«Միասին ջարդեցինք հայկական ֆաշիզմը»․ Մոսկվա-Բաքու պետական նոր նախագիծ
02.02.2022 | Մեկնաբանություն | Lragir.am,
Հայտնի է դարձել, որ ՌԴ Սոչի քաղաքի իշխանությունը որոշել է նոյեմբերի 8-ը ներառել տոնացույցում՝ որպես «Հայաստանի դեմ հայրենական պատերազմում Ադրբեջանի հաղթանակի օր»։ Զուգահեռ, ՌԴ պետական Ռեգնում հետախուզական գործակալությունը կրկին շրջանառել էր «հայ հիտլերական Նժդեհի» թեման՝ Ալիեւի ձայնակցությամբ, ով կրկին սպառնացել էր ջարդել «հայկական ֆաշիզմը, ինչպես 2020-ին»։ Ընդհանրապես, Նժդեհի ու «հայկական ֆաշիզմի» թեման Մոսկվայի ու Բաքվի՝ պետական մակարդակով ներդաշնակ ու համաձայնեցված քաղաքականության դրսեւորումներից է։
Նկատենք, որ Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ հաղթանակի հայ մարշալների, հերոսների հուշարձանների պղծումն «Ադրբեջանում» Մոսկվան երբեւէ ուղիղ չի դատապարտել, ավելին՝ ՌԴ ԱԳՆ խոսնակը բազմիցս փաստացի արդարացրել է այն, օրինակ՝ այդ հարցի լուծումը «եռակողմ պայմանավորվածությունների անվերապահ կատարմամբ» պայմանավորելով։
Ալիեւը Հայաստանի դեմ Արցախում ահաբեկչական պատերազմը որակում է որպես հայրենական պատերազմ մի շարք պատճառներով։ Նախ, սեփական խոշոր կորուստները՝ տարբեր տվյալներով՝ 20-25 հազար զոհ, արդարացնելու համար։ Երկրորդ, Ալիեւն այդպիսով ներգրվում է Ռուսաստանի ներկայիս՝ Երկրորդ աշխարհամարտի սակրալացման պետական-գաղափարախոսական ծիրին։ Պետական բոլոր գաղափարախոսությունները տապալած Ռուսաստանում Երկրորդ աշխարհամարտի հիստերիան դարձել է մոբիլիզացիոն վերջին ռեսուրսը Կրեմլի կլեպտոկրատ ռեժիմի համար։
Այն ունիվերսալ ռեսուրս է Մոսկվայի ու Բաքվի համար՝ Հայաստանի դեմ համատեղ ահաբեկչական պատերազմը եւ ցեղասպան-ֆաշիստական գործողությունները «ծածկելու» համար։ Իր հերթին, Ալիեւն այդպիսով արժանին է մատուցում Մոսկվային՝ Հայաստանի դեմ «հաղթանակն» ապահովելու համար։
Հեռու չէ այն օրը, երբ ՌԴ համապետական տոնացույցում կընդգրկվի «Ադրբեջանի հետ համատեղ հայկական ֆաշիզմը ջարդելու օրը»։ Կովկասում աշխարհքաղաքական պարտությունը եւ թուրքական քաղաքականության կցորդի վերածվելը «հիմնավորելու» այլ միջոց չի մնում։
Այս համատեքստում, պետք է լրջորեն քննարկել ՌԴ հայ համայնքի, հատկապես Հյուսիսային Կովկասում հայերի անվտանգության խնդիրները։ ՀՀ ռուսանպաստ կառավարությունն ու խորհրդարանը ուղիղ պատասխանատվություն են կրում Ռուսաստանի հայերի ճակատագրի համար։
www.lragir.am/2022/02/02/696274/