Աղքատիկ այց է եղել՝ երկրի կարևորագույն օղակները մերժել են ընդունել Զարեհ Սինանյանին – Մուրադ Փափազյան

Աղքատիկ այց է եղել՝ երկրի կարևորագույն օղակները մերժել են ընդունել Զարեհ Սինանյանին – Մուրադ Փափազյան

15 ՓԵՏՐՈՒԱՐ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓԻՒՌՔ – ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Hraparak.am-ը ՀՀ կառավարությանն առընթեր Սփյուռքի գլխավոր հանձնակատար Սինանյանի այցի եւ ֆրանսահայ համայնքում ստեղծված լարված իրավիճակի շուրջ զրուցել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հետ:

«Դեռ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Զարեհ Սինանյանը պիտի այցելեր Ֆրանսիա: Սակայն պայմանավորվեցինք՝ հետաձգվի այցը, որպեսզի առիթ ունենա մասնակցելու CCAF-ի կազմակերպած ընթրիքին, որը տեղի կունենա փետրվարի 8-ին: Այդ ժամանակ իմացանք, որ նա հանդիպում է մեր մրցակից մի կազմակերպության հետ, որը խանգարում է մեր աշխատանքային գործունեությանը, փորձում թուլացնել մեզ»,- «Հրապարակ»ի հետ զրույցում ասաց Մուրադ Փափազյանը:

Ըստ Փափազյանի, տեղեկանալով, որ սփյուռքի հանձնակատարը որոշել է հանդիպել նշված կազմակերպության հետ, իրենք փորձել են խոսել Զարեհ Սինանյանի հետ և բացատրել, որ իրենք Ֆրանսիայում հզոր կազմակերպություն են, որը ներկայացնում է ֆրանսահայությանը՝ բոլոր քաղաքական ուժերին, կուսակցություններին, կազմակերպություններին, եւ վերջինս պետք է հրաժարվի «արժևորել» այն կազմակերպություններին, որոնք փորձում են խանգարել և թուլացնել CCAF-ին:

«Իրեն բացատրեցինք, որ CCAF-ն իր գոյության 20 տարիների ընթացքում արժևորել է Հայաստանի, Արցախի և Հայ դատի հիմնահարցերը Ֆրանսիայում և մշտական ուշադրության կենտրոնում պահել հայրենիքին առնչվող ամեն մի մանրուք: Մեր աշխատանքն իսկապես գնահատելի է, որովհետև կարողացանք ներկայացնել ֆրանսահայ համայնքին՝ փայլուն ձևով, մինչև պետության ամենաբարձր մակարդակը: Կան կազմակերպություններ, որոնք փորձում են խանգարել մեզ, չի հաջողվելու նրանց, անշուշտ»:

Մուրադ Փափազյանի խոսքով, վերջիվերջո Ռեմի Մաքինաջյանի «Հայկական շարժում» կազմակերպությունը համաձայնագիր է ստորագրել Զարեհ Սինանյանի հետ: «Մենք բացատրեցինք Զարեհ Սինանյանին, որ այստեղ այն տեղը չէ, որ նա օգնում է իր քայլով թուլացնելու Ֆրանսիայում հայկական համայնքը, և որ ընդհակառակը` նա պետք է իբրև կառավարության, Սփյուռքի ընդհանուր ներկայացուցիչ, ուժ տա CCAF-ին: Սակայն իմացանք, որ նա մի քանի օր առաջ «Հայկական շարժման» հետ ձեռնարկում և կազմակերպում է միտինգներ: Պայման դրեցինք Սինանյանի առաջ՝ կամ անվավեր ճանաչիր այդ համաձայնագիրը, կամ մենք չեղարկում ենք իր հետ կազմակերպչական բոլոր հարցերը և պատասխանատվություն չենք կրում այցի շրջանակներում ընդունելությունների մասով: Զգուշացրել ենք, որ նաև չենք ընդունելու մեր ընթրիքին»,- ասաց պարոն Փափազյանը: Մուրադ Փափազյանի խոսքով, Զարեհ Սինանյանն իր որոշումից չի հրաժարվել եւ որոշել է իր համագործակցությունը շարունակել «Հայկական շարժում» կազմակերպության հետ:

«Ի դեպ նշեմ, որ շատ փոքր, աղքատիկ այցի շրջանակներում է անցել Զարեհ Սինանյանի այցը Ֆրանսիա: Երկրի կարևորագույն օղակները մերժել են ընդունել Զարեհ Սինանյանին, սկսած կառավարության անդամներից, քաղաքապետերից, շրջանի ներկայացուցիչներից, պատգամավորներից, դպրոցներից, մշակութային կենտրոններից՝ մինչև մեծ կազմակերպություններ: Ինքն իրեն դրեց շատ բարդ վիճակի մեջ, դժբախտաբար»,- «Հրապարակ»ի հետ զրույցում նշեց Փափազյանը:

«Հրապարակ»ի այն հարցին, թե ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը կշարունակի՞ արդյոք համագործակցությունն ու կապը հայաստանյան իշխանությունների հետ՝ Զարեհ Սինանյանի հետ տարաձայնությունից և անհամաձայնությունից հետո, Մուրադ Փափազյանն ասաց, որ իրենք համագործակցում են բազմաթիվ կազմակերպությունների և կուսակցությունների հետ, որոնց մի մասը ներկա իշխանություններին կողմ է, մյուս մասը՝ դեմ:

«Կարող եմ հստակ ասել, որ մենք ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, Արցախին և Հայ Դատին: Բայց Զարեհ Սինանյանի պես անձնավորությունները չեն օգնում, ընդհակառակը, խանգարում են մեզ»,- ասաց Փափազյանը: Մենք հետաքրքրվեցինք նաև, թե ովքեր են ներկա գտնվել ընթրիքին: «Մեր կազմակերպած ընթրիքներին միշտ մասնակցել են Ֆրանսիայի նախագահները: Այս տարի Էմանուել Մակրոնը Մոսկվա, Կիև, Բեռլին պետական այցերի հարգելի պատճառով ներկա չգտնվեց, քանի որ ոչ միայն որպես Ֆրանսիայի նախագահ էր իր այցերի շրջանակում ներկայանում, այլև՝ Եվրամիության նախագահ: Այս տարի նախագահը լիազորեց երկրի վարչապետին, որպեսզի նա ներկայացնի նախագահից հետո կառավարության բարձր կազմը: Ընթրիքին ներկա են եղել նաև Ֆրանսիայի գալիք ընտրություններում նախագահի երկու գլխավոր թեկնածուները, Փարիզի քաղաքապետը, նախարարներ, դեսպաններ, Ֆրանսիայի երեք կարևոր շրջանների նախագահները, պատգամավորներ, բարձրակարգ լրագրողներ, փաստաբաններ: Իրենց խոսքով, հանդես են եկել Փարիզի քաղաքապետը, վարչապետը, CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանը և ես»,- զրույցի վերջում ասաց Մուրադ Փափազյանը:

Նարինե Ղուկասյան

www.arfd.am/news/48458/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail