Արցախի Աղաւնոյի Բնակիչները Ջուրի Լուրջ Խնդիրներ Ունին
18 ՓԵՏՐՈՒԱՐ 2022 – ԱՊԱՐԱԺ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Ապառաժ».- Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեան՝ Արցախի իր պաշտօնակից Գեղամ Ստեփանեանի հետ 14-16 Փետրուարին փաստեր հաւաքեց Արցախի Հանրապետութեան Թաղավարդ, Կարմիր շուկայ, Աղաւնոյ, Խրամորթ եւ շարք մը այլ համայնքներու մէջ մարդոց իրաւունքներուն վերաբերեալ:
Այցելութիւններու աւարտին, Թաթոյեան եւ Ստեփանեան հրապարակեցին հետեւեալ յայտարարութիւնը.
«Թաղավարդ եւ Կարմիր շուկայ գիւղերում կրակոցները գիւղի ուղղութեամբ գրեթէ ամէն օր են: Ընդամէնը մի քանի օր առաջ՝ Փետրուարի 11ին, ադրբեջանական զինուած ուժերը կրակահերթեր են արձակուել բնակելի տների ուղղութեամբ: Վնասուել են տների պատեր, տանիքներ: Կրակոցների պահին տներում եղել են երեխաներ ու կանայք: խոցել են տներից մէկի ապակին. Սենեակում այդ պահին քնած են եղել մանկահասակ երեխաներ:
Ադրբեջանական զինուած ծառայողներն անմիջապէս այս համայնքների բնակելի տների դիմաց են՝ ընդամէնը մի քանի հարիւր մետր հեռաւորութեան վրայ, եւ մարդիկ նրանց ամբողջական դիտարկման ներքոյ են: Նրանց տեղակայումները մարդկանց պատկանող հողերում է՝ արօտավայրեր, վարելահողեր, խոտհարքներ:
Թաղավարդում գործող հանրակրթական դպրոցն ուղիղ ադրբեջանական զինուորական դիրքերի թիրախի տակ է: Ուսուցիչների ու երեխաների հետ առանձնազրոյցներից ու քննարկումներից պարզուեց, որ կրակոցներ են արձակւում նաեւ դպրոցի ուղղութեամբ եւ թիրախային են:
Աւելին, բնակիչները նշեցին, որ Թաղավարդում ու Կարմիր շուկայում ադրբեջանական դիրքերից կամ մեքենաներից յատուկ լոյսեր են արձակում դէպի բնակելի տները, այդ թւում՝ տների մէջ՝ մարդկանց ահաբեկելու նպատակով: Յաճախ են դա յատկապէս անում երեկոյեան ու գիշեր ժամանակ:
Ընդ որում, Արցախում գտնուելու ժամանակ ինքներս անմիջականօրէն համոզուեցինք ադրբեջանական յանցաւոր արարքների մէջ:
Մասնաւորապէս, Փետրուարի 15ին՝ ժամը 15:30ի սահմաններում, ադրբեջանական զինուած ուժերը թիրախային կրակոցներ են արձակել Ասկերանի շրջանի Խրամորթ գիւղում գիւղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց վրայ, որի հետեւանքով խոցուել է «տրակտոր»ի ակը:
Այսօր՝ Փետրուարի 16ին՝ առաւօտեան ժամը 10ից 11ն ընկած հատուածում, Խրամորթի բնակիչները գիւղի տարածքում գտնուող խաղողի այգում աշխատանքներ են արել, որի ընթացքում ադրբեջանական զինուած ծառայողները մօտեցել են եւ հարկադրել, որ մարդիկ հեռանան խաղողի այգուց: Ընդ որում, աշխատանքներ կատարողների մեծագոյն մասը կանայք են եղել:
Բոլոր համայնքներում բնակիչները նշեցին, որ երբ գիւղատնտեսական աշխատանքների համար փորձում են մօտենալ իրենց այն հողատարածքներին, որոնք անգամ մի քանի հարիւր մետր հեռաւորութեան վրայ են, ադրբեջանական զինուած ուժերն արձակում են կրակոցներ, որոնք թիրախային են:
Այս արարքներով մարդկանց համար առաջ են գալիս լրջագոյն խնդիրներ: Հնարաւորութիւն չի տրւում վաստակելու ընտանիքի եկամուտը. ակնյայտ է, որ եղանակային ժամանակով պայմանաւորուած՝ աշխատանքներ չանելը յանգեցնելու է մարդկանց համար լուրջ խնդիրների:
Աղաւնոյ համայնքում մարդիկ կանգնած են խմելու եւ ոռոգման ջրի լուրջ խնդիրների առաջ. գրեթէ բոլոր բնակիչները պատմեցին, թէ ինչպէս ես տեսել, որ ադրբեջանական զինուած ծառայողները խոշոր եղջերաւոր կենդանիներ մորթելուց յետոյ ոչ պէտքական օրգանները գցում են այն ջրի մէջ, որից օգտւում են գիւղի բնակիչները: Սրա պատճառով գիւղում եղել են ջրից զանգուածային թունաւորման դէպքեր, այդ թւում՝ թունաւորուել են կանայք, երեխաներ ու տարեցներ:
Ընդ որում, ադրբեջանական ներխուժումների պատճառով ջրից զրկուել են նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք գիւղեր, իրական վտանգի տակ է Սիւնիքի մի շարք համայնքներում ջրի անվտանգութեան հարցը:
Ակնյայտ է, որ ադրբեջանական իշխանութիւնները վարում են խաղաղ բնակիչներին ահաբեկելու, յուսահատութեան մթնոլորտ առաջացնելու յանցաւոր քաղաքականութիւն, որն ունի համակարգուած եւ նպատակային բնոյթ:
Քանի դեռ ադրբեջանական իշխանութիւնները վարում են այս քաղաքականութիւնը (իսկ նրանց համար սա քաղաքական կեանքի աղբիւր է), չեն դադարելու նաեւ նրանց զինուած ծառայողների ահաբեկչական բնոյթի յանցաւոր արարքները, ուստի խաղաղ բնակչութեանը պաշտպանելու ելքն այն է, որ հայկական գիւղերի հարեւանութեամբ ու ճանապարհներին նրանք չպէտք է լինեն, որպէսզի խաղաղ բնակիչներն իրականացնեն իրենց իրաւունքները»:
asbarez.am/413595/աղաւնոյի-բնակիչները-ջուրի-լուրջ-խնդի/