Հայկական հինավուրց Շուշին Հայաստանի պատմության բոլոր շրջաններում մեծ նշանակություն և դերակատարություն է ունեցել

Shoushi-Artsakh-Armenia

Հայկական հինավուրց Շուշին Հայաստանի պատմության բոլոր շրջաններում մեծ նշանակություն և դերակատարություն է ունեցել։

03 ՓԵՏՐՈՒԱՐ 2022 – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:

Քաղաքի հիմնադրումը հանգում է նախաքրիստոնեական ժամանակաշրջանին։

Քաղաքի տարածքում և մերձակայքում հայտնաբերվել են մ․ թ․ ա․ 14-13-րդ դարերով թվագրվող խեղեցեն և կենցաղային պարագաներ։ Համաձայն հնագիտական տվյալների՝ Շուշին վաղ ժամանակներից եղել է ամրոց-բնակատեղի։

19-րդ դարի սկզբին Շուշին դարձել էր ռուս-պարսկական պատերազմների թատերաբեմը, և 1813 թ․, ըստ Գյուլիստանի պայմանագրի, Ղարաբաղի խանության կազմում անցել է ռուսական վերահսկողության տակ։

1826 թ․ սկսած ռուս-պարսկական պատերազմի ժամանակ պարսկական բանակը Աբբաս Միրզայի գլխավորությամբ պաշարել է Շուշին՝ ցանկանալով այս քաղաքի գրավմամբ սկսել Այսրկովկասի վերագրավումը։ Սակայն բերդի կայազորն ու հայ աշխարհազորայինները 48 օր հերոսաբար դիմակայել են՝ ձախողելով պարսկական պլանները։

19-րդ դարի սկզբից Շուշին սկսեց վերականգնվել ու զարգանալ թե՛ մշակութապես, թե՛ սոցիալ-տնտեսապես։ 19-րդ դարի կեսին Շուշին բնակչության թվով և քաղաքական ու մշակութային կշռով Այսրկովկասի չորրորդ քաղաքն էր։ 1885 թ․ քաղաքն ուներ 27783 բնակիչ, որից 15188-ը հայեր էին։ 1895 թ․ Շուշիում ապրում էր 33252 մարդ, որից 20584ը հայ էին։

1896 թ․ Շուշիում Թ․ Թամիրյանցի շնորհիվ կառուցվել է 18 կմ երկարությամբ ջրատար, և քաղաքն ուներ խմելու ջուր։

Խորհրդային շրջանում՝ Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո, Շուշին գտնվում էր ԼՂԻՄ-ի Շուշիի շրջանի կազմում։

1988 թ․ Շուշին դարձել էր Ադրբեջանի ռազմական հենակետերից մեկը։ Հայկական զինված ուժերը կազմեցին Շուշիի ազատագրման պլանը։

Քաղաքի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է 1992 թ․ մայիսի 4-ին Սերժ Սարգսյանի կողմից։ Ռազմական գործողությունները ղեկավարում էր Արկադի Տեր-Թադևոսյանը։ Գործողության հիմնական չորս ուղղություններն էին՝ հյուսիսային (Ստեփանակերտ-Շուշի մայրուղով), արևելյան (Շոշի կողմից), հարավային (Բերձորի) և հյուսիսարևմտյան (Ջանհասան-Քյոսալար): 1992 թ․ մայիսի 8-ին ԼՂՀ ԻՊՈՒ ուժերը սկսել և հաջողությամբ իրականացրել են Շուշիի ազատագրման գործողությունը։

Մայիսի 9-ին հայկական զինված ուժերը վերջնական մաքրել են քաղաքը թշնամուց։ Հայոց հինավուրց քաղաքն ազատագրված էր։

Շուշիի ազատագման գործողությունը հայկական ռազմական պատմության անթերի ու կատարյալ գործողություններից մեկն էր, որը մտավ հայոց պատմության մեջ Արցախյան առաջին պատերազմում ունեցած բեկումնային դերով։

Ազատագրած Շուշիում բնակություն են հաստատել ժամանակին թշնամու կողմից Շուշիից վտարված հայերը։ Շուշիում են սկսել բնակություն հաստատել նաև ԼՂՀ տարբեր վայրերից այստեղ տեղափոխված հայերը։

Շուշիի մուտքի մոտ կանգնեցվել են քաղաքի ազատագրման ժամանակ խփված տանկը, զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար, իսկ քաղաքում՝ Վազգեն Սարգսյանի հուշարձանը։

2020 թ. Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով Շուշին օկուպացվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից։

Հայրենապատում / Hayrenapatum

Facebooktwitterredditpinterestlinkedinmail