայաստանցի թուրքագետ ուսանողներիս: Փաստորեն, մենք այն ժամանակներում ապրում էինք երկու զուգահեռ
«թուրքագիտական իրականությունների» պայմաններում՝ հայկական և խորհրդային:

Մոսկվայից պարտադրվող Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթյուրքի գործունեության աղավաղված և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունը բխում էր քաղաքական դրդապատճառներից: Խորհրդային Միությունը, շահագրգռված լինելով հարևան Թուրքիային տեսնել մի այնպիսի երկիր, որը գտնվում է իր ազդեցության ոլորտում, այլ ոչ թե դաշնակցում է ԱՄՆ-ին և անդամակցում ՆԱՏՕ-ին, ամեն կերպ փորձում էր սիրաշահել նրա պաշտոնական շրջանակներին: Այդ քաղաքականության մաս էր կազմում նաև թուրքական պաշտոնական պատմագրության կողմից ստեղծված Աթաթյուրքի կուռքին և մի շարք առասպելներին կուրորեն հետևելը:

Արդեն այն ժամանակ պարզ էր, որ անհրաժեշտ է իրականացնել անաչառ, սկզբնաղբյուրների վրա հիմնված հետազոտություն՝ նվիրված Մուսթաֆա Քեմալի գործունեությանը և հայացքներին, որոնց թիրախը հայ ժողովուրդն էր:

Այդ գաղափարը փորձում ենք իրականություն դարձնել սույն գրքով՝ հիմնվելով Մուսթաֆա Քեմալի հեղինակած կամ իր ստորագրությունը կրող փաստաթղթերի, այդ թվում նաև 7 գաղտնի և հույժ գաղտնի1, ինչպես նաև ներգրավելով նրա ելույթները Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստերում, այդ թվում նաև գաղտնի2, և նրա հրապարակային ելույթներն ու հարցազրույցները3:

Օգտագործել ենք նաև Մուսթաֆա Քեմալի հուշագրությունները, նոթատետրերի գրառումները և այլն4:

Մեր կողմից օգտագործված այդ բնույթի սկզբնաղբյուրների թիվն անցնում է քսանից:

Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում թորքական բանակի Գլխավոր շտաբի կողմից հրատարակվող «Ռազմական պատմության փաստաթղթեր» խորագիրը կրող պարբերականի հատորները: Այդ սահմանափակ տպաքանակով հրատարակված պարբերականից մենք օգտագործել ենք 1950-ական թթ. լույս տեսած մի շարք հատորներ5:

Կարևոր էր նաև թուրքական բանակի Գլխավոր շտաբի կողմից հրատարակված բազմահատորյակի այն հատորը, որը հատուկ նվիրված է Հայաստանի դեմ պատերազմին6։

Օգտագործել ենք նաև մի շարք հուշագրություններ, որտեղ ուշագրավ նյութ է պարունակվում Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի, նրա կենսագրության առանձին դրվագների մասին: Այդ բնույթի նյութերն ունեն առանձնահատուկ կարևորություն, քանի որ նրա կյանքի ու գործունեության շատ դրվագներն արտացոլող գրավոր փաստաթղթեր բացակայում են7:

Հաջողվեց ձեռք բերել նաև Զինադադարի և քեմալական շարժման տարիներին Կ.Պոլսում տեղակայված բրիտանացի հետախույզ Ջոն Բենեթի հուշերը, որտեղ կան մի շարք ուշագրավ անդրադարձներ՝ կապված Աթաթյուրքի հետ8:

Հետազոտական գրականությունը՝ նվիրված Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքին, չափազանց հարուստ է և հաշվվում է տասնյակ հազարավոր անուններ, որոնց հեղինակներն ինչպես թուրք մասնագետներն են, այնպես էլ արտասահմանցիները: Նրանց մի մասը ներկայացնում է թուրքական պաշտոնական պատմագրությունը կամ էլ գրված է նրա ազդեցության ներքո:

Վերջին տարիներին սկսեցին հրատարակվել այնպիսի աշխատանքներ, որոնց հեղինակները փորձում են ազատվել Աթաթյուրքի մասին ստեղծված առասպելներից ու կարծրատիպերից և հանդես են գալիս ավելի անաչառ դիրքերից:

Ավելորդ է նշել, որ սույն գրքի հեղինակը նախապատվությունը տվել է այդպիսի աշխատություններին9:

Հեղինակը հույս ունի, որ սույն գիրքը կնպաստի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի հայացքների ու գործունեության այն հատվածների պարզաբանումներին, որոնք առնչվում են մեր ժողովրդի պատմության շրջադարձային փուլերից մեկին և կնպաստի ընդհանրապես նրա կերպարի ավելի խորը և բազմակողմանի ըմբռնմանը:

Շարունակելի թիւ 1

Facebooktwitterredditpinterestlinkedinmail