Արցախի ԱԺ-ն «Արցախի բռնազավթած տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրել
01 ՓԵՏՐՈՒԱՐ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Արցախի Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի բռնազավթած տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, ըստ որի` արգելք է սահմանվելու արտասահմանյան այն կազմակերպությունների վրա, որոնք ցանկություն կհայտնեն առանց Արցախի կառավարության թույլտվության գործունեություն ծավալել Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքերում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:
Օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել հունվարի 27-ին, իսկ փետրվարի 16-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է դրվելու:
«Օրենքի նախագիծը երկու հիմնական ուղերձ է պարունակում, առաջինը այն, որ մենք որևէ դեպքում չենք հրաժարվի Արցախի Սահմանադրությամբ ամրագրված տարածքներից և համարում ենք, որ, օրինակ` Հադրութի շրջանը հայկական է եղել ու միշտ լինելու է հայկական: Երկրորդը` դիմում ենք բոլոր երկրների կառավարություններին և արտասահմանյան կազմակերպություններին, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են մասնակցություն ունենալ տարբեր տեսակի գործունեություն ծավալելու բռնազավթած տարածքներում, ապա զգուշացնում ենք, որ համապատասխան օրենքի դրույթների և տարբեր միջազգային նորմերի հիման վրա կբարձրացնենք, մեզ համար բարենպաստ պայմաններ ստեղծվելու դեպքում կդիմենք միջազգային ատյաններ և արբիտրաժներ: Օրենքի նախագծում նշված է, որ արտասահմանյան ընկերությունները կարող են գործունեություն ծավալել միայն ու միայն Արցախի կառավարության թույլտվությամբ»,- ընդգծել է Բաղունցը:
Հարցին, թե որ տարածքներ են ընդգրկված լինելու՝ ԼՂԻՄ-ի տարածքը, թե նաև անվտանգության գոտի համարվող տարածքները, Բաղունցը հղում է արել Արցախի Սահմանադրության 175-րդ հոդվածին, որում նշված է, որ մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո:
civilnet.am/news/648435/արցախի-աժ-ն-արցախի-բռնազավթած-տարածքների-մասին-օրենքի-նախագիծ-են-շրջանառության-մեջ-դրել/