Հայ – Թուրքական Հարաբերությունները Բոլորին Են Պետք –Եթե Ռուսաստանն է լինելու արբիտրը, ապա մենք կրկին կորցնող կողմ ենք լինելու – Միքայել Հայրապետյան
07 ՓԵՏՐՈՒԱՐ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ
Եթե Ռուսաստանն է լինելու արբիտրը, ապա մենք կրկին կորցնող կողմ ենք լինելու։
Միքայել Հայրապետյան
ԳԱԼԱ-ի հարցազրույցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ։
— Պարոն Հայրապետյան, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսվել, և այդ գործընթացի շրջանակում տեղի է ունեցել հատուկ ներկայացուցիչների հանդիպումը, փետրվարի 24-ին էլ Վիեննայում հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն է տեղի ունենալու: Կողմերը հայտարարել են, որ առանց նախապայմանների են սկսում բանակցությունները, արդյո՞ք Թուրքիան նոր մարտավարություն է ընտրել, որպեսզի այս անգամ էլ բանակցությունները փակուղի չմտնեն: Ձեր կարծիքով՝ ունի՞ այս գործընթացն ապագա:
— Թուրքիային հարաբերությունների կարգավորումը կամ գոնե թշնամականից հանդուրժելիի հարթություն տեղափոխելը պետք է ոչ պակաս, քան մեզ՝ հայերիս, ուստի կարելի է վստահել այն հայտարարություններին, թե իրոք բանակցությունները սկսվել են առանց նախապայմանների: Մյուս կողմից՝ հայ-թուրքական հարաբերությունների նվազագույն հաստատումը խիստ անհրաժեշտ է թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին, որոնք այսօր լուրջ դիմակայության առջև են: Իհարկե, ուժային այդ կենտրոններին կարգավորումը պետք է տրամագծորեն հակառակ պատճառներով, ուստի այս գործընթացն ապագա ունի կամ ոչ՝ վստահորեն ասել հնարավոր չէ: Միանգամայն տարբեր ելքեր կարող են լինել, եթե ռուս-արևմտյան հարաբերությունները մնան լարվածության այս աստիճանին, միանգամայն այլ՝ եթե բախում սկսվի, և միանգամայն այլ՝ եթե լարվածությունը խաղաղությամբ հանգուցալուծվի:
—Վերջին շրջանում խոսվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու մասին: Ընդհանրապես, ի՞նչ կարծիք ունեք այդ գործընթացի վերաբերյալ, ինչքա՞ն կարող է տևել այն, և այդ ընթացքում ի՞նչ վտանգների առջև կարող ենք կանգնել: Հայաստանը գործընթացի վերաբերյալ ներկայացրել է առաջարկներ, որին Բաքուն բացասաբար է արձագանքել: Չե՞ք կարծում, որ Ադրբեջանը փորձում է միակողմանիորեն իր պայմանները թելադրել, և հայկական կողմը ինչպե՞ս պետք է վարվի այս իրավիճակում:
-Որ երբևէ լինելու է սահմանագծում և սահմանազատում, բնական է: Խնդիրն այստեղ այլ հարթությունում է. ո՞ւմ կնքահայրությամբ: Եթե Ռուսաստանն է լինելու արբիտրը, ապա մենք կրկին կորցնող կողմ ենք լինելու, ուստի պետք է դիվանագիտորեն գործընթացի մեջ ներքաշել այլ՝ ավելի արդարադատ արբիտրների՝ ի դեմս արևմտյան խաղացողների, ասենք, Մինսկի խմբի մյուս երկու անդամներին: Օբյեկտիվորեն սահմանազատման գործը երկարատև է, կարող է տևել նույնիսկ տասնամյակներ, իսկ ձգձգումը կարող է բխել մեր շահերից, քանի դեռ երրորդ կողմը բացառապես թուրք-ադրբեջանական եղբայրության դաշնակից Ռուսաստանն է: Մեր առաջարկներին, բնական է, Ադրբեջանը Ո՛Չ կասի: Բնական է, որ Ադրբեջանը կփորձի, Ձեր ասած, միակողմանիորեն իր պայմանները թելադրել մեզ, քանի որ դա կապիտուլացված կողմի ճակատագիրն է: Բայց դեռ հին հունական թատերգակներն էին նկատել, որ ճակատագրի դեմ պայքարել է պետք:
Օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմում կապիտուլացված Գերմանիան ելքը գտավ՝ հեռանկարային դաշնակից ԱՄՆ-ին ընտրելով, Ճապոնիան՝ նույնպես: Մենք ևս պետք է փորձենք «Մարշալի ծրագիր» իրականացնելու ունակ դաշնակից որոնել: Ընդունել է պետք վերջապես, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ, իսկ հարկ եղած դեպքում կարող է հանուն իր շահի վաճառել թե՛ մեր արյունը, թե՛ մեր Հայրենիքը, ինչն արեց 44-օրյա պատերազմում:
— Ադրբեջանի նախագահը պարբերաբար հրապարակային սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին, այնուհետ խոսում «մեկնած ձեռքի» կամ խաղաղության մասին: Չե՞ք կարծում, որ այս կերպ մեզ փորձում են պարտադրել և՛ սահմանազատումը, և՛ կոմունիկացիաների ապաշրջափակումը, և՛ խաղաղությունը: Ինչպե՞ս պետք է գործեն ՀՀ իշխանությունները՝ Ադրբեջանի օրակարգով չառաջնորդվելու համար:
-Պետք չէ շատ սարսափել ադրբեջանական սպառնալիքից, թե պատերազմ կսկսեն, ու ամեն բան կվերջանա: Իսկ Ձեր ասած սահմանազատումը, կապուղիների ապաշրջափակումը, խաղաղությունը մենք էլ ենք ուզում, իրենցից ոչ պակաս: Սակայն ո՞րն է գինը. եթե պետք է մեր բոլոր ճանապարհներն ադրբեջանցիները վերահսկեն մեր չարդարացված վախերից ելնելով նրանց հանձնելիք ռազմավարական բարձունքներից, վերահսկեն ջրային պաշարների անվտանգային արժեք ունեցող ակունքները, ապա մի՞թե դա ևս մահ չէ: Ի՞նչ տարբերություն՝ պատերազմո՞վ մահ, թե՞ փտախտից դանդաղ ու ջղագալար մահ: Այնպես որ, մեր իշխանություններին որոշակի որձություն է պետք և ռուսական ողորմածությանը հանձնվածի հոգեվիճակի թոթափում: Հրապարակային ավելին ասելու իրավունք ինձ չեմ վերապահի:
— Իլհամ Ալիևի հետպատերազմյան հայտարարությունները Նիկոլ Փաշինյանը տեղավորում է «էմոցիոնալ» տիրույթում: Արդյո՞ք կարող ենք ասել, որ Փաշինյանը ոչ թե չի գիտակցում այդ վտանգները, այլ չի ուզում դրանք հրապարակայնորեն ընդունել: Փաշինյանի այս քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի համար ի՞նչ վտանգներ է ներկայացնում։
-Ռուսի և թուրքի միջոցով հաղթանակ տոնած այդ չեկիստի որդին իրեն թույլ է տալիս թե՛ հայ ժողովրդին անվանարկել, թե՛ Հայաստանի ղեկավարին հարբեցող ու ծաղրածու անվանել: Դա ոչ միայն էմոցիոնալության արտահայտություն է, այլև առաջին հերթին ամենասովորական չեկիստական սադրանք: Երևի հենց սադրանքի բաղադրիչը գիտակցելով է նաև, որ Փաշինյանը չի հանդգնում համարժեք պատասխանել: Չեկիստի որդու հոխորտանքներն ամենևին չեն ավելացնում այն վտանգները, ինչ արդեն իսկ կա Հայաստանի համար: Վստահ եմ՝ Փաշինյանը գիտակցում է բոլոր իրական վտանգները, բայց միանգամայն այլ կլինի դրանք հանրայնացնելը: Այդ վտանգների մասին, Ձեր ասած, հրապարակայնորեն խոսելուց առաջ այդ վտանգները կանխարգելել է պետք: Լիահույս չեմ, թե մեզ հասու կանխարգելման բոլոր միջոցներն է իշխանությունն արդյունավետ կիրառում: Արցախն այսօր կիսված է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, ուստի կոտրված ու դառը ժպիտ կարող է առաջացնել Արցախի անվտանգությունը ներկա Հայաստանի հետ կապելը: Ժամանակակից աշխարհում անվտանգության բազմապիսի բորսաներ կան, որոնց գործիքակազմը կիրառել է պետք: Ո՛չ ես, ո՛չ Դուք տեղյակ չենք ստորջրյա քաղաքականության դետալներին, ուստի ընդամենը երևակված վիճակից ելնելով կարող եմ ասել, որ արդյունավետ չի գործում մեր իշխանությունը: Իսկ եթե Դուք Ձեր հարցադրման վերջին մասի ձևակերպմամբ կուզեիք, որ ես ասեի, թե Փաշինյանի քաղաքականությունն է Հայաստանի և Արցախի անվտանգության սպառնալիքը, ապա դա մեծահոգաբար թողնում եմ ոչինչ չանող և միայն հոխորտացող արկածախնդիր պոպուլիստներին։
—Արցախի խորհրդարանի կողմից օրենքի նախագիծ է դրվել շրջանառության մեջ՝ Արցախի օկուպացված տարածքների մասին, ըստ Ձեզ՝ գործնականում ի՞նչ կտա այս նախագիծը, և Արցախի ո՞ր տարածքների մասին կարող է խոսք լինել:
-Արցախում ոչինչ չի կարող դրվել շրջանառության մեջ՝ առանց ռուսական կողմից թելադրվելու, ինչպես, ասենք, ռուսերենի եղկելի պաշտոնականացումը: Ուստի այսպիսի նախագիծն ինքնին ռուսական ուղերձ է Ադրբեջանին: Իսկ թե դրա տակ ռուսներն Արցախի ո՛ր տարածքները նկատի ունեն, երևի չեն պատկերացնում նույնիսկ այդ նախագծի «հեղինակները». իրենք ընդամենը գլխիկոր կատարածուներ են Իբրահիմ խանի մոտ, որքան էլ իրենց խամսայի մելիքներ պատկերացնեն:
Նյութը վերցված է՝ galatv.am կայքից։
mer-oughin.am/2022/02/07/հայ-թուրքական-հարաբերությունները-բո/