Ռուսաստանը նախընտրեց այդ տարածքները հանձնել ոչ թե «դաշնակից» Հայաստանին, այլ Թուրքիային
01.02.2022 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունը, թե Մոսկվան պատասխան է ուղարկել Վաշինգտոն։ Ռուսական քաղաքական-քաղաքագիտական շրջանակներում արդեն սկսել են խոսել, որ Պուտինը ստիպված կլինի զիջել, քանի որ մենակ է մնացել. Թուրքիան և Չինաստանը, որոնց Պուտինը դաշնակիցներ էր անվանում, պարզվեց «ոչ բարեկամ էին, ոչ թշնամի, այլ հենց այնպես»:
Ռուս հայտնի փորձագետներից մեկը գրում է, որ Սիրիայում և Լիբիայում ռուսական զորքերը և հակաօդային պաշտպանությունը մեծ կորուստներ են կրել թուրքական Բայրաքթարներից։ «Այն, որ դա արել են ոչ թե ամերիկյան, իսրայելական, այլ թուրքական անօդաչու թռչող սարքերը, իհարկե, շոկ էր բազմաթիվ ռազմական փորձագետների համար։ Եվ, ըստ երևույթին, Ռուսաստանի համար դա այնպիսի ցնցում էր, որ հերիք չէ մենք ընդհանրապես չխոսեցինք այդ մասին, այնպես, որ երբ Ադրբեջանը նույն թուրքական անօդաչու սարքերով հարձակվեց Ղարաբաղի վրա, մենք չմիջամտեցինք այս հակամարտությանը… Դե, բացի նրանից, որ ինչպես նշել է Մարգո Սիմոնյանը, «պահպանեցինք խաղաղությունը Ղարաբաղում»։ Մենք այդ խաղաղությունը տեսանք տարբեր տեսահոլովակներում, որտեղ քանդվում էին եկեղեցիները և այլն, որտեղ մարդկային դիակներ էին։ Ոչ միայն չմիջամտեցինք Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում, այլ, ըստ էության, տպավորություն ստեղծվեց, որ Պուտինը վախենում է միջամտել թուրքական բանակի դեմ։ Եվ տպավորություն էր, որ Պուտինը վախենում է Էրդողանից։ Եվ դա շատ նվաստացուցիչ էր, քանի որ Կովկասի այս հատվածը ռուսական ազդեցության ավանդական տարածք է։ Ըստ այդմ՝ այս տարածքը հայտնվել է Թուրքիայի ազդեցության տակ, որն, ի դեպ, ՆԱՏՕ-ի անդամ է»,- գրել է փորձագետը։
«Ես չեմ խոսում այն կոնֆուզի մասին, որը վերջերս եղավ Ղազախստանում, երբ մենք զորքեր մտցրինք, և Շոյգուն ասաց, որ նրանք կմնան այնքան ժամանակ, մինչև իրավիճակը տարածաշրջանում վերջնականապես կայունանա (կարդացեք՝ ընդմիշտ, Ղազախստանը մերն է): Եվ այդտեղ Չինաստանի դեսպանը զանգեց Լավրովին, իսկ հաջորդ օրը սկսվեց զորքերի դուրսբերումը։ Հունվարի 7-ին զորք մտցրինք, հունվարի 11-ին հանեցինք։ Եվ նկատենք, որ այդ ժամանակվանից Ղազախստանը պարզապես անհետացել է քարոզիչների փիառ-քարտեզից», շարունակում է նա։
Ռուսաստանում դեռ չեն իմաստավորել, թե ինչ է տեղի ունեցել Արցախում։ Բայց մարդիկ արդեն սկսում են խոսել, որ ՆԱՏՕ-ին «հետխորհրդային տարածքի» վերջնական «հանձնում-ընդունումը» հենց այդ ժամանակ է սկսվել։ Արցախում ռուսական զորքերը ոչ թե Ռուսաստանի ներկայության նշան են, այլ «հանձնման-ընդունման» երաշխիքը։ Ռուսաստանը նախընտրեց այդ տարածքները հանձնել ոչ թե «դաշնակից» Հայաստանին, այլ Թուրքիային՝ «ՆԱՏՕ-ի գծով բարեկամին»։
www.lragir.am/2022/02/01/696228/